Ծովինար Խաչատրյան / Հին Սեյսուլանից մինչև Նոր Սեյսուլան

0

Հին Սեյսուլանից մինչև Նոր Սեյսուլան ( Խ ո հ ե ր ) Վաղ աշուն է: Գիշերն անձրև է եկել: Վաղ առավոտյան քաղաքը նման է նոր լողացած, ժպտացող մանուկի: Երկար բացակայությունից հետո քայլում ենք Ստեփանակերտի փողոցներով: Քաղաքը կանաչ է, մաքուր, լվացված, սանրված: Քաղաքը դեռ քնած է: Կանգ եմ առնում, տեսնես` ինչքան է այս խաղաղ քնի գինը: Հրապարակից ոչ հեռու` Վազգեն Սարգսյան փողոցի սկզբնամասում հսկա կապույտ պաստառը ճչում է. «Ազատություն մեծ հայրենասեր, ազգասեր ու բարերար Լևոն Հայրապետյանին»: Պաստառի անկյունում բարերարի համակրելի կիսադեմի վրա փիլիսոփայական կիսաժպիտն է սառած: Նմանատիպ պաստառներ կան քաղաքի տարբեր անկյուններում: Այդպես էլ չսովորեցինք պահպանել մեր լավագույն զավակներին…: …Երկար ընդմիջումից հետո Ստեփանակերտում հավաքվել ենք սեյսուլանցիներով` հայաստանաբնակ, ռուսաստանաբնակ… Կան, որ 20-25 տարի չեն եղել Արցախում: Ասում են` հեշտ է՞ գալ ու կանգնել հայրենի տան, ծննդավայրի փլատակների մոտ: Եկել են, որ մասնակից դառնան նոր գյուղի համայնքային կենտրոնի բացման արարողությանը: Զգում եմ նրանց անհանգստությունը, խռովքը: Նրանց հոգիներում հիմա այնպիսի զգացողություններ են, ինչպիսին ունենում է երեխան` խորթ մորն ընդունելու դեմ կռիվ տալիս: Յուրաքանչյուր մարդ իր կյանքի ընթացքում խտացված ձևով կրկնում է մարդկության պատմությունը` սկսած Ադամից: Դրախտը մեր մանկությունն է: Ամենամեծ երանին այն մանուկ օրերինն է, երբ կարծում էինք, թե աշխարհն ավարտվում է գյուղից երևացող լեռների կատարին: Հենց գալիս է իմացությունը, ընդարձակվում են հորիզոնները, կորցնում ենք երանելի դրախտը: Ճանապարհվում ենք: Ճանապարհն անցնում է հանդիպած ամեն սարի, թմբի փեշերը համբուրելով: Աշնանային շքեղ անտառն ու թփուտները վազում են ոլորաններով ընթացող մեքենային ընդառաջ: Հիրավի` դրախտային երկիր: Տեղացիներից մեկն ասում է` եթե տեսնեք օրական կտրած ծառերով բարձած քանի մեքենա է դուրս գալիս Արցախից, կսարսափեք: (Այստեղ էլ է սկսվել ինքնաոչնչացումը): Հասնում ենք Կիչան, վերջանում է բարեկարգ ճանապարհը: «Նոր Սեյսուլան» ցուցանակը ուղղորդում է վարորդին: Մեքենան հռնդյունով կռիվ է տալիս քարքարոտ ճանապարհի հետ, իսկ ես` մտքերիս… Երկար եմ մտածել` անարդար չէ՞, արդյոք, որ Աստված իմանալով մեր ստեղծարար, խաղաղասեր, քրիստոսահաճո բնույթը, հարևան է դարձրել քոչվոր, թալանչի ցեղերի: …Սեյսուլանը բռնի տեղահանվել է 1992-ի փետրվարի 26-ին: Հարթավայրային բարեկեցիկ, հարուստ գյուղը, որ գտնվում էր Մարտակերտի, Միր-Բաշիրի և Աղդամի շրջանների հատման տեղում և բոլոր կողմերից շրջապատված