Արտաշես Ղահրիյան / Իմ Մաթևոսյանը

0

1961-ի գարնանամուտը. համալսարանական կյանքիս ավարտական տարին… ես մոլորված էի գրական փորձերում: Ոտանավորից վաղուց էի հրաժարվել, իսկ պատմվածքի ժանրում մեկ-երկու գրքային բան հորինելով՝ տեսնում էի, որ չի ստացվում: Գրական աշխարհում ձնհալի ժամանակ էր, նոր ասպարեզ իջնող ստեղծագործողների մտքին տիրում էր Բակունցը, մեծ էր հրապուրվածությունը արտասահմանյան գրողների՝ Սարոյանի, Ֆոլքների, Ռեմարկի, այլոց գործերով: Հոգևոր կյանքի այս գարնանը հանկարծ՝ առաջին ձնծաղիկը՝ «Սովետական գրականություն» ամսագրում լույս է տեսնում Հրանտ Մաթևոսյանի «Ահնիձոր» գեղարվեստական ակնարկը: Գրեթե անծանոթ անուն, սակայն հրապարակման կենարար պայթյունը միանգամից ավետեց իսկական գրողի հայտնությունը: Ճանաչումը համընդհանուր էր: Դրան «խթանեց» նաև կոմկուսի կենտկոմի որոշումը՝ իբր ոմն Մաթևոսյան փորձ էր անում արտահայտելու գյուղացու մանր սեփականատիրական, ոչ խորհրդային մտածողության շերտերը: Խայտառակ գաղափարական մշակում: Անձամբ զգալով «Թարմաշունչ խոսքի» բարերար ազդեցությունը («Գրական թերթում» այդ վերնագրով էին ողջունել «Ահնիձորը» գրականագետներ Ս. Աղաբաբյանն ու Լ. Հախվերդյանը), ես հասցրել էի ունենալ արդեն փնտրվող ամսագրից մեկ օրինակ: Այնուհետև ձգտում էի տեսնել, ճանաչել հեղինակին, ով, ասում էին, հեռակայում էր մանկավարժական ինստիտուտում և աշխատում որպես սրբագրիչ նույն ամսագրի խմբագրությունում: Դա էլ չուշացավ, ընկերս՝ Վազգեն Գաբրիելյանը ինձ տարավ ինստիտուտի դահլիճ, ուր հանդիպում էր լինելու Մարտիրոս Սարյանի հետ և ուր հույս ունեինք տեսնել Հրանտին: Այդպես էլ եղավ, սակայն ծանոթանալ չստացվեց: Նիհար, բարձրահասակ, խոշոր արտահայտիչ աչքերով երիտասարդը շուտ անհետացավ հոծ բազմության մեջ: Այն տպավորությունն ունեցա, թե նա խուսափում էր ընկերական եռուն շրջանից կամ գուցե ուշադրությունից: Ճակատագիրը, սակայն, ինձ աննկատ մոտեցնում էր նրան: Ավարտելով համալսարանը, որպես սրբագրիչ աշխատանքի անցա «Սովետական Հայաստան» թերթում: Գնունի փողոցի տպարանում էլ, ուր ինձ գործընկեր էր Հրանտի քենին՝ Ժասմենը, հանդիպեցի Մաթևոսյանին՝ արդեն որպես «Գրական թերթի» սրբագրիչի: Ամսագրից հեռացրել էին, բայց տաղանդին անտես չէին արել: Անմիջապես ընկալեցի նրա կերպարը՝ քիչ ինքնամփոփ, թախծոտ, իր արժեքը խորապես գիտակցող, ցուցամոլությունից շատ հեռու, գյուղաշխարհում մշակված սրամիտ խելք ու կեցվածք, կողքինի թուլությունները հեգնելու կիրք, մի խոսքով՝ իր հերոսների կրողը, ավելի ճիշտ՝ ինքն իր գրական հերոսը: Նա սուղ նյութական վիճակում էր (նոր էր ամուսնացել), մի քանի ռուբլու համար մեկ-մեկ «Սովետական Հայաստանն» էլ սրբագրելու եկող Հրանտի հետ գործի ընդմիջումին, երբ խոսք բացեցի «Ահնիձորի» մասին, տեսա շատ կուզենար ամսագրից մեկ օրինակ ունենալ: Իմ օրինակը տվեցի իրեն, գնալով մտերմացանք: Նա նույնիսկ սկսեց հետաքրքրվել, թե ես գրելու փորձեր չե՞մ անում: Եվ մի օր Մարքսի փողոցի ընդհանուր լողարանում, ուր եկել էինք անմիջապես սրբագրատնից, իրար մեջք օճառելիս ասացի, որ գրում եմ, բայց գրածներս բանի պետք չեն, որովհետև… չգիտեմ: Նա շատ շուտ կռահեց ինձ և ասաց «թեմայից» է: Ես լավ չըմբռնեցի նրան: Ասաց. «Պատմվածքի նյութ առ պատերազմական օրերի մանկությունդ, գյուղում ապրած-տեսածիդ հուշերը, կամաց-կամաց կստացվի»: Իրոք, գրում էի հորինովի բաների մասին, չգիտակցելով, որ անհաջողությունս «թեմայից» է: Այդ օրերին էլ նկուղային մի սառնաշունչ խուց վարձեցի Այգեստան թաղամասի 10-րդ փողոցում, իսկը՝ Քնյութ Համսունի «Սովը» վիպակի հերոսը: Ա՜յ քեզ պատահականություն, թե ինչ… Պարզվեց հարևան եմ կողքի տանը սենյակ վարձած Հրանտին, ուր ապրում էր եղբոր՝ առայժմ տպարանի լինոտիպիստ, հետո՝ ճանաչված գրող Հրաչյայի հետ, ում հետ գործի բերումով լավ ընկերներ էինք: Իմ նկուղում էլ, որը ձմեռը չէր տաքացվում, ցրտից կուչ կտրած, համարյա սոված, մտմտում էի մանկությանս օրերի հուշերում՝ գտնելու այն, ինչը խորհուրդ էր տվել Հրանտը: Եվ… գտա: Ստացվեց իմ առաջին պատմվածքը, որը կարծես հավանեցի: «Գրական թերթում» արդեն որպես գրական աշխատող Հրանտն այն ընդունեց տպագրության: Տպագրվեց երիտասարդ գրողների առաջին հանրապետական հավաքին նվիրված թերթի համարում «Իմ հեռու աստղերը» վերնագրով: Ճիշտ է, պատքարտուղար Արտաշես Քալանթարյանը այն խուզել էր, բայց, ոչինչ, մի բան մնացել էր, և մյուս օրը ինձ շնորհավորում էին: Իսկ երբ մտա խմբագրություն, ուր նստած զրուցում էին Հ. Սահյանը, Վ. Դավթյանը և էլի մեկ-երկուսը, Հրանտը Սահյանին ասաց. «Ըհը, էս էլ հեղինակը»: Սահյանը գլխով արեց, «ապրես» մաղթեց, իսկ Հրանտը կատակի տվեց. «Երկուսս էլ տաղանդավոր, երկուսիս քթերն էլ ջարդված… նույն ակունքից ենք գալիս»: «Չէ, Հրանտ, դու հա, ես՝ չէ՜» ընդհանուր ծիծաղում լավ էր հասցրի ասել:
Ժամանակ անց Ժասմենն ինձ ուրախացրեց ոչ այնքան՝ որ «Հրանտը, քեզ հավանում է, գիտե՞ս» ասելով, նկատի առնելով, որ մեկ-երկու նոր պատմվածք էի տպագրել, որքան որ հայտնելով՝ որ Հրանտը վիպակ է գրել՝ «Նանա իշխանուհու կամուրջը»: Իմ կուռքից գերված՝ շտապեցի հանդիպել. բախտիցս իր գրասեղանին էր այդ գործը և թախանձանքս չմերժեց: Տարա տուն և մի շնչով ընթերցեցի մաթևոսյանական շենշող ոճով գրված վիպակը: Հիսուն տարիներ անց, այսօր հիշում եմ մի տողը. Լոռու ձորում գտնվող գերմանացի բարձր միսիոները ձանձրանում է. չկա այս ձորում մեկը, ում հետ խոսեի մեծ Գերմանիայի լեզվով: Հրանտը ջարդել էր «գրականություն ըստ Ստալինի» կարծրատիպը և տասնամյակներ անց արթնացնում էր մեր գրականության կենդանի բաբախը՝ ընդհատված Բակունցի սպանությամբ:
Այնուհետև սկսվեց Հրանտ Մաթևոսյանի իսկական վերելքը, ինչը նախանշել էր «Ահնիձորը»: Լինում են, չէ՞, գրողներ, ովքեր առաջին հաջողված ստեղծագործությունը հրատարակելուց հետո այլևս բարձրարժեք ոչինչ չեն հրամցնում ընթերցողին, մնում են մեկ ընթերցվող գործի հեղինակ, թեպետ շարունակում են արտադրել թույլ գործեր: Մաթևոսյանն այդպիսին չէր լինելու, որովհետև շատ էր բաբախուն նրա տաղանդի ակունքը՝ հայ աշխատավոր գյուղաշխարհը, ուր խաբուսիկ ոչինչ լինել չէր կարող, հակառակը՝ անվերջ տրոփում էր առողջ կենսաերակը, ինքը ներծծված էր դրանով և այդտեղից էր առնելու իր նյութը: Հենց այս գյուղագրություն հորջորջված մտայնության դեմ էր մղվում խանդոտ կռիվը 60-70-ական թվականներին Վարդգես Պետրոսյանի գլխավորությամբ, իբր դա ժամանակավրեպ թեմա է, հնության հոտ է գալիս: Իրականում կռիվը տաղանդի դեմ էր՝ սովորական երևույթ բոլոր ժամանակներում: (Փակագծերում նշեմ՝ ինքս էլ, որպես թե մաթևոսյանական, այսինքն նրա ուղղության հետևորդ՝ չէի կարողանում պատմվածք տպագրել «Գարուն» ամսագրում, որի խմբագիրը Պետրոսյանն էր, ուշ ու դժվար եղա գրողների միության անդամ նրա նախագահելու ժամանակ): «Ավանգարդում» գրախոսել էի Հրանտի «Ծառերը» գիրքը և երբ մտա խմբագրի՝ Լևոն Մանուկյանի աշխատասենյակ, վերջինը հեռախոսում էր գրողի հետ, ով նրան ասաց. «Էդ տղայի կյանքը կուտեն»: Շատ դիպուկ էր բնորոշել երևույթը ինքը Հրանտը. «Իմ գյուղն ինձնից պաշտպանում են»: Իսկ գրողի պատմվածքներն ու վիպակները հաջորդում էին մեկը մյուսին. «Օգոստոսն» ու «Մենք ենք, մեր սարերը», «Աշնան արևը», «Սկիզբը», «Գոմեշը», «Խումհարը»… Ստացվեց այնպես, որ գրողն իր իսկական գնահատականը ստացավ մոսկովյան գրական մտքից: Նա արդեն հանգրվանել էր միութենական բարձր ամբիոնում, ուր Շուկշինն էր, Այթմատովը, Ռասպուտինը, Բելովը, Աբրամովը: Ղարաբաղյան շարժման սուղ կենսակերպի մի օր Կասյան փողոցի երրորդ շենքի հինգերորդ հարկի մեր պատշգամբից նկատեցի, որ Հրանտը ցածում՝ բակում է: Հավանաբար գրողներին սպասարկող պոլիկլինիկայից էր դուրս եղել, կանչեցի վերև, եկավ: Ստացվեց բաց, անկեղծ զրույց, հնգական բաժակ թթի օղին բացել էր նեղված սրտներս: Նա դժվար էր գտնում բառերը, բայց ի՛ր բառերը: Ընդհանրապես, մինչև այսօր էլ ապշած եմ, թե բանասիրական առկա կարգին կրթություն չառած այդ մարդը որքա՞ն խորն է թափանցում հայոց բառ ու բանի գանձարանը, գեղարվեստացնում սովորականը, ինչը եզակիների շնորհն է:
Ասաց.
