Սարինյանի ֆենոմենը / Ամալյա ԳՐԻԳՈՐՅԱՆ – Վարդան ՀԱԿՈԲՅԱՆ (Հատված երկխոսությունից)

0

Ամալյա Գրիգորյան – Առանձին հետաքրքրություն են ներկայացնում Սարինյանի գրականագիտական երկխոսությունները Պերճ Զեյթունցյանի, Դավիթ Գասպարյանի, Գրիգոր Հակոբյանի, Արամ Ալեքսանյանի, ինչպես նաև Ձեզ հետ, որոնցում բարձրացվում են մեր գրականության զարգացման համար շատ էական խնդիրներ, գեղագետն իր մատը դնում է ժամանակի զարկերակի վրա: Նրա գիտական մեկնաբանություններն ու վերլուծությունները, փաստորեն ուղենշում են գեղարվեստական զարգացման վաղվա միտումները՝ հստակ ներկայացնելով «գրականության զարգացման ընթացքը»: Այս առումով իմ ուշադրությունը գրավեց հատկապես (երևի այստեղ դեր ունի նաև իմ անհուն սերը հանճարեղ գրողի արձակի հանդեպ) «Հրանտ Մաթևոսյան-Սերգեյ Սարինյան» գրական երկխոսությունը: Իր հոդվածներում ու բազմաթիվ գիտական անդրադարձներում Սարինյանը Հրանտ Մաթևոսյանին ներկայացնում է որպես աննախադեպ երևույթ մեր գեղարվեստական արձակի պատմության մեջ՝ ընդգծելով գրողի և մտածողի մաթևոսյանական տեսակի եզակիությունը, ամենակարևորը՝ սոցիալական հարցերի պատկերման այն չափազանց ինքնատիպ միտումները, որոնք, շաղախվելով մեծ գրողի իմաստուն հումորի հետ, առավել համոզիչ են դարձնում նրա խոսքը:
Երկխոսության մեջ, իհարկե, երևում է երկու անհատականությունների տածած ակնածանքը մեկ-մեկու հանդեպ: «Քո գրախոսումների ու վերլուծությունների մեջ,- Սարինյանին այսպես է դիմում Հրանտ Մաթևոսյանը,- ինձ համար շատ հարգելի մի բան կա, ինչպես կկոչեք վերլուծվող նյութի հարգանք, գրախոսվող գործի բոլոր տրամադրությունների նկատում, հաշվառում»: Մաթևոսյանի սուր աչքից չի վրիպել Սարինյան գրականագետի գլխավոր արժանիքներից մեկը, որի մասին մենք հաճախ ենք խոսում՝ հարգանք դիտարկվող նյութի հանդեպ:
Կուզենայի իմանալ Ձեր կարծիքն այդ երկխոսության մասին:
Վարդան Հակոբյան– Ես հիշում եմ, այդ երկխոսությունը մեր գրական կյանքում ընդունվեց՝ որպես ժամանակի առաջադրած բազմաթիվ հարցերի ճշգրիտ ու բաց պատասխանների որոնում, որովհետև գրական և գիտական աշխարհը քաջ տեղյակ էր թե՛ Մաթևոսյանի, թե՛ Սարինյանի անկեղծ ճշմարտախոսությանը: Այս տեսակետից խնդիրների հստակեցման լավագույն բանալին տալիս է հենց Մաթևոսյանի առաջին նախադասությունը. «Պատմվածքի մի տողն ինձ համար թանկ է տեսության մի էջից, բայց ես ուրախությամբ եկա զրուցելու քեզ հետ նախ այն պատճառով, որ արժե բաց զրույցի նստել մեր արձակի բազում հոգսերի շուրջ, և երկրորդ՝ որ զրուցակից էիր լինելու դու»: Ինչպես տեսնում ենք, երկխոսության «սեղանի վրա» մեր արձակի «բազում հոգսերն