Ժաննա Բեգլարյան /«Փակագծից դուրս» շարքից

0

Քայլերս այնտեղ եմ ուղղում,
որ ամեն ինչ անսովոր է
ինձ համար:

Տարօրինակ է՝
այսքան ժամանակ
լողում ենք անորոշությունում
ու չենք խորտակվում:

Հայրենիք, միակ ձգտումս
կերպարդ աղավաղումից փրկելն է:

Մտքերս կախվում են
հուշերի պարանից` ծայրից ծայր,
իրականում ես ներկայում չեմ,
կամ այնքան եմ այնտեղ,
որքան քեզ համար
ընկած տղաները:

Ուրվական եմ,
թափառում եմ անձավներում,
ուր ասքեր են նիրհում
ընկածների մասին:

Հողը աղակալում է
սպասման ճանապարհին:

Մայրաքաղաքում
բարձրացող շքեղ պալատները
անբնակիչ են, ամեն իրիկուն
նրանց պատուհաններին
մոմեր եմ վառում,
որ բոցավառվի սպասման հույսը:

Խտացող գույներում
ամենաշնչահեղձը ես եմ:
Ամենաշատը ես եմ
սպասում տղաների
վերադարձին:

* * *

Մեղեդին, որ այլևս լսելի չէ,
տեղափոխվել է այլ տարածք,
այնտեղ դու երբևէ չես լինի:

Կինը, որտեղից որտեղ, հիշել է,
որ տարիներ առաջ
ինքը Մեծ Սեր է ունեցել,
ինքը պարզապես
երկրպագվել է:

Երկրպագության հուշը
հիմա չոր ու անհրապույր է՝
ինչպես գրքի դեղնած
թղթերի արանքում
մոռացված երիցուկ,
որ փոշեհամ է արտաշնչում:

Կինը կարկամել է
և չգիտի ի՞նչ ճիգով
շրջի կյանքի փոշեհոտ էջը:

* * *
Ջնջեք պարապուրդը,
որ դատարկության
հոմանիշ է:

Ես շնչում եմ
տրտությամբ հագեցած
աշնան օդը,
զգում անմարսելիությունը
հորս ծեր մենակության,
որի տերը ես եմ:

Ես եմ տերը
տան պատերի
սառնության,
որ, հերքելով տարածքը,
ներշնչանքի
պարունակություն է դառնում
ու սեպ հիշողության:
Անզորությունը կախաղան է,
որտեղից փակ աչքերով
շոշափվում է հիմնաքարը օջախի,
մանկան ճիչի զուլալությունը՝
ձուլված առաջին կրակի
զվարթությանն ու
արժեքին հավատարմության:

* * *
Անզորության հորձանուտում
խարխլվում է
մանկության տունը:

Տխուր մարդու
ժամանակներ չեն,
բոլոր հնարավոր ելքերը
փակուղի են տանում:

Հայրս պատից թափվող քարերը
համարակալում է ճշգրտորեն,
ինչպես իր մնացյալ օրերը:
Կորուստները
քարացնում են հոգին,
կասկածի տակ դնում
ապրելու օրենքը:
Տատրակների անհնար
թռիչքներում
կուտակված տխրությունը
ջերմություն է արձակում՝
հավիտենականության ասքը
բորբոքելու համար:

…Ես եկել-կանգնել եմ
կաղնե դարպասի առաջ,
համարձակությունս
չի հերիքում այն բացելու:

* * *
Գեղեցկությունը ներսում է՝
առանց փայլի:

Նա աշնան մեջ է:

Մրգաթափի հետ իջնում է
հողը բեղմնավորելու:
Ես լսում եմ շրշյունը
երկուսի գրկախառնման,
ու հորինված են թվում
բոլոր տխրությունները:

Վաղն արթնանալու եմ՝
տրամադրություններից
ինձ անկախ հայտարարած:

Նոր իմաստ է ստանալու
հարափոփոխությունը,
գոյի պայմանն այլ է լինելու:

…Բացեմ թևերս, միանամ
կռունկների երամին.
հերիք է արյուն պղտորեմ
մակարդված բառերով:

* * *
Առավոտը հույս է:
Արթնանում ե՜մ,
ու ամեն ինչ
նեղ է գալի՛ս վրաս:

Փողոց եմ ելնում
ու նախանձում եմ
կանաչի վաճառող կնոջը:
Ես նույնիսկ
չեմ կարող նրա նման
հաստատ կանգնել
մի գնի վրա,
թեև կյանքում
որևէ բան
վաճառած չկամ:

Եթե կարգին
վաճառական լինեի,
թանկ գներով
կվաճառեի
ինձ ներսից
տակն ու վրա անող
բոլոր բառերս:
Բառե աշտարակ եմ:
Հոգին կորցրել է
սլացքի թափը:
Միտքը՝ ետ ու առաջի մեջ,
չի գտնում տեղը:

Ժամանակի հոսքի մեջ
ծանոթ դեմք չկա:
Որտե՞ղ մնացին
ժամանակակիցներս:

Անթափանց իրերի ներսում
սմքել է հիշելու կարողությունը:

Այս ասֆալտը ցմրուր մարսել է
ոտներիս հիշողությունը,
նրանք այլևս ինձ
որևէ տեղ չեն տանում:

Գետեզրի մեծ քարը,
որի վրա մայրս իր լվացած
բուրդն էր ջրաքամում,
հարյուր տարի սպասում է
իմ լվացած բրդին:

Ժամանակը խարխլել է դիմագիծս.
ես գետում բուրդ լվանալ չգիտեմ:

Արյունս իր մեջ պահում է
արմատիս հուշաբջիջը,
այն մի օր արթնանալու է
ծոռնեծոռնուհուս մեջ:
…Ամեն ինչ կտայի
մորեմերկ
մանկությանս գետակում
մի անգամ էլ
ճողփալու համար:

Ամեն ի՜նչ:

Եվ այս բառե
աշտարակը.
դժվարացել է շնչել
նրա անթթվածին ներսում:

* * *
Սպիտակ թղթին հառած
հայացքիս մեջ
շարժվող և իրար հակասող
աստղիկներ են:

Չեմ կարող անշարժացնել
ու հաստատել
յուրաքանչյուրի կերպը:

Այս աշխարհը
մարսեց ինքնատիպը
ու վերածվեց
անհրապույր զանգվածի:

Աղջիկը կտրեց ու
աղբարկղ նետեց
իր կյանքի մի հատվածը:

Այն մի ժամանակ
մեծ սեր էր կոչվում:

Ապակիները հալվեցին
շոգ արևից,
և ես հայտնվեցի
միջանցիկ քամու մեջ:

Այսօրը նման չէ երեկին:

Ես փութաջանորեն
դիմագիծս դաջում եմ
ժայռաբեկորին
ու հայտարարում,
թե անտիրակալ
ժամանակներ են սկսվելու:

Մարդը կորցնելու է
գյուտեր անելու
հնարամտությունը:

Պարզից էլ պարզ
այս մոլորակը՝
իր առանցքից դուրս,
գլորվելու է մարդու հորինած
անդունդը:

Բոլոր հոռետեսությունների
հեղինակը ես չեմ,
և ընդհանրապես
այս բառերի
հեղինակը ևս ես չեմ:

Մեկ-մեկ հայտնվում եմ
չեզոք մի պահվածքում,
որից ծանրահոտ է փչում:

Վրա հասած միջանցիկ
քամին անգամ
չի կարող
ինձ դուրս քաշել
այդ վիճակից:

«ԾՈՎԻ ՕՐԵՆՔՈՎ»
շարքից

Իմ բառերի տեղատարափում
դու միայն լռիր,
որովհետև տեսնում եմ,
թե ինչ ջանքով
չես ասում այն,
ինչ շատ կուզեիր ասել:

Ես, միևնույն է, կրկնում եմ.
ՔԵԶ ԱՆՀՆԱՐ Է ՉՍԻՐԵԼ,
որովհետև դու աշխարհի
ոգեղեն խտացման
այն պատառիկն ես,
որ երբևէ ինձ
բախտ է վիճակվել ունենալ՝
կամքից ու ձգտումից դուրս:
Աստծուց ու ինձնից բացի
որևէ մեկը չի կարող
պատկերացնել
ինձ տվածիդ համարժեքն ու չափը
կամ լուսեղենի այն տիրույթը
սահմանազատել, որի մեջ,
տարիքից ու կարգավիճակից
անջատ, լողում եմ հիմա՛:

Խնդրում եմ, ինձ էլ քանդակիր
կաթնագույն որձաքարից,
բայց մի դիր
քանդակներիդ շարքում:

Չեմ ուզում լեռնաղբյուրի
թափանցիկությունս
ու մաքրությունս՝ կույս աղջկա,
ցնցի քեզ, ու դու մոլորվես անդարձ՝
որպես երկրորդ Պիգմալյոն:

Չեմ ուզում տվայտես՝
որպես երկու քարի
արանքում մնացած:

Գուցե նաև հեգնես, ո՞վ գիտի
կիրք ու շահից անջատ
հոգեվիճակս,
ու իմ տարածքի համար
բացառիկ ցնդածություն է:

Ինչ էլ լինի, մեկ է,
ես օրը միլիարդ անգամ
բացելու եմ պատուհանս,
որ խորը ներշնչեմ
մեր քաղաքի
քեզնով քնքշացած օդը:

Փառք եմ տալու Աստծուն,
որ մի անգամ էլ
ինձ արժանացրեց
մարմնի ամենափոքր հյուլեի
տրոփյունը զգալու
երջանկությունը:

* * *
Կյանքը ներկայացում է:
Մենք էլ ենք ներկայացում:
Քո բառերից

Անավարտ քո կտավն եմ:
եզրափակիչ գույներ մի որոնիր:

Ամեն անգամ
քեզանից հեռանում եմ
հաշտ քայլերով:

Երբ քեզ մոտ չեմ գալիս,
ինձ գրկում է
մայթեզրի ծառը,
սիրուս պաղատանքից
ձյունաթափված ճյուղերը
փաթաթվում են ինձ՝
որպես քո ձեռքերը:

Խախտվում են բոլոր
պայմանականությունները՝
ազատագրելով ձգտումներս:

Մենք չենք կարող
ներկայացում լինել,
ամեն ներկայացման վերջում
իջնում է վարագույրը,
որ ընթացք կասեցնող
միջոց է:
Գույնը, որ շարունակ
որոնում ես՝
եզրափակելու կտավդ,
խնդրում եմ, մի որոնիր:

Անավարտ կտավներն
ինձ երազել են տալիս:

* * *
Դու քնի՜ր:
Ես ինձ պոկում եմ
արշալույսի թովչանքներից
ու գալիս եմ մոտդ:
Տաք մարմնիդ եմ
փաթաթվում,
որպես թեթեւ սյուք:

Ի՜նչ քնքշությամբ եմ
ներծծվում ներսդ
ու ինձ դարձնում
վերջին բջիջդ,
ս ի ր ե լ ի՜ ս:
Անհնար է, որ
նման անէացումից
զավակ չծնվի:

Դու քնի՜ր:

Ես նվիրումով սպասեմ
սիրո զավակի ծննդին,
նրան տամ անունդ,
որ ինձ է կպել
որպես անմաշ հագուստ
ու քողարկում է ինձ
հետաքրքրված
հայացքներից,

ս ի ր ե՜ լ ի ս:

* * *
Ես խաղից
դուրս եմ գալիս,
սիրելի՜ս:

Արդեն գնում եմ:
Երկար մնացի
այս մի կանգառում:

Ու փոշի նստեց
իմ թարթիչներին:
Ու հայացքիս մեջ
հիմա ավազ է:
Անել կսկիծ է
պարուրել հոգիս:

Ու կարոտներս,
որ անթեղած եմ
պահել բոլորից,
անգամ ինձանից,
հավաքվել-եկել,
շուրջպար են բռնել
հյուղակիս շուրջը:

Հետո կմտնեն
շինվածքիցս ներս:
Կբռնադատեն
մերկացած հոգիս:

Ու ոչ մի մեղա
Էլ չի փրկի ինձ:

Ապաշխարանքի
մի բովարան եմ,
ու մեկը չունեմ,
որ քաշի-հանի
ինձ իմ խարույկից:

Ու թե մի ճիգով
ինքս ինձ
դուրս քաշեմ
այս մորմոքներից,
հայտնվելու եմ
մի նոր տենդի մեջ:
Մոխիր է միայն
ինձնից մնալու:

Իսկ լույսս, լու՜յսս,
բարձրանալու է
Աստծու կացարան:

* * *
Երբ դու արթնանաս,
ու ունկերումդ չհնչի
իմ սիրատոչոր «բարի լույսը»,
իմացիր՝ ես փոխել եմ
մոլորակս
ու նոր հանգրվան եմ գտել:

Այդտեղ սերը բոցավառվում է
քնքուշ շոյանքների մեջ:

Մարմինը՝ սիրո տապին
անդիմադիր,
երկունքով է բռնկվում՝
շուրջը սփռելով
բյուրադեմք ծաղիկներ:

Նրանք հավիտենական
օրորոցներ են
անտեր սերերի համար:
Երբ որ արթնանաս
ու չգտնես ինձ մոտդ,

ս ի ր ե լ ի ս,

իմացիր՝ քեզ անծանոթ
մոլորակի
հավերժական
բնակիչ եմ դարձել,
ուր ճոճքս
բազմաբույր
ծաղիկներն են:

* * *
Ինձ մի վանիր քեզնից,
ա՛ռ ինձ հոգուդ մեջ:
Ես՝ անխոս,
կծվարեմ այնտեղ
ու վրաս կառնեմ
բազմատեսք ցավերդ,

ս ի ր ե լ ի՜ս:

Ես մոգ եմ,
իմ ներկայությամբ
կտարրալուծեմ
դաժան հիշողություններդ,
ու դու կնիրհես՝
մոռացած ծվատված
հոգուդ ու մարմնիդ
կարեվեր վերքերիդ
չսպիացող մղկտոցները:

Ինձ մի վանիր,
սիրելի՜ս:-

Ես անդարձորեն քո
պարունակությունն եմ դարձել
ու արյանդ
ընթացք տվողը:

Անպահանջ, անսնունդ
գոյություն եմ
հզորազոր ուժով:

Ես կարող եմ

քեզ տեղափոխել
մանկությանդ
կույս եզերքներ,
ուր դու
հրեշտակի թեւերով
կմաքրես
տարածքներիդ փոշիները:
Քեզ հզոր արքա
կհռչակես,
մի ակնթարթում
շքեղ ապարանքների
կփոխարկվեն
Հայրենիքիդ
ավերակները:
Հազարան հավքը
կգա՝ բնադրելու
մշտադալար այգուդ
թթենիների մեջ
ու կգեղգեղա
իմ ձայնով

հպատակ ձայնիս՝
կտեղափոխվես
մի անդորր,
ուր մարմնականը
իմաստազրկվում է,
հոգին ճախրում է
արծվային թևաբախումներով
ու ցրում է Հայրենիքն
իմ մեջ առած
խիտ մշուշները:

Ինձ մի՛ վանիր քեզնից,
սիրելի՜ս,

հիմա դու
իմ գոյության
միակ պայմանն ես:

* * *
Ես՝ որպես մրսած հավք,
եկել-ծվարել եմ թեւերիդ մեջ
ու ներշնչում ես մարմնիդ հոտը:

Ի՜նչ գարուն է,
ի՜նչ մայիսյան սելավ,
ի՜նչ տոն:

Արյանդ հոսքն
ինձ հասցնում է
տարողունակ սիրտդ:

Ի՜նչ տոթ է այնտեղ.
անդիմադիր
մերկանում եմ
ու ծփում
հույզերիդ ծովում:

Քեզնից դուրս
ես աշխարհ չունեմ:

Քո տենչանքի
հեղեղներն են
ինձ հասցնելու
երանության կղզիներ:

Ուր կաղնիների
մի հսկա անտառ է
բարձրացել:

Այնտեղ մեր սիրո
տատրակներն են երգում:
Ու եղնիկները
մեզ մոտ են գալիս՝
դնչներին սիրածաղիկներ:

սիրելի՜ս:

երկնային դրախտը
տեղափոխվում է
մեր ոտքերի շուրջ,
ու մենք
հավերժանում ենք
սիրո պահի մեջ:
Տատրակները
մեր ուսերին են
իջնում:

Կաղնիների
խիտ սաղարթները
մեզ քողարկում են
աշխարհի աչքից:

ու մենք սիրում ենք
տևականորեն՝
հավերժության հետ
դառնալով համաձուլվածք:

Ս ի ր ե լ ի՜ ս:

2017թ.
Թիվ 01-02 (175-176)

Տարածել

Պատասխանել