Թորոս Թորանեան / Բանաստեղծ Ռոբերտ Եսայեանը իր նոր գիրքով՝ «Քաոս եւ լոյս»

0

238 էջերու վերայ բազմած այս գիրքը՝ բանաստեղծութիւններու և պոէմներու լուսարձակն է մեկու մը կողմէ, որ հրետանիով պաշտպանել գիտէ իր երկիրը, կըմնայ Շուշիի մէջ և աշխարհը կը դիտէ ազատագրուած քաղաքի բարձունքէն:
Առաջին էջ, խօսք առաջին.- «Մի առաքեալ իր աղօթքով միացնում է ձեռքերը տարածութեան»:
Բայց այս բանաստեղծը բանաստեղծօրէն իր միտքի կայաններէն լոյսի փունջեր առաքողն է ոչ միայն իր ու մեր գեղածիծաղ երկրին, այլ նաև աշխարհին:
Հատորը կբացվի բանաստեղծ Վարդան Յակոբեանի խօսքով, ուր կը կարդանք.-«Հետաքրքիր երևոյթ է Ռոբերտ Եսայանի պոէզիան: Եւ անկրկնելի է ինքը՝ Ռոբերտը, որպէս մարդ, անհատականութիւն: Հինավուրց հայկական հողն ազատեց՝ որպէս հրետանու զինվոր, իսկ հոգևոր աշխարհում «տարածքներ գրաւեց» իր բանաստեղծութեամբ: Ասել է թե՝ Աստծոյ դրած նշան ունի ճակատին»:
Թէև Աստուած մէկ է երրորդութեամբ, բայց ես պիտի ըսէի, որ այս բանաստեղծի ճակատին նշան դրած էին Միհրը, Զօր. Անդրանիկը և Րաֆֆին, որ ոտքով շրջած էր ողջ Արցախին մէջ: Ասոնք ալ մեր երրորդութիւնը, որոնք երբե՛ք սուտասան չեն եղած մեր հանդէպ, անշուշտ նաև Եսայեանի հանդե՛պ:
Գիրքին անուանաթերթէն պատգամ մը ևս՝ բազմախօս.- «Ետ տար տողը, ինչպէս կափարիչը քաոսի, և կըտեսնես՝ թե ինչպէ՜ս է ծնում ճանապարհը», ես պիտի ըսէի բանաստեղծութիւնը, քանի անվերջ ճանապարհ է բանաստեղծութիւնը՝ ժամանակի մրցորդ՝ ինչպէս ժողովուրդը մե՛ր:
Անցնինք գիրքին՝ չափելու համար ճամբաներու անվերջ երկայնքը Եսայեանին, որ կը սկսի այսպես.-«Եթե» քերթուածով.-Եթե տողերի միջև լռութիուն չկայ-ուրեմն, սպառուած է հորիզոնը ոգու: Անկասկած, քանի բազմախօս է լռութիւնը, ինչպես լուռ արևածագը: Ինչպես Պետրոս Դուրեանը, որ ըսած է. «Զի անհնուն է ան ալ ինձ պէս»:
Ահա և «Հայաստանի ջուրը».-
Ես խմում եմ ջուրը՝
ոգին կայծքարի,
և ծարավի խոլ հայեացքն է արթնանում
ցողուններում Անսահմանի:
Յիրաւի, այս տղան գրաւիչ է ընթերցողին համար իր անշեղ հոգիով, որ թրծուած ըլլալու է Նաւասարդեան տօներու առթիվ՝ ուր մասնակից կը գտնէինք մեր ժողովուրդն ամբողջ՝ առաջին հերթին ոչ միայն վասպուրականցիները, այլ՝ արցախցիները:
Անկասկած վերոյիշեալ ցողունները լի են ցորենի ատոք հատիկներով:
«Յիշողութեան վանդակ». վանդակի մէջ չմտնող այս տղան վանդակի մասին կը գրէ այսպէս.
