Նվարդ Ավագյան / Իմ հայրիկի և Աստծո ձեռքսեղմումը

0

* * *

Տարիքայի՛ն երեւի թե անքնությամբ
Դարձած երկար գիշերվա խենթ ընկերուհին,
Աչք փակեցի՝ երբ օրբացի լույսը թաքուն
Ծիկրակում էր բարձիս վրա…
Եվ այցելեց ինձ մի երազ.
ով էր՝ դեմքը լավ չտեսա՝
Մի աշտանակ ձեռքս տվեց, բուրվառում էր որի վրա
Մանկությունից այնքա՜ն ծանոթ
մեղրամոմը…
Նույն պահին էլ… հորս տեսա.
Ծխարարը ձեռքին՝ կանգնած
մեղվանոցում,
Այնպիսի՜ մի հայացքով էր
Նայում արդեն բաց փեթակին,
Որ ասես թե մեղուների…
քահանա է ձեռնադրված,
Ու ձեռքինն էլ ծուխն է խնկի՛,
Որով հավուր պատշաճին արդ օրհնաբանի պիտի
Ոտքերին ու կնճիթներին ծաղկափոշի, նեկտար բերող
Աշխատավոր մեղուներին:
Դա՜ էլ ոչինչ… Գլխավորը վերջու՛մ եղավ.
Դեռ հավեսով ճտպտում էր մեղրամոմը,
Երբ ես տեսա իմ հայրիկի եւ… Աստըծո՜… ձեռքսեղմումը:
Արթնանալուց պատմեցի այս մասին՝
ծիծաղեցին.
– Առավոտվա երազներին մի
հավատա…
– Չէ, ուզում եմ հավատալ ես:

 

ՆՈՏԱՆԵՐ ՀՈԳՈՒ
ՊԱՍՏԱՌԻ ՎՐԱ

1.
Իմ մեջ թախիծն է խոսում շատ հաճախ
Քարե ոտքի տակ, անգամ տանիքին…
Եղինջ բուսած հին, ծերացած վանքի,
Կսմիթ ու կսկիծ արդեն մոռացած՝
Ամենքի հանդեպ անքեն եմ, անչար…
Ի՞նչ է անունը այս նոր տարիքի:

2.
Չանցողիկ ու թեժ կարոտի հատիկ՝
Տաք նոտաները հոգուս ղողանջի
Գնան ու փարվե՜ն սուրբ Արարատի՝
Դեպի ծո՛վ նայող ծաղկոտն լանջին…
Ու էլ հետ չգան. ու մնան այնտեղ՝
Պահակելու մեր հողերը անտեր…

4.
Բացառված է լինելդ հեզ,
Եղիր համա՛ռ,
Հարեւանդ նենգ ու քոսակ՝
Ավելին չէ, քան՝ հրոսակ,
Լինելության կռվիդ համար
Չի եղել, չիք այլ բանաձեւ.
Խոտ մի՛ եղիր՝ քեզ չհնձեն…

* * *
Մանկուց մեզ չեն կախել Հեփեստոսի
վառարանի վրա…
Բայց կախեցինք մեզ ինքներս… Աքիլեսի գարշապարից,
Ու թե տարվա գլխին ինչ կբերի քամին դարի՝
«Պատճառավոր հարսի» մտափոխիկ
ախորժակի նման,

Հայտնի չէ ոչ-ոքի: Կուտակվում են
ամպեր ամպրոպային,
Թեեւ լույսի թույլ շող դեռ կա հորիզոնի
աչքում,
Դեպի ու՜ր է գնում Հույսը, երբ մարմինը
Եվրոպայի
Սենյակում տեղ չունի եւ քնում է նեղ
միջանցքում,
Սենյակներում իր տեղ չունի եւ քնում է
նեղ միջանցքում,
Անապատի բարխանների ավազները
առել իր մեջ
Ու կամովին քարաքոսի …սիմբիոտիկ թալոմ դարձել՝
Չի հասկանում՝ «մուլտիկուլտուր» իր պնդումով անվերջ
Ապագան է սուիցիդի անբեռնաքաշ մեջքին բարձել…

Հավես չկա արծարծվելու
յանկիների, ինչպես նաեւ
Արջի՛ երկրի մասին. ինչ էլ անեն՝ ենթադատն են խղճի եւ կամ
Ժամանակի: Իմ տագնապի նյութը դու՜ք եք, հայե՛ր…
Հավերժության մատյանի մեջ մեր լուսավոր տողը դեռ կա՞:

Քնի մեջ են մանուկներս: Ոսկեբերան երազներում
Նրանց համար չիք գոյություն նենգ թշնամու.
Ծաղիկնե՜ր են տեսնում նրանք, գեղասահքը զեփյուռ-քամու…
Տեր Աստված,
Այնպես արա, որ ունենանք ԱՆՇՐՋԵԼԻ ԽԱՂԱՂ սերունդ…

***
Հեռացածիս հանդիպե՜մ…
Որ երկնքում՝ չգիտեմ,
Սրտիս վերջին արցունքով,
Հոգեխոստում արբունքով
Գրկեմ նրան անսքող:
Մեղքեր չունի՝ հեշտ ներեմ…
Տեղում գրվող նոր պոեմ՝
Հոգուս թեւով զինք շոյե՜մ…
Իմ սրտինը տամ իրեն՝
Իր սրտինը հետ բերեմ,
Որ թե կյանքը այսքան բարդ.
Ես ներքեւում, նա վերեւ…
Ապավինենք… նույն հուշին՝
Ես երջանի՜կ կին լինեմ,
Ինքը՝ բախտով տղամարդ:

Տարածել

Պատասխանել