ՄՀԵՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ | Հին ու նոր Շուշին գրողի տեսադաշտում

0

ՇուշիՇուշիի թեման վաղուց ոգևորում է հայ արվեստագետին: Հին հայկական բերդաքաղաքի ազատագրումը, պատերազմից տուժած թաղամասերի վերականգնումը այսօր էլ ներշնչանքի աղբյուր են ստեղծագործող մտավորականության համար: Իսկ թե ինչ էր Շուշին երջանկահիշատակ բանաստեղծ ու գրող Հրաչյա Բեգլարյանի համար, բացահայտվեց օրերս լույս տեսած «Արցախ-Նամե» մատենաշարի 8-րդ հատորի շնորհիվ: «Մեր հին ու նոր Շուշին» վերնագրով ստվարածավալ հատորը ամփոփում է Արցախ աշխարհի փառաբանմանն իր ստեղծագործական եռանդն ու ավյունը անմնացորդ նվիրաբերած գրողի տարբեր տարիների գրած ակնարկները, խոհերը, մտածումները… Յուրահատուկ ձեռնահասությամբ հեղինակը փորձել է անդրադառնալ Շուշիի պատմության, նշանավոր շուշեցիների գործունեության, ներկայի կարևոր և ուշագրավ կողմերին: Եվ դա արվել է գեղարվեստական ջերմ ու սրտառուչ խոսքով, անկեղծ մտորումներով և հայրական խորհուրդներով ու լավատեսությամբ… Հատկանշական է, որ հեղինակի տողերը, քաջատեղյակության արգասիք լինելով, անջնջելի տպավորություն են գործում, Շուշիի պատմության դասերի շուրջ մտորելու, խորհելու առիթ տալիս:
Գիրքը բաղկացած է չորս բաժիններից: «Շուշին դարերի խորքից» բաժինը պարունակում է բերդաքաղաքի պատմության զանազան դրվագները ներկայացնող նյութեր, հոդվածներ, հուշագրություններ: Դատելով այդ հրապարակումներից, կարելի է վստահաբար ասել, որ Հրաչյա Բեգլարյանը Շուշիի պատմությամբ հետաքրքրվել է ստեղծագործական կյանքի ընթացքում՝ հավաքելով նյութեր, գրառելով նշանավոր հայրենակիցների հուշերը և անձնական տպավորությունները: Իսկ դրանք ուշագրավ են և կարող են փնտրված ու արժեքավոր նյութ տալ ապագա պատմաբանին: Ինչպես չհիանալ բանաստեղծի դիպուկ ասված խոսքերով. «Շուշի: Այս անունը լսելիս մարդու սիրտը թունդ է առնում: Շուշին սովորական բերդ կամ բերդաքաղաք չէ: Շուշին խաչված Քրիստոսի պես հրաշքով կենդանություն առած քաղաք է: Ոչ միայն ղարաբաղցիները, այլև աշխարհի բոլոր հայերը սիրում են Շուշին: Դա՝ գուցե նրա համար, որ նրա պատմությունը լի է հերոսական ու ողբերգական դրվագներով…»
Գրքի պատկերազարդումները, հին ու նոր նկարները, արցախյան բնապատկերները ավելի են ընդգծում առանց այն էլ գեղարվեստական-պատկերավոր խոսքի իմաստը, նկարագրվող դեպքերը դարձնում շոշափելի- առարկայական: Առաջին բաժնում հեղինակը չի սահմանափակվել սոսկ Շուշիի թեմայով, այլ արծարծել է նաև թուրքական զավթողական քաղաքականության էությունը բացահայտող այլ փաստեր ու հարցեր, որոնց իմացությունն օգնում է ամբողջովին հասկանալու Շուշիի ողբերգական ճակատագրի պատճառները:
«Մշակույթ» բաժնում հեղինակը ընթերցողի առաջ բացել է մշակութային Շուշիի ողջ հմայքն ու վեհությունը: Որ Շուշին Արցախի նյութական և հոգևոր մշակույթի կենտրոնն էր, փաստված ու արձանագրված է բազում սկզբնաղբյուրներում ու աշխատություններում, վկայված է թուրքի յաթաղանից հրաշքով փրկված հուշարձանների շնորհիվ: Եվ ահա այդ անհերքելի փաստերը Հրաչյա Բեգլարյան գրողի հմուտ ձեռքերում գեղարվեստորեն հունցվում, դառնում են հովվերգություն, ասք՝ ձոնված Շուշիի հրաշակերտ անցյալին ու վերընձյուղվող ներկային: Հեղինակին հաջողվել է դրվագ առ դրվագ ներկայացնել թատերական Շուշիի վերելքը, բեմի մեծ վարպետների գործունեությունը, ապա սահուն անցում կատարել արհեստների ու արվեստի զարգացմանը, այդ ոլորտների երախտավորներին, Շուշիի մամուլին, կրթական գործի կազմակերպմանը, կրթօջախներին, գրական շրջանակներին, քաղաքական-պետական գործիչների կյանքին ու գործունեությանը: Ընդհանրապես, այս բաժնում մեծ տեղ է հատկացված շուշեցի նշանավոր գործիչներին, ընթերցողի առաջ բացելով այն աստղաբույլը, որը 19-20-րդ դարերում լուսավորել է ոչ միայն Հայաստանի, այլ մի շարք այլ երկրների գիտության, արվեստի և այլ ոլորտների երկնակամարները…
Վերջին՝ «Շուշիի ազատագրումը» բաժնում գրողը տարբեր եղանակներով անդրադառնում է Արցախյան պատերազմի փայլուն ռազմագործողություններից մեկին: Ամենասկզբում Հայաստանի Հանրապետության նախագահ, 1992-ի մայիսի 9-ին ԼՂՀ ինքնապաշտպանական կոմիտեի նախագահ Ս. Սարգսյանի գնահատականն է Շուշիի ազատագրմանը: Շատ արդիական են հետևյալ տողերը. «Մենք լռեցրել ենք, և եթե հարկ լինի, այսուհետ ևս լռեցնելու ենք բոլոր այն կրակակետերը, որտեղից կրակում են մեր երեխաների և ծնողների վրա»: Սա զգուշացում է հոխորտացող թուրքին և ուղերձ հայ զինվորին՝ պատրաստ լինելու իր առաքելությանը…
Շուշիի ազատագրման այս կամ այն դրվագը ներկայացված է անցյալի այն դեպքերի ընդմիջարկումներով, որոնք ավելի անառարկելի են դարձնում բերդաքաղաքի ազատագրման անհրաժեշտությունը:
Թվում է, թե հեղինակը դարերի խորքից խոսում է ընթերցողի հետ: Պարզ, հյութեղ լեզվով գրված լինելու շնորհիվ գիրքն, անկասկած, կարժանանա ընթերցողի համակրանքին…

Մհեր ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Պատմական գիտությունների թեկնածու

Տարածել

Պատասխանել