Ամալյա Գրիգորյան / Զինվորի կերպարը Վիտալի Պետրոսյանի պոեզիայում

0

Բանաստեղծ Վիտալի Պետրոսյանի պոեզիայում առանցքային տեղ են զբաղեցնում պատերազմական թեմայով գրված բանաստեղծությունները, որոնք գրվել են պատերազմի թարմ զգացողությունների, տպավորությունների ազդեցությամբ: Ահա թե ինչու պատերազմն իր ամբողջ ողբերգականությամբ շոշափելի ու տեսանելի է դառնում նրա բանատողերում: Պետրոսյանի բանաստեղծություններում հստակ են պատերազմը մերժելու և խաղաղությունը հաստատելու շեշտադրումները: Նրա պոեզիայում տիրապետող է առհասարակ զինվոր-սահմանապահի ներաշխարհի պատկերումը, կորստի ցավն ու հայրենի հողի պաշտպանության գաղափարը: Այսպես` ելակետային են գրողի հետևյալ տողերը.
Արցախում խրամատն է որոշում
Հայրենիքի սահմանները,
և բերդամրոց է յուրաքանչյուր
զինվոր:
Վիտալի Պետրոսյանն այն երիտասարդ գրողներից է, ով շատ շատերի նման զինվորագրվել ու մասնակցել է ապրիլյան պատերազմին` որպես մարտիկ: Նրա տողը ծնվել է կրակի թեժ պահին, խրամատում: Գրողի բանաստեղծության ամենաբնորոշ առանձնահատկությունն այն է, որ նրանում արտացոլված իրադարձությունները, ոչ թե զուտ ականատեսի վկայություններ են, այլ մարտիկ-զինվորի` պատերազմի անմիջական մասնակցի ապրումներ, խոհեր: Բանաստեղծի պատերազմական թեմայով շարքը օրագրային տարեր է պարունակում, որը և բանաստեղծի ասելիքը դարձնում է հավաստի, առավել համոզիչ, զգացումը` անկեղծ ու ապրված: Բանաստեղծը կարողանում է ճշմարտացիորեն ներկայացնել պատերազմական արհավիրքն իր ամբողջ դաժանությամբ, ավերածություններով ու անդառնալի հետևանքներով: «Ինքնաձիգս սահմանապահն է խավարի ու լույսի»,- գրում է Վիտալին` հակադրելով պատերազմը խորհրդանշող խավարն ու լույսը` լուսնի գեղեցիկ դեմքը: Սահմանին ժամանակը առաջ չի գնում. «հերթական կրակահերթը, //և վայրկյանները սկսում են հոսել»: Նկատենք, պատերազմական ռազմագործողություններին մասնակցած մարտիկ-զինվորի համար պատերազմը երբեք ավարտ չի ունենում: Բանաստեղծն ասում է` «պատերազմն ավարտ չունի», իրավամբ, չունի, որովհետև այն շարունակվում է հենց իր ներսում, այն իր արյան հիշողության մեջ է: Պատերազմական շարքի բանաստեղծությունները այս առումով պարունակում են գրողի էությունը բացահայտող տարեր, հոգեբանական ինքնափնտրտուքի, ինքնապեղման տանող ազդակներ:
Այդ պատերազմը, որ դեռ չի վերջակետվել, սկիզբ է առել դեռևս իր մանկությունից: Բանաստեղծը գրում է.

Մանկությունս իր բակում զոհված տատիս դեռ չցամաքած արյունն է:
Ապա, բանաստեղծության մեջ Վիտալին պատկերում է իր և իր սերնդի կորսված մանկության հոգեբանական ցավն ու դառնությունը: Այստեղ զուգահեռի վրա ներկայացված է ինչպես արցախյան պատերազմի զրկանքներն ու կորուստները իր մաշկի վրա զգացած, այնպես էլ ապրիլյան պատերազմի ողջ արհավիրքն ապրած քնարական հերոսի դառն ապրումներն ու տագնապները, հոգեբանական անհաշտ ընդվզումն ու պահանջատիրական ոգին: Առաջին արցախյան պատերազմում ինքը կորցրեց իր մանկությունը, երկրորդում` մերօրյա պատերազմում իր աղջնակի երազ-մանկությունն է հայտնվում կորստյան վտանգի տակ: Իսկ ինքն այստեղ արդեն հայրենիքի պաշտպան է` զենքը ձեռքին խրամատում:
և ճանապարհը քայլում էր դեպի
խրամատ,
որտեղից պետք է շարունակվեր
Ավարայրը,
Հիրավի, այստեղ արտացոլված է Երկրի բանաստեղծ-մարտիկի հոգեբանական ապրումները, խաղաղության, անաղարտ մանկության համար նրա ինքնազոհության գնալու, երկիրը զինվորով երկիր պահելու պատրաստակամությունը: Բանաստեղծի խոսքն իր մեջ բողոքի, ընդվզման, անհանդուժողականության երանգներ է պարունակում: Նա խեչոյանական պատգամին հավատարիմ՝ յուրովի ատել է տալիս պատերազմը: Գրողն իրոնիայով է ներկայացնում թշնամու ստոր, ցեղասպան կերպարը, նրա սադրիչ գործողությունները, գրելով`
հերթական զոհը լինելու է թուրքը,

