Զոհրաբ Ըռքոյան / Պատմում են վանքերը

0

Դեռևս «Աշխարհացույց»-ում է հիշատակվում Աղահեճ գավառի մասին, որը գտնվել է Մեծ Հայքի Սյունիք աշխարհի կազմում և ընկած էր Արաքսի ձախակողմյան մեծ վտակներից Հակարիի վերին հոսանքում՝ Աղավնո /Արքունագետ/ և Հոչանց վտակների ավազաններում: Վաղնջական ժամանակներից է տարածքը եղել խիտ բնակեցված և մարդկության բնօրրան: Հատկապես խիտ են բնակեցված եղել Աղավնոյի և Հոչանցի բարձրավանդակները /ծովի մակերևույթից մոտ 2000 մ և ավելի բարձր/: Հետագայում բնակավայրեր հիմնվեցին նաև գետերի ափերին, սակայն, միևնույն է, զգացվում է, որ սկզբնական շրջանում մեր պապերը բնակվել են ավելի բարձր ու ամուր տեղերում:
18-րդ դարում Հակարիի աջ ու ահյակ ափամերձ տարածքները հայաթափ եղան, և այստեղ բնակություն հաստատեցին մահմեդական տարրերը:
1992-93 թվականներին ազատագրվեց մեր պապերի ոստանը, վերստին հայացավ: Տարածքը հարուստ է պատմամշակութային հուշարձաններով, բնաստեղծ գեղատեսիլ պատկերներով՝ փոքր, սակայն, գեղեցիկ ջրվեժներով, տարբեր կերպարանքներ ընդունած սնկաձև ժայռերով, քարանձավներով, հարթատարած մարգագետիններով, որոնք տարվա ցանկացած եղանակին ունեն աննկարագրելի հմայք ու գեղեցկություն: Աղավնո և Հոչանց գետերի ավազաններում շատ են նաև վճիտ ու քաղցրահամ աղբյուրնները՝ սառնորակ ջրով: Այս ամենը հնարավորություն է տալիս տարածքում զարգացնել տուրիզմը:

Անցած աշնանը ԱՍ տուրիստական խումբը, «Հայրենասեր» ՀԿ համահիմնադիր Ստեփան Սարգսյանի նախաձեռնությամբ և հովանավորությամբ այցելեց Քաշաթաղի շրջան: Խմբին ուղեկցեցի Շալուա, Հոչանց և Աղավնո գետերի հովիտներ: Արշավախմբի անդամները Երևան վերադարձան՝ տպավորված Քաշաթաղի շրջանի հյուսիսային թևի գեղեցկությամբ, պատմական հուշարձանների առատությամբ, բնակչության հյուրասիրությամբ: Խմբում էր Սահակ Խանգելդյանը, ում ուղեկցությամբ հունիսի 20-ին Քաշաթաղի շրջան այցելեցին զբոսաշրջիկներ արդեն արտերկրից: Ազգությամբ անգլիացի Պոլը և ռուս կինը՝ Ասյա-Աննա Վասիլևան, բնակվում են Եգիպտոսում՝ Կարմիր ծովի ափամերձ մի քաղաքում և զբաղվում են ջրային սպորտաձևերով: Առաջին անգամ են այցելում Հայաստան և Արցախ: Մոսկվացի Օլգա Պատրյուշևան Մոսկվայից է, աշխատում է «Սամոկատ» հրատարակչությունում՝ որպես մանկական գրքերի խմբագիր, իսկ մեր հայրենակից Կարինա Չումակովան Ստավրոպոլի երկրամասի Նևինոմիսկ քաղաքից է: Ժամանակին ինքն ու Օլգան աշխատել են միասին և արդեն երկրորդ անգամ է, ինչ արձակուրդներն անցկացնում են Հայաստանում: Եթե անցած տարի եղել են միայն ՀՀ-ում և այցելել հիմնականում հայտնի տուրիստական տեղեր, այս տարի, Սահակի առաջարկությամբ, շրջայցն անցկացրեց նաև Արցախում:
Զբոսաշրջիկների այս խումբը ցանկություն հայտնեց հիմնականում ոտքով անցնել Աղավնոյի ափերով, բարձրանալ սարերը: Առաջին և երկրորդ օրը եղել էին Վայոց ձորի տարածքում և Սյունիքում: Երրորդ օրը Խնածախ գյուղից ոտքով հասան Ծիծեռնավանք, որտեղ դիմավորեցի նրանց և 2 օր ուղեկցեցի: Չնայած ոտքով անցել էին մոտ 10 կմ ճանապարհ, սակայն հասնելով Ծիծեռնավանք և այցելելով Սուրբ Գևորգ տաճար, արշավականները մոռացել էին հոգնածությունը:
Ծիծեռնավանք կրոնական համալիրը գտնվում է համանուն գյուղում՝ ընկած այն տարածքում, որտեղ Աղավնոյին են միանում 2 վտակներ՝ Խոզնավարը և Բայանդուրը: Որոշ հետազոտողներ գտնում են, որ եռանավ բազիլիկ եկեղեցին, որն ունի ճարտարապետական բացառիկ հորինվածք, կառուցվել է հեթանոսական տաճարի հիմքերի վրա: Այսինքն՝ դեռևս նախաքրիստոնեական շրջանում այստեղ եղել է հայոց պաշտամունքային կենտրոն, որն իր էությունը պահպանել է ու կպահպանի հավերժ:
Ներկայացնելով Ծիծեռնավանք բնակավայրի և հոգևոր կենտրոնի մասին՝ տեղեկացրի, որ այս բնակավայրի և սրբատան մասին հիշատակվում է 10-րդ դարի պատմիչ Մովսես Կաղանկատվացու /Դասխուրանցու/ «Պատմութիւն Աղուանից» գրքում: Հիշատակությունում նկարագրված է Հայոց ՄՂԵ-864 թվականին արաբական արշավանքների հետ կապված մի լեգենդ-իրողություն. «Յետ այսորիկ արշավանս առնէր Խազր՝ Փատգոսի որդին յաշխարհն Սիւնեաց և գերի վարեալ «Բաղացն սահմանս» գայ իջանե յԱղահէջ գավառ՝ յավան մի Արքուգետն /Արքունագետն/ կոչեցեալ և իսկոյն հրամայէ այրել զեկեղեցին, որ Սրբոյն Գիորգայ /Գրիգորկայ/ էր անունագրեալ: Եւ յայն ժամ զորութիւն Աստուածային հասեալ հեծեալ մի ի ձիոյ ճերմակ ճեպով ելանէ յեկեղեցւոյն արտաքս, ակն յայտնի ամենեցուն, ընթացեալ ի բանակն՝ շփոթեալ զայրն անօրեն հանդերձ զօրօքն իւրովք դարձուցանէ ի փախուստ ընդ սարն, որ կոչի ԵՂՋԵՐԽՈՌ /եղջիւյր խոյի/ և ընդ հողմ դժնդակ մրրկեալ շրջապատաց զնոսա և միայն ի ձի ապաստան փախուցեալքն զերծան, իսկ պաղանդաւորքն /յ/առապուրք ի լերանց վերա կորեան, և գերեալքն մնացին խաղաղութեամբ փառս Աստուծոյ տալով»:
Ծիծեռնավանքի պատմության և անվան հետ կապված այլ տեղեկություններ կան, սակայն կարևորն այն է, որ այժմ մեր սրբատունը նորոգ է ու ամուր, հայալեզու աղոթքն է այստեղ հնչում: Արդեն նաև շատ օտարներ են այցելել ու այցելում այստեղ և սերտում տարածքի պատմությունը:
Ծիծեռնավանք գյուղում էր բնակվում մաթեմաթիկայի ուսուցիչ, երջանկահիշատակ Հովհաննես Թավաքալյանը, ով մացառները մաքրելով, այգի է հիմնել իրեն հատկացված տան մոտ, և այստեղ գտնվող փոքր, սակայն գեղեցիկ ջրվեժի ափին ստեղծել հանգստի գոտի՝ այժմ՝ «Թավոյի դրախտ»-ը: Այստեղից չէին ուզում հեռանալ զբոսաշրջիկները: Նույն օրն այցելեցինք մեկ այլ ջրվեժ, որը գտնվում է Աղավնոյի Խնածախ վտակի վրա՝ Արահուձ գյուղի մոտակայքում: Ով գիտե, հազարավոր, թե միլիոնավոր տարիներ շարունակ հոսել է այստեղով գետակը, ճանապարհին մի գեղատեսիլ ձորակ է ստեղծել, իսկ ժայռերից ցատկելով՝ ջրվեժ է դարձել ու տաշել-տաշել է բազալտը, խորացել քարի մեջ: Այս տարածքում միջնադարում Քաշաթաղի հզոր մելիք Հայկազյանները ոռոգման ջրատարներ են կառուցել, այգի հիմնել: Պահպանվել են դրանց հետքերը: Որոշ տեղերում մեր նախնիները ջուրն անցկացրել են՝ ձորի վրա կամուրջ-ադվեդուկ կառուցելով: Այսօր ջուրը հոսում է միայն ձորով, սակայն ադվեդուկի ու ջրատարի պատերը պահպանվել են: Որոշ մասերում ջուրն անցել է ժայռերի տակով և ստեղծել բնական կամուրջներ, ինչպես՝ Տաթևի մոտակա Սատանի կամուրջը: Այս գյուղի մոտ է Մելիքաշենը՝ Ծիծեռնավանքի գյուղական համայնքի կազմում: 14-15-րդ և մինչև 18-րդ դարավերջ այստեղ Աղահեճ-Քաշաթաղի Հայկազյան մելիքներն ունեցել են ապարանք, որն այժմ գործում է որպես հյուրանոց: Այստեղ 2 գիշեր անցկացրեցին զբոսաշրջիկները: Հյուրատունն ապահոված է զբոսաշրջությունն անհրաժեշտ պայմաններով: Հաջորդ օրը մեր շրջագայությունը շարունակվեց Աղավնոյի աջափնյա Միրիկ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցի այցելելով՝ նախապես ծանոթանալով գետի աջափնյա Մկնատամի Խաչ մատուռ եկեղեցու պատմությանը: 12-13-րդ դարերում կառուցված փոքրիկ եկեղեցին գտնվում է Աղավնոյի Սթունիս վտակի ձախ ափին՝ Աղավնոյից մոտ 0,5կմ աջ: Ձորակում առանձնացած ժայռեղեն բլրակն ունի քարանձավներ, որոնք ժամանակին եղել են բնակելի, հավանաբար՝ ճգնարաններ: Այս բլրակի վրա է թառած Սրբատունը, որն ունի բուժող հատկություն: Միջնադարում այստեղ բուժվել են մկնատամ /քոս, բորոտություն/ հիվանդություն ունեցողները: Տարածքի հայաթափումից հետո էլ Գորիսի տարածաշրջանից այստեղ ուխտավորներ են եկել խորհրդային տարիներին: Ականատեսների վկայությամբ նաև մահմեդականներն էին այստեղ ուխտի գալիս: Փոքրիկ, սակայն պատմական ու հրաշքով հայտնի մատուռին կից կա մեկ այլ կառույց, որը եղել է գրադարան: Այս ձորակում Սթունիս գյուղում և մոտակայքում ևս 3 եկեղեցի կա, բացի այդ, տարածքում պահպանվել են հնադարյան ամրոցների և բնակավայրերի հետքեր, ավերակներ: Աղավնոյի ձախակողմյան բարձրադիր մի հարթ տարածքում դարեր-դարեր առաջ հայն է բնակվել, նաև՝ քարանձավ-կացարաններում, որոշները՝ ժայռերի բարձր դիրքում են, և այստեղ մուտքն ու ելքը կատարվել է պարանների օգնությամբ: Հարթության եզրին մոտ 9-10-րդ դարերում մեր նախնիները ճարտարապետական եզակի հորինվածքով եկեղեցի են կառուցել, որը կոչվում է տեղի անունով՝ Վարազգոմի վանք: Այժմ վթարային վիճակում է Սրբատունը՝ մոտակայքում խաչքարեր ու տապանաքարեր: Կիսակործան վիճակում էլ եկեղեցին հրաշալի տեսք ունի և գերող հատկություն: Միրիկ գյուղն ընկած է Աղավնոյի աջափնյա բարձրադիր ձորակում և գետից բարձրացող լանջին՝ Մոշաթաղ գյուղին շատ մոտ: Գյուղ մտնող ճանապարհի աջ կողմում է Սուրբ Աստվածածին եռանավ բազիլիկ եկեղեցին՝ կառուցված 17-րդ դարում: Կանգուն վիճակում է մեզ հասել. խորհրդային տարիներին այն օգտագործվել է որպես պահեստ: Զբոսաշրջիկներին այս տաճարը ևս շատ հետաքրքրեց: Հիացած էին մեր նախնիների վարպետությամբ: Եկեղեցուց աջ բարձր բլուր է՝ նեղ ու երկար ձգվող դեպի արևմուտք: Բլրի հարավային լանջը, մոտ 1կմ երկարությամբ, միջնադարում եղել է բնակատեղի. պահպանվել են տների հիմքեր, դամբարաններ: Ավելի վերևում պահպանվել է հնադարյան ամրոցատեղին: Անցած տարի, Ստ. Սարգսյանի հովանավորությամբ, հնագետների կողմից այստեղ իրականացվեցին պեղումներ, հայտնաբերվեցին խեցեղեն, պարսատիկի քարեր, հնագիտական այլ նյութեր: Ամրոցում եղել է նաև պաշտամունքային մեծ կենտրոն: Բլրի միջին մասում պահպանվել է առանց շաղախի կառուցված մոտ 70 մ երկարությամբ աստիճանավանդակ, իսկ բարձր մասում, ըստ հնագետների՝ տաճար /զիկուրատ/: Արևելյան մասում նմանատիպ մեկ այլ կառույց կա՝ ավելի լայն պատերով՝ շարված ավելի մեծ քարերով: Ամրոցի հյուսիսային անտառապատ կողմում ժամանակին մինչև 5-6 մ բարձրությամբ պարիսպ է եղել՝ ձգվելով մոտ 200 մ: Տեղ-տեղ պահպանվել են պարսպի հատվածները: Արևելյան կողմում նեղ ու սուր տեսք ունի բլուրը: Սկզբնամասում է եղել, դարպասներից մեկը, որով մուտք են գործել հրապարակ, այնուհետև խորացել ներս: Հարավային լանջի վերին մասում բնական ժայռերը մշակել, պարիսպ են դարձրել, իսկ թույլ տեղերն ամրացրել են պարսպապատերով: Լանջի միջնամասում նույնպես ամրություններ են եղել/ պահպանվել են մոտ 3-4 մ բարձրությամբ պատաշարեր, բնակելի և այլ նպատակներով օգտագործված շինությունների հիմքեր ու պատեր:
Այս կողմում նաև 2 քարանձավ կա, որոնք եղել են գաղտնարաններ կամ գաղտնի ելքեր: Ներքևում միջնադարյան բնակատեղին է: Արևմտյան կողմից է եղել ամրոցի հիմնական մուտքը: Մինչ ամրոց հասնելը՝ ճանապարհին նաև հոգևոր շինություններ են եղել: Այստեղից ճանապարհը ձգվել է դեպի Սյունիքի արևմտյան տարածքներ: Ամրոցից մոտ 5 կմ արևմուտք պահպանվել են, հնարավոր է, նույն ժամանակներում գոյություն ունեցած բնակատեղիներ, պատմական փարախներ, դամբարաններ: Սրանց մոտ է բացառիկ մի ժայռապատկեր, որը, ըստ հնագետների՝ տարածքի քարտեզն է: Մեր հյուրերը չէին սպասում, որ նման հնագիտական հուշարձաններ կտեսնեն այստեղ, իսկ 2000 և ավելի մետր բարձրությամբ ալպիական գոտու բնությունը պարզապես գերում է, հազարագույն ծաղիկներ, որոնք բնության կողմից գորգի են վերածվել: Նույն դրախտային դաշտերով անցնող ճանապարհով հասնում ենք Հերիկ գյուղ, որտեղ պահպանվել է դարձյալ 17-րդ դարում կառուցված միանավ բազիլիկ եկեղեցին՝ Սուրբ Գևորգը: Եկեղեցու մուտքը հարավից է, հյուսիսային պատի մեջ փոքր մուտք կա դեպի քարանձավ: Գյուղի մոտակայքում և ներսում շատ քարանձավներ կան, որոնցից մեկը բավականին մեծ է ու կամարաձև: Այն ժամանակին եղել են բնակելի, այսօր էլ օգտագործվում են որպես բնակարան ու թոնրատուն, մարագ ու գոմ: Եկեղեցուն կից քարանձավն ավելի վաղ եղել է սրբավայր: Այդ են վկայում քարանձավի պատերին, մուտքի մոտ քանդակված խաչերը: Հնամենի սրբավայրի մոտ 17-րդ դարում մեր պապերը եկեղեցի են կառուցել, որպես ավանդատուն պահպանվել է քարանձավը, որի ներսում մութ է, սակայն խորհրդավոր:

Այստեղ զբոսաշրջիկները զրուցեցին բնակիչների հետ, ծանոթացան նրանց կենցաղին: Տեղեկացան, որ ունեն նորակառույց դպրոց, որը կոչվում է Արցախի հերոս, 2016 թ. ապրիլյան պատերազմի մարտիրոս Ռոբերտ Աբաջյանի անունով: Դպրոցի շենքը կառուցվել է «Հայրենասեր» ՀԿ-ի կողմից:
Հերիկը նույնպես ընկած է Աղավնոյի աջակողմյան բարձրադիր մի ձորակում, ունի գեղատեսիլ բնություն: Ըստ որոշ ավանդապատումների՝ Հերիկը և հարևան Միրիկ-Մերիկն իրենց անվանումներն ստացել են հայր-Հերիկ և մայր-Մերիկ բառերից: Դարեր առաջ թշնամու ասպատակությունների ժամանակ այս վայրերում են նահատակվել մի ընտանիքի հայրն ու մայրը, որոնց անունով էլ կոչվել են բնակավայրերը: Հերիկից իջնում ենք Աղավնոյի ափ և Բերդիկ փոքր գյուղից շարունակում ճանապարհը դեպի հյուսիս՝ Հակ և Լեռնահովիտ գյուղեր:
Բերդիկից դեպի Հակ՝ ճանապարհը բարձրանում է ժայռապատ լանջով և մտնում ալպիական գոտի: Այստեղ՝ տասը և ավելի հեկտար տարածքի վրա դարեր, հազարամյակներ առաջ եղել է խիտ բնակեցված բնակավայր, որն ունեցել է ամրոց, հեթանոսական տաճար: Պահպանվել են դրանց հիմքերը, պարսպապատեր, բազում դամբարաններ: Այստեղից դեպի արևմուտք Աղավնոյ ձորն է: Խոր կիրճում կա հանքային ու տաք ջրի 4 աղբյուր: Քիչ վերևում գետը 3 կողմից պատել է մի բլրակ, որի վրա նույնպես ամրոցատեղի կա: Մոտակայքում դամբարաններ են, իսկ մեկ այլ նեղ ու ձգվող հրվանդանի վրա միջնադարում գոյություն է ունեցել Աղբաթխերտ հայոց պատմական գյուղը: Այժմ գյուղից մնացել են ավերակների հետքերը, իսկ մոտակայքի եկեղեցին ու գերեզմանատունը թուրքերը քանդել են խորհրդային տարիներին՝ այստեղով ջրատար կառուցելու պատրվակով: Պահպանվել են տասնյակ խաչքար ու տապանաքար՝ շրջված, իրար վրա ընկած: Շիրմաքարերի այս գերեզմանոցում կան շինության