ՍՊԱՍՎԱԾ ՀԱՆԴԻՊՈՒՄ

0

Vardan hakobyanԵրևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ուսանողության հրավերով օրերս մայր բուհում հյուրընկալվեց բանաստեղծ, հրապարակախոս, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԼՂՀ ԳՄ նախագահ Վարդան Հակոբյանը։

Բանախոսները, որոնք բանասիրականի ուսանողներ էին, հանդես եկան Վ. Հակոբյանի կյանքի, գրական գործունեության մասին ելույթներով, անդրադարձան բանաստեղծի սիրո, հայրենասիրության, մայրության, խոհափիլիսոփայական քնարի առանձնահատկություններին։
Լիլիթ Լալայանը փորձեց հենց իր՝ պոետի բառերով լույս սփռել բանաստեղծության հակոբյանական ընկալման վրա. «Կյանքի եւ մահվան սահմանագծում կա մի տիեզերական արարչություն, դա հավերժությունն է։ Եկեք այն կոչենք բանաստեղծություն»։
Սերը Հակոբյանի պոեզիայում սահմաններ չի ճանաչում, այն տիեզերական է, արարող ու ստեղծարար. Ես նորից հիշում եմ քեզ,
ու պահն ունենում է խորհուրդ,
ու օրն ունենում է արեւ…
Ներկաները հիացմունքով լսեցին Մարիամ Եսայանի, Արև Դանիելյանի, Էմմա Մկրտչյանի, Մերի Խաչատրյանի, Լիլիթ Դավոյանի, Լիլյա Ավագյանի, Ելենա Հակոբյանի և մյուսների ասմունքը։
Հանդիպումը խորդանշական էր նաև նրանով, որ այն տեղի ունեցավ Մայիսի 9-ի նախօրեին։ Մայիսը սոսկ ամիս չէ, պայքար է՝ Ավարայրից մինչև Արցախ։
Արցախյան գոյամարտի ծանր օրերին բանաստեղծն իր ժողովրդի հետ էր, ու նրա գրիչը թարգմանում էր զինվորյալ ժողովրդի հոգու թրթիռները…
ԱՐՑԱԽ Երկրիս սահմանները ճշտելու համար՝ որպես չափման միավոր, ընտրում եմ սերը։ Եվ… չկա Արցախից ավելի մեծ մի երկիր, Արցախից ավելի հզոր մի հայրենիք։

