Լուսինե Ղարախանյան. Ինքնությունը կարող է ինքնամոռացվել, բայց կորսվել՝ ոչ

0

Ինքնությունը սոցիումի սիմվոլիկ կապիտալի գանձարանն է, որը կրում է կենսահաստատ խորհրդանիշների ազգային համակարգը, պատմության հոգևոր ակունքներից սերող և յուրաքանչյուր մարդու ներաշխարհը կազմավորող այն ամբողջությունն է, որը ազգի հոգին միահյուսում է յուրաքանչյուր անհատի հոգու և իր ազգի պատմության հոգևոր հիմքերի հետ:
Գ. Սողոմոնյան

Ժամանակակից աշխարհում օրեցօր ահագնանում են բարոյական, հոգևոր, հատկապես սոցիոմշակութային, քաղաքական և այլ ճգնաժամերը, ինչն ավելի ակնառու է դարձնում արևմտյան քաղաքակրթության՝ մարդկանց խաղաղ համակեցության մասին ուտոպիան, և մենք օրըստօրե համոզվում ենք, որ նույն գլոբալիզացիան, որպես աշխարհակարգ, իսկապես անկատար է:
Ինքնությունը կարևորագույն հոգեբանական կառույց է, մեր ժամանակների սոցիոմշակութային իրողությունների ներքո դարձել է մի տեսակ հոսուն, սայթաքող, տարտամ, մարգինալ /սահմանային/: Մինչդեռ ինքնությունը անհատի սեփական ինքնագիտակցության այն կողմն է, որն առնչվում է նրա` այս կամ այն սոցիալական խմբի պատկանելուն, և որը նրա համար արժեքային նշանակություն ունի: Ինքնության հստակ գիտակցմամբ մենք ունենում ենք ամբողջականության զգացողություն: Ինքնությունը մեր ինքնաճանաչողությունն է ու որոշակիությունը, մեր բազային պահանջմունքներից կարևորագույնը:
Ինքնության պահանջմունքի ձևավորման անհրաժեշտ պայմանավորող հանգամանք է այն սոցիալական համակարգը, որտեղ անհատը կամ խումբը ծավալում է իր կենսագործունեությունը: Այլ կերպ ասած, բացի անհատական ինքնության պահանջմունքիցմարդն ունի նաև սոցիալական ինքնության պահանջմունք, որը ձևավորվում է խմբային փոխազդեցությունների ժամանակ և վերածվում խմբային ինքնության պահանջմունքի: Եվ, եթե այսօր ինչ-որ բան այնպես չի արտահայտվում մեր ազգային ինքնագիտակցության ու վարքաբանության մեջ, ուրեմն լուրջ սխալներ կան արժեքների այն կոդի մեջ, որը փոխանցվում է մատաղ սերնդին: Իսկ դա մենք փոխանցում ենք մեդիաարտադրանքի, գրականության, դաստիարակության ու սոցիալականացման միջոցով:
Այսօր աշխարհում գնալով ահագնանում են գլոբալիզացիայի դրսևորումները, ընդարձակվում դրա տարածքները: Որքանո՞վ այն կարող է խանգարել մեր ինքնության պահպանմանը: Իրականում խիստ անդեմ գլոբալիզացվող աշխարհի մարդը: Դա մաքսիմալիստական ու սպառողի հոգեբանությամբ մարդն է, ամբոխի մարդը: Գլոբալիզացիայի մեջ չի կարող պահպանվել ազգային ոգին, և, առհասարակ, որևէ ոգեղեն երևույթ, արժեհամակարգ, մինչդեռ մարդու և աշխարհի համագոյակցումը ստեղծվում ու կայանում է առասպելների, դիցաբանության, կրոնի իմաստավորման և տեսակը պահպանող այլ էթնոպաշտպան մեխանիզմների միջոցով, և եթե մենք հեռանում ենք դրանցից, ապա հեռանում ենք մեր բնական սկզբից: Իսկ ինքնիշխանության երևույթը, որպես այդպիսին, մեր բնական սկզբից խիստ հարաբերական է:
Կարո՞ղ է արդյոք ձևավորված ինքնությունը կորսվել:
