Սոկրատ Խանյան / Կյանքից` պոեզիա, պոեզիայից` կյանք

0

Աշխարհի բոլոր ականավոր բանաստեղծները ծնվում են նվիրյալ Քերթողի ճակատագրով։ Նրանք այն երջանիկներից են, ում գլխավերև մշտապես առկա է Աստծո հայրական աջի զորությունը, իսկ հոգում` արարման խնկաբույր հրավառությունը։ Երկու դեպքում էլ ճակատագիրն աշխատում է նրանց օգտին, քանզի Քերթողն ի ծնե Աստծո քարտուղարն է, որի պարտականությունը ոչ թե ժողովրդի շուքի տակ քնելն է, այլ հոգսերին լծվելը` նրա ծանր բեռը թեթևացնելու միտումով։
Հաճելի է բարձրաձայնել, որ նման արվեստագետներից է բանաստեղծ, նկարիչ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Էդվարդ Միլիտոնյանը, որն իր ուսերին է առել նաև Հայաստանի գրողների միության նախագահի կազմակերպչական պատասխանատու գործը։
Իմ այս մտորումների առիթը Էդ. Միլիտոնյանի «Մի բուռ խոսք» բանաստեղծությունների ժողովածուն է` հրատարակված 2017-ին, ծննդյան 65-ամյակի առիթով, իր իսկ սեփական ծախսերով։
Նախ` գրքի խորագրի մասին։ Այս անսովոր թվացող բառակապակցությունն առաջին հերթին խոսում է Միլիտոնյանի ժողովրդական լեզվամտածողության մասին։ Հայոց խոսք ու լեզվի մեջ «բուռ» բառը տարբեր առիթներով գործածվում է որպես Աստվածային բարեգութության, առատաձեռնության, հոգատարության և այլ բարեմասնությունների խորհրդանիշ։ Սրտացավ մարդիկ իրար հանդիպելիս կյանքը շենացնողներին դիմում են «Բուռ-բուռ ցանես, բեռ-բեռ հնձես», «Բռանդ մեջ աղ ու հաց կա», «Լիաբուռ մարդ ես, Աստված պահի քեզ» և այլ օրհնանքներով։ Սխալված չեմ լինի, եթե ընդգծեմ, որ Էդ. Միլիտոնյանը գրքի վերնագրում «բուռ» բառն օգտագործել է հենց կենսաբեր նվիրումի աստվածահաճո իմաստով։ Եվ այդ «բուռ»-ը ժողովածուի էջերում ցանել է այնպիսի բառահունդեր, որոնք ծլարձակել ու դարձել են կենսափիլիսոփայական-պոետական նոր ծածանումներ։
Բանաստեղծ Էդ. Միլիտոնյանի կյանքն ու գործն ամբողջությամբ ազգանվեր ծառայություն է, մշակութային խճանկար։ Պատահական չէ, որ գրքի առյուծի բաժին կազմող առաջին մասն անվանված է «Խճանկար», որի առանցքում մարդն է` գրականության գլխավոր առարկան, ինչպես բանաստեղծն է ներկայացնում.
Մարդիկ` քայլող խաչ,
Քո արյունը վրան։

Մարդիկ` քայլող ծառ,
Հուդայի մեղքը ճյուղից կախ,
Մարդիկ թռչող ծառեր`
Հարության պես ծաղկած։
(«Մարդիկ», էջ 5)
Պ. Սևակից, Հ. Սահյանից, Վ. Դավթյանից ու մյուս մեծություններից հետո նման պատկերը պոետական ինքնության խոսուն օրինակ է։
Կենսափիլիսոփայության բանաստեղծական թարմ արձագանքի հիանալի օրինակ են նաև «Խճանկար»-ի այն պատկերները, որոնք ընթերցողին խորհելու առիթ են տալիս` դառնում արած-թողածը ծանրութեթև անելու դաս։
Ուշագրավն այն է, որ բանաստեղծը պոեզիայի դռները բացում է կյանքի խաչմերուկներից ու պատկերավոր մտածողությամբ ներկայացնում կյանքը` հակասական-առինքնող, դառն-քաղցր, չար-բարի, մթամած-լուսառաք, տխուր-ուրախ, հոգսաբեռ-սիրավառ և այլն, և այլն։
Էդ. Միլիտոնյանը հաստատում է այն հոլովվող ճշմարտությունը, որ լավ բանաստեղծությունը գրվում է դժվարությամբ, որովհետև պոեզիան կյանքի փիլիսոփայական արձագանքն է, որը չի հանդուրժում կեղծիք, գունազարդում, ընդգծված միտումնավորություն, ձանձրացնող քարոզ։ Չմոռանանք Մեծ Լոռեցու խորհուրդը. «Արվեստի ուժը ճշմարտացիության մեջ է»։ Սակայն ինչպես զգուշացրել է հանճարեղ մտածողը, ճշմարիտ բանաստեղծը երբեք չպետք է մոռանա, որ գրականությունը պատկերավոր մտածողություն է` գաղափարահուզական անխախտ միասնությամբ։
Ընթերցում ես Էդ. Միլիտոնյանի բանաստեղծությունները։ Առաջին հայացքից թվում է, թե նա ձեռք է մեկնում կյանքի սովորական, ոչ տիպական երևույթներին` տեղի տալով զուտ նկարագրական միջոցներին։ Սակայն հուրախություն լուրջ ընթերցողի և ի պատիվ բանաստեղծի, ստացվել է կյանքի փիլիսոփայական ընկալման ու պատկերավոր ներկայացման արվեստ։ Այսպես.
Լույսը չլիներ`
Նկարչությունը չէր լինի,
Մութը չլիներ`
Աստղագիտություն չէր լինի։
Լույսն ու մութը չլինեին`
Պոեզիան ո՞նց կգրվեր։
Մահը չլիներ`
Անմահությունը ո՞վ պիտի ծներ։
(«Լույսը», էջ 6)
Էդ. Միլտիոնյանի բանաստեղծական ներշնչանքի աղբյուրն իրականությունն է։ Նրա երգերում առեղծվածներ չկան։ Նա նման է մեր այն իմաստուն պապերին, որոնք հաղորդակցվում են Աստծո հետ ու խոսքն ասում աստվածավարի։ Բանաստեղծը սրբորեն է պահում Աստծո գաղտնիքը` հանուն Աստծո արարած մարդու.
Աստված բանաստեղծին
Պահ տվեց
Գաղտնիքը։

