Սոկրատ Խանյան / Մշակույթի բազմավաստակ գործիչը Իսահակ Ալավերդյանի ծննդյան 100-ամյակի առթիվ

0

Աստվածաշնորհ արձակագիր, դրամատուրգ, թատերագետ, մանկավարժ, մշակույթի վաստակավոր աշխատող Իսահակ Ալավերդյանի ծննդյան 100-ամյակը նշվում է նրա մահից ուղիղ քառորդ դար անց։ Սակայն չպետք է կարծել, որ նա մահից հետո մոռացված է եղել և նոր է միայն հիշվում հավերժվող կյանքի առաջին դարը մի այնպիսի գործչի, որի ստեղծագործական ժառանգությունը կարելի է համեմատել արցախյան այն գորգի հետ, որի հյուսվածքներում ներկայացված են և՛ բնօրրանի դրախտային գեղեցկությունը, և՛ նրա ավանդական տիրոջ աստվածահաճո բարոյահոգեբանական նրբերանգները։
Պետք է նշել, որ հետմահու երախտագիտությամբ նշվել են անվանի մտավորականի և՛ 80-ամյա, և՛ 90-ամյա հոբելյանները, նրա գրչընկերներն իրենց սրտաբուխ խոսքն են ասել հայաստանյան և արցախյան մամուլի էջերում, հրատարակվել են նրա արձակի ընտրանիներն ու թատերական ուսումնասիրությունները։ Ասել է թե՝ Իսահակ Ալավերդյանը մահկանացուն կնքելուց հետո էլ քայլել է ապրողների շարքում՝ արարող մտքի թարմությամբ, ժողովրդի ու երկրի հանդեպ մաքուր խղճով, շրթերին՝ Հայոց մեծերի ավանդական նվեր-պատգամը՝ «Գիրս մնա հիշատակող»։ Համաշխարհային երևելիները հաստատել են կենսահաստատ մի ճշմարտություն այն մասին, որ արվեստագետներն ինչ ստեղծում են կենդանության օրոք, պատկանում է իրենց, սակայն մահից հետո նրանց ստեղծածը դառնում է ժողովրդի սեփականությունը։ Տվյալ դեպքում Ի. Ալավերդյանի ստեղծագործությունները պատկանում են աշխարհասփյուռ հայությանը։ Իսահակ Սերգեյի Ալավերդյանը ծնվել է 1917թ. հունվարի 17-ին, Շուշի քաղաքում։ Աստծո աջի զորությամբ, իր անմոռանալի տատիկի օգնությամբ փրկվել է 1920թ. մարտին ազերի-թուրքերի կազմակերպած կոտորածներից։ Միջնակարգ կրթությունն ստացել է Ստեփանակերտի օրինակելի միջնակարգ դպրոցում (1935), իսկ բարձրագույնը՝ Բաքվի Կիրովի անվան պետական համալսարանում (1942)։ Մանկավարժական աշխատանքը եղել է Ի. Ալավերդյանի կյանքի իմաստը, որին զուգահեռ նա ստեղծագործել է, տպագրելով առակներ, նովելներ, պատմվածքներ, վիպակներ, մանրապատումներ։ Նրա առաջին բանաստեղծությունը «Օդաչու» վերնագրով տպագրվել է 1935թ. Ստեփանակերտում հրատարակվող «Երիտասարդ բոլշևիկ» թերթում։ Նա ԽՍՀՄ գրողների միության անդամ էր, Արցախի գրական ընտանիքի հարգված ու մեծարված նահապետներից մեկը։
Ի. Ալավերդյանի մշակութային հարուստ հունձքի ամենաշեշտված հայապատում շերտը նրա արձակն է։ Առաջին հերթին նա ճանաչվել է որպես հոգեբան-արձակագիր։ Ուստի, օրինաչափ էր, որ ժամանակին արժանվույնս գնահատվել են նրա «Իմ սաները» (1964), «Թող խաղաղ մեծանա» (1969), «Անանուն մարդը» (1976), «Ծաղիկների երթը, «Կապույտ գլխաշորը» (1986) պատմվածքների, նովելների և արձակ բանաստեղծությունների ժողովածուները։ Եվ հետաքրքիրն այն է, որ գրականագետներն իրարից անկախ նկատել և ընդգծել են, որ նա ինքնատիպ արձակագիր է բառի բուն իմաստով, սակայն՝ քնարերգուի հուզաշխարհով, որ նրա երկերում էպիզմը և լիրիզմն այնպես են շաղախված միմյանց, որ հաճախ թվում է, թե բանաստեղծություն ես կարդում։ Ի դեպ, Իսահակ Սերգեյին իր ուժերը փորձել է նաև պոեզիայի բնագավառում։ Այդ հաջողության մեջ պակաս դեր չի խաղացել նրա ստեղծագործական