Տաթև Սողոմոնյան | Սրբերի մեջ` սուրբ անուն. Ավետիք Իսահակյան

0

Տաթև ՍողոմոնյանՅուրաքանչյուր գյուղ ունի իր սրբավայրերը, ինչպես գեղատեսիլ լեռների փեշերին թառած իմ հայրենի Բերդաշենը` Աղջկաբերդ (ի դեպ, այն ճակատագրական նշանակություն ունեցավ Արցախի ինքնապաշտպանական մարտերի ժամանակ), Ծովեր, Նահատակ սար… Վերջինս, հնագետների վկայությամբ, ծագումով հեթանոսական է` Անահտա: Իր համար նվիրական դարձած այս սրբությունների շարքում բերդաշենցին հիշատակում է նաև մի անուն, որը առանձնակի շուք ու փայլ ունի: Մենք սիրում ենք հաճախ կրկնել ու հպարտանալ. «մեր գյուղում` Բերդաշենում եղել է Ավետիք Իսահակյանը…
Իսահակյանին Արցախ էր հրավիրել բերդաշենցի Զաքար Սուվարյանը, որն ապրում էր Վաշինգտոնում: Ե՛վ Ստեփանակերտում և՛ Բերդաշենում Վարպետին ընդունեցին ջերմությամբ, ակնածանքով: Ժողովուրդը ճանաչում և սիրում է նրան:
Վարպետը եղավ նաև Շուշիում, քաղաքի մեռած պատկերները նրան ցնցեցին, զարհուրելի տեսարանները ճնշում էին Վարպետին, նա միայն կարողացավ արտաբերել.
– Փախչենք, այստեղ կոտորած է…
Իսահակյանի Արցախ գալը, սակայն ժամանակին շատ ցավով ընդունեց խորհրդային Ադրբեջանի իշխանությունը: Ձերբակալվեցին Զաքար Սուվարյանը և Բոգդան Ջանյանը, աշխատանքից ազատվեց կուսակցության ԼՂ մարզկոմի առաջին քարտուղար, արմատներով բերդաշենցի Տիգրան Գրիգորյանը: Նա ընդամենը մեկ ամիս էր մնացել այդ պաշտոնում: Արցախում թևավոր միտք էր դարձել Իսահակյանի խոսքը. «Ողբամ քեզ, Ղարաբաղ, որ քո նախարարը Տիգրան Գրիգորյանն է»:
Իսահակյանն Արցախից հեռացավ դառնացած սրտով` մարգարեաբար զգալով, որ եթե այդպես շարունակվի, Ղարաբաղում հայ չի մնա, հայկական ոգի չի մնա: Նա համոզված էր, որ «սոցիալիզմը չի կարող միացնել հային, վրացուն, թուրքին, նրանք տարբեր են»:
… 2000թ. նկարահանող մի փոքրիկ խմբի ուղեկցությամբ Իսահակյանի թոռ Ավիկ Իսահակյանն անցավ Վարպետի արցախյան ճամփաներով, եղավ Ստեփանակերտում, այն հյուրանոցում, որտեղ Իսահակյանը տիկնոջ` Սոֆյայի հետ իջևանել էր:
Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղը, որն այնքան հյուրընկալորեն ընդունել էր մեծ բանաստեղծին, տպավորված էր Ավիկ Իսահակյանի այցով: Գյուղացիներից շատերը հիշում և ջերմ հուշեր էին պատմում, հպարտանում, որ անձամբ զրուցել և նույնիսկ լուսանկարվել են մեծ գրողի հետ: Այցելության արդյունքում ծնվեցին 40 րոպեանոց «Արցախ. Իսահակյանի հետքերով» ֆիլմն ու «Արցախը և վարպետը» գիրքը:
Այս տողերը գրելու առիթ հանդիսացան հենց «Արցախը և Վարպետը» ժողովածուն և գրքի շապիկին զետեղված նկարը, որտեղ Իսահակյանի հետ հպարտորեն անմահացել են մի խումբ բերդաշենցիներ, նրանց թվում է նաև մեծ մորաքույրս` Վարսենիկ Սողոմոնյանը (երկրորդ շարքի, ձախից` առաջինը): Նա այսօր արդեն 88 տարեկան է և հպարտությամբ է հիշում Վարպետի հետ հանդիպելու անմոռանալի օրը. «Լուր տարածվեց գյուղում, թե մեծ, շատ մեծ մարդ է գալիս Բերդաշեն, պետք է կոլտնտեսության գրասենյակը, գլխավոր փողոցները մաքուր պահել, որքան հնարավոր է պատշաճ ձևով դիմավորել ամբողջ Եվրոպան, գրեթե աշխարհը ոտի տակ տված այդ մարդուն: Եվ մի քանի օր հետո պարզվեց, որ այդ մարդը մեզ բոլորիս սիրելի բանաստեղծ Ավետիք Իսահակյանն է: Մեր ուրախությանը չափ չկար, մանավանդ, նրա ոտանավորներից մեկն էլ, մի շուշեցի` երգի էր վերածել, երգում էինք:
Եվ ահա Վարպետը Բերդաշենում է: Ցուպը ձեռքին, գեղեցիկ ու իմաստուն աչքերով մի մարդ էր, հայացքից բարություն էր թափվում, մեզ հետ այնպես էր խոսում, ասես հարյուր տարվա ծանոթներ լինեինք:
Երբ մեզ հարցրին, թե ինչ գիտենք Վարպետի գրվածքներից, ես իսկույն առաջ եկա, արտասանեցի գրողի «Մեծ հաղթանակի երգը» բանաստեղծությունը:
1948թիվն էր, պատերազմի կսկիծը դեռ թարմ էր: Արտասանությունս դուր եկավ Իսահակյանին: Զաքարն առաջարկեց պոետի հետ նկարվել: Խմբվեցինք նրա շուրջ: Ես կանգնեցի Վարպետի անպիջապես հետևում և անմահացանք»:
Ափսոս մեր գյուղում կարճ մնաց Իսահակյանը…
Գիրքը կազմել և առաջաբանը գրել է բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, իսահակյանագետ Ավիկ Իսահակյանը: Առաջաբանում նա խոսում է գրքի տպագրման շարժառիթի և անհրաժեշտության մասին, պարզաբանում Իսահակյանի` Արցախ գալու (1908-ին լրացել է Վարպետի Արցախ այցելելու 60-ամյակը) կարևորությունը: Դեռևս 1988թվականի աշնանն Ավիկ Իսահակյանը Երևանում հրատարակել է Իսահակյանի օրագրային այն գրառումները, որոնք արվել էին հենց Արցախում: Սեղմ տողերում երևում է «ստալինյան ռեժիմի» տակ ճնշվող արցախցու նկարագիրը: «Վարպետը և Արցախը» գիրքն առավել արժեքավոր է դառնում նաև նրանով, որ այնտեղ զետեղվել են մեծ գրողի Արցախում կատարած գրառումների ձեռագիր օրինակները:
«Շուշվա կոտորածը 1920թվին 22 մարտի» խորագրի տակ Իսահակյանի գրառմամբ տրված է Միրզա Տեր-Սարգսյանի (Միրսա) հիշատակարանից մի հատված, ուր նկարագրվում է 1920թ. Շուշիի կոտորածը, որի ժամանակ 6000 հայ է սպանվել, ավերվել են 40-ից ավելի հայկական գյուղեր:
Օրագրի յուրաքանչյուր տող ընթերցվում է խորը հուզմունքով, զգում ես մեծ հայրենասերի կարոտախառն տառապանքը. «Մարդկության, մեծ ազգերի, լուսավոր ազգերի աչքերի առաջ մի ողջ ժողովուրդ հայրենազրկվում է, հրեա է դառնում, բայց ոչ ոք ձեռք չբարձրացրեց կասեցնելու բարբարոսի հարվածները, դաժան գործը, միմիայն մղված էգոիստական, գազանային բնազդներից, հաշիվներից»:
Վարպետին խորապես վշտացրել է այն, որ Ստեփանակերտում ոչ մի հայերեն գիրք չի տպագրվում, անգամ չի հրատարակվում մի «ողորմելի թերթ», և «Լեռնային Ղարաբաղի ավտոնոմիան բացարձակ սուտ բան է»:
Գրքում Իսահակյանի ձեռագրերի արտատպությանը հաջորդում է անվանի բանաստեղծ ու մեծ հայրենասեր Բոգդան Ջանյանի «Վարպետն Արցախում» հուշը: Ջանյանն ամենուրք ուղեկցել է Վարպետին, տեսել այն ջերմությունն ու սերը, որով արցախցին դիմավորել է Իսահակյանին: Վարպետի Ղարաբաղ գալու լուրը տնից տուն մտավ, ամբողջ Ստեփանակերտը ոտքի վրա էր, ամբողջ քաղաքն ուզում էր մոտիկից տեսնել սիրելի պոետին, որը սրբի տեսք ուներ և իր ներկայությամբ պիտի սրբացներ ամենքին և ամեն ինչ:
Հրաչյա Բեգլարյանը գրի է առել արդեն 80-նն անց Տիգրան Գրիգորյանի` Իսահակյանի մասին պատմած հուշերը, որոնք ավելի շատ ափսոսանքի երանգներ ունեն, քան հպարտության: Կուսակցական գործիչը խղճի խայթով է խոստովանում, որ, լինելով մարզկոմի առաջին քարտուղար, չկարողացավ արժանավայել ընդունել մեծ բանաստեղծին և մեծ հային, ժամանակներն այդպիսին էին…
Բավականին խորն ընդհանրացումներ ունի Սերգեյ Սարինյանի «Ավետիք Իսահակյանի պոեմը» գիտական հոդվածը` Ավիկ Իսահակյանի «Ավետիք Իսահակյանի պոեմները» մենագրության մասին: Գիրքը, փաստորեն, բանաստեղծի պոեմների առաջին ամբողջական ուսումնասիրությունն է և, Ս. Սարինյանի բնորոշմամբ, «առավել նպատակային է հնչում հետազոտության գիտական դրվածքի փոստագրական և արխիվային նյութերի վրա»:
Արդի հայ գրականագիտական մտքի օրենսդիր ակադեմիկոսը խոսում է նաև «Ուստա Կարոյ» վեպի մասին` այն համարելով ազգային էպոս: «Ուստա Կարոն» հայտնի է իր մի շարք տարբերակներով (բազմատարբերակությամբ) և անավարտվածությամբ: Սարինյանը նախընտրում է առաջին տարբերակը, որը կատարյալ և հաջողված է` թե՛ ըստ ձևի, թե՛ սյուժեի փիլիսոփայական ավարտվածությամբ: Նա արժեքավոր դիտարկումներ ունի նաև վեպի գեղարվեստական առանձնահատկությունների մասին: Իսահակյանն ինքը վեպի առաջին տարբերակի շապիկի վրա զետեղել է Ալֆոնս Դոդեի «Ֆրանսիայում ամեն ոք ինչ-որ չափով Տարտայեն է» ասույթը` շարունակելով «Ամեն մի հայ փոքր-ինչ Ուստա Կարո է»: Սարինյանը նշվածների շարքում ավելացնում է Շառլ դը Կոստերի «Ուլենշպիգելի և Լամմե Գուդզակի արկածները» և Գոգոլի «Մեռած հոգիներ» վերնագրերի անունները: Սարինյանը Ուստա Կարոյին համարում է հավաքական կերպար, մեծ երևակայությամբ օժտված անհատականություն. «Տեղ կա, որ մի սուտ` հազար ղորթ արժե, էնպես լա՜վ, սիրուն ստեր կան, որ ես ողջ աշխարհքի հետ չեմ փոխե»:
Սարինյանն իրավացիորեն նկատել է, որ Իսահակյանի վեպի հիմնական գաղափարը «Հայկական հարցն» է, որի լուսաբանումը կարծես թե ամբողջությամբ չհաջողվեց, այդ պատճառով էլ Իսահակյանը վերամշակում է այն` կատարելով ոճական ու կառուցվածքային էական փոփոխություններ, «ընդլայնելով վեպի տարածաժամանակային հարաբերակցությունը»: Բայց, ցավոք, այդպես էլ անավարտ մնաց «Ուստա Կարոն», սակայն դա չխանգարեց, որ այն դառնա «գեղարվեստական մի անկրկնելի փորձ` ստեղծելու 19-20-րդ դդ. հայոց կյանքի էպոսը»:
«Ոսկեփրփուր ծիրանին ուսին» առինքնող խորագիրն է կրում Արցախի գրողների միության նախագահ Վարդան Հակոբյանի հոդվածը: Իսկական պոեզիան Վարդան Հակոբյանը համարում է հեռատեսությունը: Իսահակյանի պոեզիան բնորոշելու համար բավականին տեղին է այս որակումը: Իսահակյանի ձայնն իրոք լուսեղեն ու մարգարեական է: Բանաստեղծական մեջբերումներով Հակոբյանն ներկայացնում է Իսահակյան մտածողի և գեղագետի կերպարը, ցույց տալիս նրա անսպառ հայրենասիրությունն ու իմաստասիրությունը. «Իսահակյանը խոշոր և անընդգրկելի երևույթ է: Եվ նրան վերլուծել, մեկնել հնարավոր չէ ամենևին: Պարզապես պետք է կարդալ նրան: Ոչ թե կարդալ, այլ ապրել խորը, անհունորեն»:
Իսահակյանը եզակի էր նաև նրանով, որ խիզախեց շատ տարիներ առաջ` հայ գրողի համար «խստորեն արգելված» ժամանակներում, լինել Արցախում, որը նրա բնորոշմամբ «քաջերի օրրանն է».
Նեմրութա սարը հազար ակն ունի,
Հազարն էլ Մըշու դաշտն ի վար կերթա.
Մենակ Աղբյուրի աղբյուրը սրտի
Խեղճ ժողովրդի սրտի մեջ կերթա,
Ազատ օրերի, դալար օրերի
Ծարավ վաթանի սրտի մեջ կերթա…
Վարպետի հայդուկային երգերը կարծես աճել-բարձրացել են արցախյան գոյամարտի ռազմադաշտերում թափված մեր քաջորդիների արյան ծովերից:
Հոդվածում Հակոբյանը երգիծանքի թեթև շղարշով նկարագրում է նաև Զաքար Սուվարյանի ոդիսականը: Իշխանության անբարյացակամ վերաբերմունքից հետո Զաքարի ազգականներն ու բարեկամներն խուսափում էին նրանից, Սուվարյանի գրպանի փոքրիկ ռադիոընդունիչը նրանք համարում էին սովետի պետական գաղտնիքները Ամերիկային հաղորդելու լրտեսական սարք: Միայն համագյուղացի մեծատարիք մի կին, տեսնելով, որ Զաքարը ժամերով քայլում է դատարանի առաջ, հրավիրում է տուն և հյուրասիրում: Եվ կնոջ միամիտ հարցին, թե «Ամերիկայում էլ, արդյոք, ինչպես մեզ մոտ, էշեր կան», Զաքարը դառնացած պատասխանում է. «Էնտեղ մի էշ կար, վեր կացավ եկավ էստեղ»:
Գիրքը եզրափակվում է Սոկրատ Խանյանի «Հայդուկային պայքարի շեփորահարը» հոդվածով, որտեղ հեղինակը անդրադարձել է Իսահակյանի ֆիդայական պոեզիային, հայդուկային երգերին, որոնք Վարպետի քնարերգությանն ուրույն հմայք են տալիս: «Արցախ-Սյունյաց աշխարհը` քաջերի այդ օրրանը, որ միշտ բարձրագլուխ է եղել համատարած սրտկության մեջ. այդ անմատույց լեռներն ու դժվար կապանները, ուր թափառում է Դավիթ-Բեկի ոգին:
Հուսանք, որ նոր սերունդը կմեծանա ռազմական, մարտիկ, տղամարդ, հպարտ, հանդուգն, անվախ և գլուխը բարձր: Թշնամին միայն զարկողից կվախենա ու կպատկառի:
Մենք պարծենում ենք միայն մեր կուլտուրական հատկություններով, արհեստներով, շինարարությամբ, անցյալով, քրիստոնեությամբ:
Եվրոպական պետությունները միայն ֆիզիկական բռունցքի ուժն են հաշվի առնում:
Աչքերս լավ բանանք և չհավատանք սոխակների դայլայլներին»:
Տարիներ են անցել, իրականացել է Իսահակյանի նվիրական երազանքներից մեկը: Այսօր Արցախն ազատ ու անկախ է, և եթե Ուստա Կարոյի երևակայության կախարդական ուժով Վարպետը նորից այցելի Արցախ, կտեսնի մոխիրներից հառնող ու բարգավաճող Շուշին, նորոգված եկեղեցին, գեղեցիկ շենքերն ու մաքուր փողոցները, կլսի միայն հայերեն խոսք, հայերեն աղոթք ու երգ…
Եվ այդ երգերի մեջ իր մշտական տեղն ունի Իսահակյանի ստեղծածը…

Տարածել

Պատասխանել