Նվարդ Ալեքսանյան / Բարեպաշտ արքայի չհնացող պատգամները

0

Օրերս Ստեփանակերտի Գրիգոր Նարեկացի համալսարանի պոեզիայի և գիտական նիստերի դահլիճում կայացավ «Վաչագան թագավորի Սահմանադրությունը. Արցախից Արցախ»` եռալեզու/հայերեն, ռուսերեն, անգլերեն/ գրքի շնորհանդեսը: Օրվա հանդիպումը կազմակերպել էին Գրիգոր Նարեկացի համալսարանը և Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորումը:
Գիրքը կազմել և հրատարակել է Արմեն Դավթյանը: Լոռիում ծնված հայորդին իր արմատների փնտրտուքի հետքերով եկել, հասել է Արցախի Մարտակերտի շրջան: Հենց այստեղից է իր պապը 18-րդ դարում տեղափոխվել Լոռի և այսօր ինժեներ-շինարար Ա.Դավթյանի համար իր տոհմականչը դարձել է անվերջ վերադարձի ակունք: Արցախցիներիս հանգով, նա իրեն համարում է Վաչագան Բարեպաշտի հետնորդներից և ժառանգի իրավունքով ու պատասխանատվությամբ անդրադառնում նրա գործունեությանը: Հերթական ձեռնարկը այս գրքի ամբողջացումն ու տպագրությունն է:
Գիրքը ներկայացրել է մեր նախնիների վարքի ու գործառույթների կարգավորման նորմերը, որոնք արարվել են տվյալ ժամանակի` 5-րդ դարի ազգային գործիչների մտքի սլացքով և ամրագրվել` իր երկրի ամրությունն ու ամբողջականությունը նաև իր քաղաքացիների օրինապաշտությամբ պայմանավորող Վաչագան Բարեպաշտի ձեռամբ: Եվ ներկաներին առաջին իսկ պահից էլ պարուրել էր մեր պատմության հանդեպ խոնարհումի ու պատկառանքի զգացումը` իբրև մեր նախնյաց ստեղծածի վերարժևորում: Անհնար է անտարբերությամբ ձեռքն առնել այս փոքրիկ սակայն իր մեջ օրինապաշտության, բարեպաշտության, իրավունքի մեծ ուժ ամփոփոխ գիրքը:
Ինչ խոսք, Բարեպաշտ արքայի անունն անգամ մեր մտապատկերում արթնացնում է 5-րդ դարում ծավալված դրամատիկ իրողությունները՝ ողջյունի խոսքում նշեց Գրիգոր Նարեկացի համալսարանի ռեկտոր, բանասիրության դոկտոր, պրոֆեսոր Վարդան Հակոբյանը: «Նա մեր ժողովրդին առաջնորդել է բարեպաշտության, օրինապաշտության, հայրենասիրության և պետականության պահպանման հանդեպ սիրո ճանապարհով: Այս գիրքը բացառիկ է իր նշանակությամբ և դեռևս մեզ անծանոթ փաստեր է ներկայացնում: Քրիստոնեության ընդունումը մեր ժողովրդին փրկեց ուծացումից, դրան հաջորդեց մեսրոպյան այբուբենի հայտնությունը: Հայոց առաքելության հաջորդ դարակազմիկ քայլը, որ մեր ժողովուրդը կատարեց Վաչագան Բարեպաշտի ձեռամբ` աշխարհում առաջին «Սահմանդրություն կանոնականի» ստեղծումն է»,- ասաց Վ. Հակոբյանը:
«Վաչագան Բարեպաշտի իշխանապետության պատմաիրավական հիմնավորումները» թեմային էր նվիրված պատմական գիտությունների թեկնածու Մելանյա Բալայանի ելույթը: «Այս գրքում Վաչագան Բարեպաշտը ներկայացված է որպես Արցախի և Ուտիքի թագավոր, սակայն, որպես պատմաբան, ամենայն պատասխանատվությամբ, հենվելով պատմական անհերքելի փաստերի վրա, հայտարարում եմ, որ նա եղել է նաև բուն Աղվանքի տիրակալը: Ղազար Փարպեցին, Մովսես Կաղանկատվացին, նաև այլ աղբյուրներ, հիշատակում են, որ 481-484 թթ.-ին Հայաստանում տեղի ունեցած ապստամբությունից հետո պարսից Վաղարշ թագավորը Հայաստանի մարզպան է նշանակում Վահան Մամիկոնյանին, իսկ Վ. Բարեպաշտը դառնում է Աղվանից թագավոր: Ասենք, որ 428 թ-ին, հայ Արշակունյաց թագավորության անկումից հետո Արցախն ու Ուտիքը մտցվեցին Աղվանից մարզպանության մեջ: Մեր բոլոր պատմիչները անդրադառնալով Արցախին` նշել են Աղվանք` հենց այդ պատճառով: Իսկ Աղվանքը հայ մշակույթին էր ենթարկված, քանզի բուն Աղվանքում քրիստոնյա 11-ից ավելի ցեղեր կային, որոնք մեր եկեղեցու ենթակայության տակ էին ու դա էր պատճառը, որ եկեղեցին կոչվել է Աղվանից եկեղեցի»,- ասաց Մելանյա Բալայանը` փորձելով հնարավորինս հակիրճ նկարագրել աշխարհի առաջին Սահմանդրության ստեղծման ժամանակները:
Արքայի ամառանոց Աղվենում է կայացել օրինաստեղծ ժողովը, որին մասնակցել են անվանի գործիչներ` թագավորության տարբեր անկյուններից: Պատմական Աղվենը, ըստ հետազոտողների, գտնվում է ներկայիս Մարտակերտի շրջանի Քոլատակ գյուղի մոտ: Համաձայն բանախոսի` Վ. Բարեպաշտի իշխանապետությունը ներքին այնպիսի կառուցվածք ուներ, որ անհրաժեշտություն էր դարձել հանրային կյանքի կարգավորման կանոններ` Սահմանադրություն ընդունելու և դրանով առաջնորդվելու համար: Հայաստան աշխարհի համար նման դժվարին իրավիճակում արքան այնքան հմտորեն էր թագավորում, որ երկրում տնտեսապես, մշակութապես զարգանալու հնարավորություններ էին ստեղծվել: 19-րդ դարում Վ.Բարեպաշտին նվիրված գեղարվեստական գործերից մեկը պատմում է, որ արքան իր Վարսենիկ դստերը, որպես օժիտ նվիրել է Բագուն /Բաքու/: Սա ևս վկայություն է, որ ամբողջ Ապշերոնյան թերակղզին, Կուրից այն կողմ` ներկայիս Ադր-ի տարածքի մեջ մտած հատվածը, հենց իրական Աղվանքն է, ուր ապրում էին 28-ից ավելի ցեղեր` ընդգծեց Մելանյա Բալայանը:
Շնորհանդեսին ելույթ ունեցավ նաև ԼՂՀ վաստակավոր իրավաբան Վլադիմիր Հովսեփյանը, թեման` «Վաչագան Բարեպաշտի Կանոնական Սահմանադրության իրավական բնորոշ գծերը»: «Հայոց սահմանդրական մշակույթը դարերի պատմություն ունի և իրավունքի, օրինականության ամրապնդումը, արդարադատությունն ու արդարամտությունը մեր ազգին տրված են ի վերուստ: Այդ ամենը հաստատող օրինակները բազմաթիվ են, որոնց ակունքում Վ.Բարեպաշտի ընդունած Կանոնականն է: Երբ արքան գահ է բարձրացել, երկրում անիշխանություն էր տիրում, ներկայիս բնորոշմամբ` քաղաքական ճգնաժամ էր և դրանից դուրս գալու համար պետք է հիմնարար փաստաթուղթ ընդունել, որպեսզի յուրաքանչյուրը կատարի այն, ինչ նախատեսված է դրանով, այսինքն՝ ունենալ Սահմանադրություն: Եվ մինչև փաստաթղթի ընդունումը, արքան հարցումներով դիմել է հայ երևելիներին: Ստ.Օրբելյանը նշում է, որ այդ հարցումները եղել են բավականին ծանրակշիռ խնդիրների շուրջ և պատասխանները` շիտակ: Համաձայն Մ. Կաղանկատվացու` Աղվենի ժողովը կայացել է 488թ-ին` հայոց տոմարի Մարերի ամսի 13-ին, որը ներկայիս հաշվարկով համապատասխանում է մայիսի 20-ին: Այդ իսկ հիմնավորմամբ սատարում եմ մայիսի 20-ը Արցախում որպես իրավաբանի մասնագիտական օր նշելու առաջարկությանը: Իմ կարծիքով՝ կանոնները կարելի է բաժանել 4 խմբի. ներեկեղեցական, հոգևոր և աշխարհիկ իշխանությունների միջև եղած հարաբերությունները կարգավորող, հոգևոր իշխանության և հավատացյալների միջև եղած հարաբերությունները կարգավորող, իրավական, որոնք կարգավորում են քաղաքացիական, քրեական դատավարության և այլ իրավունքների վերաբերյալ նորմերը: Սա խոշոր փաստաթուղթ է, որի կանոնները, բացի եկեղեցական հարաբերությունները կարգավորելուց` վերաբերում են նաև աշխարհիկ կյանքին: Դրանցից տեղեկանում ենք նաև տվյալ ժամանակաշրջանի դատարանների գործունեությանը, սահմանած պատիժների տեսակներին, դատարանների միջև եղած իրավասություններին, նույնիսկ` խափանման միջոցներին: Ազերիները հայտարարում են, որ, իբր հայերը Վ.Բարեպաշտի «Սահմանադրություն կանոնականը» աղվաներենից թարգմանել են հայերեն և բնագիրը ոչնչացրել: Ուրեմն` աշխարհին այս պատամական փաստաթուղթը ներկայացնելու առումով մեր անելիքները շատ են: Վ. Բարեպաշտի Սահմանադրությունը իրավական մտքի կոթող է և հազարամյակներից հառնող մեր պետականության հիմքերից մեկը»,-ասաց Վլ.Հովսեփյանը:
Գրիգոր Նարեկացի համալսարանի դասախոս, բանասիրական գիտությունների թեկնածու Ամալյա Գրիգորյանը «Վաչագան Բարեպաշտ թագավորի կերպարը գեղարվեստական գրականության մեջ» թեմայով իր զեկուցման մեջ նշեց, որ արքայի կերպարը մեզ հայտնի է առաջին հերթին պատմագիտական աղբյուրներից, ժողովրդական ավանդություններից, հեքիաթներից: Բանախոսը շեշտեց, որ կերպարի ընկալումը ժամանակի հոլովույթում գրեթե անփոփոխ է մնացել. «Հայտնի է, որ Բարեպաշտի կերպարը գեղարվեստորեն մարմնավորվել է Ղ.Աղայանի «Անահիտ» հեքիաթում: Իսկ հետագայում պատմավիպասան Հայկ Խաչատրյանը առավել ընդգրկուն ներկայացրել է նրա կերպարը իր «Վաչագան» պատմավեպում: Արցախյան գոյապայքարի տարիներին Վ.Բարեպաշտի կերպարին անդրադարձել է բանաստեղծ Վարդան Հակոբյանը «Տաճարն Աստծո» վիպերգում: Բոլորովին վերջերս տպագրվել է արձակագիր Բակուր Կարապետյանի «Վաչական» պատմավեպը: Ասել է թե` դարերից հառնող հայրենասեր, օրինապաշտ ու բարեպաշտ Վաչագան արքայի կերպարն իր հետագիծն ունի մեր ժողովրդի տարեգրությունում` և որպես պետական գործիչ, և որպես ժողովրդի սիրելի հերոս, ով իր դրվատելի գործերով ինքն իրեն անմահություն է պարգևել»:
Հնչած ելույթների շուրջ ծավալվեց բուռն քննարկում, արտահայտված տեսակետները ոչ միայն անդրադարձ էին պատմական դեպքերին ու դեմքերին, այլև անանց արժեքների յուրատեսակ գնահատական:
Տեղեկացնենք, որ Վ. Բարեպաշտի «Սահմանադրություն կանոնականը» գրքում տպագրվել են նաև մեր երկրամասում իրավակարգի պատմությանը վերաբերող հետաքրքիր նյութեր, ինչպես նաև հին ու նոր Արցախի մասին պատմող լուսանկարներ:
Ամփոփման խոսքում ԱԵԳՄՄ նախագահ, իրավաբանական գիտությունների թեկնածու Ավետիք Հարությունյանն առաջարկեց ուխտագնացություն կազմակերպել Մարտակերտի շրջանի Մատաղիս համայնքի մերձակայքում գտնվող Վաչագան Բարեպաշտի դամբարան: Ինչպես տեղեկացանք վերջին օրերի լրահոսից, առաջարկությունը կատարվել է: Բոլորիս խոնարհումը՝ Բարեպաշտ արքայի հիշատակին:

Նկարում.- Շնորհանդեսի մի խումբ մասնակիցներ
Վաչագան Բարեպաշտի դամբարանի մոտ:

 

 

 

Թիվ 5, 2018թ.

Տարածել

Պատասխանել