Սոկրատ Խանյան / Մանուկների հեքիաթասաց պապիկի դասերը

0

ԱԳՄ վարչությունը շնորհավորում է արձակագիր, հրապարակախոս
ՄԱՐՍԵԼ
ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ
ծննդյան 70-ամյակի առթիվ:
«Եղիցի լույս»-ը միանում է շնորհավորանքին:

Դժվար է հավատալ, բայց և հավատանք, որ լրացել է գրող, լրագրող, հրապարակախոս Մարսել Հայկի (Մարսել Պետրոսյան) ծննդյան 70 ու գրական գործունեության 50-ամյակը։ Հավատանք, նաև ընդգծենք, որ Մ. Հայկի անցած ճանապարհը նման է մեր հարազատ լեռնաշխարհի բնությանը` ծաղկուն, բուրումնավետ, բազմերանգ։ Այս «բազմերանգ» մակդիրն օգտագործեցի մի քանի առումներով` քաղաքացի, հասարակական գործիչ, մամուլի նվիրյալ, ամուր օջախի տեր, ասել է թե` ավանդական արցախցի-հայ և այդ ընդհանուր համապատկերին` վաստակաշատ մանկագիր, որ ժողովրդի ապագան հանդիսացող փոքրերի համար ստեղծում է մեծ գրականություն։ Ահա թե ինչ է ասել Մեծ Լոռեցին մանկագրության մասին. «Կարծում են հեշտ ու հանաք բան է մանկական գրվածք գրելը, դա ամենադժվար գործն է, երեխայի հոգու հետ գործ ունես, պարզ ու հասկանալի պիտի տալ, զգույշ ու նուրբ պիտի մոտենալ, անպայման ճաշակով պիտի հրատարակել»։
Ահա հենց նման դժվարին գործի պատճառով է, որ ոչ միայն հայ, այլև բոլոր քաղաքակիրթ ժողովուրդների մոտ միշտ զգացվել և այսօր էլ զգացվում է մանկական գրականության ինչ-որ չափով պակաս։
Ամենուրեք ստվար ջոկատներ են կազմում մեծերի համար գրողները, իսկ զուտ մանկագիրները մատների վրա են հաշվվում։ Վերհիշենք հայ դասական մանկագիրների անունները` Ղ. Աղայան, Հ. Թումանյան, Ա. Խնկոյան (Խնկո Ապեր), խորհրդային տարիներին` Հ. Հայրապետյան, Վ. Անանյան, Խ. Գյուլնազարյան, Ռ. Դարբինյան, Վ. Տալյան, Արցախի գրական ընտանիքում` Գ. Գաբրիելյան։
Ինչ վերաբերում է մերօրյա մանկագրությանը, կարող ենք դարձյալ մատների վրա հաշվել նրանց, ովքեր բառի բուն իմաստով զբաղված են միայն մանկագրությամբ։ Դրանք են` Ս. Մուրադյանը, Էդ. Միլիտոնյանը, Յու. Սահակյանը և մի քանի նորերը։
Եվ այսօր գերագույն գոհունակությամբ կարող ենք մատնանշել մեր հոբելյարին` Մարսել Հայկին, որի վաստակը նկատելի է ոչ միայն մեր` արցախյան, այլև ընդհանուր հայկական մանկագրության մեջ։ Մարսելը գրում է դպրոցական կրտսեր և բարձր տարիքի երեխաների համար։ Հայտնի են նրա «Կախարդական ակնոցները», «Միջօրե», «Հնարամիտ աստղագուշակը», «Դերենիկը և կրկեսի փիղը» ժողովածուները, ինչպես նաև «Առածանի» հավաքածուն։
