Վարդուհի Բաղդասարյան / Եռատոնի խորհուրդը

0

Հայոց բանակը… Մեր երազներից, մեր հույսերից ծնվեց Հայոց բանակը: Մեր ձգտումներից, մեր սիրուց ու մեր ընդվզումներից: Հայոց բանակը մեր հավատից ծնվեց: Խաչից ծնվեց և խաչով ծնվեց մեր բանակը: Խաչը շրջեցինք և իբրև վահան մեր ձեռքին շողաց սուրը: Խաչը հավատով կրեցինք մեր լանջին, թևերին ու թիկունքին, զրահամեքենաներին: Խաչն ու սուրն ամրագրեցին մեր հաղթանակը: Բանակ դարձան ֆիդայական ջոկատները, ազատամարտիկների խմբերը, երկրապահն ու աշխարհազորը, պարմանին ու ծերունին… Հայոց բանակը երթով չսկսեց իր ծնունդը. հաղթարշավ էր նրա երթն ու ծնունդը: Նրա երթը միշտ էլ կար, և նրա կնիքը սեփական հաղթանակների վավերացումն էր:
Հայոց բանակի սահմանը նրա զենքի ծայրն է, և այդ զենքի հանգրվանը հայոց սահմանի առաջնագիծն է: Հայոց զենքի շնորհն աստվածային է, խորհուրդը` ավետարանական: Երբեք էլ չի ասվում` հանձնվիր թշնամուդ, զի թշնամին սատանան է, որին միայն ոչնչացնել է պետք և այդկերպ նրանից ազատվել: Ընկնելու դեպքում` տեղ ունես երկնքում` ըստ Տիրոջ խոսքի: Երկրային կյանքի ավարտը երկնքում է` համբարձված Տիրոջ մոտ, ով խոստացել էր` գնալ և տեղ պատրաստել վերևում` արդարների և հավատացողների համար: Սա Աստծո ազատարար կանչն է, նրա ներկայությունը հայերի` իբրև ընտրյալ ազգի կողքին:
Աստծո լույսով մեկնարկեց Արցախյան շարժումը: Խաչի գյուտով վերաբացվեց Արցախի թեմը: Երևման խաչով ազատագրվեցին Շուշին և Ղազանչեցոց Ամենափրկիչը: Իր Հարությամբ Տերը խոստացավ. ոչ միայն հարություն են առնելու, այլև փրկվելու են սրով ընկածները, գեհենում տանջվածները, հանիրավի զոհվածները… Համբարձմամբ ասվեց. համբարձվելու և Հոր աջ կողքին նստելու են վկա-նահատակները, ազգի համար մարտնչածները, սրի դեմ սուր բռնածները…
Մայիսյան փրկական խորհուրդը մեզ համար ակունքվել է դեռևս 451 թվականին, երբ Տղմուտ գետը որպես տիղմ քշեց օտարի հավատը մեր տներից ու շեներից, վանքերից ու տաճարներից: 1918թ. Սուրբ Էջմիածնի զանգերը երկար ղողանջներով ավետում էին Սարդարապատի ճակատամարտի ելքը` հաղթական ելևէջներով: 1941թ. հուլիսի 5-ին կաթողիկոսական տեղապահ Գևորգ արքեպիսկոպոս Չորեքչյանը /հետագայում` Ամենայն Հայոց կաթողիկոս/ նամակով դիմել է Հայաստանի և Սփյուռքի թեմերին` պատվիրելով բոլոր եկեղեցիներում մատուցել հանդիսավոր Պատարագ ու կատարել մաղթանք խորհրդային բանակի հաղթանակի համար: 1992 թ. Շուշիի Ամենափրկիչ եկեղեցու գավթում պատվական խաչի ներքո Տերունական աղոթք պիտի վեր առաքվեր: Շուշիի հաղթանակով պիտի ամրագրվեր սփյուռքված հայության միասնականությունը: Երկրապահ ու աշխարհազոր, հայդուկ, ֆիդայի և ազատամարտիկ՝ պիտի հաստատեին, որ Շուշիում Ամենափրկչի օրհնությամբ որպես հրաշեկ մանուկ ծնվել է Հայոց բանակը` մեր ազատության շեփորահարը:
Բեռլին հասած, քոչարի պարած կարմիրբանակայինի թոռը Շուշիում յարխուշտա զարկեց: «Հարսանիք լեռներում» ռազմագործողությունն անհավանական, բայց հրաշափառ հաղթանակով պսակվեց: Նախապես մշակված պլանի համաձայն, չորս ուղղությունների հրամանատարները խրոխտ ազատարարների հետ ներքևից վերև պիտի գրոհեին, «ներքևից վերև քար գլորեին»` ինչպես ժամանակին անտեղյակների համար բարբաջում էր Ադրբեջանի գլխավոր տեղեկատվական աղբյուրը: Եվ, ով զարմանք, դա հնարավոր եղավ. վկան` ներքևից վերև ազատագրված բերդաքաղաքը:
«Ներքևից վերև գլորած քարի» թափից կայծակնահար բախվեցին կյանքն ու մահը: Մահն այս անգամ երևաց ուրիշի հողից սրընթաց փախչող թուրքի տեսքով: Մահն այս անգամ ժայռերից ու վիհերից կրակի տեսքով բարձրացող դժոխքն էր, որին չէին սպասում և չէին հավատում բարձունքը հանիրավի սեփականած չար ոգիները: Չորս ուղղություններով մահվան ձորեր հաղթահարած, Շուշի հասած արահետները շուտով ագուցվեցին ազատության հանգրվան Ամենափրկչի գավթում: Աննախադեպ այս ռազմագործողությունը մնաց գլուխկոտրուկ, ոչ մի վերլուծության չդիմացող իրադարձություն: Սա դարձավ երանություն` ժամանակակիցների հուշերում և դաս` սերունդների համար: Այսօր այդ արահետներով խորհրդանշորեն բարձրանում են արդեն Ամենափրկչի և Շուշիի ազատագրումից հետո ծնված սերունդները: Դա կազմակերպվում է սերունդների հիշողությունը բորբոք, արահետները մամուռից զերծ, մահատեսիլ ձորերով մեր եռագույնն անվնաս բարձունք հասցնելու պատվախնդրությունը նորոգ պահելու նպատակով:
Արնածոր, անվիրակապ Ամենափրկիչը վերքեր փաթաթեց, հոգիներ բուժեց: Ապա բուժվեց վերքերից ու Տիրոջ անունով եկածներին ներս հրավիրեց` փոխանցելու օրհնությունը, պատրաստվելու Տիրոջ անունով փրկագնվածներին ճշմարիտ ճանապարհով ուղեկցելուն դեպի լիակատար փրկություն և խոստացված արքայություն:
Ավազանի անունով հայդուկ և ֆիդայի, երկրապահ ու աշխարհազոր, ազատամարտիկ ու սահմանապահ այդ օրը մկրտվեցին և սրբալույս մյուռոնի դրոշմով կնքվեցին Պաշտպանության բանակ հոգևոր անվամբ: Այդ օրը խաչի չորս թևերը` չորս ուղղություններով եկան ագուցվեցին Ամենափրկչի գավթում: Ազատագրվեց Ամենափրկիչը, վերածնվեց Շուշին. ավետեց մեր ազատության շեփորահարը` սոսկումի գողգոթան հաղթահարած` Հարուցյալ Հայոց բանակը: Մեկ էլ ե՞րբ էինք ունեցել օրհնյալ բանակ: Սա մի՞թե արարչագործության նման չէր: Սա հոգևոր ծնունդ էր, հոգևոր վերածնություն: Շուշիի առեղծվածային ազատագրման շուրջ ունեն, արդյո՞ք, հիմնավորումներ ռազմագետները, քաղաքագետները, պատմաբանները, վերլուծաբանները… Հոգևորականներն այսպես են մեկնաբանում. մեր վերջին բաճկոնն էինք վաճառել` ըստ Քրիստոսի խոսքի և սուր գնել: Խաչակիր էինք դարձել, միաբանվել էինք, երազել ու գործել: Ձեռնամած աղոթել` սրտի աղոթքով: Ինչպիսի ցավ էր ապրում Շուշին` մեծամայրը: Նահապետ Շուշին: Նա չէր նմանվում, արդյո՞ք, լեռան վրա շղթայված Պրոմեթևսին, ում լյարդը սև արծիվների պես կտցահարում էին արնոտ բերանով` քարանձավից հազիվ դուրսպրծուկ ելուզակները, քրքջում դիվային ուժերի հրահրմամբ` ժայռերից ներքև տարածելով սև մոխրակույտեր` դժոխային հրե լեզվակներով պարուրված: Երևութապես և աներևույթ չարն անձանձիր քայքայում էր բարին, երանելին, երևելին: Ի պատասխան, երևութապես և աներևույթ գործում էր ամենազորը` վերականգնելով բնագիրը, ինքնատիպը, օրինականն ու կատարյալը: Հառնում էր Հայոց մեծ ոգին` առաջանում արցունքի և սոսկումի միջով` անգայթ` դեպի հավերժության Գողգոթան: Եռատոն կնքում` քառաթև օրհնությամբ:
Ամենափրկչի գավիթը հավաքատեղի էր, հաղթական հանգրվան: Անառիկ զինանոցի վերածված, առևանգված, ծխահարված գեղեցկուհին, այնուամենայնիվ, խնայվել էր: Դաջվածքներով, սպիներով, վերքերով առատ Ամենափրկչում ծայր առավ աղոթքը, հնչեց շարականը, խունկը մանրակրկիտ մաքրում էր բոլոր անկյունները` գարշահոտությունից:
Ամենուրեք օրհներգություն էր, գոհաբանություն, փառատրություն: Ազգիս զինվորն ու հոգևորականը նորածին մանկան պես էին. շրջապատը միայն լուսավոր հայացքով տեսնող: Նորից մայիս էր ու է. երազ, կյանք ու արև: Նորից աղոթք ու խնկարկում, նորից շնորհաբաշխ օրհնություն: Ամենափրկչի զանգի` ուղիղ 26 ղողանջ….