համար մշակված քարեր, որոնք հավանաբար եկեղեցուց են մնացել: Աղբաթխերտից դեպի Հակ գնացող ճանապարհը հատում է Աղավնոյի վտակներից մեկը: Այստեղ պահպանցել է կամարակապ քարե կամուրջը, որի մոտ կա մի շինություն՝ հաստ պատերով, պարսպապատ: Հավանաբար՝ ամրոց է եղել, ներսում՝ եկեղեցի: Ընդարձակ շինությունից պահպանվել են իրար կից 2 սենյակ՝ առանց ծածկի: Արևելյան սենյակի մեջ մի մեծ խաչքար կա, իսկ մուտքի պատին՝ ընդարձակ արձանագրություն, որից հետևում է՝ այն եկեղեցի է և կոչվում է Սուրբ Աստվածածին: Այստեղից մոտ 3 կմ հուսիսում է Հակ գյուղը, որն ունի պատմական ու հերոսական անցյալ:
Աղավնոյի երկրորդ մեծ վտակն անցնում է Հակի հարավ-արևմտյան կողմով: Գետի վրա 19-րդ դարում երկթռիչք քարե կամարակապ կամուրջ է կառուցվել, որով հնարավոր է եղել երթևեկել դեպի Սյունիքի Գորիսի և Սիսիանի տարածք: Կամրջի դիմաց գյուղի հայկական թաղամասն է՝ կենտրոնում Սուրբ Մինաս եռանավ բազիլիկ եկեղեցին՝ կառուցված 17-րդ դարում: Եկեղեցու մոտակայքում պահպանվել են խաչքարեր, ժայռերից մեկի վրա խաչեր են քանդակված: Գյուղը խորհրդային տարիներին կոչվում էր Մինքյանդ/հազար գյուղ/: Ըստ ավանդության՝ Լենկթեմուրն իր արշավանքի ճանապարհին հազարերորդ բնակավայրը, որ ավերել է, Հակն էր: Այս պատճառով այն կոչվել է Մին քյանդ: 18-րդ դարում, երբ հայաթափվեցին այս տարածքները, Հակում հայերը շարունակեցին բնակվել՝ մահմեդականների հարևանությամբ: Ունեին դպրոց, որտեղ նաև թուրքերն էին սովորում, խանութներ: Սակայն 1918 թվականին գյուղն ամբողջությամբ հայաթափվեց՝ ենթարկվելով հարձակումների թուրք-քրդերի կողմից: Պահպանվել է հայկական թաղամասը՝ ավերակ, սակայն պատմող, որ հայն այստեղ դեռևս 19-րդ դարում երկհարկանի տուն է կառուցել: Տներից մեկի դարպասի կամարին աղավնիներ են քանդակված: Թուրքաշեն տներից շատերի պատերի մեջ հայոց հանգստարանից տեղահանված բազում շիրմաքարերի բեկորներ կան:
Հակից բարձրանում ենք Լեռնահովիտի գյուղական համայնքի տարածք: Հայոց երբեմնի շեն ու խիտ բնակեցված ալպիական այս տարածում դեռևս հազարամյակներ առաջ բազում բնակատեղիներ են եղել: Լեռնահովիտ-պատմական Եզնագոմեր գյուղի դիմաց բարձր բլրի վրա պահպանվել է հզոր մի ամրոցատեղի, մոտակայքում կան պատմական փարախներ, դամբարանադաշտեր, բնակավայրի հետքեր: Գյուղում 2 հին շինություն կա, որոնցից մեկի պատուհանի անկյունաքարին արձանագրություն կա. «Գուսան Գանի…»: Մյուս շինությունը կոչվել է «Ասլի-Քյարամ» քիլիսա. Ասլիի և Քյարամի եկեղեցի: Գյուղը հայաթափվելուց հետո կոչվել է Ղարաքեշիշ-Սև տերտեր: Եղած հնությունները, գյուղի անվանումը հուշում են, որ «Ասլի-Քյարամ» հայտնի ժողովրդական սիրավեպն այստեղ է