Նվարդ Ալեքսանյան / «Աշխարհը ամփոփում եմ իմ մեջ և ներանձնանում…»

0

Հիրավի, ակադեմիկոս Սերգեյ Սարինյանն այն եզակի անհատներից է, ում հասցեին ասված նույնիսկ գերադրական աստիճանի մակդիրներն ու գնահատականները ոչ միայն անհարկի չեն հնչում, այլև իրենց էությամբ ու խորքով բացահայտում են մեծանուն գիտնականի թողած գրականագիտական վիթխարի ժառանգությունը, մեկնում նրա էության` շատ հաճախ շրջապատից անտես մնացած որակները: Միաժամանակ, այդ ամենով չի «սպառվում» մեծ գիտնականի ու մեծ մարդու առինքնող կերպարը` հաճելի պարտադրանքով տեղ թողնելով նոր բացահայտումների:
Այս առումով շնորհակալ աշխատանք է կատարել բանասիրական գիտությունների թեկնածու Ամալյա Գրիգորյանը` կազմելով և հանրությանը ներկայացնելով «Գեղագիտությունը և բանաստեղծությունը. Սերգեյ Սարինյանի հետ» գիրքը:

Մեծերի մասին շատ բան իմանալն ու ձգտումը բոլորիս առաջնորդում է դեպի հետաքրքրական անհայտը: Սերգեյ Սարինյան ակադեմիկոսը, ականավոր գիտնականն ու գեղագետը մեծին վայել անուն ու հռչակ ուներ կյանքում, և իր թողած գրականագիտական հսկա վաստակը միշտ լինելու է այն առանցքը, որով ճշգրտվելու է հայ գրականագիտության մեջ այս կամ այն ուղղության քնությունն ու տեսությունը, փիլիսոփայությունը:
Եվ պատահական չէ նաև գրքի վերնագրի ընտրությունը, քանզի նա հենց բանաստեղծության և գեղագիտության անեզր տիրույթում ապրեց ու ստեղծագործեց` սարինյանական մնայուն գործերով հայ գրականագիտության անդաստանում իր հետագիծը թողնելու մղումով:
Վերջերս Ստեփանակերտի Գրիգոր Նարեկացի համալսարանում կայացած գրքի շնորհանդեսին մասնակցում էին Արցախի գրական ընտանիքի անդամներ, գիտնականներ, ուսանողներ, լրագրողներ:
Գիրքն իր բովանդակությամբ յուրատեսակ զրուցարան է, որն իր համայնապատկերով նպատակ ունի հանրության լայն շերտերին` հնարավորինս մերձիմոտ, ծանոթացնել Սարինյան արվեստագետին ու մարդուն, նրան ներկայացնել ոչ միայն իր հեղինակած աշխատությունների, նվաճած գիտական բարձունքների շքեղությամբ, այլև կյանքում, կենցաղում, հարազատների, ընկերների շրջապատում:
Ողջունելով ներկաներին, Արցախի գրողների միության վարչության նախագահ Վարդան Հակոբյանը նշեց, որ ինքը գրքում «ներկայանում» է ոչ միայն գործընկերոջ ու գրականագետի, այլև երկար տարիների մտերմության կարգավիճակով:
Նշվեց, որ հենց նույն օրը` հունիսի 8-ին, Երևանում, ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում, ընթանում է ակադեմիկոսի մահվան տարելիցին նվիրված հիշատակի արարողություն: Անուրանալի է Ս. Սարինյանի դերակատարությունը Հայաստանում և Արցախում երիտասարդ գրականագետների պատրաստման գործում: Այստեղ ևս նա ունեցավ իր դպրոցը: Ապրեց իմաստուն, բեղմնավոր կյանքով, իսկ մահով ընդգծվեց նրա հավերժական ընթացքը, հոգևոր ներկայությունը: Նրա գրքերը, գիտական ժառանգությունը կրթել ու պիտի կրթեն սերունդներ: Սարինյանն անկրկնելի է որպես գրական քննադատ, գրականության պատմաբան ու տեսաբան: Նա մեր մեծերի դասակն է ներկայացնում այսօր` շիտակ, արդարադատ` ասաց Վ.Հակոբյանը:
Նա իր խոսքում նաև շեշտեց մեծանուն գիտնականի մարդկային էության` շատերին անտես մնացած որակները. արտաքուստ կոշտ ու երբեմն էլ անհաղորդ թվացող կերպարի ներքո ապրում էր պարզ ու փխրուն ներաշխարհով մարդը…