Նա գիտեր ի վերուստ`
Բանաստեղծն հիվանդ է
Ամեն ինչ ասելու հիվանդությամբ։

Նա գիտեր հաստատ`
Բանաստեղծն ինչ էլ ասի, ինչ էլ բացի,
Գաղտնիքը կմնա իր կամքից անկախ։

Եվ դա է գաղտնիքը,
Որ պահում է բանաստեղծը
Աչքի պես թանկ։
(«Աստծո գաղտնիքը», էջ 59)
Աստված բարի է, բարին պակասեր` աշխարհը կփլվեր։ Տեղին է կրկին շեշտել, որ աշխարհի ժողովուրդների մեջ ամենաբարին ու լավատեսը մեր ժողովուրդն է, որովհետև ոչ մի ազգ այնքան տառապանք չի կրել, ինչքան նա, ուստի միշտ սնվել է հույսով, իսկ հույսը վերաճում է լավատեսության։ Մեծն Թումանյանը կասեր.
Ինչքա՜ն ցավ եմ տեսել ես,
Նենգ ու դավ եմ տեսել ես,
Տարել, ներել ու սիրել,
Վատը լավ եմ տեսել ես։
1917 թվականի այն դառն ու ծանր օրերին հյուսած պատգամով մեր հանճարեղ հոգեհայրը դիմել է գալիք սերունդներին, այդ թվում նաև մեզ` չընկրկել ցավի, նենգի, դավի, վատի առջև, մեծարել լավին, վարակվել լավից, ժողովրդին սիրել ազնիվ ու սրտացավ, չտրվել ագահությանը, չչարաշահել պաշտոնը, հերոսության լեռնագագաթից չգահավիժել ստորության ճահիճը, չդառնալ երկրի ու ժողովրդի աններելի անիծյալը, ինչպես մեր օրերի պետական առանձին գործիչներ ու նույնիսկ գեներալներ։ Նման երևույթների մասին են Էդ. Միլիտոնյանի մի քանի պատկերներ, որոնցից կարելի է շեշտել հետևյալը.
Աղքատները Աստծուց
Եվ մարդկանցից
Հաց են մուրում
Աղոթքով և օրհնանքով։

Բանաստեղծները` խոսքեր բաշխում,
Իրենց միջի Աստծուց
Եվ մարդուց պեղած։

Նույն բառերով են մուրում և բաշխում
Աղոթք և օրհնանք։
Նաև անեծքն է բույն դնում այնտեղ,
Ուր դատարկ հոգիք
Եվ պարզած ափեր են։
(«Հաց և խոսք», էջ 58)
Եվ ուրախալի է, որ Էդ. Միլիտոնյանը իր տաղանդավոր գրչընկերների հետ մեկտեղ (այդ են վկայում «Գրական թերթ»-ի համարներում զետեղված քնարական խրախուսելի շարքերը) հնչեցնում է բարության ու լավատեսության, երախտագիտության ու հավատի հուսադրող-ապրեցնող երգեր, որոնցից է այս խոհափունջը.
Իմ այգուց պոկած
Եղրևանու փունջ,
Կիջնես շիրիմներին,
Որոնք չկան,
Որոնք չկան։