ձևավորվել. և հնարավոր է՝ Ասլին ու Քյարամն այստեղ են բնակվել: 18-րդ դարի սկզբում, երբ քրդերն սկսեցին թափանցել հայոց տարածքներ, սկզբում բնակվել են հայերի հարևանությամբ՝ սև վրաններում: Հնարավոր է այդ ժամանակ էլ Քյարամն ու Ասլին սիրահարվել են: Մեր հյուրերին այս սիրավեպն էլ հետաքրքրեց, որ հայ հոգևորականը երբեք չէր կարող իր դստերն ամուսնացնել մահմեդականի հետ: Լեռնահովիտի համայնքի կազմում են Սպիտակաջուր, Շրվական, Ուղտասար գյուղերը: Վերջինում պահպանվել են մոտ 10 տապանաքար ու խաչքար, որոնք նույնպես այս բնակավայրի՝ հայոց ոստան լինելու մասին են պատմում: Շրվականն ընկած է արդեն Հոչանց գետի աջափնյա լանջերին: Այստեղ մեզ դիմավորեց Լեռնահովիտի գյուղական համայնքի ղեկավար Մասիս Կարապետյանը, հրավիրեց իր տուն, հյուրասիրեց: Մեր հյուրերը տպավորված հեռացան: Գյուղի մոտով է անցնում Հոչանցի մի փոքր վտակ՝ Սպիտակաջուրը, որը ձորալանջից ցած է թռչում՝ ստեղծելով հիանալի մի ջրվեժ՝ ծիածանավառ, ամբողջովին սպիտակ: Ջրվեժի ձախակողմյան անտառապատ ափամերձ հարթությունում տարածքի միջնադարյան տերերը ժայռի վրա 2 խաչ են քանդակել: Գյուղի կենտրոնում մի քանի տապանաքար կա, որոնք 14-15-րդ դարերի հուշակոթողներ են: Շչվականից բարձրանում ենք Սպիտակաջուր գյուղ, որտեղ ժայռերի տակից է սկիզբ առնում ջրվեժածին գետակը: Այս գյուղի հյուսիսային կողմում՝ ձորի պռնկին միջնադարում ամրոց է եղել: Պահպանվել են պարիսպների, շինությունների հետքեր: Ձորի մեջ ուղղաձիգ ժայռին խաչեր են քանդակել միջնադարում: Գյուղն ունեցել է եկեղեցի՝ շրջապատված հանգստարանով: Եկեղեցին հիմնահատակ քանդել են քրդաթրքերը խորհրդային տարիներին, իսկ հանգստարանի շիրմաքարերն օգտագործել են որպես շինաքար: Թուրքերի տների պատերի, ցանկապատերի մեջ կան ամբողջական ու բեկորված շիրմաքարեր:
Վերջերս «Հայրենասեր» ՀԿ համահիմնադիր Ստ. Սարգսյանի նախաձեռնությամբ որոշ խաչքարեր բերվեցին հատուկ տարածք, որտեղ նաև խաղահրապարակ է: Զբոսաշրջիկներն այցելեցին նաև այստեղ:
Մթնշաղին վերադարձանք Աղահեճք-Քաշաթաղ երկրի ծայրամասային բնակավայրերից և գիշերեցինք Մելիքաշենում՝ Մելիք Հայկազյանների ապարանքում: Առավոտյան կամարակապ ծածկով պատշգամբում նախաճաշի ժամանակ հյուրերին տեղեկություն տվեցի մեր պատմության այդ հերոսական ու դրամատիկ ժամանակաշրջանի մասին, երբ տարբեր ասպատակողներ են անցել Աղավնոյի հովտով: Անցել են ու հեռացել, և այսօր դարձյալ հողի, ջրի սար ու ձորերի, անտառների իսկական տերն է այստեղ ապրում և շենացնում հազարամյակների իր տունը, ընդունում հյուրերի, ովքեր հեռանում են՝ կարոտելով, տպավորված, վերստին այցելելու հույսով:

Թիվ 06-07 (185-186)

Տարածել

Պատասխանել