են»: Հրանտ Մաթևոսյանի և Սերգեյ Սարինյանի այս երկխոսության մեջ կան, անշուշտ, բանավիճային բազմաթիվ ելակետեր, որոնց վրա էլ գրողն ու գիտնականը կանգնել են իրենց ասելիքով՝ բացախոսությամբ, բառերի և գնահատականների անվիճելի ազնվությամբ, խնդիրները խորքով դիտելու և ներկայացնելու բացառիկ ունակություններով: Մաթևոսյանի հարցադրումը մանիֆեստային է. «Մեզանում ոչ ոք չունեցավ Թոմաս Վուլֆի հոյակապ ձախողումը»: Նկատի ունի «առավելագույնը ասելու փորձի» կարևորությունը, որին հակադրվում է այսպիսի քննաբանությամբ. «…մենք բոլորս էլ հաջողակներ ենք»… Այս ամենը երկխոսությունը դարձրել են խիստ պահանջված և այժմեական: Մաթևոսյանի «Պատմվածքի մի տողն ինձ համար թանկ է տեսության մի էջից» արտահայտությունը Սարինյանի կողմից հակադարձվում է «…քննական վերլուծության մի տողն ինձ համար ավելի թանկ է, քան վերացական տեսության մի էջը» պատասխանով: Եվ դիտարկումների, հակադրությունների միասնական համապատկերում ուրվագծվում է ժամանակի գրականության ու, տվյալ դեպքում, գեղարվեստական արձակի իրական ու անսքող վիճակը: Մաթևոսյանը կատարում է անսխալ ախտորոշում՝ հարկավոր էր գրողական արհեստով պարապող մարդկանց օժտել սեփական արհեստի պատվախնդրությամբ: Իր դիտարկումն այսպես է ներկայացնում Հրանտ Մաթևոսյանը. «Մինուս երեքն, իհարկե, բարձր է մինուս չորսից, բայց երկուսն էլ գտնվում են զրոյից այն կողմ»: Այս երկխոսությունը ուսուցողական է: «Ես ավարտում եմ իմ զրույցը,- ասում է Սարինյանը,- նույն համոզմամբ, որ գրողի կոչումը ամենից առաջ պարտադրում է բարձր կրթվածություն, ինտելեկտուալ հարստություն, հասկացություն և մարդու պատմության գիտական իմացություն»:
Ոչ միայն արծարծված հարցերի բազմազանությամբ (երկի ոճավորում, երևույթի, մարդու և հասարակության զարգացման պատմություն, նյութի, փաստի խոր գիտական իմացություն, հոգեկան լիցքավորման, ներքին էներգիայի մեծություն…), այլև բանավիճական մշակույթով ու ամփոփիչ եզրահանգումներով, երևակվում են գրականության զարգացման միտումները: Ես դեռ չէի կարդացել այս երկխոսությունը, բայց արդեն արձակագիր Արտաշես Ղահրիյանից, որի առաջին գործը խրախուսել է Հրանտ Մաթևոսյանը (նրանք աշխատում էին միասին՝ որպես սրբագրիչներ), գիտեի մաթևոսյանական վերաբերմունքը գեղարվեստի մասին. «Հրանտն ասում էր,- վերհիշում է Արտաշեսը,- գրիր միայն քո գյուղի, քո ծննդավայրի, քո ապրած վայրերի մասին»: Եվ ահա «Հրանտ Մաթևոսյան-Սերգեյ Սարինյան» երկխոսությունը եզրափակվում է Մաթևոսյանի իմաստությամբ՝ ի հավաստումն նրա «ինչպես բացատրել այն փաստը, երբ մի հեղինակի ինքնակենսագրական վեպը լավ է, …այլակենսագրականը՝ վատ» սկզբունքի. «հարկավոր է բոլոր նյութերին մոտենալ երկյուղի այն հարգանքով, ինչ հարգանքով, որ մոտենում ես քո կենսագրականին՝ քո հորը, քո մորը, հայրենիքին…»:
Ինչպես տեսնում ենք, երկխոսությունը սկսվեց Հրանտ Մաթևոսյանի սկզբունքային դերակատարություն ստացած հարգանք բառով և նույն այդ հասկացությամբ էլ ավարտվեց: Ասել է թե՝ և՛ Մաթևոսյանը, և՛ Սարինյանը էական նշանակություն են տալիս նյութին երկյուղածորեն վերաբերվելու՝ ինքնակենսագրականի նման, ինչպես նաև ինտելեկտուալ իմացությունների տիրապետմանը, կյանքի խոր ճանաչմանը: Երկու դեպքում էլ վճռորոշ է դառնում գրողի օժտվածության պարագան:
Հնարավոր չէ զրույցում շոշափված որևէ հարցի առաջնություն տալ կամ վերապահել «ամփոփումի» գործառույթը, որովհետև բոլոր այն «բազում հոգսերն» ու խնդիրները, որոնք լուսաբանվել են անվանի գեղագետների կողմից, մեր գրականության զարգացման համար մշտապես պահում են իրենց հրատապությունը և այժմեականությունը, ավելին, ուղենշային դերակատարություն են ստանձնել:
Ա.Գ.- Բավական խոսուն է այն հանգամանքը, որ դեռևս անցյալ դարի 60-ական թվականներին, Սերգեյ Սարինյանն առաջիններից մեկն էր, որ նկատեց Հրանտ Մաթևոսյան արտակարգ երևույթի հայտնությունը մեր իրականության մեջ: Խոսքը Հրանտ Մաթևոսյանի ձեռագիր ժողովածուի («Լեռներս մնացին հեռվում») «գաղտնի գրախոսության» մասին է: Սարինյանը երիտասարդ գրողի տաղանդի հնարավորություններում շեշտում է «լեռնական աշխարհի մարդկանց բաժին էպիկականությունն ու բանաստեղծական գեղեցկությունը» գրականություն բերելու հանգամանքը, գրքի յուրաքանչյուր էջում տեսնում «ինքնատիպ պատմելաձևի, նյութի ընկալման, շարժուն նկարագրությունների, անակնկալ պատկերների, իմաստալից դիապազոնների ու գեղարվեստական այլ նրբությունների վստահ ու համարձակ յուրացումները»:
Վ.Հ.- Ասել է թե՝ Մաթևոսյանն իր գրական մուտքն ավետեց միանգամայն հասուն և ինքնատիպ գործերով, նա չունեցավ այն շրջանը, ինչը երիտասարդ գրողների մոտ, սովորաբար, որակվում է՝ որպես «սկսնակություն»:
Ա.Գ.- Մաթևոսյանի գեղարվեստական գործերի մեջ խորն է նստած կենդանի կյանքի փիլիսոփայությունը: Սարինյանը փիլիսոփայորեն է մոտենում ճշմարիտ գրականության խնդիրներին: Ի դեպ, ասեմ, որ Մաթևոսյանի արվեստի նկատմամբ Ձեր խորը պատկառանքը նկատելի է: Որքան գիտեմ, Դուք նրա հետ շփումներ ունեցել եք:
Վ.Հ.- Ամալյա, Սարինյան-Մաթևոսյան երկխոսությունը դու ճիշտ հարթության վրա ես դիտարկում. երկուսի հայացքներն էլ, որքան տարբեր ու հեռու (մեկը գիտական է, մյուսը՝ գեղարվեստական), այնուամենայնիվ, երևույթների փիլիսոփայական մեկնության խնդրում հայտնվում են նույն դիտակետում՝ մերձության ներքին աղերսներով:
Ես բախտ եմ ունեցել, այո, մտերմական կապերի մեջ լինել Հրանտ Մաթևոսյանի հետ, ընկերակցել, հանդիպումներ ունենալ՝ թե՛ Երևանում ու Արցախում, թե՛ Մոսկվայում, թե՛ այլուր: Մենք նաև սերտորեն համագործակցում էինք՝ Հայաստանի և Արցախի գրական կազմակերպությունների աշխատանքներն ավելի արդյունավետ դարձնելու համար: Եվ նա շատ ուշադիր էր այն ամենի հանդեպ, ինչը կապված էր Արցախին: Հենց որ երևում էի ՀԳՄ-ում, ինձ հրավիրում էր հանգստի սենյակ, մի կոնյակ բացում, «Բարի գալուստ» ասում, նոր միայն շարունակում էինք քննարկել հարցերը: Այս մասին ես մի փոքրիկ հուշապատում ունեմ:
Իմ կյանքի ամենաանմոռաց դեպքերից է Հրանտ Մաթևոսյանի կողմից կազմակերպված իմ հիսունամյակի ցերեկույթը՝ ՀԳՄ կլոր դահլիճում, որը և վարում էր ինքը՝ Հրանտ Մաթևոսյանը: Հրանտ Մաթևոսյանի կողքին էի նստած: Մեկ-մեկ կատակի էինք դիմում: Երբ ելույթ ունեցողներն ինձ սկսեցին շատ գովել, Հրանտը դեմքով շրջվեց դեպի ինձ ու հարցրեց.
– Որ այսքան գովում են, ինչ պատասխան ես տալու դրանց…
– Մի բան կասեմ, էլի…,- ժպտացի:
– Ի՞նչ…
– Կասեմ՝ դեռ չեք կարդացել ինձ, որ էդքան գովում եք, բա որ կարդա՞ք՝ ինչ եք ասելու…
Հրանտ Մաթևոսյանը հավանեց կատակս.
– Սուր էր… Բայց չասես, կնեղանան:
Այդ օրը ես ստացա լավագույն նվերը, որ երբևէ տրվել է ինձ: Դա Մաթևոսյանի կազմած Չարենցի «Ընտրանին» էր՝ այսպիսի մակագրությամբ. «Վարդան Հակոբյանին՝ բանաստեղծ-մարտիկին՝ Համայն Հայոց Արցախական աշխարհում իր շիտակ ներկայության հիսնամյակի առիթով:
Հրանտ Մաթևոսյան, 16 հունիս 1998, Երևան»:
Երբ «Ընտրանին» ցույց տվեցի Սերգեյ Սարինյանին, նա ուղղակի գրվածը տառ առ տառ ընթեռնեց աչքերի գորովանքով ու ասաց.
– Վարդան, այ տղա, սա համազոր է նրան, որ Չարենցի գիրքը ստանայիր հենց իր` Չարենցի ինքնագրով…
Նրանք, ովքեր, թեկուզ, գեթ մեկ անգամ բախտ են ունեցել զրուցել, հանդիպել Հրանտ Մաթևոսյան Մարդուն, երբևէ չեն կարող մոռանալ նրա վեհ ու առինքնող կերպարը: Առավել ևս՝ նրանք, ովքեր նրան ընկերակցել են:
Վերջերս էր, մի առիթով հանդիպել էի Հայաստանի Հանրապետության կրթության նախարար Լևոն Մկրտչյանին, ով Հրանտ Մաթևոսյանի հետ ջերմ հարաբերություններ ուներ: Զրույցի մեջ Հրանտ Մաթևոսյանին հիշեցինք՝ ցավով, ափսոսանքով: Լևոն Հովհաննեսովիչը հիշեցրեց նոր ազատագրված Աղդամում մեր ներկայությունն ու զրույցները: Ի դեպ, ասեմ, որ Լևոն Մկրտչյանի հետ ինձ ժամանակին ծանոթացրել էր Հրանտ Մաթևոսյանը: Այնքան անկրկնելի պահեր կան հիշելու:
– Լևոնը ազնիվ անհատականություն է, բարձր ինտելեկտ ունի,- ասել է Հրանտ Մաթևոսյանը,- ուզում եմ, որ դուք իրար ճանաչեք…
