Դավիթ Շիրինյան / Հատել եմ վաղուց սահմանն անհայտի

0

Մեծահանճար, բայց կաղ մի պարուհու նման
Էլ չեմ կարող տանել շարժուձևն այս լկտի,
Որ պարում են թեթև, անիրական սակայն,
Ինչպես ցավահալած մի որբ ստրկուհի:

Մենք` ծաղրածու տխուր ու խեղկատակ անտուն,
Մեր ծիծաղի խորքում` թաքուն արցունքներ,
Մեր մեղքերը, սակայն, ուրիշին ենք բարդում,
Ինչպես անում է դա պոռնկուհին չբեր:

Ուրացանք սեր, հավատ, մենք դավեցինք մեր դեմ
Եվ մոռացանք համը կարեկցանքի, խղճի,
Վերածվեցինք մարդուց սատանայի անդեմ,
Չամաչեցինք մի պահ մեր արարքից ճղճիմ:

Մեր բնույթը` նախանձ, խարդավանքով հղի,
Հաշիշածին կոշտուկ` մեր հոգու մեջ խրված,
Իսկ մենք` հարափոփոխ, ինչպես այն պչրուհին,
Ով խորխն է փայփայում` կախարդներից խլված:-

Օ՜, դյուրաբեկ սիրտ իմ, ես քեզ ինչպե՞ս գտա,
Ինձ աշխարհի ցավին ինչպե՞ս մերձեցրիր,
Մնացորդում կյանքիս ո՞վ պիտի ինձ գթա,
Եվ ո՞վ պիտի ողբա իմ վախճանը ձրի:

Ճիչն իմ հոգու խորքի ես բանտեցի ցմահ,
Այն խլացավ անդարձ ներսում առյուծների,
Ինձ պարտության մատնեց ժամանակը ագահ,
Հաղթանակս մնաց իմ գոյի այն ծերին…

Կարող էր նաև այսպես չլիներ,
Կարող էր լինել մեկ այլ ճանապարհ,
Կարող էր մի օր պատահեր այնպես,
Քո բումերանգն էլ ետ վերադառնար:

***
Կարող էր մութը պարտըվեր լույսին,
Եվ հրդեհ լիներ՝ անծուխ, անկրակ,
Իսկ ժամանակի ուղղությունը սին
Կարող էր լինել նաև հակառակ:

Ես այս ներկայից գլուխ չեմ հանում,
Բան չեմ հասկանում և ապագայից,
Ի՞նչ ենք կորցրել տեսնես անցյալում,
Որ փեշը բռնել ու բաց չենք թողնում:

Անցյալում, հիմա և ապագայում
Ամեն ինչ նույնն է՝ մեխված իր տեղում,
Արքաները միշտ մնում են արքա,
Ծաղրածուներն են անմիտ ծիծաղում:

Դահիճը, գուցե, դառնում է և զոհ,
Սակայն ոչ մի զոհ դահիճ չի դառնում,
Աստղերը, գուցե, ընկնում են, հանգչում,
Սակայն ոչ մի քար աստղ չի դառնում:

Չհավատալն է դառնում սովորույթ,
Եվ չսիրելը՝ անքննելի,
Անվերջ տենչում ենք դեպ երկինքը լուրթ,
Որ հետո մի օր ցած ընկնենք էլի:

Կա՛ ժամանակ և կա՛ տարածություն,
Կա՞ այլ ժամանակ, այլ տարածություն,
Ասում են սրանք զուգահեռ ունեն,
Իսկ ո՞րն է մերը, ճի՞շտը, թե՞ պատճեն:

Ո՞վ է թափանցել խորքերն անհատնում,
Ո՞վ է խճճվել ժամանակի մեջ,
Ո՞վ հաղթահարել սահմանն անհայտի,
Գտել և՛ սկիզբ, և՛ ընթացք, և՛ վերջ:

***
Ո՞վ է մեր շուրջ վխտում՝ մերթ իրական, մերթ կեղծ,
Մերթ ջղային ու մերթ շոյանքով հեզ,
Մերթ շուրթերին՝ աղոթք, մերթ՝ վավաշոտ անեծք,
Մերթ՝ շփոթված, անելք, մոլոր ինձ պես:

Ու՞մ պահանջով, ինչո՞ւ սքողվել է լույսը,
Ի՞նչ կա թաքուն պահված վերմակի տակ,
Իր չարածի համար փոշմանում է կույսը-
Խառնվել են իրար թարս ու շիտակ:

Ո՞վ է կառապանը հիվանդ ժամանակի,
Ո՞վ է նրան այսպես անվերջ տանջում,
Հանուն իր խակ մտքի, հասուն նպատակի
Մերթ առաջ է սուրում, մերթ նահանջում:

Ամեն- ամեն ինչն է իրարամերժ այնքան-
Կույսի չարյունոտված սավանի պես,
Մերթ շոյանքի նման, մերթ ապտակից դաժան,
Մերթ քաշվող մի ձգան՝ ուղղված քեզ:

Հե՜յ, իմ պարտված հերոս, իմ միամիտ ընկեր,
Որ այս կյանքի համար կյանքդ տվիր,
Քո ստացած վերքից սիրտս ցավում է դեռ-
Ու՞մ հաղթեցիր, գիտե՞ս, ումի՞ց պարտվեցիր:

Իսկ ես նստած էլի հեքիաթներ եմ կարդում
Եվ ինձ զգում էլի դև խեղդողի դերում,
Թե բարին է հաղթում չարին ամեն անգամ,
Որտեղի՞ց է էլի չարը ծնվում:

Օ՜, իմ անդավ ընկեր, օ՜, վիրավոր իմ ձի,
Որ թռիչքի պահին շամփրվեցիր – ընկար,
Քեզ այս անգամ տերդ անթարթ կկրակի,
Քանզի մարտի դաշտում այլ օրենքներ չկան:

Օ՜, վանդակված իմ տենչ, վրաերթված իմ հույս,
Օ՜, աղոթքի պահին սպանված իմ հավատ,
Այս ամեն ինչն այնքան ծանրացել է հոգուս,
Որ ուզում եմ փախչել՝ ինձնից հուսահատ:

Քեզ զգացի, կսկիծ, հազարերորդ անգամ
Եվ լացեցի երկար, անզոր մանկան նման,
Ես դժոխքը տեսա, տեսա՝ ոնց են տանջում,
Տեսա աստծուն՝ քնած ականջում:

Չեմ ճանաչում, ես ինձ անծանոթ եմ, օտար,
(Ինչո՞ւ հունդերն անգամ գլխիվայր են ու թարս)
Ցույց տուր լուսե մի դուռ,տար ինձ դեպ լույս, օ՜, տար,
Իմ մշտարթուն հավատ, դու հրեղեն իմ հարս:

Ո՞ւր է տանում, ասա, այս անհատնում ուղին,
Ես ինչպե՞ս եմ հայտնվել հորիզոնից դուրս,
Ետ տար, լսո՞ւմ ես ինձ, տար ինձ աշխարհն իմ հին
Օ՜, հուսախաբ իմ քույր, սրբամարմին իմ կույս:

***
Հասե՞լ եմ հիմա սահմանն անհայտի,
Թե՞ սահմանն արդեն վաղուց եմ հատել,
Ե՞ս եմ անցյալի անհատն այն հայտնի-
Հիրավի մի պահ զուր եմ վհատվել:

Սրանից հետո ո՞ւր եմ գնալու`
Ո՞ւր է տանելու անհայտ այս ուղին,
Չկա խաչմերուկ, ուղեցույց չկա-
Իմ հայա՞ցքն է նոր, թե` աշխարհն է հին:

Քեզ ճանաչում եմ, հաջորդ իմ տխուր,
Ադամն էլ գուցե ինձ էր ճանաչում,
Նույնն է ամեն ինչ` չբեր ու ամուլ-
Աստծո փոխարեն ես եմ ամաչում:

Կա՛նգ առ, սպասի՛ր, մտածի’ր, խորհի՛ր,
Հետքերդ արյունոտ ինչու՞ ջնջվեցին,
Ո՞ր բուն կտուցեց փշրանքներն հացի,
Ո՞վ է սպասում քո համառ դարձին:

Հատել եմ վաղուց սահմանն անհայտի,
Թեև եկել եմ հենց նրա խորքից,
Արևի տենչն իմ մի օր կհատնի,
Մի նոր խելագար կծնվի նորից…

***
Ստեղծումի ցավով ծեր արմատն է ճչում,
Եվ երկունքը մի պահ վարանում է կարծես,
Հառաչանքը ցավից ցած է ստորանկում
Եվ հողոտվում անփույթ` հասուն մրգի պես:

Նորամանկանը մենք շնորհում ենք անուն
Մի ծերունու և կամ կրկնումն այլ մեկի,
Ու գերագույն սիրով, թե ցասումով անհուն,
Նրան հղում կյանքի լաբիրինթն անմեկին:

Մշուշվում է դանդաղ նրա միտքը տհաս-
Փորձության է մատնել անգամ տերն իր որդուն-
Հերթը քոնն է արդեն, արիացի՛ր, տղա՛ս,
Սա է կյանքը, ավաղ, սա է դեմքը մարդու:

Երանության պահիդ կընկերանա նա քեզ,
Ինչպես պատեհ քամին` քո մակույկին ծովում,
Իսկ երբ հանկարծ մի օր փորձության մեջ ընկնես,
Քեզ կխայթի-լքի` ինչպես վերջին սողուն:

Սա է աշխարհն, տղա՛ս, մի մեծ թակարդ է այն,
Մի հսկա ցանց` բանտած մեզ բոլորիս իր մեջ,
Չի բացառվում ոչ ոք, կամ նա գուցե, միայն,
Որ չի ծնվել, սակայն, ապրելու է անվերջ:

Իսկ մենք ճզմված-անցած մսաղացի միջով,
Նույն ամբողջի չնչին մի մասնիկն ենք միայն,
Եվ ոռնոցով մի գիժ, մի հոգեկան ճիչով
Նվաճել ենք երկնի անծայրությունն ունայն:

Կյանքը` խաբկանք, տեսիլ կամ հեքիաթ է գուցե,
Մի հորինվածք անգյուտ` ինքնաժխտմամբ հղի,
Անլուծելի խնդիր, որ չենք կարող լուծել,
Կամ մոռացված աճյուն` չհանձնված հողին:

Քնեցնում են մեզ, ինչքան լինենք զգոն.
Ծննդով ենք հարբած մենք մեր զավակի-
Եվ աստվածներ չկան. անուններն են զնգում
Դատարկ գավի զարկով հեն-ավազակի:

Ստեղծումի ցավով ծեր արմատը ճչաց,
Վարանու՞մ է միթե երկունքը հենց այնպես-
Երկրագունդը, տղա՛ս, մի փուչիկ է փչած,
Խաղում է ինքն իր հետ` չար մանուկի պես…

***
Կյանքի աճուրդից ձեռնունայն դարձա-
Գինը էժան էր, ապրանքն` անորակ-
Գաղտնիք էր ծախվում` հայտնի, հնացած,
Վաճառվում էր միտք` անհասուն ու խակ,
Սեր էր վաճառվում, և՛ հույս, և՛ հավատ,
Վաճառվում աղջնակ, պոռնիկ ու կավատ,
Եվ նյարդեր` ծախու, գանգեր` անուղեղ,
Սրվակով, հաբով` լրբանալու դեղ,
Թունավոր քնքշանք` մահացու լեղի,
Ձրի խորհուրդներ` տհաս ուղեղի,
Ծիծաղ էր ծախվում` լպիրշ, քրքջան,
Ատամնաշարե բյուր ապարանջան,
Վաճառվում կույսեր` կրծքները բացած,
Եվ անկուշտ աչքեր` կյանքում չլացած,
Շրթունքներ` նեխած հազար համբույրից,
Ու վարդեր անգույն` զրկըված բույրից,
Վաճառվում սրտեր, մասեր մարմնի,
Արյուն մարդկային` կատաղած գինի,
Աչքեր, ստինքներ, հետույք ու ոսկոր,
Ամաչկոտություն` անիմաստ, ստոր,
Լեզու էր ծախվում` ստելու սովոր,
Եվ բազում այսպես իրեր անսովոր…
Ամեն ինչ խառնած և ցաք ու ցրիվ,
Տալիս են էժան, համարյա ձրի,
Աճուրդ էր ազատ, ազատ առուծախ,
Եվ խիղճը այնտեղ՝ խոշտանգված թիրախ:
Ծախվում էր ընծա, նվեր ու կաշառք,
Պաշտոն, աստիճան, և՛ հարգանք, և՛ փառք,
Ինչ չափով ուզես` հատով, գրամով,
Ապառիկ, պարտքով, կանխիկ դրամով…
Օ՜, ամաչում եմ ես մարդ լինելուց
Եվ էլ ուժ չունեմ անմիտ ողբալու,
Սիրտս ցավում է սաստիկ, շա՜տ վաղուց,
Երևի ժամն է հրաժեշտ տալու:
Թե չէ` ողբալով ոչինչ չես անի,
Զուր է, անիմաստ, զարհուրանք, նողկանք,
Թե չէ` կդառնաս բազմերեսանի
Վաճառական մի, կամ` ծախու ապրանք…

***
Իսկ դու, մանկիկ լուսե, ժպտա անհոգ,
Ու հրճվիր քո փափուկ խաղալիքով,
Ինձ ներկան է խեղդում մագիլներով իր պիրկ,
Քեզ կանչում է վաղը՝ իր գալիքով:

Թաթիկներով արա ծափիկ-ծափիկ,
Ու ցնծա քո արած գյուտի վրա,
Իսկ ես հենց այդ ծափից վախենում եմ, փոքրի՛կ,
Ապտակի է նման ձայնը նրա:

Ծիծաղի մեջ լաց կա ու լացի մեջ ծիծաղ,
Դու, փոքրի՛կս, դա դեռ չես հասկանա,
Հիմա օրդ լցվի թող խնդությամբ խաղաղ,
Ինքդ կզգաս հետո, երբ մեծանաս:

Որքան իրական է ծիծաղը մեզ թվում,
Այնքան արցունքներ են նրա խորքում պահված,
Եվ լացով ես ծնվում, և լացով են թաղում-
Առեղծվածային ես, մարդ արարած:

***
Աշխարհի ցավին անտեղյակ մանուկ`
անհոգ ու անցավ,
Որ չի բարբառել օրհնանք ու անեծք
իր միտքը քնած,
Նորահայտ է նա և չի հասկանում
ո՛չ հրճվանք, ո՛չ ցավ,
Բայց խոսքից ազդու մի մեծ բնազդով
ծիծաղում է նա:

Հիվանդ աշխարհի հոգեկան հիվանդ,
օ՜, իմ խենթ, ավաղ,
Որ տեսավ ցավը և գազան ցավից
անդարձ խենթացավ,
Ո՞վ գիտի, սակայն, գիտակցե՞ց արդյոք,
որ կյանքն էլ է խաղ,
Եվ խաղի նման խենթության պահին
ծիծաղում է նա:

Նա տեսավ փառքը և փառքից բարձր
աստղերը տեսավ,
Եվ այրեց հոգին դյութական սիրո
կրակով անմար,
Բայց տանջող մի լաց` ներսում ծովացած,
աչքերին հասավ,
Ու տե՛ս, լացի մեջ, լացի փոխարեն,
ծիծաղում է նա:

Կյանքի պես մահն էլ մի օր կայցելի
առանց այցետոմս,
Երբ ժամը հասնի, ժամանակը կանգ
չի առնի բնավ,
Նա, որ ծնվել է, մահն էլ կընդունի`
անաղմուկ, անխոս,
Եվ մահից առաջ, չգիտես ինչու,
ծիծաղում է նա:

***
Ձեզ եմ թողնում փառքերը սին,
Թող ձեզ լինի վանք ու խորան,
Պղծեք հերթով կամ միասին-
Ավա՜ղ, սրբերն անդարձ կորան:

Գունդն այս կլոր ի՞նչ եմ անում,
Ձեզ եմ թողնում, մնաք բարով.
Դուք կրկին եք ջահելանում,
Ես ծերացա հազար տարով:

Արժեզրկվեց խիղճը այնքա՜ն,
Կեղծ ոսկին է աչքեր շոյում,
Շնությունից ծնված ամբո՛խ,
Ձեզ այլևս չեմ հայհոյում:

Թող ձեզ լինի սեղանը լի-
Դառնություն կա նույնիսկ հացում-
Սիրտս լցվում է ավելի,
Բայց այս անգամ էլ չեմ լացում:

Մի կույս մնաց, հազար կավատ-
Այսպես ապրել չեմ կարող ես-
Մնացել է մերկ, հուսահատ
Հույսս` խաբված աղջկա պես:

Ես միշտ կորցրի, իսկ դուք գտաք
Եվ վատնեցիք կյանքն ապարդյուն,
Բայց պատասխան դեռ պիտի տաք,
Թեկուզ լինի հաջորդ կյանքում:

***
Ու՞ր գնացինք այսքան հեռու,
Վերադարձն էլ իմաստ չունի.-
Քամին արնոտ փետուր բերեց
Վիրավորված մի թռչունի:

Հարվածներին բազմաբնույթ
Չդիմացանք, չեղանք զորեղ.-
Ճամփան երկար է ավելի,
Երբ որ ոտքիդ կոշիկն է նեղ:

Ու՞ր գնացինք այսքան երկար,
Դարձն է արդեն իմաստազուրկ.-
Ուղիներն այս ավարտ չունեն,
Ճամփորդողն է խեղճ ու ստրուկ:

Խղճի դռներն գոց մնացին,
Դարպասի մոտ` կապված շներ.-
Ուխտյալներս ու՞ր գնացին,
Գեթ մեկ խաբար երնեկ լիներ:

Ու՞ր գնացինք զուր այս ճամփան,
Ճակատագի՜ր, գիրդ` տանջանք.-
Վերադարձը զուր է թեև,
Բավ է, արի վերադառնանք…

Տարածել

Պատասխանել