խառնվածքը՝ առնչված անզուգական մանկավարժի արդյունավետ փորձին ու ապրելու բանաձևին։ 2009 թվականին լույս տեսած նրա «Ծաղիկների երթը» ընտրանիի վերաբերյալ մեր գրախոսականում ընդգծել ենք. «Մանկավարժ-գրո՞ղ, թե՞ գրող-մանկավարժ։ Դժվար է պատասխանել այս հարցին, որովհետև երկուսն էլ միաձույլ են դրսևորվել Ի. Ալավերդյանի գործունեության ընթացքում։ Նա կյանքի և գրականության փոխհարաբերության հարցն ընկալել է մանկավարժի հայեցակետով, մանկավարժությունը՝ գրողի»։ Նշել ենք նաև, որ Ի. Ալավերդյան-արձակագրի խառնվածքը ուսուցչի խառնվածք է, և պատահական չէ, որ նրա մի շարք պատմվածքների գլխավոր հերոսներից մեկը հենց ինքն է՝ Սիսակյան ազգանունով։ Մեր այս գնահատականի վկայություններից մեկն էլ այն է, որ նրա պատմվածքներից շատերը գրված են դաստիարակչական միտումով։ Այս առումով խոսուն օրինակ է նրա «Թորոս պապի կտակը» պատմվածքը։ Պատահական չէ անվանի գրականագետ Ս. Աթաբեկյանի բարձր գնահատականը սույն ստեղծագործությանը։ «Թորոս պապի կտակը» պատմվածքում,- գրել է նա,- գործ ունենք դասական առումով կոկած ու հարմարեցրած մի կերպարի հետ, գրողը կարողացել է ստեղծագործական փաստ դարձնել սերունդների հոգեբանության մեջ ծավալվող շարժումները, հանդես բերել իրական դրամայի հմուտ զգացողություն։ Իսկ վերջում պատմվածքը բերում է էլեգիական մի նոր ալիք, որի մեջ անհնար է չնկատել կյանքին ու գրականությանը վայել դրամատիզմ»։ Ի. Ալավերդյանը կենսահաստատ գրող է։ Նրա երկերում զգացվում է մեր հեքիաթային լեռնաշխարհի շունչը՝ սրբագործված մեր պապենական օջախների պատվի զգացումով։ Պատերազմական թեմա է շոշափում՝ բարոյական, քաղաքական, թե կենցաղային, նա ստեղծում է իր իդեալական կերպարների պատկերասրահը։ Այստեղ կարող ենք թվարկել նրա «Առաջին սեր», «Բարձիկներ», «Տիգրանը», «Պապն ու թոռը» և այլ գործեր։ Ի. Ալավերդյանը Հայրենական մեծ պատերազմին մասնակցած այն գրողներից է, որոնք հետպատերազմյան շրջանում գրականությունը հարստացրին մեր ժողովրդի հերոսական ոգին արվեստի աշխարհ բերող բարձրարժեք երկերով։ Դրանցից են նրա «Գնաս բարով, Արաբ», «Զրուցընկերները», «Բարև, Սիմոն», «Գնչուհին», «Նկարը» և այլ պատմվածքներ, որոնցում ներկայացված կերպարներն աչքի են ընկնում անմիջականությամբ, համոզիչ արարքներով ու երանգավորված հոգեբանությամբ։ Նորագույն շրջանի հայ արձակի մնայուն արժեքներից է նրա «Սիսակյանի օրագիրը» նովելների շարքը։ Տարիների ընթացքում մանկավարժ-գրողը Սիսակյանի կերպարի միջոցով բարձրացրել է ուսուցողական-դաստիարակչական այնպիսի հիմնախնդիրներ, որ մշտապես հետաքրքրելու են սերունդներին։ Վաստակաշատ գրողի ուշադրությունից չեն վրիպել նաև հասարակական արատներ կրողները։ Դրա լավագույն վկայությունը «Իմ հարևանը» նովելն է՝ Գրիգոր Ազարիչի տիպական կերպարով։ Իսահակ Սերգեյիին հատուկ է եղել կյանքը նովելների շարքերով պատկերելը։ Նրա տաղանդի հրաշալի դրսևորումներից են «Սիրիր», «Ճերմակ սեր», «Աշխարհում հոգեկից ունեմ», «Ձյուն է, ձմեռ» մանրապատումները և «Մի քիչ ժպիտ» անեկդոտանման հյուսվածքների շարքը։ Անվանի գրողի գրական ժառանգության տեսանելի էջերից են չափածո և արձակ առակները։ Ի. Ալավերդյանն իր ուժերը փորձել է նաև դրամատուրգիայի բնագավառում, նա գրել է յոթ պիես, որոնցից երեքը բեմադրվել է Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնում։ Առանձնապես մեծ հաջողություն ունեցավ «Ախ, սեր» քնարական կատակերգությունը, որ ներկայացվել է ավելի քան երկու հարյուր անգամ։ Այն արժանացել է ժողովրդական արտիստուհի Մ. Բալասանյանի բարձր գնահատականին։
Իսահակ Ալավերդյանը հայ մշակույթի անխոնջ գործիչներից էր։ Նա ճանաչված մանկավարժ էր, հայոց լեզվի և գրականության հմուտ մասնագետ, երբ դարձավ մեր թատրոնի ջահակիրներից մեկը, 1968-1992 թվականներին վարելով նրա գրական մասի վարիչի պաշտոնը։ Նրա հոգու երանգներին ձուլվեցին այն ձեռքբերումներն ու ակնկալիքները, որ ունեցել են կոլեկտիվն ու բեմի վարպետները։ Հայոց թատերական արվեստի ականավոր ներկայացուցիչները ոգևորությամբ ընդունեցին Իսահակ Սերգեյիի ուսումնասիրությունները թատրոնի եռաստեղության՝ ժողովրդական արտիստներ Գ. Հարությունյանի, Մ. Բալասանյանի, Բ. Օվչյանի մասին։ Նա հետազոտողի պատասխանատվությամբ ու բանիմացությամբ ներկայացրել է այնպիսի իրադարձություններ ու փաստեր, որոնք բնութագրում են ոչ միայն ճանաչված այդ դերասանների կյանքն ու գործը, այլև թատրոնի առջև ծառացած բարդ ու կարևորագույն խնդիրները, որոնց լուծմանն ու իրականացմանն իր նպաստն է բերել նաև մեր թատրոնը։ Նա առաջինն էր, որ ընթերցողի դատին հանձնեց «Ստեփանակերտի Մ. Գորկու անվան պետական դրամատիկ թատրոն-50» գիրքը։ Դրան զուգահեռ հայտնի են նաև թատրոնի նշանավոր դերասանների մասին կազմած բուկլետները, ներկայացումների կապակցությամբ գրած տասնյակ թատերախոսությունները, որոնք մեծապես նպաստել են թատերական կյանքի աշխուժացմանը։ Ի. Ալավերդյանն անհանգիստ հոգու տեր գործիչ էր, երբեք չէր բավարարվում ձեռք բերածով։ Նա ընթերցողի սեղանին դրեց Ստեփանակերտի պետական դրամատիկական թատրոնի հիմնադիր Կարո Ալվարյանի և վաստակավոր արտիստուհի Օվսաննա Սարգիսբեկյանի մասին մենագրությունները։ Իր վաստակաշատ հոր գործը հմտությամբ է շարունակում ԼՂՀ մշակույթի վաստակավոր գործիչ Կարինե Ալավերդյանը։ Նրա «Բեմարվեստի մեր վարպետները» աշխատության Ա և Բ ստվարածավալ հատորները գալիս են հաստատելու ժողովրդի կենսափիլիսոփայության ճշմարտացիությունը։ Երկու այդ գրքերի առյուծի բաժինը Ի. Ալավերդյանինն են, ինչի առնչությամբ Կարինեն ոչ միայն հպարտությամբ ընդգծում է հոր բազմիմաստ վաստակը, այլև հիշեցնում է, որ առանց հոր հարուստ արխիվի՝ չէր կարող իրականություն դարձնել ոչ միայն հանրագիտարանային այդ ժողովածուները, այլև բոլոր այն գիրք-ալբոմները, առանց որոնց հնարավոր չէր լինի հանրության սեփականությունը դարձնել մեր թատրոնի բեղմնավոր ուղին ու պատվաբեր պատմությունը։ Իսահակ Սերգեյիի ավագ դուստրը՝ ժողովրդական արտիստուհի Նաիրուհի Ալավերդյանը, վերջերս Երևանում ու Ստեփանակերտում իր ծննդյան 70-ամյակին նվիրված հոբելյանական երեկոյի ժամանակ հպարտությամբ բարձրաձայնել է, որ ինքը որպես պարուհի, երգչուհի և այսօր որպես երգարվեստի ուսուցչուհի, պարտական է միայն ու միայն իր հորը՝ ողջ էությամբ արվեստագետ Իսահակ Ալավերդյանին։ 2006թ. Կարինեն կազմել ու հրատարակել էր «Իսահակ Ալավերդյան» հետաքրքիր գիրքը։ Ժողովածուի «Մանկավարժ, թատերասեր, թատերագետ, դրամատուրգ», «Նամակների էջերից», «Սերո Խանզադյան. արցախյան նամականի», «Սիրող ամուսին, հայր և ընկեր» բաժիններում