Ռուսաստանում մեծարել են արցախցի գրողին

0

Ինչպես հաղորդում է ռուսական Ռեգնումը, Մոսկվայում հրատարակվող “Ժամ” ամսագիրը “Հայերն աշխարհում” կայքի և “Պոկրովյան դարպասներ” մշակութային կենտրոնի հետ միասին կազմակերպել էր հանդիպում արցախցի գրող և լրագրող, ԼՂՀ և ՀՀ Գրողների միության անդամ Աշոտ Բեգլարյանի հետ:

Հանդիպմանը մասնակցում էին մոսկվացի ստեղծագործողներ, Մոսկվայում ԼՂՀ մշտական ներկայացուցչության աշխատակիցներ և այլք: Հանդիպումը վարում էր ռուս բանաստեղծ Վիկտոր Կոնոպլյովը, որը մի քանի անգամ հյուրընկալվել է Արցախում: Խոսվեց Աշոտ Բեգլարյանի գրական ժառանգության մասին, ընթերցվեցին հատվածներ նրա ստեղծագործություններից, ներկայացվեց Բեգլարյանի վերջին` “Աստղային տղան” վիպակների և պատմվածքների ժողովածուն:

Նմանատիպ հանդիպում հեղինակի հետ տեղի ունեցավ նաև Նիժնի Նովգորոդում:

Աշոտ Բեգլարյանը ծնվել է 1968թ., Ստեփանակերտում, Արցախի և Հայաստանի Գրողների միության անդամ է, պրոֆեսիոնալ լրագրող: Տպագրվում է 19 տարեկանից: Բեգլարյանի ակնարկները և պատմվածքները հրատարակվել են հայկական և արտասահմանյան բազմաթիվ գրական, հասարակական-քաղաքական պարբերականներում և տարբեր կայքերում: Աշոտ Բեգլարյանի “Տունը, որը կրակում է” պատմվածքի մոտիվներով նկարահանվել է Արցախի առաջին խաղարկային ֆիլմը: Պատմվածքների և վիպակների 3 ժողովածուի հեղինակ է:

“Великий странник” ռուսական հիմնադրամի մրցույթի 2-րդ մրցանակակիր է, նույն հիմնադրամի մագիստրանտ, համաուկրաինական լրատվամիջոցների “Կամարադ, ամիգո, շուրավի” բաց մրցույթի դիպլոմակիր:

1992թ.-ից աշխատել է երևանյան “Голос Армении”, “Новое Время” թերթերի, “Սնարք” լրատվական գործակալության, բրիտանական Պատերազմի և խաղաղության լուսաբանման միջազգային ինստիտուտի, Ռուսաստանի Դաշնության պետական դումայի “Կովկասյան փորձագետ” և այլ լրատվամիջոցների թղթակից:

Այժմ հանդիսանում է Ռեգնում և Արմինֆո գործակալությունների թղթակիցը Ստեփանակերտում:

Աշոտ Բեգլարյանը մասնակցել է Արցախի ինքնապաշտպանությանը, ծանր վիրավորվել է: Ստացել է ԼՂՀ և ՀՀ կառավարական պարգևներ, 3 երեխաների հայր է:

Տարածել

Մեկնաբանություններն անջատված է: