Սուս-Վերդ / Պարզապես սիրում եմ անձրևը

0

Սիրում եմ անձրևը,
երբ այն տեղում է լուռ-
Եվ լռության անձրև է շուրջը:
Իսկ ի՞նչ է լռությունը…
Դա չասված բառերի բողոքն է համր,
Որ հոգու անձկությունից է գալիս:

Իսկ ինձ, քեզ և աշխարհին
Խոսուն լռություն է պետք:

Սիրում եմ անձրևը, երբ այն տեղում է մաքուր-
Եվ մաքրության անձրև է շուրջը:
Իսկ ի՞նչ է մաքրությունը…
Դա ներելի մեղքերի լուծիչն է,
Որի մեջ, հատիկ-հատիկ, փոշին է
մերվում:

Իսկ ինձ, քեզ և աշխարհին
Անխառն մաքրություն է պետք:

Սիրում եմ անձրևը, երբ այն հանգիստ է
տեղում-
Եվ անդորրի անձրև է շուրջը:
Իսկ ի՞նչ է անդորրը…
Դա հոգսերի ավարտն է մայրամուտին,
Երբ խաղաղ է սիրտդ տրոփում:
Իսկ ինձ, քեզ և աշխարհին
Սրտի անդորր է պետք:
Սիրում եմ անձրևը, երբ այն բարությամբ է տեղում-
Եվ բարության անձրև է շուրջը:
Իսկ ի՞նչ է արդյոք բարությունը…
Դա ժպիտն է հաշտությունից ծնված,
Եվ երբ հավատն է քեզ ուղեկից:

Իսկ ինձ, քեզ և աշխարհին
Այնքա՜ն բարություն է պետք:

Սիրում եմ անձրևը, երբ այն սեր է բերում,
Ամեն կաթիլի մեջ` մի թաքուն
հրճվանք…
Եվ ինձ, քեզ ու աշխարհին
Սիրել և սիրվել է մնում:
* * *
Միտք իմ, ի՜նչ երկար է թռիչքիդ ճամփան,
Արեգակից-երկիր` մի անհաս
ճամփա,
Ես` իմ մեջ խրված մի լուռ քարարձան-
Այս ո՞ւր ես թռչում` թողած իմ ներկան:

Դու իմ մեջ ծնվում, հասունանում ես,
Խառնում հուշերս, նորից դարսում ես,
Մերթ պոկվում ինձնից, կարծես փախչում ես,
Մերթ հանկարծ հայտնվում` հոգուս կառչում ես:
Ու զարմանում եմ մտքիս կայծերից,
Որ ահա նստած հույսերիս գահին`
Ոչ հարցերիս են պատասխան տալիս,
Ոչ էլ հույսերս հանձնում գալիքին:

Միտք իմ, շիտակ է անցնելիք ուղիդ,
Երազանքներ են ծաղկում միշտ ճամփիդ-
Խնամում ես դու դրանք հույզով իմ,
Սակայն նվիրում …քեզ չսնողի՜ն:

Ոչ ոք կռահել քեզ ստույգ չի կարող,
Դեպ ուր ուզում ես` սլացիր անհոգ-
Բայց ինձ էլ հետդ տար այդպես
հուշիկ,
Ինչպես կարոտը` թևերին հուշի:

* * *
Մենակ մնացած իմ ջերմ երազներ,
Որտե՞ղ եք, ասեք, դուք անհույս կորել,
Իմ տառապանքի հորիզոնն անցել`
Որտե՞ղ եք, արդյոք, անխոս ծվարել:

Ինձ թևեր տվող, թռչող երազներ,
Ձեր ուղեծրից այդ ո՜նց եք շեղվել-
Իմ հայացքը միշտ հեռուներում է`
Դուք իմ հայացքի ուղեկիցն եղեք:

Իմ բարի սիրո թռչող երազներ,
Ո՞ւմ սրտի մեջ եք լուռ հանգրվանում,
Իմ սիրո ուժի պակասից, ավա՜ղ,
Թևերս դանդաղ ինձ ցած են բերում:

Թերի մնացած երազներ սիրո,
Հոգիս սնուցող միակ հույսե՜ր իմ-
Անարգել անցե՛ք ամեն խոչընդոտ
Եվ մի ընկրկեք ձեր ճանապարհին:

2018թ.
Թիվ 8-9 (187-188)

Տարածել

Պատասխանել