Եղրևանու փունջ, քո շնչով ու բույրով
Կձուլվես նրանց
Մանուշակագույն
Հոգիներին,
Որոնք կան, որոնք հավերժական…
(«Իմ այգուց պոկած», էջ 15)
Վերջին տողի կախման կետերի, ասել է թե`բացթողումի շարունակական փիլիսոփայությունը բանաստեղծը թողել է պոեզիան ընկալող, կյանքի խորհուրդը վերծանող ընթերցողին։
Էդ. Միլիտոնյանի ուշադրության կենտրոնից չեն վրիպում կյանքի կարևորագույն երևույթները։ Նա տեսնում է մարդկանց վազքը առօրյա հոգսերի մեջ («Վազք»), կարդում է աշնանային իմաստուն դասը («Եվս մի աշուն»), շոյանքով հայացք է նետում կնոջ մետաքսե հոգուն («Կինը»), գնահատում է երիտասարդ օրերի գեղեցկությունը («Տղայի և աղջկա ժամանակը»), ձեռքը դնում է ցեղասպանություն տեսած մայր ժողովրդի չսպիացող վերքին ու տառապում նրա հետ որպես ծնողի խորունկ ցավն արյան կանչ դարձրած որդի։ Ազգային մեր կորուստներն ուրացողների, քարսիրտ ժամանակների դեմ ցասման խոսք է այս պատկերը.
Մեր փողոցում չէին խոսում եղեռնից,
Մեր փողոցում լռում էին եղեռնի մասին։
Կին կար, որ մորն էր կորցրել,
Տղամարդ կար, որ կորցրել էր ընտանիքը։
Զոհվածներն հանգիստ չէին անգամ
Հիշողության աստղափշերի մեջ։

