Դավիթ Միքայելյան / Արցախի մտավորականությունը առաջին շարքերում էր

0

1988-ի ղարաբաղյան ազգային-ազատագրական պայքարը, որի արմատներն անչափ խորն են, վկայում է իր ազատության եւ անկախության համար ընդվզող արցախահայության անկոտրում կամքի ու արժանապատվության մասին: Բռնակցվելով Ադրբեջանին, ժողովուրդը երբեք չի հաշտվել օտարի լծի տակ համակերպվելու մտքին եւ 70 տարիների ընթացքում բազմիցս է իր ցասումն ու բողոքն արտահայտել գաղութացման դեմ` ցույցերով եւ հանրահավաքներով, Մոսկվա հղած նամակներով, զանգվածային ստորագրություններով:
Ինչ խոսք, ցանկացած պայքար, դժգոհություն ճնշվում էր Խորհրդային Միության եւ Բաքվի իշխանությունների կողմից, եւ նրանց հեղինակները (նախաձեռնողները) հետապնդվում, աքսորվում եւ բանտ էին նետվում, դաժան հալածանքների ենթարկվում: Շատերին ազգայնամոլի պիտակ էր կպցվում եւ ընդհուպ պարտադրվում էր լքել մարզի սահմանները: Նրանց շարքերում, բնականաբար, մեծ թիվ էին կազմում մտավորականության ներկայացուցիչները, մասնավորապես գրողները, ովքեր փաստացի ուղղորդում, ղեկավարում էին համաժողովրդական շարժումը: Այդպես եղավ նաեւ 1988-ին, երբ ոգեւորված Մ. Գորբաչովի կողմից հռչակված վերակառուցման կուրսով, արցախահայությունը հրապարակայնորեն արտահայտեց Ադրբեջանի կազմից դուրս գալու եւ մայր Հայաստանին միավորվելու իր օրինավոր պահանջի մասին:
Անթաքույց հպարտություն ես զգում այն իրողության համար, որ բոլոր ժամանակներում հայրենիքի մյուս նվիրյալ զավակների շարքում ազգային-ազատագրական պայքարի ջահը մշտաբորբոք են պահել մտավորականության ներկայացուցիչները, Արցախի գրական ընտանիքի անդամները՝ Գրիգոր Ներսիսյանից մինչեւ մեր օրերը: Թերթելով արցախյան շարժման տարեգրության փառավոր էջերը, այդ աստղաբույլի մեջ առանց վարանելու ժողովուրդն արդեն առանձնացրել է գրողներ Բագրատ Ուլուբաբյանի, Բոգդան Ջանյանի, Գուրգեն Գաբրիելյանի, Մաքսիմ Հովհաննիսյանի, Վարդան Հակոբյանի, Հրաչյա Բեգլարյանի եւ գրական օջախի մյուս երեւելիների անունները: Ազգային ազատագրական տրամադրությունների պոռթկումն առավել հախուռն դրսեւորվեց 1988-ի շարժման ընթացքում: Իսկ պայքարի ակունքներում դարձյալ Արցախի մտավորականության լավագույն ներկայացուցիչներն էին, գրական ընտանիքի անդամները: Իրադարձությունների զարգացմանը եւ համաժողովրդական ընդվզմանը հատկապես նպաստեց Արցախի մտավորականության նամակը, որի հեղինակները կոնկրետ փաստերով հիմնավորում են Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը Խորհրդային Հայաստանին միացնելու խնդրանք-պահանջը:
Գրողների միության բաժանմունքում, որը շարժման ակտիվ մասնակիցներին համախմբող հավաքատեղի էր դարձել (հետագայում, հրապարակային միտինգները ղեկավարելու նպատակով, այն տեղափոխվեց «Խորհրդային Ղարաբաղ» թերթի խմբագրության գրականության եւ արվեստի բաժնի վարիչ, անվանի մանկագիր Գուրգեն Գաբրիելյանի աշխատասենյակ, որը մի յուրահատուկ շտաբի էր վերածվել՝ ստանալով «Սմոլնի» խորհրդանշական անվանումը), Վ. Հակոբյանի, Հ. Բեգլարյանի, Գ. Գաբրիելյանի եւ մյուսների եռանդուն ջանքերով գրվում, մշակվում, վերջնական տեսքի էին բերվում Մոսկվա հղվող նամակները, կազմակերպվում կոլեկտիվ ստորագրահավաքներ, համակարգվում հանրահավաքների եւ երթերի կազմակերպման հետ կապված աշխատանքները:
Գրողների առաքելության մասին է վկայում նաեւ Մոսկվա մեկնած մտավորականների պատվիրակությունը (ղեկավար՝ Վ. Հակոբյան): Պատվիրակության անդամները Կրեմլում համարձակ պաշտպանում էին Արցախի դատը եւ Ստեփանակերտ վերադառնալուց, անտեսելով իրենց սպառնացող վտանգը, շարունակում էին առավել ակտիվ գործունեություն ծավալել հանրության շրջանում:
Նստաշրջանի նախապատրաստության մասին մանրամասներ պատմելով, որոշ ուշագրավ դրվագների է անդրադառնում շարժման առաջամարտիկներից մեկ ուրիշը՝ Ռազմիկ Պետրոսյանը. «Հենց որ հրապարակում հավաքվածներն իրազեկվում էին, որ պատգամավորների թիվը թեկուզեւ մեկով ավելացել է, անսահման ուրախություն էինք ապրում: Շատերը, շրջանցելով ազերի ոստիկանների կողմից հսկվող պահակակետերը, վտանգից խուսափելու համար մարզկենտրոն էին հասնում անտառներով ու լեռներով»:
Այո՛, փետրվարի 20-ի նստաշրջանի հրավիրումը մեծ դժվարությունների հետ էր կապված, եւ Բաքուն ամեն կերպ փորձում էր խոչընդոտել պատգամավորների ժամանումը Ստեփանակերտ: Ի պատասխան այն հարցին, թե որն էր նստաշրջանի անցկացման նախաձեռնող խմբի առաքելությունը, Արցախի գրողների միության նախագահ Վարդան Հակոբյանը նշեց. «Մոսկվայից եկանք եւ ի՞նչ տեսանք. Արցախը ոտքի էր ելել, հրապարակը եռում էր: Մոսկվայից հրապարակ հասած մեր ցանկացած լուր ժողովրդի մեջ նոր ալիք էր բարձրացնում, նրան դարձնում ավելի հաստատակամ իր վճռի մեջ: Արցախում շարժման գլուխ էր անցել Արկադի Մանուչարովը, որի ղեկավարությամբ էլ ստեղծվեց նստաշրջանի անցկացման նախաձեռնող խումբ: Ակտիվության բարձրակետում էր Ռազմիկ Պետրոսյանը, որը դեռ դրանից շատ տարիներ առաջ կեւորկովյան հալածանքների էր ենթարկվել ազգասիրական գաղափարների համար: Նախաձեռնող խմբի կազմում ընդգրկված էին շարժման նվիրյալներ Գուրգեն Գաբրիելյանը, Հրաչյա Բեգլարյանը, Մաքսիմ Հովհաննիսյանը, Ռազմիկ Պետրոսյանը, Ռոլես Աղաջանյանը, Բենիկ Օվչյանը, Ժաննա Գալստյանը…»: Փաստորեն մտավորականների 1988թ. նամակն՝ ուղղված Կրեմլին, որի տակ իրենց ստորագրությունն էին դրել նաև պաշտոնյաներից շատերը, մտավորականների պատվիրակության այցը Կրեմլ ու նրանց կողմից Արցախ «առաքված» լուրը («Ոչ միայն լավ հույս կա, այլ վառ վարդագույն հույսեր») շարժումը հանեցին ընդհատակից: Դրանում, անշուշտ, առանցքային դեր խաղացին նաև Արցախի շրջաններում շարժման նվիրյալների ու ժողովրդի հերոսական աշխատանքը:
Ըստ զրուցակցիս՝ նստաշրջան հրավիրելու ուղղությամբ քիչ գործ չէր կատարվել նաեւ մինչեւ իր գլխավորած պատվիրակության վերադառնալը Մոսկվայից: «Պատահական չէ, որ էն գլխից շարժումը ժողովրդական բնույթ էր կրում: Յուրաքանչյուրը հերոսական գործ էր կատարում: Կային նաեւ ենթախմբեր՝ մեր հրաշալի տղաներից կազմված, որոնք արհամարհելով առատ եկած ձյունն ու բուքը, գաղտնազինված, գրեթե փակ ճանապարհներով, սար ու ձորով ապահովում էին, ըստ շրջանների, պատգամավորների ներկայությունը: Նախաձեռնող խմբի հանձնարարությամբ Ժաննա Գալստյանը Հենրիխ Պողոսյանից վերցրել էր նստաշրջանը անցկացնելու մասին մի շարք կարեւոր խորհուրդներ: Դրանք տալով ինձ՝ նախաձեռնող խումբը հանձնարարեց՝ գնալ կառավարության նիստերի դահլիճ եւ առաջ տանել բոլորիս սկսած գործը: Հրապարակում հավաքված հասարակության միջով «կածան» բացվեց: Մեծ, շատ մեծ պատասխանատվություն էր դրված ամեն մեկիս վրա»:
Իսկ թե ինչպես հաջողվեց քվորում ապահովել եւ անխուսափելի դարձնել պատմական նստաշրջանի հրավիրումը, նա այդ մասին որոշ մանրամասներ պատմեց: Նիստերի դահլիճում Արմո Ծատրյանի հետ լծվել էին ներկայացած պատգամավորների ցուցակը կազմելուն՝ ով էր ներկա, ով՝ չէ: Ադրբեջանի միլիցիայի եւ անվտանգության բարձր պաշտոնյաներն ու շարքայինները, ուղեկցելով Բաղիրովին, թափվել էին Ստեփանակերտ, փակել քաղաք բերող ուղիները: Խոջալուից Ստեփանակերտ ձգվող ճանապարհը փակել էին Ասկերանից եկող պատգամավորների առաջ: Ստեփանակերտի կանայք շրջապատել էին կուսակցության մարզկոմի շենքը, որտեղ գտնվում էին բարձրաստիճան զինվորականներ՝ Մոսկվայից եւ Բաքվից: Կանայք ճանապարհ չէին տալիս: Նրանք ստիպված, ներքին գործերի մի պատասխանատու աշխատողի միջոցով, իրենց մոտ հրավիրեցին Ռազմիկ Պետրոսյանին եւ Ռոլես Աղաջանյանին, իսկ վերջիններս հարցը դրեցին այսպես. եթե Ասկերանից եկող մեր պատգամավորներին բաց թողնեք, գան նստաշրջանին, մենք էլ ձեր ճանապարհը կբացենք: Նրանք համաձայնեցին, այդպես էլ եղավ: Արդեն բավականին պատգամավորներ էին հավաքվել դահլիճում:
«Այստեղ ուզում եմ մի կարեւոր լրացում անել,-այն օրերի հիշարժան պահերն է մտաբերում զրուցակիցս:-Քվորումի հարցը դժվարացել էր նաեւ այն պատճառով, որ ադրբեջանցի պատգամավորներին Բաքվից հրաման էր տրված ներքին կարգով չմասնակցել նստաշրջանին, չնայած նրանց շարքում կային այնպիսիները, որ կիսում էին արցախցիներիս պահանջը, այն համարում արդար: Չեմ կարող մոռանալ ազգությամբ ռուս Տանյա Սոբոլեւայի կրակոտ ելույթները, ով պատգամավոր էր ընտրված կոշիկի ֆաբրիկայի կոլեկտիվի կողմից: Ու եկավ մի պահ, որ ընդամենը երեք հոգու ներկայություն քվորում կապահովեր արդեն: Ռազմիկ Պետրոսյանը եւ Ռոլես Աղաջանյանը գործում էին անվրեպ: Աշան մեկնեց մեր քաջ տղաներից մեկը՝ Սերժիկ Ասատրյանը, նա ձիով գյուղից Ստեփանակերտ բերեց պատգամավոր մի կնոջ, որը, չնայած հիվանդ էր, անկողնային վիճակում, սակայն սիրով համաձայնեց մասնակցել նստաշրջանին՝ նկատի առնելով նրա վճռորոշ լինելը: Ռոլես Աղաջանյանի ծառայողական մեքենան՝ «Ուազ» մակնիշի, ուղարկվեց Քարինտակ՝ պատգամավոր բերելու: Այս առաքելությունը նույնպես հաջող կատարվեց: Ռազմիկ Պետրոսյանին տվինք քաղաքում ապրող ուրիշ մի պատգամավորուհու անուն, նրա ներկայությունը եւս չուշացավ: Մի խոսքով, քվորումն ապահովված էր»:
Պատգամավորների շրջանում լուրեր էին տարածվել, թե Բաքվից եւ Մոսկվայից եկած ղեկավարները եւս ցանկանում են մասնակցել նստաշրջանին: Նրանց հետ էր Ադրբեջանի կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Բաղիրովը, ով ամեն կերպ փորձում էր խափանել նստաշրջանը: Նա տեղեկանալով, որ նստաշրջանի անցկացման աշխատանքների կազմակերպումը նախաձեռնող խմբի կողմից հանձնարարված է Վարդան Հակոբյանին, վերջինիս հրավիրում է կուսակցության մարզկոմ, բայց Վարդան Հակոբյանը հրաժարվում է գնալ Բաղիրովի մոտ, համոզված լինելով, որ նրա նպատակը նստաշրջանի տապալումն է և իրեն չեզոքացնելը: Սակայն շարժման «շտաբից» Ա. Մանուչարովը, Հր. Բեգլարյանը և Ռազմիկ Պետրոսյանը զանգում են Վ.Հակոբյանին և ասում. «Ոչինչ, գնա, նրանք քեզ ոչինչ չեն կարող անել, եթե ուզենան քեզ կալանել, մարզկոմի շենքը կպայթեցնենք»: Այսքանից հետո միայն Վ. Հակոբյանը գնում-հանդիպում է Բաղիրովի հետ, մեկ անգամ ևս շեշտում, որ Արցախի ժողովուրդը իր որոշման մեջ անխոտոր է և նստաշրջանը պիտի կայանա:
«Երբ վերադարձա արդեն նիստերի դահլիճ, ձեռնամուխ եղանք նստաշրջանի սկսման գործերին: Շուտով հայտնվեց Բաղիրովը՝ իր շքախմբով: Նա ամեն կերպ փորձում էր «ճամփից շեղված» արցախցիներին համոզել, որ ետ կանգնեն նստաշրջան անցկացնելու քայլից, սակայն դա անհնար էր: Ժողովուրդը հրապարակից անվերջ կանչում էր՝ սեսիա, սեսիա… Բաղիրովի եւ նրա նազիր-վեզիրների բերանները փակում էին մեր պատգամավորներն՝ իրենց փաստարկված, ճշգրիտ, հիմնավորված ու անառարկելի խոսքով»…
…Արդեն որերորդ անգամ ելույթ ունեցավ Բաղիրովը: Նրան մի պահ թվաց, թե իր խոսքով արդեն ազդում է դահլիճի վրա, բայց սխալվեց, դահլիճի լռությունը պարզապես արհամարհանքի նշան էր, որը ձգվեց գրեթե մեկ րոպե: Ես կանգնեցի տեղում եւ բոլորի անունից դիմեցի Բաղիրովին. «Մինչեւ գիշեր էլ մնաք դահլիճում, միեւնույն է, արդյունքի չեք հասնելու, մի խանգարեք մեզ, թողեք մեր նստաշրջանն անցկացնենք ժամանակին: Ուզում եք՝ նստեք դահլիճում, դուք ևս մասնակցեք, չեք ուզում՝ ազատեք դահլիճը, որ նստաշրջանը սկսենք… Այստեղ Բաղիրովը փլված-պարտված թափ տվեց ձեռքը, գնաց, նրա ետեւից բոլոր նազիր-վեզիրները թողեցին բեմը: Պետք էր նստաշրջանը սկսել: Հրապարակից լսվող ժողովրդի ձայնը մեր ականջներում ու սրտում ղողանջում էր իր արդար պահանջով»,- պատմում է զրուցակիցս:
Նստաշրջանը, ըստ ընդունված կարգի, սովորաբար վարում էր մարզխորհրդի նախագահը կամ տեղակալներից մեկը, իսկ եթե նրանք բացակայում են կամ հրաժարվում, ապա պատգամավորները ստիպված էին լինում նոր նախագահ ընտրել: Երկրորդ տարբերակը ուժի մեջ մտավ: Եվ քանի որ Վ. Հայրապետյանը՝ ԼՂԻՄ-ի կրթության բաժնի վարիչը, ռուսական կրթությամբ էր եւ դահլիճում կային և Մոսկվայից ու Բաքվից ներկայացուցիչներ, Վ. Հակոբյանը տվեց նստաշրջանը նախագահելու համար, նրա թեկնածությունը:
Զեկուցողը Վ. Հակոբյանն էր: Ապա մեկը մյուսի ետեւից ելույթ ունեցան պատգամավորները: Նստաշրջանի սպասված, բաղձալի որոշումով թվում էր, թե բոլոր հարցերն արդեն լուծված են: Միեւնույն ժամանակ զգացվում էին առաջիկայում սպասվելիք դժվարություններն ու դաժան պայքարը: «Մարզգործկոմի նախագահի տեղակալ Շմավոն Պետրոսյանի հետ շենքից դուրս եկանք, եւ մուտքի աստիճանների վրա սրտատրոփ սպասող ժողովրդի առաջ հանդես եկա հակիրճ խոսքով՝ փոքրիկ բարձրախոսով, որ բերել էր միլիցիայի աշխատող, երջանկահիշատակ գրող Վալերի Քոչարյանը: Ժողովուրդն աննախադեպ ոգեւորությամբ ընդունեց մեծ ավետիսը արցախցիներիս բարի կամքով կայացած որոշման մասին: Այնուհետեւ մեջտեղ եկավ որոշումը օրինականորեն ձեւակերպելու խնդիրը, որն առանց Շ. Պետրոսյանի, ով ինչ-ինչ հանգամանքներից ելնելով՝ մի քիչ ուշ էր դահլիճ եկել, վճռորոշ դերի ու մասնակցության, բնականաբար, հնարավոր չէր լինի կազմակերպել, մանավանդ որ, մարզգործկոմի կնիքն իր հետ փախցրել էր նախագահ Օսիպովը… Ուզում էինք ամեն ինչ անել պատշաճ մակարդակով: Յուրաքանչյուր հարց իրավաբանորեն ճիշտ մեկնություն էր ստանում ինչպես Կարեն Բաբուրյանի, այնպես էլ Երեւանից ժամանած հայտնի իրավաբան Վլադիմիր Նազարյանի խորհուրդներով: Նրանց միացել էր նաեւ Ստեփանակերտի քաղդատավոր Ռազմիկ Սարգսյանը: Մնում էր պատմական փաստաթուղթն արագ Մոսկվա հասցնել»,-հիշարժան պահը մտաբերելով՝ հուզմունքը չի թաքցնում Վ. Հակոբյանը:
Անհրաժեշտ էր նստաշրջանի որոշումը Երեւան, Մոսկվա, Բաքու եւ այլ հասցեներով առաքել: Ադրբեջանը բոլոր փոստային եւ ոչ փոստային ճանապարհները փակել էր, առել խիստ հսկողության տակ, որ դրանով իսկ տապալեր գործը: Ռոլես Աղաջանյանը, Ռոբերտ Բաղդասարյանը եւ Պավել Նաջարյանը Արկադի Մանուչարովի մոտ՝ շինանյութերի կոմբինատում, պայմանավորվելով անելիքների մասին, ճանապարհ են ընկնում դեպի Երեւան: Բայց Շուշի չհասած, բախվելով ազերիների թափորին, ետ են գալիս: Ուրեմն՝ ցամաքային ճանապարհով որոշումը տեղ հասցնելն արդեն բացառվում էր: Ինչ անել, ինչպես վարվել: Այստեղ էլ նորից նախաձեռնող խմբի տղաներն իրենց հնարամտությամբ գերազանցեցին թշնամուն:
Նվիրյալների մի փոքրիկ «թափորի» ուղեկցությամբ «մահացած» հին կոմունիստի դագաղը, որի մեջ էր որոշումը, «Շտապ օգնության» մեքենայով տարվում է Ստեփանակերտի օդանավակայան (դարձյալ Ռոլես Աղաջանյանի, Պավել Նաջարյանի եւ Ռոբերտ Բաղդասարյանի կողմից): Օդանավակայանում նրանց միանում են բժիշկ Վալերի Մարությանն ու Ռազմիկ Պետրոսյանը, եւ կազմակերպված ձեւով պատմական որոշումը ուղղաթիռով հասնում է Երեւան, այնտեղից էլ՝ Մոսկվա:
«Ղարաբաղյան շարժման 30-րդ տարեդարձը, կարծում եմ, առիթ է՝ եւս մեկ անգամ հայացք ձգելու ոչ հեռավոր անցյալին, արժեւորելու նստաշրջանի ընդունած պատմական խիզախ որոշումը, ի մի բերելու գոյամարտի տարիների մեր ձեռքբերումները եւ գլուխ խոնարհելու հայրենիքի համար նահատակված մեր հայորդիների պայծառ հիշատակի առաջ, ավարտին հասցնելու մեր պայքարը,-ասում է Վարդան Հակոբյանը:-Եվ այդ ամենը մենք պիտի շարունակենք նստաշրջանյան օրերի միաբանությամբ, մաքրությամբ, սիրով ու նվիրումով»:

Տարածել

Պատասխանել