Հուշարձանի կարմիր լռությունն է
յառնում
ծաղիկների քարէ ճիչերի միջից:
Ժամանակի ափից
ջո՛ւր է խմում յիշողութեան լոյսը:
Սա ձեռնո՞ց է նետուած մեր միջնադարի քերթողութեան…
Իրաւ որ ճիշտ նկատած է Վարդան Յակոբեանը՝ Եսայանը երևույթ է, քանի ինքնուրոյն է: Մեկը որ չի կրկնէր ուրիշները, յենակի պէտք չունի: Ինքն է քնարերգողը մեր ողջ հայրենիքը, անոր բոլոր սահմաններով, սահմաններէն ալ անդին նոյնիսկ: Քանի որ.-
Տողը ճանապարհ է,
ինքնահաստատման մի հուն:
Տակաւին.-Սալաքարերից բխող տերև է
քո կանչը,
հայր իմ:
Իսկ բանաստեղծին հայրը Արցախն է, տարածուն ողջ Հայաստանը. Յարութեան նորամանուկ Արցախով:
Ոգու ժամանակի ջրվէժներում
հոսում են տողերը,
որպես ձկներ…
Երջանկութեան թարթիչների վրայ
թրթռում է լույսն իմ արմատների:
Իսկ այդ արմատները ըմպած են ջուրը դարերու և պահած դարերու գաղտնարանը մեր. իր իսկ լոյսին ջերմութենին բացուող՝ ինչպէս կոկոնէն բուրալի վարդը:
Ահա՛, «Ոգու ծիր է գրիչը» քերթուածը, նուիրուած Լևոն Խեչոյանին, պայծառ, խիզախ զինւոր մը որ ճանչած եմ մօտեն որպես վիպագիր.-
Եղեռնազարկ պապերի
չկրակած փամփուշտը
մխրճեցիր թշնամու կուրծքը
խաւարազարդ:
Արդ Խեչոյեանն է անկրկնելի, անկրկնելի Եսայանի կողքին:
Անկրկնելի՞, հողը մայր է բազմածին որ այսօր ալ ծնած է կրկնած ու վաղն ալ պիտի ծնանի ու այդպէս ընդմիշտ:
Ահա և իմ հաստատած «Ելքը» գտած է բանաստեղծը իր իսկ գրիչով.
Ես թղթին դնում եմ մի բուռ
որպէս ասուպ…
Միւս բառն արդէն այլ մոլորակի
բնակիչ է.
եւ ճանապարհս, որպէս բանալի,
պտտում եմ անցքում ճակատագրի,
և տառապանքի ակնախոռոչում
վառւում եմ, որպէս
տարածութեան լապտեր…
Բառերս հայելու փայլուն մասեր են,
ուր բաժան-բաժան հոսում է ոգին:
Ականջը հնչէ Իսրայէլ Օրիին: Ան ևս խորհուրդ մըն է բազմախորհուրդ՝ ոգի:
Իսկ պոեմները Եսայեանի՝ «Հաղորդութեան շղթայ», որոնք ամենօրյա խոբ ըլլան կարծէք ժանգ չկապող՝ հայ հողը ակօսող մէկի տեղակ հարի՛ւր պտուղ տուող.-
Ժամանակը յատնաբերւում է, որպէս ակունքն անյայտի-
խարի՛սխն Ապագայի:
Գրել ժամանակի էջում,
նոյն է, թէ գրել, վիրակապի վրայ,
գրել ժամանակի շնչառութեան մէջ,
հատուկենտ լսուող քայլերում անցորդի,
գրել երկնքի անձրևային հայացքում՝
թռիչով թռչունի:
ճանապարհի ոգուց պոկում եմ մի փետուր
եւ մակագրո՜ւմ Անյայտի էջերի վրա…
Սլացքներ, կարծէք ուրախացնելու համար Էվտուշէնքոն կամ նախանձի գրգիռ տալու համար անոր…
Անյայտութեան սիւներն ի վեր
ծա՜ռս է լինում լոյսը-յիշողութեան ձին:
Իսկ այդ ձին չկարծեք ախոռի ձի է, այլ՝ ծուռ Դավիթի ձին…
– Անհո՛ւն,
մի՛ կտցիր… աչքը լռութեան…
(Հայը ճամբորդում է երակներով
երկնքի,
որպես հոգի,