էր ազերի բնակավայրերով, որոնք 30-40 տարվա պատմություն հազիվ ունենային, հայտնվել էր աքցանի մեջ: Սիրում ենք գովել մեր խելքը, հնարամտությունը, տաղանդը. այդ ինչպե՞ս Ղարաբաղում սկսեցին ազերի բնակավայրեր բուսնել: Պատահական երևույթներ էին դրանք, թե՞ ծրագրված քաղաքականություն: Սկզբում գալիս էին ուղտերի, ձիերի վրա նստած` կին-երեխաներով, կովերի, ոչխարների հոտերով, գամփռ շներով. իբր արոտավայր չունեն` գալիս են եղբայր հայերի սարերում, յայլաներում ամառն անցկացնելու: Ցրտերն ընկնելու հետ իջնում էին սարերից, վրաններ խփում, ձմեռում: Կամաց-կամաց վրանների տեղերում հայտնվում էին աղյուսից սարքած տնակներ: Հետո հարստանում, հիմնավոր, քարե տներ էին սարքել տալիս հայ վարպետներին: Շուտ էլ բարգավաճում, հարստանում էին նման բնակավայրերը, որովհետև արտոնյալ պայմաններ էին նրանց տրամադրվում: Այդ գյուղերում ո’չ կոլխոզ կար, ո’չ սովխոզ. բարեկամների, ազգականների համայնք էր, որին ամեն ինչ կարելի էր, սկսած` բազմակնությունից, վերջացրած` անասնագողությամբ ու թալանով: Եվ արդեն Ղարաբաղն իրենցն էին համարում: Մի օր մեր քիրվան ասաց. «Դուք ձեր երեխեքին ճիշտ չեք դաստիարակում: Հայը երեխային ինչպե՞ս ա վախեցնում` տնից դուրս կանեմ: Ուրեմն, դուրսը գել ու գազան ա, ահ ու մահ ա: Իսկ թուրքն ասում ա` դուռը կփակեմ, չեմ թողնի դուրս գաս: Այսինքն, կզրկի հանդերն ու չոլերը վայելելու հաճույքից: Մեզ փոքրուց ասում են` ինչ կա դրսում, ինչին ձեռքդ հասնում ա` քոնն ա… »: Մի անգամ գյուղում թուրք երեխա էին բռնել` գողացած հնդկահավը թևի տակ: Ծնողները եկել, աղաչում էին. – Մեր երեխու առաջին գողությունն ա, հարամ մի արեք: Միլիցիա մի կանչեք, հնդկահավն էլ ձեռքից մի առեք, ջարման կքաշենք: Չորս տարի օրուգիշեր Սեյսուլանը համառ դիմադրել է: Յուրայինների հետ կապը այգիների միջով էր. հասնում էին Կարմիրավան, հետո եթե մեքենա պատահեր, կամ ձի գտնեին, լավ է, եթե ոչ` ոտքով հասնում էին շրջկենտրոն: Բոլորի դռանը մեքենա կար` անգործության մատնված, բայց ողջ գյուղում մի ձի կամ գոնե էշ չէիր ճարի: Ո՞վ է ասել` թուրքը խելոք չի: Թուրքը սիրում է զենք, ձի և ոսկի: Քսակը ծոցը կդնի, կզինավորվի, կհեծնի ձին ու հայդա: Ուր էլ գլուխը դնի, կհաշվի իր տունն է: Իսկ հայը ապարանք է կառուցում, կահույքով, կահ-կարասիով, գրքերով լցնում: Տները զուգում-զարդարում էին, նստում, հեռուստացույց նայում` Օչեվիդնոյէ-նեվերոյատնոյէ: Սկզբում ինքնաձիգից էին կրակահերթ թողնում, հետո սկսեցին գրադով խփել գյուղի տներին: Մեկ էլ կտեսնեիր` մեկի տունը ճռռոցով փլվեց կամ հրդեհվեց: Կրակում էին մոտակա Շոթլանլու և Ղափանլու գյուղերից: Հեռադիտակով տեսնում էիր, թե ինչպես