որպես քաղաքակրթությունների
անքաղաքակիրթ թնջուկ
և որպես ցեղ` իր ժամանակը
սպառած…
Եվ, ընդհակառակը, պանծանքով ու անթաքույց հպարտությամբ խոսում հայ զինվորի անօրինական սխրանքի ու անպարտելիության մասին: Այս բանաստեղծությունը հոգեբանական խորը ենթաշերտեր է պարունակում: Բանաստեղծության ամեն պատկեր իր մեջ երկրի հանդեպ անսահման սիրո նվիրաբերում ունի և հեղինակն իր խոսքը կառուցում է երազի, հուշի, կարոտի ու վաղվա սահմանները հսկող զինվորի ներքին չբառավորվող ապրումների համաձուլվածքից: Պատերազմական իրականությունը մահ ու արյուն է գուժում:
Հայրենիքի զինվորը պատրաստ է ինքնազոհողության գնալ հանուն հայրենիքի պաշտպանության, հանուն վաղվա խաղաղության:
Ծանր կշռող նժարի
ծանրություն է մահը
և խրամատում զոհված
զինվորի աչքեր`
անընդհատ սահմաններ հսկող
և արյուն կշռող:
Զոհված դիպուկահարի աչքեր
ժամանակը հսկող,
գնդակներ, արկեր,
գմբեթների խաչերի վրա`
ուղղված ներկային և
ապագայի համար:
Արցախյան խրամատս
Նոյյան տապան է
Դիզափայտի վրա,
իսկ տապանից դուրս ջրհեղեղ է,
ագռավներ են պտտվում
արծիվների շուրջ,
գերեզման է անցյալս
լերդացած արյան և
կրակված պարկուճների:
Խրամատս ներկան է արյան
և ապագան տապանի:
Նկատելի է այն առանձնահատկությունը, որ գրողը խրամատը, խրամատային կյանքն ու խրամատում կանգնած զինվորի հոգեբանությունն ու ապրումներն է բերում գրականություն:
Ցուրտը տան ու տաք վառարանի
կարոտ է,
Քունն էլ փափուկ տեղաշոր է
հիշեցնում,
Ինքնաձիգի փակաղակը, որ
երբեմն խախտում է
Խրամատի ու երկնքի
սահմանագիծը,
Այլևս սառը չէ:
Ռազմաճակատ մեկնած գրողը, փաստորեն սահմանային իրավիճակում է հայտնվում և շատ հաճախ էքզիստեցիալ տագնապներ ու իրավիճակներ է ներկայացնում: Նա գրում է.
Մահվան ու կյանքի
փիլիսոփայություն կա կախված
Անպաշտպան լուսնի, խրամատի և արևագալից
գունափոխված հորիզոնի միջև:
Առհասարակ, խրամատը, կարմիր գույնը մետաֆորային նշանակություն են ձեռք բերում Վիտալի Պետրոսյանի բանատողերում: Արյան կարմիր գույնը, որն ամենուր է, տիրապետող է այս շարքում և կարծես ուղղակիորեն և այլաբանորեն զգացնել է տալիս պատերազմի անխուսափելի ողբերգական ներկայությունը ու իմաստային տարբեր նշանակություններ է ձեռք բերում պայմանավորված բնագրի ենթատեքստով:
Այսպես` Խրամատը հայի պատմական հիշողությունն է և ներկան սահմանապահի…
Կամ` Արյան բնական գույնը ամեն տեղ և միշտ կարմիրն է…
Փորձում եմ գույները տեղավորել արյան մեջ, որ կարմիրը այդքան ցավոտ չլինի:
Ահավասիկ, բանաստեղծի պոետական թիրախը կամ նշակետը ակամայից դառնում է անարդարության դատապարտումն ու ազատության, անպատերազմ ապագայի գաղափարի հաստատումը:
Խրամատը պետք է ուղղորդի
ներկան
Դեպի անխրամատ ապագա,
Դեպի անթշնամի սահմաններ,
Որտեղ պետք չեն այլևս
ծաղիկներ:
Հիրավի, Վիտալի Պետրոսյանի պատերազմի մասին յուրաքանչյուր ստեղծագործություն յուրօրինակ ձոներգություն է խաղաղությանը` մարդասիրական ուղերձ մարդկությանը, աշխարհին:

«Եղիցի լույս»
Թիվ 10-11 (189-190) 2018

 

Տարածել

Պատասխանել