Այս ամենի վկայությունն է գրքում տեղ գտած նամակների, հարցազրույցների ստեղծած ջերմ մթնոլորտը: Ուզում եմ նշել, որ ժողովածուն իր ամբողջության մեջ նաև հետաքրքիր գրականագիտական դասընթաց է, որին անհնար է առանց համակ ուշադրության մասնակցել:
Գրականագետ, բանաստեղծ Սոկրատ Խանյանը շնորհանդեսին խոսեց գրականագիտական այն անուրանալի ավանդի մասին, որը թողել է Սարինյանը հայ գրականության պատմության մեջ: Սարինյանը 19-րդ դարի հայ դասական գրականության գիտակն է, ով գրական միջավայրին հաղորդում է ազգային հպարտության երանգներ: Նա գրականության տեսաբան է, գրականության պատմաբան, մեծ փիլիսոփա, ում հետ դժվար է բանավիճել` ասաց Ս. Խանյանը:
Միջոցառման մասնակիցներից շատերը ներկայացան անվանի գիտնականի հետ ունեցած հանդիպումների, զրույցների հուշիկներով: Ս.Սարինյանին հաճախակի կարելի էր տեսնել Արցախում` գրական տարբեր հանդիսությունների առիթով, առանձնապես նրա ներկայությունը մի առանձին շուք էր հաղորդում արվեստի մուրացանյան ամենամյա տոներին:
Հնարավոր չէ մեկ հայացքի տակ առնել Ս.Սարինյանի գիտական հունձքը: Մուրացանագետը, «ի ծնե ակադեմիկոս-գրականագետը» /Հրանտ Մաթևոսյան/ նոր գնահատականով ներկայացրեց Խ. Աբովյանի, Միք. Նալբանդյանի, Ռ. Պատկանյանի, Ղ.Աղայանի, Րաֆֆու և այլ մեծերի ստեղծագործությունները: Գրականագիտական հսկա ժառանգության մեջ առանձնանում են «Հայկական ռոմանտիզմը», «Լևոն Շանթ», «Հայ նոր գրականության պատմություն», «Հայ գաղափարաբանությունը» և այլն գործեր:
Հայ գրականության զարգացման տենդենցները համաշխարհային գրական միջավայրում դիտարկելը Սարինյանի գիտական նվաճումներից է: Հայ գրականությունն իր հզոր ազդակներն ունի համաշխարհային գրական ուղղությունների ու հոսանքների համապատկերում` ներքին զարգացման ռիթմով: Գրքում կան հայ, ռուս և այլ ժողովուրդների գիտնականների ու արվեստագետների կողմից Սարինյանի կոթողային աշխատություններից մեկի` «Հայկական ռոմանտիզմի» առնչությամբ հնչած տեսակետները: Սուրեն Աղաբաբյանի բնորոշմամբ այդ «հանրագումարային գիրքը» բուլղար գրականագետ Կ. Գենովը համարել է «մեթոդաբանական ուղեցույց» բուլղարական ռոմանտիզմի մասին նման հետազոտություն գրելու համար:
«ժամանակակից հայ գրականագիտական մտքի օրենսդիր» /Լ.Անանյան/ Ս.Սարինյանի «…լեզուն գիտական է և կուռ, բնորոշումները` դիպուկ և ոչ երբեք տափակ, մտածողության եղանակը` ըստ հարկի բարդ, բայց ոչ երբեք` խրթին» /Պ.Սևակ/: Նրա ամբողջ գրականագիտական գործունեությունը, բարձրարժեք հետազոտությունները հայ գրականության երևելիների մասին` նվիրում է ու սխրանք:
Նրա գիտական գործունեության մեջ առանցքային է «Հայ գաղափարաբանությունը» աշխատությունը, որն, ըստ էության, արարվել է նրա ողջ ստեղծագործական կյանքում: Հեղինակի խոստովանությամբ՝ գիրքը մեր ազգային գաղափարաբանության պատմաքննական տեսությունն է: Ազգային գաղափարաբանությունը շատ շոշափելի իրողություն է, կենսահաստատ ակունք, մշակութային սնուցող երակ և հենակետ:
Գրքի շնորհանդեսին նշվեց, որ Արցախը հատուկ տեղ ուներ Սարինյանի կյանքում ոչ միայն որպես ծննդավայր: Արցախը հայոց նորագույն ժամանակներին թելադրեց ազատատենչություն, գիտնականը ուշադիր էր, պահանջկոտ, մի տեսակ խանդով ու խանդավառությամբ էր վերաբերվում և ստեղծվող գրականությանը` հանդես գալով գրախոսություններով և գեղագիտական-մեթոդաբանական հիմնարար աշխատություններով՝ օժանդակելով Արցախի երիտասարդ գրականագետներին:
Գրքի կազմողը` երիտասարդ գրականագետ Ամալյա Գրիգորյանը, երկու ակադեմիկոսների` Ս. Սարինյանի և Ս. Արզումանյանի համագյուղացին լինելու հպարտությունն ունի: Թեև գիրքը նվիրված Ս.Սարիյանին, սակայն Սևակ Արզումանյանի ներկայությունն էլ իմաստավորվում է, և նման գրքի հրատարակումը նաև հարգանքի տուրք ու խոնարհում է հայրենի Խաչենի երկու անվանի զավակների հիշատակին:
Գիրքն ամբողջացնում են լուսանկարները, Ս.Սարինյանին նվիրված հայտնի արվեստագետների գնահատականները, ինչպես նաև Վ. Հակոբյանի բանաստեղծությունները: Ուշագրավ են առանձին շարքով ներկայացված մեծ գեղագետի մտքերը: Դրանք անվանի մտավորականի ու մարդու մտքի բյուրեղներն են, որոնք վերաբերում են ոչ միայն գիտությանը, այլև կյանքի ամենատարբեր երևույթներին: Մեծ մտածողների ու փիլիսոփաների այս կարգի խորհրդածությունները երբեք չեն հնանում և որպես իմասնություններ` ամեն սերնդի հետ շարունակում իրենց խոսքն ու պատգամը: Այս գրքում տեղ գտած Սարինյանի խորհրդածությունները կարելի է համարել իր «Մաքսիմները»` համաշխարհային հռչակ վայելող 17-րդ դարի ֆրանսիացի մեծ իմաստասեր Լառոշֆուկոյի «Մաքսիմների» հանգով: Սարինյանական «Մաքսիմները»` սերված իր հոգուց, կյանքի փորձությունից, գիտական կաճառների պարգևած լույսից, այսօր մեզ համար իմացության, գրականության, գեղագիտության շրջանակներից հառնող հայացք են ու սթափ գնահատական: Գիրքն ամբողջապես կառուցված է Ս.Սարինյան-Վ. Հակոբյան ստեղծագործական համագործակցության վրա: Այս առումով, անշուշտ, ուշադրության արժանի է Ա. Գրիգորյանի և Վ. Հակոբյանի երկխոսությունը, որին ես չանդրադարձա, դա թողնելով մի այլ առիթի:
Գրքում արվեստագետների, գրողների մի ամբողջ համաստեղությամբ է ներկայանում Սարինյան գրականագետը, մարդը` իր խոհերով, գնահատականներով, անհանգիստ, մշտապես նոր ճամփա ելած հոգով: Մեզ ավանդված վիթխարի գիտական ժառանգությունը Սարինյանի ամենալավ ինքնաբացահայտումն է: Նա իր անխնա անկեղծությամբ առանձնանում էր մարդկային պարզ ու ընկերական հարբերությունները պահելու, դիմացինին հոգեկից լինելու, տիեզերական անսահմանության մեջ հայ գրականագիտության չմարող աստղը լինելու արվեստով:

Թիվ 06-07 -2018 (185-186)

Տարածել

Պատասխանել