են տեղացիները հուռ-հուռ անում եկվոր վարձկանների հետ, չեն թողնում գնդակոծել հայերին, որովհետև պատասխան կրակից տուժելու են իրենց տունն ու երեխեքը: Միայն երբ տանկերով ու զրահամեքենաներով եկել, շրջապատել են ու սպասել լուսաբացին, մի գիշերվա մեջ գյուղը լուռ դատարկվել է: …Հիմա Նոր Սեյսուլան ենք գնում` գյուղի համայնքային կենտրոնի բացման արարողությանը, կենտրոն, որն իր մեջ ներառում է կահավորված բուժկետ, ակումբ, համայնքի ղեկավարի և աշխատակիցների համար աշխատասենյակներ: Այս ամենը կառուցվել է Ռուսաստանի Դաշնությունում ապրող սեյսուլանցի երիտասարդ գործարար Վահագն Խաչատրյանի հովանավորությամբ: Մինչ այդ նրա օգնությամբ լուսավորվել են գյուղի փողոցները, վերանորոգվել կաթող կտուրները: Ամեն հայ իր հոգու խորքում գիտակցում է, որ պարտք ունի Արցախի առաջ, որովհետև այս երկրի ամեն բնակիչ զինվոր է ու սահմանապահ: Վահագնը այն երջանիկներից է, ովքեր իրենց խելքի, շնորհքի, աշխատասիրության, չարչարանքի ու ջանքերի գնով կարողանում են մարել այդ պարտքը: Վահագնը 13 տարեկան է եղել, երբ գյուղը տեղահանվել է: Դժվար չէ պատկերացնել խելացի և զգայուն պատանու հոգու խռովքն ու ցնցումը… Դրանից հետո ինչքան հանդիպել ենք, նրա երկրորդ նախադասությունը սկսվել է «մեր շենը, մեր տոնը, մեր չինարի ծառը, մեր դպրոցը…» բառերով: Երբ արդեն մեծ էր, շատ էր վախենում, որ գյուղի մասին հիշողությունները, ավանդությունները կկորչեն: Մի օր ասաց` հորաքույր, արի, ես նյութեր հավաքեմ, դու որպես բանասեր ձևակերպիր, գրիր: Այդպես 2007թ. ծնվեց «Սեյսուլան» գիրքը, որը բաժանվեց բոլոր սեյսուլանցիներին և որից հինգ օրինակ կհանձնվի Նոր Սեյսուլանի գրադարանին, որպեսզի նորը լինի հնի շարունակությունը, չկտրվի հիշողության թելը: Հավաքվել են նորակառույց կենտրոնի մոտ սեյսուլանցիները` մեծ ու փոքր: Շարվել են դպրոցականները` սպիտակ վերնաշապիկներով, ձեռքներին իրենց երկրի դրոշներն են ու ծաղիկներ: Սպասում են Նախագահին ու բարերարին: Բոլորի տրամադրությունը տոնական է, դեմքները` ոգեշնչված: Երբ արցախցին ասում է` մէր նախագան, նրա ձայնում հպարտության հնչերանգ ես զգում: Զրուցում ենք համագյուղացիների, նրանց թոռների ու ծոռների հետ, հիշում հին Սեյսուլանը: Որախացնում է այն, որ նրանք լավատես են, համոզված, որ կյանքը գնալով կլավանա… Գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Արթուր Մինասյանը բացում է արարողությունը (հակիրճ և իմաստալից խոսքով), ապա տողանի կանգնած երեխաները հավաքվում, կազմում են մի եռաշարք, կուռ երգչախումբ և ոգեշնչված երգում իրենց երկրի պետական Հիմնը` առանց նվագակցության, լռության ուղեկցությամբ: Բոլորը հուզվում են: Նախագահը ևս նկատելի հուզվում է: Առաջին անգամն եմ նրան մոտիկից տեսնում: Նա լավ տպավորություն է թողնում. մտահոգ դեմքը, պարզ վարվելաձևը, մարդկանց բարևելու, հետները շփվելու անբռնազբոս կերպը վստահություն են ներշնչում: Իրեն պահում է յուրայինի պես, ձեռքով ինչ-որ նշաններ անում հանդիսավարին, ոգևորում (ամբիոնից ելույթ չի ունենում, ճռճռան խոսքեր չի ասում, զրուցում է մոտեցողների հետ): Գյուղացիք շշնջում են`լավ տղա է, համեստ, կարողանում է լսել մեծին ու փոքրին… Շեշտում են` կարևորը մեզ մոտ արդարություն կա: Պետությունների, իշխանությունների հազարամյա պատմությունը մարդկությանը հանգեցրել է մի կարևոր եզրահանգման` կամ իշխանությունն է լավ ապրում, կամ` ժողովուրդը (հիմնականում): Ինչքան խզումը մեծանում է, այնքան ուժեղանում է ատելությունը, չարությունը, անհանդուրժողականությունը: Հիրավի, հաճախ իշխանավորի աչքածակությունը սահման չի ճանաչում: Ասում են` եղել է պահ, երբ Զիմբաբվեի առաջին տիկնոջ հագ ու կապի գինը 12 անգամ գերազանցել է երկրի տարեկան բյուջեն, ինչն էլ խռովության պատճառ է դարձել: Արարողությունը լավ է կազմակերպված, մայրաքաղաքներին վայել մակարդակով` ճաշակով ձևավորված ֆուրշետ, ծաղիկներ, փուչիկներ, կարմիր ժապավեն… Բարերարը խոսում է կարճ և իմաստալից. «Խոսելու բան չկա, անելու շատ բան կա… Ինքան էլ հեռու լինենք, մեր ուշքն ու միտքն այստեղ է… »: Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավար Վլադիկ Խաչատրյանը (մասնագիտությամբ ֆիզիկոս, մարտական գեներալ, պոեզիայի գիտակ) մասնավոր զրույցի ընթացքում պատմում է. «Մարտակերտի տարածքի 80 տոկոսը մեկ տարուց ավելի մնացել է թշնամու ձեռքին, ավերվել ու թալանվել: Ինչպես իմ 10 մատներն են հավասարաչափ իմը, որն էլ կտրվի, ցավ է տալու, այդպես էլ իմ համայնքները, բոլորն իմն են` իրենց հոգսերով… Յուրաքանչյուրի համար բանակցություններ եմ վարում տեղացի գործարարների հետ: Ասում եմ`ինչ դրսում կառուցում եք` ձերը չի, մի օր կարող ա խլեն… Այստեղի արածը ժողովրդինն է, նրանց օրհնանքը միշտ ձեզ հետ ա լինելու… »: Ակամա հիշում եմ Վահագն Գրիգորյանի «Դաքքայի վերջին հայը» պատմվածքը, ըստ որի Բանգլադեշի մայրաքաղաք Դաքքայում մնացել էր միայն մեկ հայ`հայերի կողմից կառուցված շքեղ Սուրբ Հովհաննես եղեղեցու ծեր սպասավորը, որն այլևս փոխարինող չուներ … : Հայը երբ պիտի վերջնականապես հասկանա, որ շքեղ դղյակները, որ սարքում է, թանկարժեք մեքենաները, որ գնում է, եկեղեցին ու մատուռը, որ ամեն թաղում հավեսով կառուցում է, թշնամու համար է անում, եթե չի կարողանալու պահել, պաշտպանել: Բարեգործությունը մեր արյան մեջ է, ազգային առաքելություն է, և ամեն աղետից ու