– Ես իմ գյուղի ակնարկագիրն եմ:
– Այո, մի հարցազրույցում էլ ես գրել:
– Դժվար է գրելը:
– Լավ գրելը: Լոռի երկրի տարեգիրն ես: Տողդ իրար է բերում, ամփոփում ներկա-անցյալ ողջ ապրվածը՝ սկսած «Լոռու հին-հին քաջերից», ուր դեգերեց նաև Թումանյանի միտքը:
– Լավ ես գտել «տոհմականչ» բառը գրածներիդ համար:
– Իմ այն առաջին պատմվածքում «ախրը» դարձրել էիր «ախար», այդպես էլ թողել եմ հետագա գործերում, թեպետ մեզանում «ախեր» է:
– Ի՞նչ ես անելու էս ժամանակ:
– Գնալու եմ գյուղ, մեր շենը:
– Հա՞… – աչքերը լայն բացելով, սարոյանավարի զարմանք կտրած՝ մնաց ինձ նայելիս, ապա կնոջս հառեց հայացքը: -Հա,- պատասխանեց վերջինը:- Գնալուց առաջ կմտնես աշխատասենյակս,- ասաց գրողների միության նախագահն ու ոտքի ելավ գնալու:- Գյուղում ինչ գրես՝ «ախեր» կօգտագործես: -Լավ, Հրանտ ջան… շնորհակալություն:
Գնացի աշխատասենյակ՝ իմանալով ինչ է լինելու: Նա մի ծրար մեկնեց ինձ՝ բարի ճանապարհ մաղթելով: Վերցնել-չվերցնելու դժվարությունում վերցրի: «Ախար» Մաթևոսյանից էի ստանում, ո՞նց չվերցնեի:
Վերջերս «Գարուն» ամսագրում ընթերցեցի մի մեծ հատված գրողի հետմահու հրատարակված «Տախը» վեպից: Մնացի մոլորված. ինչպիսի՜ հորիզոն էր բացում նրա արարիչ միտքը դեպի անցյալ՝ թումանյանական օրեր, իսկապես գեղարվեստական վեպ-տարեգրություն կերտելով: Ո՞նց է Մաթևոսյան տարեգիրը քաջատեղյակ Լոռի իր երկրի ժամանակների անցուդարձին: Նույնիսկ խանդեցի. ինչո՞ւ ես էլ չեմ կարող այդպես ձեռք մեկնել իմ Արցախի այնքան բուռն պատմական եղելություններին: Հրանտ Մաթևոսյանը Բակունցից հետո հիմնադիրը եղավ հայ նոր գրական շենքի՝ մաքրված խորհրդային նյութից ու նպատակից, նա հասավ իր բարձունքը, նրա տաղանդում ամբարվածը գալիք ժամանակների արժեք է, ընթերցանության է հանձնված առանց վերապահության, ինչպես մեծերի դեպքում է լինում: Գրողը անհագ ծարավի էր, տառապագին ձգտում էր գրեթե անհնարինին: Մաթևոսյանի երկրորդ շնչառության գործերը իրենց հորձանուտն առան նորի փնտրտուքը: Այդպիսինն է լինելու «Տախը» մեծ վեպը: Նրա վերջին ստեղծագործությունները ընթերցողին ընթերցելու յուրատեսակ բարձր ճաշակ են ուսուցանելու, որովհետև նույնքան կատարյալ են կերտված, ինչպես, ասենք, «Գոմեշը», «Կանաչ դաշտը»:
Անձամբ քաջածանոթ Մաթևոսյան երևույթին, ում հետ բազմիցս եմ առնչվել, նաև ստացել իմ կատարածի իր շոյիչ գնահատականը, մի անգամ էլ նշեմ, որ նա է եղել մեկը իմ գրական հակումները արթնացնողներից: Ոմանք թյուր են պատկերացնում գրական ազդեցությունը, այն երբեմն հասցնում սնանկության: Մի զրույցի ժամանակ Մաթևոսյանն ասաց, որ առանց ազդեցության գրող լինել չի կարող, համարյա ձայնակցելով իր մեծ նախորդի մտքին. ազդեցությունն այն սանդուղքն է, որը տանում է դեպի ինքնուրույնություն: Ասպարեզ իջնող ամեն ոք էլ, ում գրական ձիրքը ազնիվ նյութից է, ոտը հենելով նախորդների վստահելի պատվանդանին, բարձրանում է իր չափով: Առա՞ջ չի մղել Բայրոնը Պուշկինին, Պուշկինը Թումանյանին, Տերյանը Չարենցին, Համսունն ու Պրիշվինը Բակունցին, Բակունցը Մաթևոսյանին…
Հրանտ Մաթևոսյանի վաստակը՝ գրական թե գրական-հրապարակախոսական, դեռ ուղենշելու է հայոց գրական կյանքը: Շատերն են նրա վարպետությունից դաս առնելու, իսկ ինքը լույս տալով վեր ու վեր է բարձրանալու՝ մշակույթի երկնակամարում հավերժանալու Աստծո սահմանած իր ծիրում…

2018թ.
Թիվ 8-9 (187-188)

Տարածել

Պատասխանել