Ամալյա Գրիգորյան-Վարդան Հակոբյան / (Հատված) Սարինյանի ֆենոմենը

0

Ամալյա Գրիգորյան- Սերգեյ Սարինյանի «Ի հեճուկս» գիրքն առաջին անգամ տպագրվել է Ստեփանակերտում: Եվ խմբագիրը Դուք եք: Արդյոք խմբագրական աշխատանքի ընթացքում խմբագիր-հեղինակ հարաբերության մեջ եղե՞լ են անհամաձայնություններ: Ես տեղյակ եմ, որ ժամանակին այդ գիրքը մեծ աղմուկ է բարձրացրել:
Վարդան Հակոբյան– Ասեմ, որ իմ «խմբագրական» աշխատանքը հարաբերական էր, որովհետև դեռ չի ծնվել որևէ մեկը, որ կհամարձակվի Սարինյանին խմբագրել, նրա տողը, բառը, խմբագրման կարիք չեն ունեցել, չունեն: Ինքն իր խիստ անհատականացված ոճն ունի, իր մտածողությունը, անգամ՝ իր կետադրությունը: Այդուհանդերձ, ես զանգում էի Երևան և ամեն մի հարց ճշտում Սարինյանի հետ, երբեմն առանձին հարցերում թունդ վիճում էինք: Կարևորը՝ միշտ իրար հասկանում էինք, թեև նա գրեթե միշտ էլ մնում էր անդրդվելի: Հազվագյուտ դեպքերում էի կարողանում նրան համոզել ինչ-որ բան փոխել, թեկուզ մի ստորակետ կամ վերջակետ: Աղմուկն, այո, եղել է: Եվ բավական անսպասելի: Անտեղի: Միտումնավոր: Այն ժամանակ, երբ դեռ գրքի տպագրական աշխատանքներն էին ընթանում, քննադատական հոդված տպագրվեց մամուլում:
Ա.Գ.- Ինչպես դա եղավ: Դուք քաջատեղյա՞կ եք իրողությանը:
Վ.Հ.- Պարույր Սևակի պոեզիայի արժևորման գործում անուրանալի է Սերգեյ Սարինյան գրականագետի դերակատարությունը, մանավանդ, որ նա և Սևակը եղել են, ինչպես բանաստեղծն է ասում, ընկեր ոչ թե բաժակի, այլ ճաշակի ու սկզբունքի: Այդ մասին են վկայում Սարինյանի բազմաթիվ աշխատությունները՝ նվիրված հանճարեղ գրողի քնարերգությանը և, առաջին հերթին, «Պարույր Սևակ» անզուգական ուսումնասիրությունը: Սևակի և Սարինյանի գիտական-գրական համախոհությունն ու մտերմությունը, որ վերածվել էր ստեղծագործական համագործակցության՝ ամենատարբեր ու բազմազան սկզբունքային հարցերում, հայտնի է բոլորին:
Սարինյանը շատ բծախնդիր էր իր ամեն մի բառի, տառի հանդեպ: Ինձ զանգել էր, որ «Ի հեճուկս» գրքի «օտիսկներն» ուղարկեմ իրեն՝ մի անգամ էլ կարդա տպագրվելուց առաջ: Տպարանի տնօրենին խնդրում եմ, որ «օտիսկներն», ինչպես ասում են, կազմով «զգեստավորի» (Սարինյանն ուզում էր կազմն էլ տեսնել, նոր թույլատրել տպագրության): Այդպես էլ արվում է: Եվ գիրք-«օտիսկը» ուղարկում եմ Երևան:
Սպասում էի, որ Սարինյանն իր ձեռքով կատարի սրբագրումը, ինչպես իր սովորույթն է, ուղարկի ինձ: Անցնում է սահմանված ժամկետից մի քիչ ավելի շատ: Կազմը շատ էր հավանել: Ուղղումներն արել էր: Եվ ահա մամուլում հանկարծ հայտնվում է մի հոդված, ուր ասվում է, թե Սարինյանը Սևակի մասին ինչ-որ բացասական խոսք է գրել: Դա, անկեղծ ասած, ինձ շշմեցրեց ուղղակի, գրքում Սևակի մասին բացասական բառ անգամ չկար և չէր էլ կարող լինել: Անմիջապես զանգում եմ Սարինյանին: Նա էլ զայրացած էր խիստ: Ինչումն էր բանը: Պարզվում է, որ Սարինյանը «գիրք-օտիսկն» ուրախությամբ տվել է մի ընկերոջ, վերջինս էլ մի այլ ընկերոջ է փոխանցել, ով «չի հավանել» Սևակի մասին գրված բաժնից մի պարբերություն, ուր, իբրև, Սարինյանը Սևակի անվանը փորձում է ինչ-որ ստվեր գցել, ասելով, թե նա անվտանգության մարմինների հետ կապ է ունեցել: Մինչդեռ Սարինյանի ասելիքը ոչ թե Սևակին այդպես ներկայացնելն էր, այլ ցույց էր տալիս Սևակի անսահման պարզ ու անկեղծ լինելը, չէ՞ որ անվտանգության մարմնի կողմից ասված ոչ մի խոսք խորհրդային իրականության մեջ ենթակա չէր այլ մի տեղ շրջանառության մեջ դրվելու: Իսկ Սևակը Սարինյանին ասել էր, որ անվտանգության մարմիններից իրեն են դիմել (այն ժամանակ ԳՄ վարչության քարտուղարն էր), իսկ ինքն իրեն դրսևորել է սևակավարի, իր ժողովրդին, իր ոգուն, իր սկզբունքին հավատարիմ ձևով: Սա շատ նուրբ հարց էր, բնականաբար: Սարինյանի խոսքը ներկայացրել էին շուռ տված:
Սարինյանը Սևակին այնքան խորն էր նվիրված, դա երևում է նաև «Ի հեճուկս» գրքում, այնքան էր նրան պաշտում, որ իր մտքով անգամ չէր էլ անցնում, թե նման ոչ ճիշտ մեկնաբանություն կարող էին առանձին մարդիկ տալ իր տողերին: Ինչևէ: Տհաճ էր այդ ամենը: Ես խնդրեցի Սարինյանին, որ մի նախադասություն ևս ավելացնի պարբերությանը, ինչպես միջնադարի մեր գրողներն էին շեշտում, թե «առակս զինչ կցուցանե», որպեսզի թյուրիմացությունների տեղիք չտրվի: Իր բնավորության համաձայն, Սարինյանը մերժեց իմ առաջարկը. «Ես Սևակին բազմապատիկ ավելի եմ ընդունում, քան տողերս թարս մեկնաբանողները: Նրանք իմ դեմ ուզում էին գրել և գրել են: Սևակի հարցն այստեղ գործ չունի: Իմ ու Սևակի հարաբերությունն այնքան սերտ, բարեկամական է միշտ եղել, որ ոչ ոք իրավունք չունի և չի էլ կարող սողոսկել մեր արանքը»:
Ես, լսափողը ցած դնելուց հետո, նորից վերհիշեցի Սևակի ու Սարինյանի մեկ մեկու հղած նամակները, Սարինյանի աշխատությունները՝ Սևակի պոեզիայի մասին, Սևակի հրաշալի հոդվածը Սարինյանի «Հայկական ռոմանտիզմ» գրքի մասին և այլն: Ժամանակակիցներից թերևս Սարինյանն է միայն, եթե չեմ սխալվում, որ արժանացել է Պարույր Սևակի այնքան բարձր գնահատականին, այն էլ նման մի ընդգրկուն հոդվածի մեջ:
Անչափ հուզվեցի: Ես ու Սարինյանն այնքան էինք մտերմացել, որ նրան ուղղված յուրաքանչյուր «հարված» ինձ էր կպչում, ինձ ուղղված ամեն մի «հարված»՝ Սարինյանին: Դա հայտնի է ամենքին: Ասել պետք չէ: Հաջորդ օրը զանգում եմ Սարինյանին և ասում, որ այն «չարաբաստիկ» պարբերությունն ավելի լավ է՝ հանել, նոր միայն գրքի «տիրաժը» տպել: «Այ մարդ,- զայրանում է Սարինյանը,- այստեղ Սևակի դեմ մի նշույլ անգամ բան չկա, ավելին, ես ներկայացնում եմ նրա ասպետականությունը, նվիրվածությունն՝ ազգային ոգուն ու գաղափարին… Էդ, գիտե՞ս, ինչից է: Այլ մարդկանց մասին իմ ունեցած դիտարկումները որոշ «ընկերների» դուր չեն եկել, ստիպված Սևակից են բռնել՝ տեսեք-տեսեք… Բայց սխալվում են: Սևակն ինքը, եթե կենդանի լիներ, կծիծաղեր այդպես մտածողների վրա»:
Այսպես թե այնպես, գիրքը տպագրության եմ ստորագրում առանց այդ պարբերության: Եվ հիմա, տարիների հեռվից, մանավանդ, որ Սարինյանը չկա արդեն, այս ամենը ես ցավով եմ հիշում:
Ա.Գ- Միանգամայն ճշմարտությունն է ամրագրված Ձեր խոսքում, պարոն Հակոբյան: Երկու կարծիք լինել չի կարող, որ առաջին հերթին Սարինյանին է պատկանում մեր իրականության մեջ Սևակի «բանաստեղծության գիտությունը» ստեղծելու և ամբողջացնելու բարձր պատիվը: Եվ որպես հաստատումն այդ ամենի՝ նորից, դարձյալ ու կրկին, ինչպես կասեր Սևակը, ուզում եմ անդրադառնալ «Ի հեճուկս» գրքին, ուր Սարինյանը խոսում է 1964թ.-ի փետրվարի 15-ին ՀԳՄ-ում Պարույր Սևակի «Մարդը ափի մեջ» ժողովածուի քննարկման մասին՝ նշելով, որ այն «իրադարձություն էր գրական կյանքում և էապես նոր մակարդակի բարձրացրեց Պարույր Սևակի բանաստեղծության գիտությունը»: Ահա այս դիտարկման մեջ է սարինյանական մոտեցման ամբողջ էությունը:
Վ.Հ.- Քանի որ նշեցիր «Մարդը ափի մեջ» գրքի քննարկման մասին, Ամալյա, ուզում եմ պատմել մի փոքրիկ դրվագ՝ կապված այդ օրվա հետ: Մեր զրույցնե-
րում հաճախ էր Սարինյանը անդրադառնում դրան: Այս մասին լսել եմ նաև արձակագիր Արտաշես Ղահրիյանից, ով ներկա էր այդ քննարկմանը՝ Մուշեղ Գալշոյանի հետ: Երբ ՀԳՄ-ում քննարկում էին Սևակի գիրքը, դահլիճը լեփ-լեցուն էր, ներկաների մեծ մասը կանգնած էր, միջանցքներում ու դրսում ևս հավաքվել էին մարդիկ, «ասեղ գցելու» տեղ չկար, հանգամանք, որը ցույց էր տալիս, թե գրականության և, տվյալ դեպքում, Սևակի քնարերգության նկատմամբ որքան մեծ էր հասարակության, ժողովրդի սերը: Սարինյանի զեկուցումից հետո իրարամերժ ելույթներ եղան, տարբեր կարծիքներ հնչեցին: Վերջում խոսքը տրվեց Պարույր Սևակին, նա ելույթ ունեցավ, ապա պատասխանեց ներկաների հարցերին: Ունկնդիրներից մեկը, որը Սևակի պոեզիայի երկրպագուներից էր և բարձր էր գնահատում նաև Սարինյանի գրականագիտական հայացքները, հաղթածի ոգևորությամբ հարցնում է Սևակին.