արհավիրքից հետո ավելի բեղուն է դարձել`բարգավաճման լծակներից մեկը դառնալով… Գյուղում նոր թխած`թաժժա թոնրահացի կեսը բաժանում էին հարևաններին: Այդպես էին վարվում մորթված անասունի մսի, այգու ու բոստանի բերքի հետ: Դա անվանում էին «փայ տալ»: Խելոք է ժողովուրդը. և միշտ թարմ է ուտում, և փոխանակություն է կատարում եղած-չեղածի: Իմ ծննդավայրում (երևի, ոչ միայն իմ) սովորություն կար` բանակ զորակոչվածի և ուսանողի գրպանը միշտ փող էին դնում: Հետագայում այդ ուսանողը, գիտակցաբար, թե ենթագիտակցաբար պարտք էր զգում հայրենակիցների առաջ և նրանց երեխաների համար հենարան և ուղեցույց էր քաղաքում, հաճախ էլ իր տունը` իջևանատեղի: Աշխարհի որ բանկը կարող է այդպիսի երաշխիքներ տրամադրել` ձեր տված համեստ գումարի դիմաց: …Հյուր եկած հին սեյսուլանցիները համոզում են միմյանց, որ նոր գյուղն էլ լավն է, որ նոր բնակավայրի բնությունը գեղեցիկ է, կա անտառ, կա գետակ, իսկ սեյսուլանցին անող-դնող, ստեղծող է, աշխատանի մեջ` անկուշտ, ուրեմն, շուտով բարեկեցիկ շեն կունենան: Կարևորը լավ, ուշիմ երեխաներ ունեն, գեղեցիկ երիտասարդներ… …Երևանում ենք արդեն: Դուրս ենք եկել մեր երեկոյան զբոսանքին: Հանկարծ մեր փոքրիկ թաղամասի մի քանի կետերից որոտում են ռեստորանային հրավառության համազարկերը` ցնցելով հարևան բազմահարկ շենքերը, վախեցնելով մանուկներին (Արցախում հրավառությունն արգելված է` բոլորի համար, առանց խտրության: Մեկ-մեկ էլ փոքր եղբորից պիտի սովորել): Միշտ ցանկություն եմ ունեցել առաջարկելու, որ հրավառության համար նախատեսված գումարը դնեն ծրարի մեջ և ուղարկեն բանակի կարիքների համար: Եթե մեր նորապսակներն իրենց համատեղ կյանքը սկսեն այս քայլով, անպայման լավ բալիկներ կունենան: Հ.Գ. Երբ վերջացրի, հիշեցի տարիներ առաջվա իմ մի հոդվածը: Քիչ եմ գրում: Փնտրեցի, գտա: Ահա «Խորհրդային Ղարաբաղ» օրաթերթի 1989 թ. օգոստոսի 9-ի համարում (պարզվում է` 25 տարի է անցել) տպագրված «Մեր ողջ կյանքը` հարց ու պատասխան,, հոդվածը, որի հերոսներից մեկը`«Արդյոք, ովքեր են…» երգող արցախցի 9-ամյա պատանին հենց այսօրվա բարերարն է: Իսկ հոդվածն ավարտվում էր այսպես. «…Եվ մոտ է ժամը, երբ արցախցի մանչուկները կճչան Ամարասի ու Գանձասարի սուրբ մկրտության ավազաններում, երբ մեր ոտնահետքերը կհամբուրեն լքված սրբավայրերը տանող ճանապարհների փոշին…»: Տեսնո՞ւմ եք, երբ մի բան, թեկուզ անհնարին թվացող, շատ ենք ուզում, ազգովին ենք ուզում, անպայման կատարվում է: Ուրեմն, եկեք հենց հիմա բոլորս շատ ցանկանանք, ի խորոց սրտի, ուզենք` մեր ձեռքից եկածն անելով, որ մեր երկիրը դառնա հզոր ու ծաղկուն պետություն, և բոլորը տուն վերադառնան:

Տարածել

Պատասխանել