Մ. Հայկը` որպես մանկագիր, մի կողմից հավատարիմ է թումանյանական պատմելաոճին, մյուս կողմից` սնունդ է առնում ժողովրդական ստեղծագործությունից` խոսքը համեմելով ժողովրդի կենսափորձից ծնված խորհուրդներով։ Նրան հաջողվում է ստեղծել ուշագրավ սյուժեներ, բնական ու կենդանի պատկերներ, պատմողական սահուն շեշտերով ընթերցողին հրամցնել գաղափարներն ու գեղագիտական իդեալը։ Մտահղացումը նա ներկայացնում է ռեալիստական գույներով և այլաբանական միջոցներով։ Կոմպոզիցիոն տարբեր ձևերի օգտագործումը հնարավորություն է ընձեռում նրան պատումը հրամցնել առանց ձանձրացնող քարոզի։ «Կախարդական ակնոցները» գրքի մի շարք պատմվածքներ դրա վկայություններից են։ Նրանցում շոշափված թեմաները գեղարվեստական մարմնավորում են ստանում տարբեր հնարանքների շրջանակներում։ Հերոսները հիմնականում երեխաներ են` շրջապատված հարազատներով։
Նպատակին հասնելու համար գրողը մանուկների հետ խոսում է մտերմորեն, նրանց մասնակից է դարձնում զրույցներին, իրադարձություններին` ուշադրության կենտրոնում պահելով մանուկների խոսքի կենդանի շունչը, տարիքային առանձնահատկություններից բխող դատողություններն ու հետաքրքրությունները։ Նման գործերից են «Վարուժանը, տատիկը և պատերազմը», «Հայրիկի հրաշքը», «Ճնճղուկն ու սարդը», «Դեղնակտուց թռչնակները», «Վիրավոր ճնճղուկը», «Հավատարիմ շունը», «Դերենիկը և կրկեսի փիղը» և այլ գործեր։ Դրանցում Մ. Հայկը դիմում է նաև այլաբանական պատկերների, որոնք հետաքրքրում են երեխաներին, նպաստում նրանց կենսական երևույթների ընկալմանը։
Որպես մանկագիր` Մ. Հայկն իր ստեղծագործություններում արծարծում է տարբեր հարցեր, որոնք ուղղված են ապագա հասուն քաղաքացիների բնավորության ձևավորմանը։ Փառաբանվում են բարությունը, հոգատարությունը, հավատարմությունը, ազնվությունը։ Մի շարք գործերում խարազանվում են խաբեությունը, դաժանությունը, ծուլությունը, ստորությունը և այլ մարդկային արատավոր գծեր։
Իր մի շարք գործերում Մ. Հայկը հմտորեն օգտվում է ժողովրդական զրույցներից, հեքիաթներից` օրինակ բերելով ժողովրդի կամքի ուժը, սրամտությունը, աշխատասիրությունը, վճռականությունը («Վանականը, սատանան և Պըլը Պուղին», «Պըլը Պուղին ու հարուստները», «Արքայի գավազանը» և այլն)։
Հոբելյարի լավագույն գործերից է «Աստղագուշակը» պատմվածքը։ Դիմելով պատմական խոր անցյալին` գրողն արծարծում է հայրենասիրության և հերոսության գաղափարներ։ Ասորեստանի թագավորը Հայաստանի դեմ սկսվող մարտից առաջ հրամայում է աշխարհի ամենաիմաստուն աստղագուշակին` հայտնելու, թե ում օգտին է ավարտվելու վերահաս ճակատամարտը։ Արցախից գերեվարված այդ աստղագուշակը հայտնում է, որ պատերազմը շահելու են արմանները, որովհետև այս անգամ նրա դեմ մարտնչելու են Հայոց Արևելից Կողմանց քաջերը` Արցախի հայերը։ Թագավորը հոխորտում է, որ ինքն այդպես էլ գիտեր, որ արցախցին պետք է գուշակեր իր հայրենակիցների օգտին, և եթե այդ պատերազմում հաղթեն արմանները, գուշակին զոհելու է ասորաց աստվածներին։
Տեղի է ունենում պատերազմը, գլխովին ջախջախվում է ասորական բանակը, իսկ ասորաց թագավորը հազիվ է փրկվում։ Պարտված տիրակալը դիմում է արցախցի աստղագուշակին.