այսուհետ՝ ա՜ ստղ…):
Ես ինձ ընդառաջ եմ գալիս
անյայտութիւնից:
Եւ այս տողերը հեռակայ կարգով իրապէս ուրախացնէին պիտի Վալերի Բրիւսովը՝ սրտակիցը Վահան Տէրեանի:
Ելակէտ Ես չգիտէի,
Որ իմ աչքիս մէջ
Աշխարհն է մեռնում,
Միւսի մէջ ծնւում…
Այդպես եղած է հայ ժողովուրդի, երբ Արևմտյան աչքը կորցրած է: Կյանք առած Արևելյան Հայաստանի աչքը՝ Սարդարապատով վերածնվեց մայիսի 28-ին:
Հրաժեշտի թևերը ճամբաներու պէս երկար են, բայց ոչ հոգնեցուցիչ: Այդ ճամբուն վրա համբոյրէն երեխաներ կը ծնին…:
Իսկ ահա «Քաոս և լոյսի»-ի լոյս բաժինին մէջ սիրերգութեան արշալոյսներ. ո՞վ այս սիրոյ թռիչքը արգիլել կրնայ: Չէ որ մեծն Կոստան Զարեանը գրած էր.-
Ես սիրեցի,
Սիրելն մե՞ղք է,
ո՞վ է սիրոյ սահման դրել:
Թէքեանը չէ կրկնած Կոստանին գրածը, այլ հաստատած.-
Եվ եթէ ոմանք սէրս տեսան
երկինքին վրայ անսահման,
կրակն անոր չտեսան:
Ռ.Եսայեանը կրկնող մը չէ՛ բնաւին:
Իսկ Եսայեանի խոստովանանքը ծաղկաբոյր՝ Սիրոյ համբոյրով.-
Համբուրում եմ քո մատները՝
սավանների խրախճանքին
անտեղեա՜կ…
Ճակատագրի հերկե՜րն են թափւում
իմ երազների թրթիռի վրայ…
Մի շարժվիր.
իմ և քո շուրթերի միացման կէտում
թռչունի բոյն է հիւսւում…
Մեծարենց իսկ կըստորագրէր այս տողերը, Վարուժանը նոյնպէս, նշելով նաև Ռուբէն Սևակը:
Տակավին. – Քո համբոյրը՝
զոհասեղանին ընկնող լոյս…
Հայեացքս այնպէս ներսուզուեց քո մէջ,
որ քեզնից դուրս մղուեց դատարկութիւնը:
Կուզէ՞ք աւելին.-Լռութիւնը բուրեց ծաղկած ծառի պէս:
Եւ աչքերիդ միակ ընդունարանը լցուեց
կոյսի՜ արցունքով…
Ո՞վ կարդալ սիրտը գիտէ. պիտի կրկնէր Թէքէեանը, որ եթե ապրէր 1945թ.-ին չմեկնէր անդենական Գահիրէի մէջ, Արցախ գալով պիտի գտնէր սիրտ կարդացող մը՝ յանձինս Ռոբերտ Եսայեանի:
Մեր շուրթերի միջև խելագարուող օդը
ընկաւ թփի վրայ՝
որպէս կանաչ հրդեհ…
Մեր դասական բանաստեղծ Յովհաննէս Հովհաննիսեանը որ գրած էր.-
Անցաւ եղբայր
մեր մանկութեան պատմութիւն,
Էլ հրաշքների չենք հաւատալ…
Կարդալով Եսայեանի վերի տողերը՝ պիտի հաւատար հրաշքի…
Ինքնեկեն հոգիիդ ծալքերէն շատրուանող համբոյրները…
Բայց յուշիկ թելադրեմ կողքիդ Վարդան Յակոբեանը կայ, շատրուաններդ կվերածուին Նիակարայի ջրվեժի…
Սիրոյդ շատրուանին տակ նոյնիսկ ձմրան նստիլ հաճելի է սառոյց վրայ պաղպաղակ համտեսելու պէս. բայց խօսքս կուզեմ վերջացնել թշնամիին դէմ խրամատներու մէջ սեղմուած սահմանապահ զինվորներու պէս քաղհանս ընելով քու իսկ գրածէդ.- Այս ևս մեծ, մեծ սիրոյ մասին է.-
Երբ սեղմում եմ իմ բռան մէջ
Արցախի հողը
տաք,
կարծրանում է բառը,
ինչպէս…
զրա՛հ…
Սէրերուդ՝ անվերջութիւն, որուն մէջ հողը մեր՝ ներկայութիւն:

Տարածել

Պատասխանել