Ինչ օրեր էին: Հրանտ Մաթևոսյանն իրենով գեղեցկացնում էր Հայաստանը, առավել իմաստավոր դարձնում մաքառումը: Նա կյանքում էլ ճիշտ այնպիսիսն էր, ինչպիսին կա իր արվեստում՝ զտարյուն, եզակի, բարձր:
Ես Նարեկացուն ու Մաթևոսյանին տեսնում եմ նույն զուգահեռի վրա: Եվ այդպես էլ կա: Մաթևոսյանի յուրաքանչյուր բառի մեջ ոչ միայն ազգային նկարագիր, ժողովրդական իմաստասիրություն կա, այլև դեպի երևույթի խորքերը տանող անսպառ լույս, աշխարհը՝ որքան էլ հակասական, փիլիսոփայորեն մեկնելու մեծ վարպետություն:
Ա.Գ.- Դա հենց այն եզրույթն է, պարոն Հակոբյան, ուր Մաթևոսյանի և Սարինյանի տեսակետները միաբանվում են:
Վ.Հ.- Համամիտ եմ: Օրինակ, իր մի դիտարկման մեջ հետաքրքիր վերլուծություն է կատարել Սարինյանը՝ անդրադառնալով Հեգելի և Շոպենհաուերի իմաստասիրական հայացքներին, որոնք ոչ միայն տարբեր են իրարից, այլ բացարձակապես հակասական են. եթե Հեգելը պատմությունը կարգավորված է տեսնում բանականության օրենքով և համարում է, որ զարգացումը «նպատակաբանված» է, ապա Շոպենհաուերի համար պատմությունը «խաբկանք է, կյանքը բարդ համակարգ է, կայուն ոչինչ չկա, չկա նպատակաբանություն, գործում է միայն ճակատագրի կույր տարերքը», հետևապես և «կյանքը տառապանք է», տառապանք է և «երջանկությունն ինքնին»: Եվ հակադրամիասնությունների ֆոնին, Սարինյանը, այնուամենայնիվ, «իրական» է համարում «ազատագրումը թե՛ կենսագրության, թե՛ պատմության կապանքներից», ներքին տագնապներ է ապրում համաշխարհային այն զարգացումներից, որոնք, ի վերջո, ուզում են 21-րդ դարի «նշանաբանը» դարձնել գենոմիկան, էթնոգենոմիկան, կլոնավորումը»: Հենց դրա մեջ է Սարինյան մտածողն ու փիլիսոփան տեսնում չարիքը՝ մեծագույն. «Միթե հենց սա չէ Ահեղ դատաստանը»: Այս կետում է, որ Սարինյանի և Մաթևոսյանի գեղագիտական հայացքները հարազատության ներքին աղերսներ են ձեռք բերում:
Սարինյանի անդրադարձը դասական փիլիսոփաներին պատահական լինել չէր կարող, նրան հիմնավորապես հուզում էին «աշխարհի սկզբի և վերջի», մարդկության վաղվա հարցերը, որոնց նկատմամբ ուներ իր կայուն վերաբերմունքը: Եվ, բնականաբար, նրա աշխատություններում մշտապես արծարծվում են փիլիսոփայական և տիեզերական գոյաբանության խորքային խնդիրներ: Այնպես որ, Սարինյանին կարող ենք իրավացիորեն համարել մեր փիլիսոփայական գրականագիտության հիմնադիրն ու հայրը: Հենց խոհի ու մտածումի այս «ծանրությունն» էր, որ Սարինյանի բնավորությունը հարստացնում էր մարդկային անսեթևեթ, իր կողմից խստորեն հարգի լրջության բնորոշ գծերով: Աստվածային զուլալ հավատով:

Տարածել

Պատասխանել