– Ասա՛ ինձ, իմաստո՛ւն ծերուկ, արմանները մեզանից շատ թույլ են, բայց հաղթեցին։ Ինչո՞ւ այդպես եղավ։
– Երբ արմանները միավորվում են, աստվածներն անգամ չեն կարող խաթարել նրանց կամքը։
– Դու ճշմարիտ ես, արմաններին անհնար է հաղթել, եթե նրանք միասնական են։
Գրող Մ. Հայկի գեղագիտական իդեալը հաստատող այս զրույցով ավարտվում է պատմվածքը, որով էլ ընդգծվում է պատումի ճանաչողական նշանակությունը։ Դրանով իսկ հաստատվում է կատարյալ ստեղծագործության գործառական նշանակությունը հետագա ժամանակներում։ Այս անհերքելի ճշմարտությունը վերաբերում է նաև Մ. Հայկի սույն պատմվածքին։ Մի՞թե նման չեն ասորական անհեռատես թագավորն անցյալում ու մերօրյա հոխորտացող ազերի-թուրք Իլհամ Ալիևը, որն ամեն օր վայրահաչում է ոչ միայն Արցախի դեմ, այլև Զանգեզուրի, նույնիսկ Երևանի դեմ` դրանք համարելով այսպես կոչված ադրբեջանական։
Դժվար չէ նկատել, որ գրողի հաջողված ստեղծագործությունը բոլոր ժամանակներում արձագանքում է ժողովրդի առօրյա հոգսերին ու պահանջներին։
Մ. Հայկի երկրորդ` «Միջօրե» ժողովածուն նախատեսված է դպրոցական բարձր տարիքի երեխաների համար։ Գրքից զգացվում է, որ հեղինակը նկատի է առել իր ընթերցողների տարիքային առանձնահատկությունները։ Այդ առումով խոսուն օրինակ է «Որոգայթ» վիպակը, ապա պատմվածքներն ու «Ապագան ապականված չէ» դրաման։ Գրողն այստեղ դրսևորել է նուրբ հոգեբանի հմտություն, ստեղծել իրապաշտական լիարյուն կերպարներ։ Չթուլացող ուշադրությամբ է կարդացվում «Շրջադարձ» պատմվածքը, որը ժանրային առումով կարելի է համարել նովել։
Արցախյան ազգային-ազատագրական գոյամարտի տարիներին հայ ժողովուրդն աշխարհին ներկայացրեց ֆիզիկական և բարոյական ուժերի բռունցքման իր վճռականությունն ու ազատաբաղձ ոգու հմայքը։ Թե՛ պատերազմական տարիներին և թե՛ հետագայում գրվեցին գեղարվեստական ոչ քիչ գործեր։ Այդ ուղղությամբ կարելի է նշել Մ. Հայկի նկատելի ձեռքբերումը` հանձին «Միջօրե» ժողովածուի։ Գրողի ստեղծագործական ոճի մի շարք առանձնահատկություններ նորովի բացահայտվեցին գրքի տարբեր պատմվածքներում` առանձնապես «Շրջադարձ», «Կյանքի և մահվան խաչմերուկում», «Մի՛ կրակեք, ի սեր Աստծո», «Կորստի բույրը» և այլ գործերում։
«Միջօրե» ժողովածուի հուզող երկերից է նաև «Ապագան ապականված չէ» դրաման, որը նվիրված է Շուշիի ազատամարտի մասնակիցներին։ Գրողն անդրադարձել է 18-րդ դարի իրադարձություններին` նորովի քննարկելով Մելիք Շահնազար Երկրորդի դավաճանական արարքը, Շուշվա բերդի գլխով անցած արհավիրքների համապատկերում ներկայացրել Արցախի մելիքների ոգորումները` վերջնական հանգույցում միասնությունը վերականգնելու համար։
Մ. Հայկի գաղափարական լուծումները պիեսում բխում են արցախյան ազգային-ազատագրական գոյամարտի թելադրանքից, ասել է թե` պատմությունը օգնում է կերտելու ներկան` հանուն ապագայի։ Նշված ժողովածուներում, ինչպես նաև «Դերենիկը և կրկեսի փիղը» գրքում Մ. Հայկը ուշադրության կենտրոնում է պահում հեքիաթի ժանրը` հաստատելով, որ հեքիաթագրության միջոցով կարելի է ներկայացնել ժամանակակից սերնդին հուզող ամենակարևոր հիմնահարցերը` վերջապես հիշեցնելով, որ ժողովուրդն է ամենամեծ իմաստասերն ու ուսուցչապետը` իր հավերժախոս խորհուրդներով, կեցության իր ընկալումներով ու խրատներով։ Ժողովրդի իմաստությունից ու փորձից դասեր առնելու և մանուկների հուզաշխարհը ձևավորելու նպատակամետ օրինակներ են Մ. Հայկի հեքիաթային պատկերները։ Դրանցից են «Արքայական ծիրանին», «Ծովի կարոտը» և այլ զրույցներ։
