Մարգարետ Ասլանյան / Թարգմանություն 

0

Ելենա Շվարց 

Գնդասեղ

 

 

***
Ես դադարել եմ մենախոսել Աստծո հետ:
Նա հիմա ապրում է երբեք չանձրևող երկինքներում
և չի հիշում դաղձի բույրով ձեռքերը իմ:
Ծերությունը վերմակ է,
որի տակից դուրս գալ չես ուզում,
որովհետև վախենում ես հաշիվ տալ քեզ՝
աշխարհում անփոխարինելի չլինելդ,
որովհետև սարսափում ես չապրել մահդ նրա հետ,
ով ամբողջ կյանքդ էր:
Ինձ նորից պաշարել է հիշողության գիշերը:
Ես մերկացնում եմ նրա առաջ կուրծքս,
բացում ոտքերս,
արձակում վարսերս
և նա մտնում է լքված վանքն իմ՝
առանց գլխաշոր,
որովհետև իմ պատերը թողությունն են Նրա,
որովհետև ցանկացած անցում իմ միջով՝
սրբագործություն է:

***
Հիմա, երբ դու այլևս չկաս՝
կիրքը տառապանք է, մարմինս՝ խոց:
Ես չեմ ուզում պատմել, թե ինչ է հոգին,
նույնիսկ չգիտեմ,
որովհետև քարսիրտ կանայք
քամում են ցավի գինին
խաղողօրհնեքից առաջ,
երբ դեռ ոչ մեկը չի տեսել
առաջին ողկույզը,
որովհետև առաջին ողկույզը
ամեն մեկի տեսնելու բանը չէ…

***
Կարոտից ճանկռել եմ դեմքս,
ժպիտս լողակել կապույտի մեջ:
Մազերիս ծիածան է կապել
հուսահատության կամուրջը,
որով ամեն կեսգիշեր դու հեռանում ես ինձնից՝
խմելով անվերջության օվկիանոսն իմ,
որով ոչ մի առավոտ դու չես վերադառնում՝
վերջապես լցվելու իմ մեջ հավերժությամբ,
որովհետև տանը քեզ սպասողն ունի անուն՝ ընտանիք,
որովհետև դու նույնիսկ քեզ չես խոստովանում,
որ ես ավելին եմ…
Վերադարձիր, Աստվա՛ծ,
ու տես, թե ինչ պատահեց,
երբ այն օրը՝ Նևայի կամրջակին
չթողեցիր մարմինս դառնար վերջակետ,
երբ խլեցիր ամեն բան՝
հիշողությունս թողնելով իբրև պատիժ,
որ դատապարտված չէ մահվան.
եթե անգամ անտեսանելի դարձնես ժամանակը,
հիշողությունս ձկներին նետես՝
ես կհիշեմ դաղձի բույրով ձեռքերը Նրա,
ով իմ գրկում սևագրում է մեղքի զգացումը ուրիշի հանդեպ,
ով ուրիշի գրկում մաքրագրում է գաղտնիքն իմ մասին…

***
Ամեն բան ավարտված է:
Ի՜նչ աննշան ես շփոթել ելքը…

***
Ծաղիկներին պատմում եմ քո մասին`
լաց են լինում:
Թարթիչներս կռացել են
ծանրությունից կարոտի:
Ես վախենում եմ այլևս չքայլել
անդունդի եզրով,
ես վախենում եմ կորցնել քո հանդեպ
վայրենի դողս.
վերջին անգամ սիրիր թախիծն աչքերիս,
վերջին անգամ պատմիր լեգենդը
չմեռնող թռչունների…

Թիվ 06-07 (185-186)

Տարածել

Պատասխանել