Ինքնության կորուստը սոսկ պատրանք է և, ճշմարիտ գոյություն, հատկապես՝ ազգային տեսակի գոյություն, որպես այդպիսին՝ չկա: Ինքնությունը կարող է ինքնամոռացվել, բայց անհետանալ չի կարող: Մի քանի տարի սրանից առաջ «Ազգ» թերթին քրդացած հայերից մեկը նամակ էր գրել՝ ինքնության խառնաշփոթից ելք որոնելու համար: Ես արձագանքեցի: Նա 28 տարեկանում որոշել էր հաշտվել սեփական ինքնության հետ: Նա գրում էր, որ «թուրք եմ» արտահայտությունը, ինչի համար ամենեւին էլ երջանիկ չէր, ստիպված էր կրկնել ամեն օր, երբ դասի էր հանրակրթական դպրոցում (քրդացած հայը ապրում է Թուրքիայում), որտեղ, ըստ երևույթին, դա պարտադիր պայման էր: Երջանիկ չէր, որովհետեւ էթնիկական ինքնորոշման տարտամ վիճակը հեռու էր հաստատական դատողություն լինելուց: Քրդացվելու կամ թուրքացվելու տեւական ազդեցությունը շոշափելի կառուցվածքային փոփոխություններ էր մտցրել նրա ինքնագիտակցության մեջ` օտարելով ենթագիտակցորեն նշանակալի համարվող հայկական էթնիկական հանրույթից: Լեզուն և կրոնը, որ ջանում էր ուսումնասիրել քրդացած հայը, օրըստօրե ավելի «ծանրակշիռ էին դարձնում նրա հայկական ինքնությունը», ինչը ստիպեց դիմել մարդկանց օգնությանը: Բոլորից հաճախ մզկիթ գնալը կամ Ղուրանը ջանասիրաբար ընթերցելը սոսկ նամակի հեղինակի ներհոգեկան ինքնապաշտպանական դրսեւորումներն էին, որոնք, ըստ էության, դժվար հոգեփոխություն (կոնվենսիա) ենթադրելով՝ հյուծել էին նրան: Նրա պապի մահմեդական երեւալու եւ Մեքքա գնալու գործողությունները, որ հոգեբանական յուրօրինակ դիմակ էին, իրենց հիմքում ունեին ինքնապաշտպանական հիմնավորված դրդապատճառներ, որը նպատակաուղղված էր նվազագույնի հասցնել ինքնության բացահայտումը: Եվ դա բնական ընթացք էր: Բազմակի անձի երեւույթը (քուրդ, թուրք, հայ) տրոհել էին քրդացած հայի ես կառույցը` դնելով նրան ախտածին իրադրության մեջ, մինչդեռ այդտեղ «միջուկային» տեղ է զբաղեցրել «հայի ինքնությունը»:
Փաստորեն, քրդացած հայի մոտ սկսվել էր անձի իսկական վերածննդի կամ հոգեփոխության գործընթաց, որը միանգամայն իրատեսական է: Նա, պարզապես, հոգնել եր կրել այն դիմակը, ստանձնել դիմակային այն վարքագիծը, որը «նրանը» չէր: Չգիտեմ, թե որքանով իմ պատասխան նամակն օգնեց նրան, բայց համոզված եմ, որ ինքնության խառնաշփոթից նա հաստատ դուրս է եկել:
Կարինե Նալչաջյանը նշում է. «…Եթե անգամ կան բոլոր հիմքերը պնդելու, որ գիտակցության եւ ենթագիտակցության մակարդակներում կա ակնհայտ ապազգայնացում, ապա անձի հոգեկան կառուցվածքի ամենախորին եւ արխայիկ հատվածում` կոլեկտիվ անգիտակցականի ոլորտում էթնիկական պատկանելության հետքերը ջնջելը գրեթե անհնարին է»:
Մենք մեր ինքնության մեջ կրում ենք ազգայինը, հայրենասիրությունը, ծնողապաշտությունը, զավակապաշտությունը, խորը հայրենասիրությունը: Արդյո՞ք ամեն ինչ ճիշտ է մեր ինքնության կառույցի մեջ:
Իսկապես հայկական ինքնության մեջ ակնառու թերություն է իրականությունը գերազանցապես բարոյականության դիրքերից, բարոյական հասկացություններով իմաստավորելն ու գնահատելը, սեփական բարոյական չափանիշներով մարդկանց վարքի արժևորումը: Եվ, որպես դրա հետևանք, հայոց ազգային նկարագրում փիլիսոփա Սեյրան Զաքարյանն առանձնացնում է հումանիզմ առանց սահմանների, օտարամոլությունը, թշնամու նկատմամբ չափազանց մեծահոգությունը, անշրջահայացությունն ու աններելի հանդուրժողականությունը, անհիշաչար ու անձնուրաց վերաբերմունքը և, առհասարակ, իշխելու, տիրելու կամքի բացակայությունը:
Եթե մենք հակված ենք մարդկանց վարքը արժևորել բարոյականության համամարդկային չափանիշներով, ապա սա մեր քաղաքակրթության բարձր մակարդակի մասին է խոսում: Մենք շատ լավ գիտենք՝ ինչ է հոգեբանական պրոյեկցիան: Այն, ինչ ապրում ենք, նույնը տեսնում ենք դիմացինի մեջ: Սա քաղաքակրթվածություն է, բարոյապաշտություն, արդարամտություն, միամտություն, ազնվություն, որ պատմության մեջ, շատ հաճախ խանգարել է մեզ: Համամի՞տ չեք արդյոք, եթե հիմա ասենք, որ քաղաքականության մեջ երբեմն բարոյականության առասպելներ ենք հյուսում, օրինակ, Թուրքիայի հետ սահմանների բացման արձանագրության չկայացած փաստը: Հանկարծ չստացվի այնպես, որ բարոյականության առասպել հյուսենք հարևան Ադրբեջանի հետ կոնֆլիկտի լուծման պարագայում, եթե, հատկապես, խոսքը վերաբերվի տարածքների զիջմանը:
Այսօր նույն այդ ինքնության խնդիրը ակնառու է հարևան ադրբեջանցիների մոտ: Նրանք ունեն ինքնության հաստատման հետ լուրջ խնդիրներ: Իրականում տարածքը խնդրի մակերեսային, շատ ակնառու կողմն է, Ադրբեջանում շատ ավելի լուրջ խնդիր է ինքնության ձևավորման հարցը: Չձևավորված ինքնության մասին են վկայում Աքրամ Այլիսլիի, ադրբեջանցի մտավորականի «Քարե երազներ» գրքի առանձին դրվագներ: Թեկուզ այն, որ ամբոխի վանկարկումները (ադրբեջանցիների) նա համեմատում է որսի գնացած նախնադարյան մարդկանց գոռում-գոչյունների հետ: Այդ կերպ նա նույնացնում է նաև սեփական էթնիկական հանրույթը նախնադարյան համայնքի հետ, որն, ըստ էության, իր էթնոգենետիկ զարգացման վայրենության փուլում է:
Գրողը բացառիկ համարձակությամբ ընթերցողին համոզում է, որ Այիլիսիի եկեղեցու ավերակը ոչ թե Իստազն է, այլ Աստվածատունը: Հեղինակն օգտագործում է հենց այդ բառը և անդրադարձ կատարում նաև հայ եկեղեցու արդեն ավերակներին: Իսկ նրանցից որոշներն, ըստ հեղինակի, ծառայում են որպես «Հայկական Մեքքա կամ Մեդինա»: Այստեղ, իհարկե, առկա է իրոնիայի տարրը: Բայց հեղինակը բարձրացնում է հուշարձանների նենգափոխման խնդիրը, որը զբաղեցրած տարածքի հետ ինքնության կապի լեգիտիմացում է: Ադրբեջանի սոցիալական փոխազդեցության համակարգը թողնում է իր ազդեցության կնիքը՝ անհատների ինքնության ձևավորման վրա: Այսինքն՝ չպետք է խմբային ինքնությունից դուրս դիտարկել անհատի ինքնության հարցը: Վեպի վերլուծությունից պարզ է դառնում Ադրբեջանի ազգային ինքնության մասնատված պատկերը, և այդ պատկերը ներկայացնում է նույն այդ երկրի հայտնի մտավորականը, որի հոգեկան աշխարհում պատերազմում են համամարդկային և սեփական հանրույթի արժեքները: Ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին շատ լրատվամիջոցներ նշեցին սահման բերած էլիտար զինվորականության մասին: Կարելի է ենթադրել, որ հարևան Ադրբեջանում Ադրբեջանի համար սահմանում կռվողներ չկա՞ն: Իրավ, այստեղ մարդիկ չեն ապրում կոմպլեմենտար փոխադարձության և փոխլրացնող հարաբերություններում, ինչը սովորաբար ածանցվում է ազգային ակունքներից՝ դառնալով սոցիոմշակութային անվտանգության ու հուսալիության գործոն:
Չձևավորված ինքնությունը վտանգավոր երևույթ է, հետևապես՝ այն կարելի է վտանգավոր համարել նաև Ղարաբաղա-ադրբեջանական կոնֆլիկտի լուծման հարցում:
Առհասարակ, խմբային ինքնության ինքնահաստատմանը նպաստում են կոնֆլիկտը, թշնամու կերպարը, մեկ այլ կարևոր հասկացություն ևս` սգալու հնարավորությունը, որը նույնպես սերտորեն առնչվում է ղարաբաղյան հակամարտությանը: Իրականում հակամարտության լուծման և խաղաղության հաստատման գործընթացը բարդանում է նրանով, որ մարդասիրության վերականգնման գործընթացը կապված է թշնամու պատկերի վերափոխման համար անհրաժեշտ հստակ մշակված ռազմավարության հետ: Քանի դեռ այդ ռազմավարությունը մշակված չէ, խմբերի համար դժվար է տրանսֆորմացնել թշնամու կերպարը իրենց գիտակցությունում: Մինչև հայերի նկատմամբ պաշտոնականորեն մշակված արմենոֆոբիան չվերացվի, կամ նվազագույնի չհասցվի, դժվար կլինի տեսնել հակամարտության խաղաղ լուծման տարբերակը:
Իսկ մենք, հատկապես՝ արցախյան պատերազմից հետո, ունենք ազգային ինքնությունը սնուցող հրաշալի կերպարներ, իրադարձություններ, դեպքեր: Իսկ քառօրյա պատերազմից հետո ինքնության դրական զգացողությունն ավելի ընդարձակվեց Ռոբերտ Աբաջյանի, Արմենակ Ուրֆանյանի, Քյարամ Սլոյանի և շատ ու շատ քաջերի կատարածի շնորհիվ: Մեր ազգային ինքնության վրա ազդեցություն ունեցան նաև Թալիշի դեպքերը և Թալիշի այսօրվա ներկան՝ որպես իրողություն: Այն, իրոք, հանգեցրեց մեր էթնիկ զգացմունքների սրմանը, ավելի ծայրահեղ, հիպերբոլացված էթնիկ նույնականացման արտահայտմանը, իսկ ազգային և էթնիկ նույնականացումները, սրանալով, կատարում են պաշտպանական մեխանիզմի գործառույթ: Այս երևույթն ունի ինչպես անհատական նշանակություն, այնպես էլ, ավելի մակրո մակարդակով, էթնիկ-ազգային նշանակություն, քանի որ կատարում է ազգապահպան գործառույթ: Տվյալ պարագայում՝ «թալիշեցիներ» նույնականացումը, հանդես գալով որպես սուբէթնիկ նույնականացում, նպաստում է մեր խմբային բարձր ինքնագնահատականին, որը կատարում է պաշտպանական գործառույթ: Իսկ սա իր հերթին նպաստում է խմբային համախմբվածությանը և պատմական տարածքում բնակվելու նպատակասլացությանը:
Մարդն իր ինքնորոշման իրավունքը իրացնում է սոսկ սեփական էթնոգենետիկ տարածքի վրա, որին կապված է հուզական բազմաթիվ կապերով: Այսինքն, միայն մեր հողի վրա մենք կարող ենք ապրել լիակատար ինքնության զգացումը:
Յուրաքանչյուրս մեր կենսակերպով պետք է նպաստենք դրական ինքնության, ազգային պատկանելության ու սոցիալական պատկանելության դրական զգացողության ձևավորմանը: Իսկ ինքնության լուրջ խնդիրներ ունեցող հարևան ադրբեջանցիների՝ անդրկովկասցի թուրքերի վարքագիծը մոտ ապագայում չի կարող որևէ կերպ փոխվել:

Տարածել

Պատասխանել