Ալիսա Բաղդասարյան / Մաքսիմ Հովհաննիսյան. Գրող և հրապարակախոս

0

Ժամանակակից հայ արձակի երեւելի դեմքերից մեկն է Մաքսիմ Հովհաննիսյանը: Նա, 20-րդ դարի 60-ական թվականներին մուտք գործելով գրական դաշտ, իր տաղանդով եւ բեղուն գրչով կարողացավ հասուն եւ համոզիչ խոսք ասել: Հիմնավորելով իր մտքի խորհուրդն ու բռնած գործի արժեքավոր լինելու իրողությունը` նա ստեղծեց գրական հարուստ ժառանգություն: Գրող-հրապարակախոսն այսօր էլ ստեղծագործական ընթացքի մեջ է, դեռեւս արգասաբեր է նրա գրիչը, ասելիքը` թարմ ու հետաքրքիր, բարձրացրած խնդիրներն ու շոշափած թեմաները` ժամանակամետ: Հայրենի ծննդավայրի մաքրությունն ու գեղեցկությունն ամբարած իր մեջ` գրող-հրապարակախոսը ստեղծեց եւ շարունակում է արարել արժեքավոր գործեր` տալով Արցախի ու արցախցու, եւ ընդհանրապես` աշխարհի ու մարդու անաղարտ ու բնական, ճշմարիտ ու կենդանի պատկերը: Ճիշտ է նկատել անվանի գրականագետ, ակադեմիկոս Սեւակ Արզումանյանը` գրելով. «Այո՛, իր աշխարհի հանգույն, իր աշխարհի շնչով է ապրում Մ. Հովհաննիսյանը, ստեղծում պայծառ գործեր, ընթերցողին պարգեւում հոգեւոր ինքնամաքրումի ու ինքնաճանաչման պայծառ պահեր… Իսկ եւ իսկ իր աշխարհի հանգույն, իր աշխարհի շնչով…»: Մ. Հովհաննիսյանի տաղանդի, ինքնատիպ ոճի, նրա ստեղծած հետաքրքիր աշխարհի եւ նրանում ապրող մարդկանց մասին ուշագրավ է գրող, գրականագետ Վարդան Հակոբյանի դիտարկումը. «Կարդալով Մաքսիմ Հովհաննիսյանին, այն պատկերացումն ես կազմում, որ ոչ միայն ինքն է կերտում իր հերոսներին, այլեւ հերոսներն, իրենց հերթին, վերակերտում են գրողին, այսինքն` աստվածային արարչությունն ընթանում է զուգահեռ»: Մ. Հովհաննիսյանը, գրելով իրեն ծնած, սնած հողի, այն շեն պահող մարդկանց մասին, ցանկանում է նրանց կյանքի խորհուրդը պարզել որպես զգուշացում` «ավելի երջանիկ բախտ ունենալու համար»: «Արվեստի մեջ նորությունը ծնվում է այն ժամանակ, երբ արվեստագետը լավ գիտի, թե անցյալում ստեղծված ավանդներից, որի վրա պետք է հենվել, որից պետք է հրաժարվել, եւ ինչին պետք է ձգտել»,- գրում է Էդ. Ջրբաշյանը:
Մաքսիմ Հովհաննիսյանն առինքնող պարզությամբ ընթերցողի առջեւ է դնում իր միտքն ու հոգին` հավատարիմ մնալով իր արյան կանչին եւ իր նախնիների փորձն ուսուցանող դասերին: Մայրենի լեզվի եւ հայրենի բարբառի նրբությունների յուրացման, հայ եւ համաշխարհային գրականության ու մշակույթի ուսումնասիրության, փիլիսոփայական եւ հոգեբանական հիմնական դրույթների քաջատեղյակության շնորհիվ, գրող-հրապարակախոսը բացում եւ բացահայտում է յուրօրինակ մի աշխարհ, որտեղ գեղեցիկն ու տգեղը, չարն ու բարին, ճիշտն ու սխալը բախվում են իրար` ի ցույց հանելով կյանքի ճշմարիտ պատկերը, եւ մարդը, կերտելով իրականությունը, բացահայտում է իր ես-ի տարողունակ ու բազմախորհուրդ տարածքները: Ռեալիստական թանձր գույներով գրողն ընդհանրացնում է բազմաբարդ ու բազմաբովանդակ կյանքի տիրույթները: Երկի սյուժեի եւ ֆաբուլայի, ինչպես նաեւ կոմպոզիցիայի ճիշտ հարաբերակցության արդյունքում հեղինակը հասնում է հերոսների հոգեբանության եւ բնավորությունների լիարժեք բացահայտմանը: Ըստ գրականագետ Շկլովսկու, սյուժեն իրականության կոնցեպցիան է: Մաքսիմ Հովհաննիսյանի արձակին խորթ չեն դասական պատմելաձեւին հատուկ սյուժետային ընդգծումները, անգամ աննշան թվացող մանրամասների միջոցով բացահայտում է մարդու հոգեբանությունն ու ներաշխարհը: Իսկ ցանկացած մարդու ներքին աշխարհը, անկախ սոցիալ-հասարակական եւ այլ պայմաններից, իր մեջ ներառում է ինքնուրույնության տարրեր, ինչի մասին ժամանակին գրել է Արիստոտելը: Ընդհանրապես մարդու ներաշխարհի ուսումնասիրությունը` որպես կարեւորագույն խնդիր, եղել եւ մնում է թե՛ դասական, թե՛ ժամանակակից մասնագետների ուշադրության կենտրոնում: Առավելապես այսօր` գիտության եւ տեխնիկայի աննախադեպ զարգացման ժամանակաշրջանում, հոգեբանությունը դիֆերենցվում է` առաջ քաշելով մարդու ներաշխարհը բացահայտող մի շարք ուղղություններ, հոսանքներ, դպրոցներ: Ինչպես նկատում է գրականագետ Դավիթ Գասպարյանը. «Ամբողջ 20-րդ դարի գրականությունը Նիցշեի, Ֆրոյդի դար է, որոնք եկան որպես գերմարդ, գիտակցության հոսք, որպես հոգեվերլուծություն, ներքին խոսք, գոյափիլիսոփայություն: Խուսափել այս ամենից` անգամ Նիցշե ու Ֆրոյդ չկարդալով` անհնարին է»: Ժամանակաշրջանի փոփոխությունները բնականաբար չէին կարող դուրս մնալ գրականության տեսադաշտից, որի հետեւանքով գեղարվեստական գրականության մեջ առաջ քաշվեցին նոր դրույթներ, որոնք ամրագրվեցին նաեւ հայ գրականության մեջ: Պատահական չէ գրականագետ Զ. Ավետիսյանի այն դիտարկումը, թե` «20-րդ դարի հայ գրականության վրա ակնհայտ է 20-րդ դարի արեւմտյան փորձը: Բորխեսի ընդգծված կյանքային ֆաբուլայի գեղարվեստական յուրահատուկ վերակառուցումը, սյուժետավորումը, Ջոյսի ներքին մենախոսությունը, Կաֆկայի հերոսի օտարացման, այլակերպման նշանները, Բեքետի հերոսների աբսուրդային սպասողականությունը, ֆոլքներյան գեղարվեստական տեքստի խտացվածության որակը, ընդհանրապես արեւմտյան արձակին հատուկ ապահերոսացումը, սյուժեի անսպասելի շրջադարձերը եւ այլն»: Այսպիսով` անցյալ դարի 60-ական թվականներին հայ գրականության էական փոփոխությունը, պայմանավորված լինելով համաշխարհային գրականության ազդեցությամբ, եղավ շրջադարձային: Ասպարեզ մտած նոր սերնդի արձակագիրներ Հ. Մաթեւոսյանը, Զ. Խալափյանը, Պ. Զեյթունցյանը, Մ. Գալշոյանը, Վ. Պետրոսյանը, Ն. Ադալյանը, ինչպես նաեւ Մ. Հովհաննիսյանը, փնտրեցին ու գտան կյանքը պատկերող նոր ու թարմ ձեւեր, եղանակներ, առաջին պլան մղվեց մարդն` իր հոգեբանությամբ ու ներաշխարհով: Մ. Հովհաննիսյանը Հր. Մաթեւոսյանի հետնորդը լինելու համոզիչ փաստարկներ ու հիմնավորումներ ունի: Նրա ստեղծագործությունների հիմքում մարդն է, առավել հաճախ` գյուղացին` իր յուրահատուկ կերպարի հոգեբանական եւ գեղագիտական բացահայտմամբ: Հենց 1960-ական թվականներին «քաղաքագիրների» եւ «գյուղագիրների» միջեւ ծագեց բանավեճ, որտեղ «քաղաքագիրների» տեսաբան Վ. Պետրոսյանը իր «Հավասարում բազմաթիվ անհայտներով» հոդվածում, եւ Հրանտ Մաթեւոսյանը «Այսպես կոչված գյուղագրության մասին» հոդվածում առաջ քաշեցին իրենց կողմնորոշումներն ու տեսությունները «միջին ազգային կերպարի» շուրջ, որտեղ հատկանշական է Հրանտ Մաթեւոսյանի այն դիտարկումը, թե` «ո՛չ գյուղն ու քաղաքն են սոցիալական հակադիր բեւեռներ, ո՛չ գյուղացին ու քաղաքացին են մարդկայնորեն հակադիր որակներ…»: Տաղանդավոր գրողը, ընդհանրացնելով իր խոսքը, վերջակետում է ասելիքը` ընդգծելով իր մտքի փիլիսոփայությունը. «Չկա գյուղագրություն կամ քաղաքագրություն, կա միայն մարդկային հայացք` բնությանն ու աշխարհին»: Մ. Հովհաննիսյանը հենց այս հարթության վրա էլ ընդարձակեց ասելիքը` ստեղծելով արժեքավոր գործեր: Գրականագետ Սեւակ Արզումանյանը, հետեւելով Հովհաննիսյանի գրական ընթացքին, նկատել է. «Արձակագիր Մաքսիմ Հովհաննիսյանի գրական «հումքի» աղբյուրն իր ծննդավայրն է, հայրենի գյուղը, որը պատմվածքներում Լեռնաղբյուր անունն է ստացել` սիմվոլացնելով առհասարակ ավանդական ու նոր Լեռնային Ղարաբաղը` իր աշխատասեր ու խոսքաշեն մարդկանցով ու սովորություններով»: Մ. Հովհաննիսյանի ստեղծագործություններն արցախցու ֆենոմենալ տեսակի եւ սեփական ես-ի բացահայտման արժեքավոր մի փորձ է, ինչն ընդգծում է գրողի հոգով, մտքով ու ֆիզիկական ամբողջականությամբ ազգային հողին ամուր կապված լինելու կարեւոր հանգամանքը, առանց որի ամբողջական չէր լինի ո՛չ նրա կյանքը, ո՛չ արվեստը, որոնք պայմանավորված են իրարով եւ իրար միջոցով են կայանում:
1988թ. սկսվում է Արցախյան շարժումը` իր հետ բերելով բոլորովին այլ զգացողություններ եւ ակնկալիքներ: Արցախյան հարցը բացահայտորեն բարձրացվում է համահայկական մակարդակի: Բաց նամակներով հանդես են գալիս ժամանակի մտավորականները: Արցախյան շարժումը դառնում է համազգային խնդիր, որի լուծման համար բռունցքվում է ազգը, եւ գործը, խոսքի հետ համազոր, կերտում է նոր դարաշրջան: 88-ն ու նրան հաջորդող մարտական տարիները նոր թափ ու որակ են հաղորդում գրող-հրապարակախոսի գրչին: 1988 -1993 թվականներին Հովհաննիսյանը ստանձնում է «Խորհրդային Ղարաբաղ» (հետագայում «Արցախ») թերթի գլխավոր խմբագրի պաշտոնը: Խմբագրական պատասխանատու աշխատանքներից զատ` գրող, լրագրող, հասարակական գործիչ Մ. Հովհաննիսյանը, հավատարիմ մնալով իր մասնագիտությանն ու աստվածային շնորհին, պատմվածքների, էսսեների միջոցով արտացոլում է Արցախում տեղի ունեցող պատմական իրողությունների, հերոսական դեմքերի ու դեպքերի փաստացի պատկերը: Այդ տարիներին էլ ծնվում են նրա շատ գործեր, մասնավորապես` «Մենք» էսսեների ժողովածուն: Այն լույս է տեսնում 1989թ. Երեւանում, որտեղ զետեղված տասը էսսեներն արժեւորում են Արցախ բնաշխարհի գեղեցկությունն ու նրա ժողովրդի հարուստ հուզաշխահրը: Ժողովածուի համար Մ. Հովհանիսյանն արժանանում է Հայաստանի գրողների միության Դ. Դեմիրճյանի անվան մրցանակի: Հետագայում նրա հրապարակախոսությունը ձեւավորվում է «Տերունական աղոթք», «Ռեպորտաժ դեպքի վայրից» եւ այլ հրապարակումներով: Արցախյան շարժման սկիզբը, ընթացքն ու հարաբերական անդորրը բնութագրող ինքնատիպ արձանագրմամբ գրող-հրապարակախոսը գրական, փաստագրական մեծ ժառանգություն է ստեղծել: Նա համարձակորեն իրականության ճշմարիտ դեմքն ի ցույց հանեց` երբեմն նաեւ սեփական անձը վտանգելով: Սակայն դա էր