«Գրականության մեջ արմատներ ձգած դարավոր կաղնու պես Վարդան Հակոբյանը ծաղկում է ու ծաղկեցնում։ Նրա ուրույն ոճը խոսում է աշխարհընկալման ու աշխարհաճանաչման իր կերպի մասին։ Ինձ համար չկա ավելի բարձր զգացում, քան կապը նրա աշխարհի ու բանաստեղծական ես-ի հետ»,- ասում է ուսանողուհի Ռեգինա Ամատունին։ «Վ. Հակոբյանը լեգենդային անհատականություն է՝ բանաստեղծության իր փիլիսոփայությամբ»,- նշում է Կարո Հայրապետյանը։ Իսկ տողերիս հեղինակն իր սրտի խոսքն այսպես եզրափակեց. «Վ. Հակոբյան կարդալիս՝ ես երազում եմ…»։
Դահլիճը հագեցած էր հակոբյանական պոեզիայով, նրա շունչ ու ոգով։ Ցերեկույթին մասնակցեցին և ելույթ ունեցան ՀՀ ԳՄ նախագահ Էդ. Միլիտոնյանը, գրող, հրապարակախոս Զ. Բալայանը, հայ բանասիրության ֆակուլտետի դեկան, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ա. Ավագյանը, բանաստեղծի գրչակից ընկերներն ու նրա պոեզիայի երկրպագուները։
Հայ գրականության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Մուրադյանը, բացելով միջոցառումը, նշեց, որ Վ. Հակոբյանն արդի հայ բանաստեղծության հզոր դեմքերից է, նրա խոսքը բազմաբեղուն է, և հպումը ժամանակին՝ խիստ արդիական։ Ահա գրականագետի խոսքը՝ ոչ ամբողջությամբ. «Երևանի պետական համալսարանը մեր ժողովրդի գիտական ու գեղարվեստական մտածողության զարգացման գլխավոր կետրոնն է։ Մենք կարող ենք հպարտանալ գիտական ու բանաստեղծական մտքի հսկաներով՝ Աբեղյանով ու Տերտերյանով, Թամրազյանով ու Ջրբաշյանով, Հ. Շիրազով ու Պ. Սևակով, Ս. Կապուտիկյանով ու Վ. Դավթյանով։ Փաստորեն մենք Վարդան Հակոբյանին հրավիրել ենք նրանց օջախ, որի տերերն ենք հիմա մենք՝ ուսանող թե դասախոս։ Այդ ինքնատիպ բանաստեղծին՝ Վ. Հակոբյանին, ուսանողները պարզապես սիրում են, որովհետև նա իր օրինակով սովորեցրել է, թե զենքն ու գրիչը երբ են միասին գործածվում, երբ՝ անջատ։ Մեր դասական բանստեղծներից ոչ մեկը վերջակետ չի եղել, ընդհակառակը, նրանք բոլորն էլ սկիզբ են ու շարունակություն։ Վարդան Հակոբյանը նույնպես սկիզբ է։ Պատերազմի հաղթական ավարտից անցել է խախուտ զինադադարի քսան տարի։ Նա իր շուրջն է համախմբել օժտված բանաստեղծների մի ամբողջ սերունդ՝ Ռոբերտ Եսայան, Նորեկ Գասպարյան, Հովիկ Մուսայելյան և ուրիշներ, հաղթանակի՛ սերունդ, որին առհասարակ բնորոշ են արդիականության սուր զգացողությունը, պատկերավոր թարմ մտածողությամբ նոր խոսք ասելու բնական ձգտումը և հայրենիքի արժևորման բարձր գիտակցությունը։
Վարդան Հակոբյանն արդի սերնդի առաջատարներից է՝ թե իր գրական վաստակով, թե համաշխարհային պոեզիայի արդի նվաճումներից հետ չմնալու վճռականությամբ։ Նուրբ քնարերգուն աճել ու առնականացել է ժամանակի ու հանգամանքների թելադրանքով և այսօր ապրում է ստեծագործական հասունության արգասաբեր շրջան։ Հատկապես վերջին գրքերը՝ «Երկեր» (հինգ հատով) և «Ջրի հիշողությունը», դրա վկայությունն են։ Գեղարվեստական նոր որակը պայմանավորված է նրանով, որ այս տաղանդավոր բանաստեղծը գեղարվեստական բազմաշերտ պատկերում բնական զգացմունքայինին բարեխառնել է բարձր իմացականությունը, և նրա երկերում գեղարվեստական անսպասելի գյուտերը թրթռում են ոսկեղենիկ հայերենի արդիական շնչառությամբ»։ Ցերեկույթին կենդանի նվագակցությամբ, շարժանկարների ներքո հնչեցին մեր մեծերի՝ Հ. Շիրազի, Ս. Կապուտիկյանի, Ս. Սարինյանի, Բ. Ուլուբաբյանի, Ս. Խանզադյանի, Գ. Գաբրիելյանի, Հր. Բեգլարյանի եւ այլոց կարծիքները Վ. Հակոբյանի պոեզիայի մասին։
Միջոցառումն ամփոփեց բանասիրության ֆակուլտետի դեկան, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արծրուն Ավագյանը։ Հանդիպումը շարունակվեց մի բաժակ սուրճի շուրջ։ Վ. Հակոբյանը գրքեր ընծայագրեց ներկաներին։ Հակոբյանական պոեզիայի ոգին դեռ երկար կթևածի ներկաների հոգում և բանաստեղծի հետ հանդիպման նոր ճանապարհ կբացի։

Տարածել

Պատասխանել