Հերմինե Ավագյան / Պատերազմ, աչքեր, ծաղիկներ

0
ՀԱՅՐՍ. ԴԻՄԱՆԿԱՐ`ԱՌԱՆՑ ՎՐՁՆԻ…
Ես նրան չեմ հիշում: Հաճախ եմ փորձել մտովի կառուցել նրա պատկերը. սկզբում գծել եմ դեմքը, հետո աչքերը, բայց երբեք իմ կառուցած պատկերը նման չի եղել ինձ նայող նկարին. ավելի ճիշտ` ես չեմ կարողացել մինչեւ վերջ ուրվագծել հորս աչքերը: Նկարից ինձ նայող աչքերում ինչ-որ բան միշտ ավելին է եղել, ինչ-որ բան, որ անհնար է մտովի նկարել. հետո եմ հասկացել` նրա աչքերում անչափ շատ է սերը, անբացատրելի, տիեզերական սերը, իսկ իրական սերը երեւի հնարավոր չէ մտքով նկարել:
Ես նրան չեմ հիշում եւ այդ պատճառով հաճախ եմ զգում մի բան չունենալու դատարկություն, որը ոչ մի բանով չես լցնի, անգամ հուշերով, քանզի չունեմ դրանք: Հուշերը հաճախ փրկում են, բայց եթե դրանք ունենում ես: Մանկությունս հիշում եմ միայն 5-6 տարեկանից, իսկ այդ հուշերում նա արդեն չկա…
Ասում են` նա կենսուրախ մարդ էր, ուստի` ես նրա մասին տխրությամբ չեմ խոսի: Ինձ համար նա մորս պատմած հեքիաթների գլխավոր հերոսն է… Ինձ համար նա հեքիաթներից դուրս էլ հերոս է…
Ամենամեծ բանը, որ կուզեի, նրա չափ սիրել կարողանալն է…
Պատերազմից շատերն ունեն լուսանկարներ, շատերն են երեւում տարբեր տեսաերիզներում, շատերն են արժանի երեւալու, բայց հաճախ երեւում են նաեւ նրանք, ովքեր կապ չունեն պատերազմի հետ: Ես երկար, շատ երկար եմ փորձել նրան գտնել որեւէ լուսանկարում, որեւէ տեսաերիզում, բայց ապարդյուն. նա ոչ փամփուշտակալով նկար ունի, ոչ ինքնաձիգով (իր ձեռքով սարքված), ոչ ժպտալիս, ոչ էլ տխուր: Նա միշտ սիրել է նկարվել, բայց ոչ պատերազմի ժամանակ…
Երբ հայրս իր ընկերոջ` Ջիվանշիր Քոչարյանի հետ ինքնաշեն զենքեր էր պատրաստում, շատերի համար դա խենթություն էր: Հետո նա ապացուցեց, որ մի քիչ խենթ է, բայց ոչ թե ինքնաշեն զենք պատրաստելու, պատերազմին նախապատրաստվելու հարցում, այլ հայրենիքի հանդեպ ունեցած սիրո հարցում: Սերը հաճախ է տանում խենթությունների: Երբ սրտիդ մեջ մի ողջ հայրենիք ես ունենում, ո՞վ գիտե, գուցե մի քիչ խենթանում ես, մոռանում անձդ, նվիրվում գործիդ…(Երանի՜ խենթերին, որովհետեւ եթե նրանք չխենթանային, ամեն բան շատ եւ շատ ուրիշ կլիներ կամ էլ` չէր լինի պարզապես)…
Երբ ստեղծվեց մեր գյուղի կամավորական ջոկատը (շրջանում` առաջինը) հայրս չէր ուզում գլխավորեր այն: Նա հատուկ կրթություն չուներ, դպրոցում միջակ սովորող էր, մասնագիտությամբ գինեգործ էր, մորից նաեւ դերձակություն էր սովորել: Տղերքը պնդեցին` կամ Արմենը պիտի լինի, կամ` ոչ ոք: Նա գլխավորեց ջոկատը, հետո նաեւ դասակը, վաշտը… Նրա հանդեպ հարգանքը եւ սերը հավասար նժարների վրա էին, ու դրանից դարձյալ շահում էր Գործը…
Մի օր մարտից հետ չեկավ. ծանր մարտ էր Ավդալ-Գյուլաբլու կոչվող տեղամասում: Դա 1992թ. մայիսի 15-ն էր: Ոչ ոք կարգին լուր չբերեց նրանից, ոմանք էլ հակասական բաներ էին ասում: Մայրս ասում է, որ 15 օր շարունակ մի թռչնակ ամեն օր ծեծում էր մեր պատուհանը եւ արտասովոր ձայն էր հանում: Թռչունն ինչ-որ բան էր ուզում ասել երեւի… Երանի՜ հասկանայինք թռչունների լեզուն…. Միայն 15 օր հետո բերեցին նրան, ասացին, որ նա է… Մայրս չի սիրում խոսել այդ մասին, երբ հարցեր եմ տալիս, չի պատասխանում, փոխում է զրույցի թեման, բայց ես գիտեմ` նա միշտ սպասել է նրան, որովհետեւ հոգու խորքում մտածել է, որ մի օր կգա…
Երբ դրսում խաղում էինք, ու հայրերը կանչում էին իրենց փոքրիկներին, երբ նրանք էլ <հայրի՜կ> էին ասում, ես խռովում էի, մի կողմ քաշվում: Հիմա ես չեմ խռովում դրանից, ես ի սրտե ուրախանում եմ բոլոր նրանց համար, ովքեր <հայրիկ> են կանչում եւ ուզում եմ, որ նրանք միշտ կանչեն… Դա աշխարհի ամենաուժեղ բառն է…