Արդեն 26 տարի հայոց եռատոնին խնամքով են նախապատրաստվում արցախցի մեծն ու փոքրը. ասմունքով, երգով, պարով, նոր նկարներով ու գրքերով, ցուցահանդեսներով, ֆիլմերով… Ավանդական են դարձել համայնքներում զոհվածների հիշատակին հուշակոթողների բացման արարողությունները: Ավանդական են եռատոնի նախօրեին հայոց սահմանը հսկող զինվորներին պաշտոնյաների այցերը:
Խաչի խորհրդի վերաարժևորումը դարձել է Հայոց եռատոնին նվիրված ծեսերի ու ծիսակատարությունների գագաթնակետը: Տարբեր զորամասերում օծվում, վերաօծվում են եկեղեցիներ ու մատուռներ: Տարբեր վայրերում տեղադրվում են խաչեր:
Ամեն մայիսի 9-ի առավոտյան Ամենափրկչում ուխտեկ մարդկանց ներկայությամբ մեկնարկում է հոգևոր ծիսակատարությունը: Այդ օրն ուխտեկ է և երկրիս նախագահը, և նախարարը, և զորականն ու հավատացյալը: Եկեղեցում առատ է զինծառայողների ներկայությունը: Նրանք բոլորն էլ ծնվել են Ամենափրկչի և Շուշիի ազատագրումից հետո: Անկախության ուխտեկ սերունդը քաջատեղյակ է տեղի ունեցած իրադարձություններին: Նրա համար անհնարին ու անհավատալի ոչինչ չկա. նույնիսկ Շուշիի ազատագրումը «ներքևից` վերև քար գլորելով»:
Ավարտվում է հանուն Հոր, Որդու և Սուրբ Հոգու մատուցված պատարագը: Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հանդիսապետությամբ հնչում է հայրապետական մաղթանք, օրհնվում Հայոց բանակը: Սրբազան հայրը ծեսի մասնակիցներին հորդորում է մոտենալ և համբուրել մեր բանակի` սուրբ մասունքներով խաչափայտը և հընթացս ծեսի օրհնված սուրբ Գրիգորիս հայրապետի խաչվառը, որն ընծայվել է պաշտպանության բանակին:
Հրից ու սրից, կամքից և երազից, հավատից ու առնական ոգուց ծնված Հայոց բանակը միշտ օրհնության կարիք ունի: Հայոց սահմանների ողջ երկայնքով այլևս հաղթորեն շրջում է արքայից արքա Աշոտ Երկաթի խաչը: Հայոց հոգևոր սահմանների անառիկությունն ապահովում են հավատն ու աղոթքը, հայ զինվորի` այլևս ամենօրյա շփումները հոգևորականների հետ: Նեկայումս, առավել քան երբևէ, հայ զինվորը պահելով պետք է պահի Աստծո պատվիրաններն ու ավետարանական խրատները: Ներկայիս հայ զինվորը ժառանգել է վերջին բաճկոնի գումարով գնված սրի ազատությունը: Զինվորականի` թերևս վերջին բաճկոնը վաճառելու անհրաժեշտությունն այս պահին չկա, բայց ազատությունը պահել-պահպանելու, փայել-փայփայելու խնդիրը հանապազ է:
– Մարդը, առավել` ազգն ու բանակը, հաղթող են, երբ միաբանված են, միահամուռ: Այլապես մարդը, առավել` ազգն ու բանակը, կպարտվեն դիվային ուժերին. դա է քարոզում Սուրբ Գիրքը.-այսպես են մեկնաբանում հոգևոր հայրերը մայիսյան և առհասարակ բոլոր հաղթանակների խորհուրդը:
Աշխարհասփյուռ հայերը նորից միավորվեցին ապրիլյան քառօրյայի օրերին: Սփյուռքահայ թեմերից ու Հայաստանից առաջնագիծ էին հասնում բազմաթիվ հայորդիներ, հոգևոր առաջնորդներ ու եկեղեցու սպասավորներ: Նրանք գալիս էին հավատով ու աղոթքով, հոգևոր ու նյութական օժանդակությամբ, միայն թե ազգը չծնկի: Վայել չէ` Տիրոջ նշանով հաղթած ժողովուրդը զրկվի պատվական ու կորովի պահապանից: Նրանք համախմբվել էին նոր հաղթանակների, նոր նվաճումների ակնկալիքով: Մանավանդ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը Հայոց եռատոնին նվիրված իր խոսքում վերահաստատել է. «Պաշտպանության բանակը երբևէ այդքան հզոր չի եղել, ինչպես այսօր է… Սակայն հաջողություններն ու ձեռքբերումներն ինքնահանգստացման առիթ չեն ստեղծում: Մեր հաջողությունները շարունակական են… Ամեն ինչ արվում է համատեղ ուժերով, օգտագործելով համայն հայության ներուժը, նրանց գիտելիքներն ու հնարավորությունները: Ամեն ինչ արվում է հանուն մեր հզորության` հակառակորդին հասկացնելով, որ թույլ չենք տա Արցախի հետ խոսել ուժի դիրքից»:

Տարածել

Պատասխանել