ժամանակի հրամայականը, իսկ գրիչ ունեցող գրողը, մտավորականը ոչ միայն չէր կարող դուրս մնալ այդ ժամանակից, այլեւ ինքը եւս պետք է նպաստեր այդ ժամանակի կերտման գործընթացին: Մ. Հովհաննիսյանը կարողացավ ստեղծել իր աշխարհը` ճիշտ ժամանակագրությամբ, շոշափելի, հարազատ, իրական դեմքերի ու իրադարձությունների օբյեկտիվ նկարագրությամբ, պարզ եւ հասկանալի շարադրանքով, բառերի ու բառակապակցությունների դիպուկ գործածությամբ եւ հաստատուն ձեռագրով: Ականավոր գրականագետ, ակադեմիկոս Սերգեյ Սարինյանը գրում է. «Այստեղ էականը «նոր աշխարհն» է եւ նրա պատկերը` ըստ խոսքի, որ այլ կերպ կարելի է անվանել իրականության գիտակցում: Ժամանակն Արցախյան ազատագրական շարժումն է տասնամյա իր տեւողությամբ` սկիզբը, ընթացքը եւ անավարտ վիճակի հարցականը»: Երբեւէ Մ. Հովհաննիսյանի գրիչն այնքան բեղուն չի եղել, որքան այդ տարիներին: Գրեթե երկու հատոր են ընդգրկում այդ տարիների նրա ստեղծագործությունները` էսսեները, հրապարակումները, պատմվածքները: Այդ ժամանակահատվածում է լույս տեսնում նաեւ «Գնում ենք արեւին դիմվորելու» (1991թ.) պատմվածքների գիրքը, որի համար հեղինակն արժանանում է ԼՂՀ կառավարության Եղիշեի անվան մրցանակին: Արձակագիրն իր հերոսների երկխոսությունների եւ ներքին մենախոսությունների միջոցով ասում է ամենակարեւորը: Այն, ինչն իրավամբ պետք է գնահատվի մարդկային հարաբերություններում, քանի որ բնությունը մարդուն մարդ է պահում:
«Չաստվածների խնջույք», «Չաստվածների խնջույք-2» գրքերը լույս են տեսնում 2008-2009 թթ., որտեղ հեղինակն ընդհանրացնում է մարդու եւ բնության, մարդու եւ հասարակության, մարդու կեցության նպատակի եւ ձգտումների, ճշմարտության որոնումների շուրջ արված իր դիտարկումները` էսսեների, խոհերի տեսքով: Մ. Հովհաննիսյան գրողի տաղանդի յուրօրինակ մի դրսեւորում է «Հոգնած երեկո» ¥2010թ.¤ գիրքը, որտեղ շեշտը դրվում է առավելապես հերոսների հոգեկան ապրումների վրա: «Ինչքան էլ կենդանի թվան գրական կերպարները,- նկատել է ֆրանսիացի գրող Անդրեա Մորուան,- գրողը անտեսում է ամբողջական պատկերը, առանձնացնում հերոսի այս կամ այն գիծը, զգացումը, այս կամ այն կիրքը, որպեսզի մեզ համար հնարավոր դարձնի լավ ուսումնասիրել նրան»: «Հոգնած երեկո» գրքի տրամաբանական շարունակությունն է վերջին տարիներին գրված վիպակների ու պատմվածքների ամփոփագիր հանդիսացող «Հեռացող երկրի կարոտը» խորհրդանշական վերնագիրը կրող ժողովածուն: Գրողի մտահոգությունը ժամանակի էվոլյուցիոն շարժի մեջ հայ մարդու բնավորության, ազգային սովորությունների, հոգեբանության շրջադարձային փոփոխության հետ է կապված: Ոչ խաղաղություն, ոչ պատերազմ անկայուն իրավիճակում հայտնված ղարաբաղցին հերթական անգամ գոյապայքարի մեջ է մտել: Եվ, եթե երեկ արտաքին թշնամու դեմ մղած անհավասար մարտում ոգի եւ ուժեղ կամք է ունեցել, հավատում էր իր բռնած գործի հաղթական ավարտին, ապա այսօր երերում է նրա վստահությունը:
Հենց Մ. Հովհաննիսյանի շնորհիվ է արցախյան մոտիվն ընդգծված հայտնվում անկախության շրջանի հայ գրականության եւ հրապարակախոսության տեսադաշտում:

Տարածել

Պատասխանել