ԹԵՐԹԵԼՈՒՑ ԱՌԱՋ
Այս պատմությունը հորինել է ինչ-որ մեկը, հորինել է այն ժամանակ, երբ ես դեռ լույս աշխարհ չէի եկել, հորինել է այն բանի համար, որպեսզի երբ ես գամ, այն արդեն լինի: Այս պատմությունը ես չեմ գրել, ես պարզապես արտագրել եմ այն իմ մաքուր տետրում, ասել է թե` ապրել եմ այն: Ես չգիտեմ այս պատմությունն ինչպես կոչել, քանզի եթե ես չեմ գրել այն, ապա վերջաբանն էլ հայտնի չէ, ո՞վ գիտե, գուցե վերջում, իրոք, երկնքից երեք խնձոր է ընկնելու, եւ մեկն ասելու է` մեկը գրողին, մեկը կարդացողին, մեկն էլ նրան, ով արտագրել-ապրել է այն…
Այս պատմության էջերը թերթել է պատերազմը եւ յուրքանչյուր էջում ինչ-որ գրություն է թողել, որն այլեւս ոչ մի ռետինով ջնջել հնարավոր չէ: Հնարավոր չէ նաեւ պոկոտել էջերը, քանզի ամեն էջի վերջը մյուսի սկիզբն է… Ուրեմն` ես կպատմեմ պատերազմի մասին…
Մարդու աչքերը կոչված են տեսնելու, եւ երբեմն աչքերն ավելին են զգում, քան սիրտը, որ ներսում է եւ կոչված է զգալու: Պատերազմ տեսած աչքերը մի քիչ ուրիշ են լինում, չգիտեմ ինչ բառով է դա կոչվում, բայց նրանք, հաստատ, տարբեր են լինում: Այդ աչքերը հաճախ հնարավոր է տարբերել հազարների մեջ: Այս պատմությունը աչքերի մասին չէ, բայց նրանք են ամեն բան տեսել…
Ամեն մի պատմություն հուշեր է թողնում` լավ կամ վատ. դա կախված է այն բանից, թե մարդիկ ինչպիսինն են ուզում հիշել այն: Հուշերը մի քիչ նման են ծաղիկների. կան հուշեր, որ ծաղիկների գույն ունեն, կան հուշեր, որ բուրում են ծաղիկների պես, եւ կան նաեւ այնպիսինները, որ ծաղիկների պես չեն թառամում: Այս պատմության մեջ շատ են անթառամ ծաղիկները…
Այս պատմությունը հորինել է ինչ-որ մեկը, բայց ես կբացեմ դեպի պատմության խորքը տանող պատուհանները, միգուցե, այդ ընթացքում, երբ դուք կկարդաք այն, երկնքում արեւ լինի, եւ պատուհանից արեւը ներս ընկնի. կնշանակի` դա երջանկության նշան է կամ Ձեզ, կամ ինձ համար… Այս վերջինն ասացի պարզապես, որպեսզի ժպտաք, քանի որ ամեն մի գործ սկսելուց առաջ կարեւոր է ժպտալը: Կարդալն էլ գործ է…

Եղիցի լույս, թիվ 2 (181), 2018թ.

Share.

Պատասխանել