– Սերգեյ Սարինյանը մինչև հիմա չէր հավանում քո գրածները, ընկեր Սևակ, բա ինչու հիմա միանգամից այդքան շատ բարձր գնահատական տվեց քո պոեզիային: Ինչո՞վ է բացատրվում դա:
Մի պահ անակնկալի եկավ Սևակը և մինչև կպատասխաներ, տեղից՝ Սևակի ականջի տակ, խոսեց Սարինյանը՝ ջերմ հումորով.
– Դա բացատրվում է նրանով, որ Սևակի «Մարդը ափի մեջ» գիրքը նոր է գրվել, պարզ չէ՞, բանաստեղծն աճել է:
Բայց հարց տվողը չլսեց Սարինյանի ձայնը: Եվ Սևակը՝ ժպիտն ուղղելով Սարինյանին, նույն հումորով բարձրաձայն «հակադարձեց» գրականագետի խոսքը.
– Դա բացատրվում է նրանով, որ գիտնականն աճել է:
Եվ դահլիճը երկու մեծերի այդ կատակներին արձագանքեց բուռն ծափահարություններով:
Ա.Գ. – Հետաքրքիր է, իսկ նրանք ունենո՞ւմ էին բանավեճեր:
Վ.Հ.- Առանց դրան չէր լինում, ինչ խոսք: Բայց պիտի ասել, որ անմիջականությունը, ողջախոհությունը և ճշմարտախոսությունը, որ անկեղծության անբաժան ուղեկիցներն են, երբեք չեն լքել նրանց: Սևակի քնարերգությունը բարձր գնահատելով ու յուրովի արժևորելով հանդերձ, Սարինյանն, այնուամենայնիվ, իր պատմելով, մեծ բանաստեղծի հետ երբեմն ունենում էր գրական «թեթևակի» վեճեր: Դա բնական էր և նույնպես խոսում էր ազնվության հողի վրա հիմնված նրանց բարեկամության մասին: Անկախ ամեն ինչից, յուրաքանչյուր վառ անհատականություն, մանավանդ՝ երբ Սևակի և Սարինյանի նման սկզբունքային է, ունենում է իր մոտեցումներն ու խիստ առանձնարկված, ուրույն ճաշակը: Օրինակ, Սարինյանը չէր հավանում Սևակի վաղ շրջանի որոշ գործեր, այդ թվում՝ «Հայաստան» ձոներգը: Դրանից բացի, գտնում էր, որ մեծ բանաստեղծը «Անլռելի զանգակատուն» կոթողային գործի մեջ, առանձին տողերում, տուրք է տվել «խաղահանգերին» և այլն: Ես տարբեր առիթներով, այս խնդիրների վերաբերյալ հարցեր եմ ուղղել Սարինյանին՝ չհամաձայնելով նրա դիտարկումների հետ: Եվ քանի որ անգիր գիտեի Սևակի «Հայաստան» բանաստեղծությունը, տողեր էի արտասանում ու ցույց տալիս, որ այդ ստեղծագործության ներքին հղումը տանում է դեպի հայկական ժողովրդական մտածողության ակունքները՝ Իմ բարձրանուն, Իմ քաղցրանուն, Իմ տառապած, Իմ փառապանծ և այլն, դիմառնական պատկերներում երևում են մայր Հայաստանի նկատմամբ սիրո և նվիրումի անմիջականությունն ու անհունությունը:
Այս ամենը օրինաչափ երևույթ է: Սևակի ստեղծագործական վերընթացը, հատկապես՝ հայ քնարերգության մեջ, անշուշտ, սպասելի էր: «Մարդը ափի մեջ» ժողովածուն շատ ու շատ հարցերում շտկումներ մտցրեց:
Ա.Գ.- Ահավասիկ, «Մարդը ափի մեջ» ժողովածուն ոչ միայն շրջադարձային եղավ Սևակի և, ընդհանրապես, հայ քնարերգության մեջ, դա անվիճելի իրողություն է, այլ՝ նաև Սարինյան-Սևակ համագործակցության առումով: Մեծ գիտնականն ուղղակի գրում է, թե այդ օրվա զեկուցումն ինչպիսի դերակատարություն ունեցավ իր և Պարույր Սևակի հետագա գրական-գիտական և ընկերական հարաբերություններում. «Սկիզբ դրվեց մեր բարեկամությանը: Պարույրը որակ և մակարդակ էր տալիս մարդկայնությանը: Այնպես բացառիկ էր նա ամեն ինչում՝ թե որպես ընկեր, որպես որդի, ծնող, բարեկամ, կնասեր և այլն»:
Սարինյանական այս արժևորումները, որոնք խարսխված են լուրջ վերլուծությունների, բարձր իմացությունների և գիտական հարուստ փորձի վրա, երկմտությունների տեղիք չեն կարող տալ: Ժամանակներն այդպիսին էին: Իսկ կյանքը հուշում է, որ նման «աղմուկները», ի վերջո, գնում-կորչում են, օրակարգում կրկին մնում է «Ի հեճուկս» աշխատությունը:
Վ.Հ.- Իհարկե, ժամանակն ամեն ինչ տեղն է դնում: Այսօր Սևակի պոեզիային անդրադարձողներն առաջին հերթին դիմում են Սարինյանի հոդվածներին ու աշխատություններին, որոնց մեջ Սևակը ներկայացվում է իր հզորությամբ ու անկրկնելիությամբ՝ որպես Չարենցից հետո, երկրորդ մեծ նորարարն ու գեղագետը՝ մեր ժամանակի հայ իրականության մեջ:
Սարինյանի և Սևակի համախոհության և գրական ու գիտական համագործակցության մասին ժամանակին ես հաճախակի էի զրույցներ ունենում իմ անմոռաց բարեկամի, հիանալի բանաստեղծ ու թարգմանիչ Վարդգես Բաբայանի հետ, ով եղել է Պարույր Սևակի ամենամտերիմ ընկերներից մեկը՝ թե՛ Մոսկվայի Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտում սովորելու տարիներին, թե՛ Երևանում: Նրանց մտերմությունը վերածվել էր ընտանեական ջերմ կապերի, նախանձելի էր իր ավանդական հավատարմությամբ:
Սևակի «Մարդը ափի մեջ» ժողովածուն նոր որակ, մտածողություն ու ոճ, պոետական թարմ գեղագիտություն էր գրականություն բերում, դա շատերի համար անընդունելի էր: Նման մթնոլորտում գիտական իր բարձր ներուժով ու երևույթները նորովի մեկնելու աննախադեպ իմացություններով, սկզբունքային համոզվածությամբ Սևակի կողքին կանգնելը, Սարինյանի պես պինդ ու խստաճաշակ գիտնականի համար օրինաչափ եմ համարում: Եվ Վարդգես Բաբայանը նույնպես արժանի գնահատական տվեց Սարինյանի դիտարկմանը, ավելացնելով՝ ի պատասխան իմ հետաքրքրությունների, որ Սևակի ու Սարինյանի ընկերությունը կառուցված էր բացարձակապես երկու էական խնդիրների վրա: Առաջինը նրանց մարդկային հատկանիշներն են, երկրորդը՝ երկուսի մտածողության մեջ առկա սերը նորի և ինքնատիպի նկատմամբ: Երկուսն էլ, ժամանակի ֆոնի վրա, ըստ Վարդգես Բաբայանի, խիստ զարգացած և բարձր էրուդիցիայի տեր անհատականություններ են՝ լայն դիապազոնով, քաջատեղյակ համաշխարհային գրականության զարգացման ընդհանուր միտումներին, նորի ձեռքբերումներին, այնպես որ, այն, ինչ գրել է Սևակը Սարինյանին, գրել է սրտանց ու համոզմունքով: «Եվ մի բան էլ ասեմ,- խոսքն այսպես եզրափակեց Վարդգեսը,- Սևակը հենց այնպես ոչ մի բառ, տառ երբեք չէր գրի՝ անգամ եթե ակցանների մեջ դնեին նրան: Սևակը սրանով է Սևակ: Սկզբունքով»:
Ա.Գ.- Քանի որ խոսք բացվեց Սարինյանին հղված սևակյան գրությունների մասին, ես կուզենայի դրանցից առանձնացնել մի ձեռագիր նամակ, ուր Սևակի սիրտն ու հոգին անմնացորդ երևում են, իսկ դա հատուկ էր նրան՝ ինչ էլ որ գրեր… Ես հիմա կմեջբերեմ այդ նամակի տողերը.