Ներգաղթածներից ոմանք արտագաղթեցին։
Ոմանք հիվանդ են գաղթականությամբ։
Մեր փողոցում լռությունն ավելի է,
Քան խոսքը։
(«Մեր փողոցում», էջ 24)
Բանաստեղծն ըմբոստանում է նաև մեր օրերի ցեղասպանների դեմ, որոնք սառնասրտորեն կազմակերպում են նոր դաժանություններ Մերձավոր Արևելքում` ընդդեմ եզդիների, Թուրքիայում` քրդերի դեմ, Դարֆուրում` կխմերների եզերքին։ Նոր ցեղասպանությունները տեղի են ունենում մեր օրերում, քանզի աշխարհը մոռացել է հայերին, հրեաներին, ասորիներին, Պոնտոսի հույներին…
Ազգային կորստյան ցավը կրող բանաստեղծը հումորի խոսուն ծխածածկույթով ճչում է.
Խեղճ պաշտոնյաներ, խեղճ հզոր երկրներ,
Մենք այդ բառը ջնջենք բառարանից,
տանենք շոգեբաղնիք։ Պահանջվում են քիսաչիներ։
Թույլերը պիտի մտահոգվեն ուժեղների հալով,
Ամեն ինչ գլխիվայր է շուռ եկել ծաղրածուի նման,
Որը խնդրում է` ներեք ինձ իմ արցունքների համար։
(«Ցեղասպանություն» բառը», էջ 25)
Էդ. Միլիտոնյանը տեսնում է նաև փոփոխվող աշխարհը։ Չարենցը կասեր`
Օ՜, աշխարհը վաղո՜ւց է դարձել
Մի փոքրիկ, փոքրիկ փողոց…
Վաղո՜ւց դեղնավուն Պեկինից
Մինչև Նորք իր ձեռքը պարզած`
Մի Չունկ-Ֆու կարող է ասել.
– Բարի լո՜ւյս, բանվո՛ր Պողոս…
(Ե.Չարենց, Հատընտիր, Ե., «Սովետական գրող» հրատ., 1987, էջ 52)
Այս ճշմարտությունը կարող ենք հաստատել երևանցի պոետ Էդ. Միլիտոնյանի աշխարհասեր այցելություններով դեպի տարբեր երկրներ ու քաղաքակիրթ քաղաքներ։ Եվ լավն այն է, որ հայ բազմավաստակ բանաստեղծն ուրախանում է Աստծո գլուխգործոց քաղաքներով, սրտի ու մտքի աչքերով տեսնում ու գնահատում այն ամենը, ինչ մարդկային հանճարի նվաճումներից է։ Նրան գրավում է Փարիզը` «Որպես դասական և անդասական չափով բանաստեղծություն», հուզում է Վենետիկը, երբ տեսնում է, «Թե ինչպես են ջուրն ու քարն իրար հետ մրցում բանաստեղծություն գրելու համար», և ուրախանում է, որ արդեն «Գրվել է այդ սոնետը Վենետիկի անվամբ»։ Սակայն այս հրաշքները միաժամանակ խորհել են տալիս հայ բանաստեղծին իր անելիքի մասին. «Ես ինչ եմ գրելու ավելի գեղեցիկ ու խորը, քան Փարիզն ու Վենետիկը»։ Եվ հայկական լավատեսությամբ, թեկուզ հումորով, հավաստում է, որ աշխարհն արարումով է գեղեցկանում, որ ինքն էլ այդ արարողներից է։
Ասված ու հաստատված է, որ արվեստն ընդհանրապես պայմանական է` կենսաթրթիռ ու կենսահաստատ նրբերանգներով։ Այս ճշմարիտ սկզբունքի խոսուն արտահայտություններ են Էդ. Միլիտոնյանի «Կծիկը», «Խաղ», «Հայելի», «Լվացքապարան», «Թվերը», «Լացն ու ծիծաղը» և այլ գործեր։ Դրանցում բանաստեղծը կատարում է փիլիսոփայական այնպիսի ընդհանրացումներ, որոնց թևերին ընթերցողը կյանքից բարձրանում է պոեզիա ու պոեզիայից մտնում կյանք, համոզվում, որ իրոք գործ ունես կենսաթրթիռ, կենսառաք ու կենսահաստատ պոեզիայի հետ, որն արթնացնում է միտքդ, շոյում` սիրտդ.
Մարդկանց մեռնելուց հետո
Հասկացանք, որ ապրում ենք,
Մինչ այդ գիտեինք`
Հավերժ ենք։
Մարդկանց մեռնելուց հետո
Համակերպվեցինք մահվան հետ,
Հասկացանք, որ հավերժ ենք,
Պարզապես մի քիչ ապրում ենք։
Հարազատների մահից հետո
Հողը ձգում է առավել ուժով։
Արևն էլ մի կողմից` առավել ուժով։
Եվ մասնատվում ենք երկրի ու երկնքի միջև,
Մեր մասունքները հանձնում Աստծուն։
(«Մարդկանց մեռնելուց հետո», էջ 56)
Երգից երգ առեղծվածային մի ճանապարհ է բացում բանաստեղծ Էդ. Միլիտոնյանը։ Մտացածին ոչինչ չկա նրանցում։ Կենսաբուխ է նրա մտորումների աղբյուրը, մտածողությունը` պատկերավոր։ Արդյունքում ընթերցողի առջև հառնում է տաղանդավոր մի անհատականություն` բխեցրած աղբյուրն իրենը, խոսքի զովացնող բառն իրենը, ծարավն առած ընթերցողի օրհնանքն իրենը։ Դա է բանաստեղծի երջանկության պատկերացումը, ուրիշ` ոչինչ։
Չմոռանանք նշել, որ Էդ. Միլիտոնյանի ոգորումների ակունքը կյանքն է՝ քրիստոնեական բարոյախոսությամբ ու հոգեբանության արժեհամակարգով։ Այստեղից էլ իրականի ու իդեալականի հակասության առկայությունը մարդու` կատարելության հասնելու նարեկացիական աղոթքն ու հավատը նրա երգերում։ Հենց այդ հավատից է ծնված բանաստեղծի թևավոր իմաստախոսությունների շարքը, որոնցից են. «Մտքի և հոգու թրթիռներից Թիթեռներ են թռչում անբռնելի» (էջ 76), «Նոր եփած թեժ հացի փշրանք, Որ վառի էլ` չես նետում» (էջ 77), «Ապրել, հաշտեցնելու մահ և կյանք» (էջ 78), «Նախ` կյանքին և ապա մահվանը» (էջ 81) և այլն։ Այսպես կարելի է շարունակել ու գոհունակությամբ անդրադառնալ «Խաղ» բանաստեղծությանը, որն ամբողջությամբ իմաստասիրական մենախոսություն է` այսպիսի ավարտով.
Ծնծղաձայն զարկվեք իրար, թոքե՛ր իմ,