Մ. Հայկը հմտորեն է օգտագործում հումորը, որի օգնությամբ ժխտում է այն ամենը, ինչ խաթարում է առողջ բանականությունը և առաջընթացը։ Երգիծական հեքիաթները, զրույցները, սրամտությունները, անեկդոտները ժողովրդի առողջ մտածողության և լուսավոր կենցաղի հաստատմանը միտված դասեր են:
Թումանյանական մի «Սուտլիկ որսկանը», մի «Կիկոսի մահը» անփոխարինելի դասագրքեր են սերունդների համար։ Մ. Հայկի «Պոչատ քուռակը» զրույցը կարդալուց հետո մտորում ես` ինչքա՜ն լավ է, որ ավանդույթը շարունակվում է։ Այս զրույցի կերպարները` երիտասարդ Հաթամը, մայրը, հայրը, որ ներկայացնում են Մուքունց օջախը, գյուղական միամտության խոսուն վկայություններ են, միաժամանակ` դեպի առողջ մտածողություն ու թրթռուն կենցաղի մղող խորհուրդներ։ Հաթամը մտատանջության մեջ է` Սաղաթելենց Հուռունց էշը երկու քուռակ է ծնել, որոնցից մեկը պոչատ է։ Իսկ եթե իր աչքադրած Հուռին օժիտի հետ բերի այդ պոչատ քուռակը, որ պիտի մեծանա և պոչատ էշ դառնա և եթե այդ պոչատ էշով ջրաղաց գնա, բեռան տակ նստելուց ինչի՞ց պիտի բռնի, բարձրացնի։ Ահա օջախի համար ողբերգություն բերող «մտորումների» հաջող լուծումը լինում է այն, երբ Հուռու հայրը` Մուքին, գալիս է Հաթամի հորը` Սաքուն խնդրում, որ օգնի սատկած պոչատ քուռակին հողին հանձնեն։ Հոգեպես խաղաղվում են ծնողները, իսկ Հաթամի մայրը փսփսում է ամուսնու ականջին. «Սա՛քի ջան, էս ի՜նչ լավ եղավ, ասում եմ` Մուքուն մի կես բերան աղջկա մասին խոսք ասա, տես գոդից ինչ գարի է ընկնում»։ Ամուսինը վստահեցնում է. «Կասեմ»։
Հայոց ժողովրդական հեքիաթներում հարուստ մարդիկ միշտ ձգտել են խորամանկությամբ խաբել աշխատավոր մարդուն, չվճարել նրա կատարածի դիմաց։ Սակայն հանդես են եկել աշխատավորների փոքրիկ եղբայրները և իրենց պայծառ բանականության շնորհիվ պատժել ագահ ու խաբեբա շահագործողներին։ Հիշենք Մեծ Լոռեցու մշակած «Տերն ու ծառան» հեքիաթը։ Մ. Հայկի «Մկրտիչ ապոր թվաբանությունը» ստեղծագործությունը ևս շոշափում է այդ թեման, սակայն` նոր օրերի թելադրանքով։ Այստեղ հանդես են գալիս վարպետներ, որոնք փոխանակ լծվելու արդյունավետ նորոգման, օգտվում են Մկրտիչ ապոր ընտանիքի հյուրասիրությունից, օջախը վերածում քեֆատեղի։ Մկրտիչ ապերն ավելի սրամիտ և արդարացի է գտնվում։ Մեջտեղ է բերում ամենօրյա մեծ ծախսերի ծոցատետրը և հանգիստ ասում. «Էսպես որ հաշվում ենք, դուք ինձ պարտք եք… Ընդամենը… դատարկ բան է, հազիվ մի յոթ հազար դրամ։ Հաշվենք, թե` ես ձեզ պատիվ եմ տվել։ Մի խոսքով, ոչ ես եմ ձեզ պարտք, ոչ էլ դուք` ինձ։ Քվիտ ենք»։
Ժողովրդական հումորի և կենսափորձի խորաթափանց իմացության արդյունք են «Կնոջ քանդածը Աստված չի կարող սարքել» զրույցը և «Իսկ նախրապանը շտապում էր» ժամանակակից դեդեկտիվը։ Առաջինում հաստատվում է ժողովրդի կարծիքը կնոջ ամենակարող ուժի մասին, երկրորդում խիստ քննադատվում է ծուլությունը։
Ընդհանրության մեջ՝ Մ. Հայկի մանկագրությունը մնայուն ներդրում է ոչ միայն իր ստեղծագործության, այլև արդի հայ մանկապատանեկան գրականության մեջ։ Ուստի մեր բոլոր գրչընկերների անունից շնորհավորենք հոբելյարի փառապանծ 70-ամյակը, մաղթենք քաջառողջություն և ստեղծագործական հաջողություններ` ի փառս հայ մանկագրության զարգացման ու հարստացման։

Թիվ 5, 2018թ.

Տարածել

Պատասխանել