«Սերգեյ ջան, ախպերս.
Տեսնո՞ւմ ես, թե ինչե՜ր են լինում կյանքում. քո պաշտպանությանը ես ներկա չեղա: Անհավատալի և աններելի է, բայց հույս ունեմ, որ կներես՝ իմանալով հոգեվիճակս ու ֆիզովիճակս, որի ստիպմամբ էլ չկարողացա ուրախանալ քեզ համար ու քեզ հետ:
Արժի՞ ասել, որ անչափ ուրախ եմ պաշտպանությանդ փայլի՜ համար: Շնորհավորում եմ, սիրելիս, և լիաբերան-լիաշուրթ համբուրում եմ Հայ Ռոմանտիզմի մեկնաբանիդ և գրվելիք Հայոց Գրականության պատմության Ամոլիդ:
Ո՛ղջ լեր, եղբայրս, և մի քիչ էլ կարոտիր ինձ:
Հա՜, ա՛յ տղա, շնորհավոր լինի նաև նոր պաշտոնդ: Հիմա արդեն իմ ենթական ես, իմացած կաց, և հետս վարվիր իբրև… վՈփՈսՖվՌՍ-ի:
Համբուրում եմ կրկին ու կրկին: Միշտ քո՝ Պարույր: 18.02.1967թ. Արզնի»:
Վ.Հ.- Սևակի բառերից ուղղակի անկեղծություն է ճառագում… Չմոռանամ նշել մի իրողություն ևս, որին, ցավոք, դեռ ոչ ոք անհրաժեշտ ուշադրություն չի դարձրել: Խոսքը «Հայ ռոմանտիզմը և նրա մեկնաբանը» հոդվածում Սևակի մի ակնարկի մասին է: Պարույր Սևակն արժանի գնահատելով Սարինյանի երևույթը՝ նրա գրչի ու վարպետության մեջ տեսել է աստվածատուր ու գերբնական ուժ: Բանաստեղծի այդ դիտարկմանը, չգիտես ինչու, դեռևս ոչ ոք հիմնավոր ուշադրություն չի դարձրել ու երևույթը չի մեկնել՝ ըստ էության: Սևակը «Հայկական ռոմանտիզմը և նրա մեկնաբանը» հոդվածում՝ անդրադառնալով Սարինյանի «դիպուկ ձևակերպումներին», «լայնարձակ մտորումների մղող» դիտարկումներին, միտքն ամփոփել է այսպես. «…Դրանք մի քանի էջի վրա են, «ինչպես սատանան շշի մեջ»»: Առանց աստվածային ուժի մասնակցության ոնց կփակվեր սատանան շշի մեջ…
Ա.Գ.- Իսկ ինչ վերաբերում է Պարույր Սևակի ընծայագրին՝ «Սայաթ-Նովա» բարձրարժեք աշխատության վրա, ապա դա ևս մի նոր և անվիճելի փաստ է (այն գրվել է 1970թ., այսինքն՝ Սևակի ողբերգական մահից մեկ տարի առաջ), որ աներկբայորեն վկայում է Սևակի և Սարինյանի սերտ հարաբերությունների ու սկզբունքային համախոհության մասին: Ահա այն. «Սերգեյ ջան, եղբայրս, այս գիրքն էլ քեզ՝ մշտական սիրով ու նվիրվածությամբ: Քո Պարույր 09.07.70թ. Երևան»:
Վ.Հ.- Ես կարծում եմ, Ամալյա, ճշմարտությունն ապացուցման կարիք չի ունենում, մանավանդ՝ Սևակի և Սարինյանի նման մեծերի պարագայում:

Տարածել

Պատասխանել