Ցավակցություն / Արցախի գրողների միություն

0

Ծանր հիվանդությունից հետո, 2017թ. դեկտեմբերի 25-ին իր մահկանացուն կնքեց բանաստեղծ, թարգմանիչ, լրագրող Արմեն Հովհաննիսյանը:
Արմեն Խաչատուրին ԽՍՀՄ գրողների միության անդամ էր 1959-ից, Արցախի գրողների միության անդամ՝ 1994-ից, Հայաստանի գրողների միության անդամ՝ 2004-ից: Ծնվել է 1932թ. մայիսի 12-ին, Արցախի Բերդաշեն գյուղում: Հայրենի գյուղի միջնակարգից հետո ավարտել է Բաքվի Լենինի անվան պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության բաժինը:
Ստեղծագործական ու լրագրողական բեղմնավոր ուղի է անցել Ա. Հովհաննիսյանը: Մի քանի տարի շարունակ խմբագրել է Ղարմետաքսկոմբինատի «Մետաքսագործ» բազմատիրաժ թերթը, եղել է նույն կոմբինատի կուսկոմիտեի քարտուղարը: Որպես լրագրող՝ առանձնապես իրեն դրսևորել է Բաքվում հրատարակվող «Կոմունիստ» (հայերեն) հանրապետական թերթի սեփական թղթակցի պաշտոնում աշխատելու տարիներին: 1974-ին նշանակվել է ԼՂ գրողների միության մարզային բաժանմունքի պատասխանատու քարտուղար: 1984-ից անցել է կուսակցական աշխատանքի՝ հայրենի գյուղում և ԼՂ մարզկոմի ապարատում: Երկար ժամանակ նա աշխատել է «Ազատ Արցախ» թերթի խմբագրությունում: Այնուհետև խմբագրել է «Արցախի կոմունիստ» թերթը:
1959թ. հրատարակված առաջին «Բարի ճանապարհ» բանաստեղծությունների ժողովածուն ջերմորեն ընդունեցին ընթերցողներն ու գրաքննադատները: Հետագա տարիներին նա հանդես եկավ «Հայրնեի տուն» (1963), «Նվագներ հողի» (1967), «Գալիս ենք և մենք» (1973), «Անմահների ձայնը» (1975), «Հեռաստանների կանչը» (1978), «Հայրենիք և սեր» (1980), «Չհորինված մեղեդիներ» (1984), «Ավանդատուն» (1992), «Տարաժամի զանգեր» (1997), «Մոմակալներում հալոցք չէ մոմի» (2002), «Ապաշխարան» (2007), «Երկերի ժողովածու 2 հատորով» (2012), «Մայրամուտի նվագներ» (2016) և այլ ժողովածուներով ու ճանաչվեց որպես ինքնատիպ ու բեղմնավոր քնարերգու:
Ա. Հովհաննիսյանը հայրենիքի և ժողովրդի սիրով ներշնչված, նրա ներկայով ու ապագայով ապրող բանաստեղծ էր, հայրենի եզերքի նվիրյալ, նրա գեղեցիկ ավանդույթների պաշտպան:
Արցախի ազգային ազատագրական պայքարի տարիներին մարտական նոր պաթոսով հնչեց նրա պոետական ձայնը:
Բացահայտելով մեր ժողովրդի պատմական ժամանակաշրջանի անդրադարձումները Ա. Հովհաննիսյանը վերագտավ արցախցուն, որը նախ մաքառում էր հոգու խորքում և ապա պայքարի ասպարեզ մտավ հանուն պապենական Արցախ աշխարհի անկախության ու ազատության:
Ա. Հովհաննիսյանի վաստակն արժանվույնս է գնահատվել վերադաս մարմինների կողմից:
Ճանաչված բանաստեղծ, երջանիկ հայր ու պապիկ Ա. Հովհաննիսյանի հիշատակը միշտ վառ կմնա հարազատների ու նրան ճանաչողների, նրա պոեզիայի սիրահարների սրտերում:

Արցախի գրողների միություն

Արմեն ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

ՂԱՐԱԲԱՂ

Անունդ չեմ տա,
Չեմ մատնի տեղդ,-
Շուրթերիս վրա կդողան հանկարծ
Այնպիսի խոսքեր,
Որոնք կխոցեն
Նույնի՜սկ… Արարչի ականջները խուլ:
Անունդ չեմ տա,
Չեմ մատնի տեղդ,-
Դու այն խորանն ես,
Որտեղ չպիտի մարեն մոմերս,
Դու այն խորալն ես,
Որից սրտիս հետ
Պիտի սարսռան
Նաև արբատան կամար ու որմեր:

Անունդ չեմ տա,
Չեմ մատնի տեղդ,-
Քեզ՝ իմ ընծայած հավատի համար
Եվ անդավ սիրո՝
Ինձ մոլեգնորեն այնպես կխաչեն,
Որ կնախանձի… Քրիստո՜սն անգամ:
Մնա, օ՜, մնա,
Դու օտարոտի աչքերի հեռու,
Որ չառևանգեն
Ու քեզ չպղծե՜ն…
Կապանք դիր լեզվիս
Ու սրտիս՝ փականք,
Ինքդ քո ձեռքով ինձ այնպե՜ս խաչիր՝
Չտամ անունդ,տեղդ չմատնեմ:

ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ

Անշոշափելի, նաև անթափանց
Շղարշի տակից բառեր եմ քաշում,
Նրբերանգներ եմ հանում իմ հոգու
Խորունկ ծալքերից…
Ինքս էլ չգիտեմ, ինչպես է ծնվում
Երգը՝ իմ միակ մխիթարանքը
Ու թեթև նստում իմ հոգու վրա…

***

Տիրոջ օրհնությամբ, աջն ուսիս պահած,
Հավատարիմ իր պատվիրաններին,
Իմ հոգետունը կերտեցի, ահա,
Տառապանքներիս գլաքարերից…

Եվ բա՜րձր, բա՜րձր գմբեթից իմ վես,
Ղողանջում է արդ զանգս ձուլածո,-
Ես ամբողջ կյանքում որոնում եմ քեզ՝
Որտե՞ղ ես, արդյոք, ով մա՛րդ Աստծո..

Տարածել

Պատասխանել