ի հայտ են բերված Իսահակ Ալավերդյանի մարդկային առինքնող բնավորությունը, ստեղծագործական խառնվածքի, նախասիրությունների, գրական հունձքի գնահատանքը։ Լայն են եղել Ի. Ալավերդյանի հետաքրքրության շրջանակները։ Նա միշտ բորբոք է պահել արվեստագետներին իրար կապող և ջերմացնող կարոտի կրակը՝ նամակների, հեռագրերի, էքսպրոմտների ձևով։ Դրանք պատմամշակութային արժեք ունեցող մասունքներ են։ Այդ տեսակետից նշանակալի են Հ. Շիրազի, Մ. Հարությունյանի, Գ. Սևակի, Գ. Ստեփանյանի, Վ. Հասրաթյանի և ուրիշ անվանի գործիչների նամակները։ Սակայն նամակագրական այն կապը, որ ստեղծվել է Ի. Ալավերդյանի և Ս. Խանզադյանի միջև, բացառիկ երևույթներից է։ Ի. Ալավերդյանը և Ս. Խանզադյանը ծանոթացել են Հայրենական մեծ պատերազմն սկսվելու չորրորդ օրը՝ Կապանում, որտեղ ձևավորվել է 688-րդ գումարտակը։ Ապա նրանք անցել են պատերազմական հրդեհների միջով՝ երկուսն էլ ուսապարկերում ունենալով Ավ. Իսահակյանի «Երգեր ու վերքեր», Վ.Տերյանի «Մթնշաղի անուրջներ» ժողովածուները։ Ասել է թե՝ հայ զինվորի զենքին ուղեկցել է նաև երգը։ Ի. Ալավերդյանը ծանր վիրավորվելուց հետո վերադարձել է Արցախ, իսկ Ս. Խանզադյանի մարտական ճանապարհը շարունակվել է մինչև պատերազմի ավարտը։
Այդ դաժան տարիներին անգամ չի դադարել նրանց նամակագրությունը։ Դրանք սովորական նամակներ չեն, այլ հայ մտավորականության համարյա կեսդարյա ճանապահի, կրած տառապանքի, արարումի, Արցախյան գոյամարտի, մարդկային անմար հույսերի վավերագրություններ։ Ս. Խանզադյանի յոթ տասնյակից ավելի նամակներն անփոխարինելի արժեքներ են։ Դրանցում տրոփում են ժողովրդի, հայրենիքի ճակատագրով ապրող սրտեր։ Այդ նամակներում, ինչպես հայելու մեջ, արտացոլված են 1940-1990-ական թթ. հայոց գրական ընթացքի, թատերական կյանքի, ֆոլկլորագիտության, երաժշտության և այլ արժեքավոր փաստեր և հիմնախնդիրներ, տեղեկություններ, կարծիքներ, գնահատականներ։ Բացի դրանից, այդ նամակները խորհրդային տարիներին ստեղծագործական մտավորականության հետաքրքրության շրջանակների, քաղաքական դիրքերի, տրամադրությունների, դժգոհությունների, ակնկալիքիների, երկրի ճակատագրի հանդեպ ունեցած տագնապների ստույգ արձագանքներ են։ Դրանցում շոշափված են Արցախի, Նախիջևանի, 1915թ. Մեծ եղեռնի, հայ մտավորականության դեմ եղած հալածանքների, Ե. Չարենցի ողբերգական ճակատագրի, Մայր Հայաստանի հետ Արցախի վերամիավորման և այլ կարևոր հարցերը շոշափող փաստեր։ Ի. Ալավերդյանն իր իմաստալից կյանքում միշտ հիշել է մորը, ում շիրիմը գտնվում է Շուշիի հին գերեզմանոցում։ Դա սոսկ հիշողություն չէր, այլ իր ծննդավայրի՝ գերված Շուշիի ազատագրման տենչ։ Բարեբախտաբար, նա տեսավ այդ օրը։ 1992-ի մայիսի 9-ին թոռը՝ երաժիշտ Վահրամ Առաքելյանը, երբ հայտնել է Շուշիի ազատագրման ցնծալի լուրը, Ի. Ալավերդյանը երջանկության ծփացող զգացումով փառք է տվել Աստծուն՝ այդ ազգային ճակատագրական իրադարձության համար։ Այսօր ազատագրված Արցախը ոչ միայն քայլ առ քայլ հյուսում է իր նոր պատմությունը, այլև մեծարում է իր հարուստ մշակույթին իրենց կարողություններն ընծայած մեծերին, որոնց աստղաբույլում իր հավերժական ուղին է շարունակում նաև հայոց մշակույթի բազմավաստակ սերմնացանը՝ Իսահակ Ալավերդյանը։

2017թ.
Թիվ  01-02 (175-176)

Տարածել

Պատասխանել