Ծիծաղի համար տե՛ղ բացեք, շուրթե՛ր,
Ծնվելուց առաջ մորե մերկ էի,
Հետո կհագնեմ հարության եթեր։
(«Խաղ», էջ 89)
Գրքի «Խճանկար» բաժինն ավարտվում է «Փշրանքներ» փնջով։ Այստեղ «փշրանքներ» արտահայտությունը մեր ժողովրդի իմաստախոսության մեջ օգտագործվում է «նշխարներ» իմաստով։ Իրոք, Էդվարդը հյուսել է մարդկային ներաշխարհը բացահայտող չափածո խոսքաշխարհ, մարդու ինքնաճանաչման խոստովանություն։ Բերենք մի քանիսը. «Եթե մի բան փնտրում ու չես գտնում, Ինքը կգտնի քեզ», «Գաղտնիքները նրա համար են, որ ասվեն», «Սպասիր ապրենք մինչև մեր ծնունդը», «Բառերի համար սպիտակ թուղթը նույնն է, Ինչ մութը` աստղերի» (էջ 90-92)։ Կարող ենք ընդգծել, որ Էդ. Միլիտոնյանն ստեղծել է բանաստեղծության մի նոր որակ` փիլիսոփայական շերտերի բացահայտումներով։
«Մի բուռ խոսք» ժողովածուի մի զգալի մասը վերջին տարիներին գրած քնարական շարքերն են։ Համաշխարհային, այդ թվում և հայ պոեզիայում, բավականին հարուստ են բազմաբովանդակ ու բազմաձև պոետական շարքերը, որոնք ըստ էության քնարական պոեմներ են։ Դրանք նման են գոբելենային այնպիսի հյուսվածքների, որ եթե կտրվի որևէ առէջաթել, կխաթարվի նախշապատկերը, հյսուվածքը լրիվ կկորցնի գունաբովանդակային իմաստն ու հմայքը։
Բանաստեղծական շարքերի ավանդույթն իր տեսանելի դրսևորումն է ունեցել մեր դասական պոեզիայում, ու լավն այն է, որ հաջողությամբ շարունակվում է նաև ժամանակակից հայ քնարերգության զարգացման ընթացքում։ Դրա լավագույն արտահայտություներից են Էդ. Միլիտոնյանի 14 բանաստեղծական շարքերը` զետեղված սույն գրքում։ Դրանցում ևս բանաստեղծն իր ներշնչանքներն առնում է կյանքի առօրեական ծփանքներից։
Գրքի շարքերից ամենածավալունը կրում է «Բարձրահարկ շենքի առօրյան» անվանումը։ Առաջին հայացքից թվում է, թե պրոզայիկ այդ պատումը հեռու է բանաստեղծական երանգներ փնջելու հնարանքից։ Բայց կարդալով շարքը` համոզվում ես, որ ճշմարիտ բանաստեղծը տեսնում է այն, ինչը չի կարող նշմարել սովորական աչքը, և որ կարևորն է, արարող միտքը նկարագրվող երևույթների մեջ կարողանում է դրսևորել դեռևս Արիստոտելի հայտնագործած պոեզիայի փիլիսոփայությունը։ Ինչ-որ ներքին խանդաղատանք ես ապրում, երբ տեսնում ես, թե ինչպես է բանաստեղծ Էդ. Միլիտոնյանը ներկայացնում այդ բարձրահարկ շենքի «հոլանդական ծակոտկեն պանրի պես» դատարկ թվացող հարկերում ապրող մարդկանց կենցաղն ու հոգեբանությունը, մարդիկ, որ «Չեն կշտանում ձրի օդից, Չեն հագենում սնամեջ կենացներից»… Դեռ ավելին. բանաստեղծը հումորի շաղախով ափամեջ է դնում նաև դարաշրջանի մատուցած ողբերգական նատյուրմորտը.
Նկուղի մի մասն արհեստանոց սարքել,
Աշխատում է հյուսն Վազգենը,
Նրա տաշեղներից կեղծամ էին կարում
ճաղատներին,
Իսկ տախտակներից Վազգենը`
դագաղ դրկիցի համար,
Բայց այն դատարկ կմնա,
քանզի հարևանի
Որդին Մոսկվայից նորաձևն է բերելու։ («Բարձրահարկ շենքի առօրյան», էջ 94)
Բանաստեղծությունը դրանով չի ավարտվում։ Հեղինակը նկատում է, որ բարձրահարկ շենքի ապրողներից յուրաքանչյուրը «թանձր բուրգի մեջ պարփակված փարավոն» է։ Այս շենքում բոլորը հոգնել են կրկնելուց. «Երանի հոգով աղքատներին»։ Իսկ չորրորդ հարկի բանաստեղծը մտածում է. «Եթե ամեն ինչ դատարկ է` պիտի լցնել երգով»։ Ահա բազմահարկ շենքում ապրողների կյանքի փիլիսոփայությունը, որ դարձել է բանաստեղծի մտորումների հենքը։
Հայկական կյանքի տարածքը Հայաստանից-Սփյուռք հաջողված իր նկարագիրն է ստացել «Փոքրիկ բալլադ 3-րդ հարկի Վահանի մասին» պատկերում։
Շարքի յուրաքանչյուր հերթական հյուսվածք կարելի է համարել հումորային բառ ու խոսքի թևածող իմաստախոսություն։ Այստեղ ընթերցողն իր տեսածը մոռանում է ու ժպտում Էդ. Միլիտոնյանի սրամիտ մանրանկարների տեսլիքային ծածանումով։ Այսպես, «Շենքի կողքին ցցված շենքը Չի թողնում չորրորդ հարկի բանաստեղծին Առաջվա պես նայի Արարատ սարին» (էջ 97)։ «7-րդ հարկի 28-րդ բնակարանից ջուրը լցվում է ներքևի հարկեր։ Տերը վեց տարի Վորոնեժում է (էջ 99)։ «Զզվեցրիր, ա՛յ մարդ, հերի՛ք ծխես, Որ մեռար, ո՞վ է քեզ թաղելու։ – Էդ ո՞ր մեռածն է մնացել անթաղ, Լսվում է տարբեր հարկերից» (էջ 100)։ «Վերելակի թվատախտակին 1-ից ներքև գրված է` նկուղ, 9-ից վերև` Աստված։ Ո՛չ ներքևն է իջել, Ո՛չ էլ վեր ձգտել երբևէ» (էջ 102)։ «Ինչ նվեր է շենքի հարթ տանիքը։ Մեկ-մեկ խորոված են անում ոմանք… Որոշ մարդիկ այստեղից ցատկեցին Հեռու և մոտ արտասահման, Ոմանք առանց վերելակի օգնության Իջան կյանքի հատակը։ Ոմանք էլ` հաջողակները, թռան երկինք` Հույս ու բախտ որոնելու ամպերից վեր» (էջ 103)։ «Կինը նայում է 8-րդ հարկի պատշգամբից Ֆրանսիայի կողմը, Այնտեղ ապրում է նրա փոքր տղան… Կինը էլի գնում է պատշգամբ Ու նայում Ֆրանսիայից վերև, ուր Բելգիան է։ Այնտեղ է ապրում նրա մեծ տղան։ …Գիշերը քնելուց առաջ կինը գնում է պատշգամբ ու նայում Ամերիկայի կողմը, Այնտեղ ապրում է իր ընկերուհին» (էջ 107)։ Շարքի այս պատկերները ներկայացնող «Ասք 8-րդ հարկի կնոջ մասին» երեքէջյա ստեղծագործությունը մերօրյա Հայաստանի պատկերն է, ժողովրդի ցնցուղված ճակատագրի ձեռագործը, որն ավարտվում է պարոնյանական ծիծաղի երանգով։
Ամուսինը կանչում է.
– Արի քնի, այ կնիկ, ուշ է։
– Ճիշտ է, ուշ է,- ասում է կինը ու աչքերը սրբում։
Նայում է Ռուսաստանի կողմը
(որտեղ իր հորեղբայրն էր ապրում),
Նայում է Լեհաստանի կողմը
(որտեղ հորեղբոր աղջիկն է ապրում),
Նայում է Հայաստանի կողմը,
հետո աստղերին է նայում։
«Ախ, ինչ մեղք են բոլորը»,- մտածում է նա։
Հետո մաքրելով արցունքները, գնում է ննջարան։
(«Ասք 8-րդ հարկի կնոջ մասին», էջ 107)
Լինում են բանաստեղծական պատկերներ, որոնցում առանց գրաքննադատի միջամտության ամենահասարակ ընթերցողն անգամ հստակորեն տեսնում է պոետական այդ հյուսվածքների շերտերը։ Վկան` Էդվարդի վերոնշյալ խոսքագոբելենը, որի փայլուն շարունակություն կարելի է համարել «9-րդ հարկի աղջիկը», «Աղբատար» գործերը։
Շարքն ավարտվում է «Շենքի ուրախությունը» պատկերով։
Բարձրահարկ շենքը մի ինքնատիպ աշխարհ է, որի բնակիչներն իրենց առօրյա հոգսերով, տենչերով, մասերի բաժանված սրտերով, արծվաթև հոգիներով իրենց ցավը մոռացած`աշխարհի ցավով մտատանջվող, կարոտի քնքշանքով ներկայացնում են հայ ժողովրդի գեղարվեստական ամբողջական կերպարը։
Հաղթահարելով ժամանակի հարուցած դժվարությունները` շենքի բնակիչներն «Ուրախանում են փոքր բաներից»։ Նրանք մի ամբողջություն են հայկական գենով, աստղագնա մտածողությամբ, համբերությամբ, կենսասիրությամբ։ Ծնունդ են օրհնում, օրհնում են կնունք ու հարսանիք, որդիներին բանակ են ճամփում քեֆով.
Այս մարդիկ այնքան շուտ են մոռանում
ցավ ու դառնություն,
Երբ հայտնվում է ցողի չափ փոքր,
Ցողի չափ մաքուր մի ուրախություն։
(«Շենքի ուրախությունը», էջ 111)
Մեկ գրախոսության մեջ հնարավոր չէ հանգամանորեն վերլուծել ու գնահատել գրքի բոլոր շարքերը։ Այնուամենայնիվ, ուրախությամբ կարող եմ շեշտել, որ ժողովածուում զետեղված շարքերն առանձին-առանձին յուրովի քնարական պոեմներ են, իսկ միասին վերցրած` ամբողջական մի ասք ժողովրդի ժամանակակից կյանքի նորաբնույթ ընթացքի մասին` թե՛ հայրենի եզերքում և թե՛ աշխարհի տարբեր անկյուններում։ Ուշագրավն այն է, որ հայ բանաստեղծն աշխարհի բարի մարդկանց արարքներն օծում է իր ժողովրդի սրտի և հոգու մաքրված ոսկեփոշով։ Լինելով Թիֆլիսում` նա հարազատ որդու անբիծ ապրումներով է փառաբանում հարևան ժողովրդի նոր նվաճումները, վերհիշում ու հաստատում Հայոսի ու Քարթլոսի բազմադարյան եղբայրության ավանդները` միաժամանակ կոչ անելով բարձր պահել ազնվության դրոշը, այլապես`
Վարդը կծակի, եթե քերթողները
Սիրեն իրար,
Իսկ նրանց ազգերը պատերազմեն
միմյանց դեմ`
Վարդը կանիծի, դա հոր անեծքից ահեղ է…
(«Թիֆլիս», էջ 112)
Իմաստասիրության բանաստեղծական կենսական ու կենսառաք պատվիրաններ են «Դասեր» շարքի խորհուրդները մարդու` Աստծուն հասնելու և նմանվելու նարեկացիական տենչով, իսկ այդ իղձը հազար տարի անց քրիստոնյա աշխարհի անունից Էդ. Միլիտոնյանն Աստվածաբանության դասին աղոթում է.
Երանի աստվածները իրար չհոշոտեին
Հին աշխարհում։
Երանի նրանց անունից իրար չհոշոտեին մարդիկ
Նոր աշխարհում։
Մեր Աստվածը խաչվեց,
Որ հարություն առնեն բոլոր մեռյալները։
Իսկ ապրողները հիշեն`
Խաչը խաչվելու համար չէ։
(«Աստվածաբանության դաս», էջ 122)
Բավական է բացել գրքի «Երազներ» շարքը և ըմբոշխնել հենց առաջին բանաստեղծության մուտքը, որտեղ հավերժագրված է մտքի այս թևաբախումը. «Մարդ ճամփա ընկավ Իր երազի հետ։ Երազը տեղ հասավ, Ինքը` ոչ» (էջ 127) ու շշնջալ` Էդվարդ Միլիտոնյանը երազող մարդու սրտից է խոսում, ուստի նրա խոսքը շոյում է ընթերցողի սիրտը, հաշտեցնում այն անկատար երազների հետ, որոնցով թևեր է առել մարդը ու մինչև հիմա որոնում է վայրէջքի հանգրվանը…
Մեր ժամանակի համապատկերի վրայով Դոն ու Սանչ մարդիկ թևաբաց քայլում են դեպի ճշմարտության կապույտ հավքը ու նրան նվիրված հանդեսում բարձրաձայնում Էդ. Միլիտոնյանի համոզմունքը.
Ճշմարտությունը հասնում է ականջին,
Կախվում է բլթակից
Օղի նման ոսկե,
Որ թանկագին է
Ու մեջտեղը` դատարկ։
(«Ճշմարտությունը…», էջ 138)
Բանաստեղծն էջ առ էջ բացում է ճշմարտության խունացած ու եղծված էջերը, հումորի լուսացնցուղով որոնում այն, նկատում, որ «Շատ ծանր է վիճակը Միջազգային ճշմարտություն փնտրողի (Միջկազմակերպությունները լանչի են գնացել)»։ Մատնանշում է նաև «Անելանելի վիճակը տեղական ճշմարտախույզի (Մեր հողը փոքր է, և վախ կա մտնի ուրիշի սահման)»։ Գալիս է այն եզրակացության, որ «Նեղ է վիճակը նույնիսկ տիեզերագնաց մարգարեի (Մարգարեն իր երկնքում, ինչպես իր գյուղում ընդունելի չէ)» (էջ 139)։
Պոեզիան մակերեսային ընկալող ընթերցողները կարող են հակաճառել հեղինակին` պնդելով, որ ամեն դեպքում ճշմարտություն կա և ուղեկցում է սերունդներին։ Սակայն սխալված կլինեն, որովհետև բանաստեղծը, քննադատելով ճշմարտությունը հալածողներին, դրանով իսկ հաստատում է մի անժխտելի համոզմունք, որ առանց աչքի պես մաքուր, սրտի պես բաբախուն ճշմարտության մարդիկ կխաթարեն և՛ իրենց, և՛ սերունդների աստվածահաճո կյանքը։
Էդ. Միլիտոնյանի քնարական շարքերը ծնված են դարի հոգսերից ու տագնապներից. ապրումներ, որ հետապնդում են բոլոր ազնիվ մարդկանց ամենուր, ամեն պահ։ Ընթերցում ես «Պատերազմի խանութ» շարքի հյուսվածքները և համոզվում վտանգված աշխարհը բուժելու անհրաժեշտության մեջ, որովհետև`
Պատերազմի խանութում
Վարժանք է, իրենց մկաններն են ձգում
Հավակնորդ պետություններ,
Անպետություն ժողովուրդներ,
Չընդունված պետություններ` իրենց
Անճանաչ վիրավորվածությամբ։
(«Հերթը», էջ 144)
Ժամանակի մարդատյացությունն ու մարդու հանդեպ անտարբերությունն ընդհանրացնող խոսուն պատկեր է շարքի հետևյալ սրտակեղեք խոսքանկարը.
Պատերազմի խանութի հերթում
Տղային զորակոչեցին։
Նա մի օր Մերձավոր Արևելքում թե՛ Դոնեցկում,
Թե՛ Արցախում ընկավ կրակահերթից։
Թութակը կրկնեց իր կրկներգը`
Հանգստություն…
Վաճառող աղջիկը լաց չի լինում։
Նա պարտավոր է անվերջ ժպտալ։
Հիմա նրան համբուրում է մի ճաղատ բանկիր,
Որը զենք է վաճառում հավասարապես
Ախոյաններին։
Այո, առանց բանկիրների
Ի՞նչ համբույր ու պատերազմ։
(«Տղան», էջ 145)
Մարգարեական ընդհանրացումներ են գրքի շարքերը։ Հայ բանաստեղծի համար երկրագունդը մի օջախ է` Աստծո ձեռակերտությամբ, ուստի ամենուրեք մարդկանց մասին խոսում է որդիական սիրով ու տագնապով։ Լինելով Իտալիայում` նա նախ տեսնում է Վենետիկի տուրիստներին, որոնք ասես «Շաղ տված հատիկներ են ուլունքի»։ Բայց նկատում է նաև կյանքի մյուս կողմը և ասեղնագործում.
Այս բեմի վրա ողբերգությունն էլ
Կատակերգություն է։
Ապրելն ու մեռնելը` հացի երկու կես։
Եվ կարմիր գինի է
Ցանված այդ հացին։
(«Վենետիկում», էջ 157)
Հայ բանաստեղծը չէր կարող ծնկի չգալ Սուրբ Ղազար կղզում ու փակ աչքերով չտեսնել, թե ինչպես է «Բայրոնը Հայկական միաբանության մի սենյակում սովորել հայերեն։ Բառարան կազմել, գրել է, կարդացել Հին լեզվի ասքեր, երգեր»։ Այստեղ է, որ «Մարդը ջրից սովորեց խոսել, Ջուրն էլ մարդուց` բանաստեղծություն արտասանել» (էջ 159)։
Էդ. Միլիտոնյանը, սկսած բանաստեղծական իր առաջին քայլերից, պատկերացրել է Կենաց ծառն ու լսել նրա կենարար շրշյունը։ Եվ ահա, ուսած մի կողմից 65-ամյա բեռը, մյուս կողմից` կյանքի առեղծվածային խրձերը, արդեն հանդես է գալիս սեփական դասերով` հավերժության, ապրելու բանաձևի, աշխարհի և մարդու փոխհարաբերության, որդու և հոր, Կենաց ծառի և այլ երևույթների մասին։ Ու նրա դասերի ծալքերում ընթերցողը շոյում է հետևյալ խորհուրդները. «Ոչինչ հավերժական չէ, բացի հավերժությունից…»։ «Միայն մի հույս կա հավերժանալու` Մահը»։ «Խիղճն է ապրողին պահում անմեռ ու շողարձակ միշտ»։ «Ես խաչեցի խոսք ու լռություն, ինչի՞ համար, Քեզ համար, հավերժության Կենաց ծառ»։ «Ես եկա աշխարհ մի լավ բան ասելու համար»։ Այսպես, կարելի է հիացմունքով ու խոհականությամբ բերել օրինակներ ու վերջապես բարձրաձայնել, որ Հավերժության Կենաց ծառի աստվածահաճո խորհուրդների բանաստեղծականացումն Էդ. Միլիտոնյանի նկատելի ներդրումներից է հայ պոեզիայի փիլիսոփայության գանձարանում։
Այդ փիլիսոփայության նորահայտ արտահայտություններից է Էդվարդի «Որդու հյուսն հայրը» տողով սկսվող գանձը, որն իրազեկ ընթերցողին տանում է դեպի Սուրբ Գրքի էջերը, դեպի ավետարանական սրբազան հաղորդումները` Աստծո, Մարիամ Աստվածածնի ու Մարիամի հյուսն ամուսնու` Հովսեփի աստվածաշնչյան թևածող առասպելը։ Դրանով իսկ ընթերցողի առջև բացում է կյանքի ճշմարիտ ընթացքն ու իմաստը.
Որդու հյուսն հայրը
Մեխեց տախտակ տախտակի կողքին,
Դուռ նշմարվեց։

Հյուսնի որդուն գամեցին
Խաչի տախտակներին,
Նա դուռ դարձավ

Դեպի արքայություն
Գամողների և գամվածների համար։

Հայրը շշնջաց`
Պտուղը ծառից հեռու չընկավ։
Մի աչքով ժպտում էր, մյուսով` արտասվում։
(«Որդու հյուսն հայրը», էջ 167)
Էդ. Միլիտոնյանի բանաստեղծական շարքերը պետք է գնահատել առանց ակադեմիական հերթապահ նախադասությունների, քանզի դրա կարիքը չկա։ Բելինսկին, Նալբանդյանը, Թումանյանը, Սևակը պոետական ժողովածուները արժևորելիս ելնում էին գրախոսվող բանաստեղծությունների ընձեռած հնարավորություններից` հաստատելով այն ճշմարտությունը, որ պոեզիան հենց ինքն է փիլիսոփայություն, ու եթե սեղանիդ իսկական բանաստեղծի հունձքն է, ուրեմն այդ հունձքի շերտերը բացիր, աստիճանաբար այդ էջերից ծիածանվելու են և՛ կյանքի փիլիսոփայությունը, և՛ այդ փիլիսոփայությունը ծածանող տողերի ուժն ու հմայքը, որոնց բանիմացությամբ ընթերցումն ու գնահատականն ինքնին դառնում են գրաքննադատական այն պահանջվող չափանիշները, որ եղել են, կան ու պիտի լինեն պոեզիայի կերտման գալիք խաչմերուկներում։
Էդ. Միլիտոնյանի «Մի բուռ խոսք» ժողովածուն իրավունք է վերապահում եզրակացնելու, որ այն թարմ ու խորքային ներդրում է ժամանակակից պոեզիայի զարգացման պատմական ընթացքի մեջ։

2018թ.
Թիվ 8-9 (187-188)

Տարածել

Պատասխանել