Վարդան Հակոբյան / Կերպավորված ըստ Արարատի պատկերի

0

Հայ քնարերգության ամենահետաքրքիր էջերից մեկը ստեղծեց Սիլվա Կապուտիկյանը, որի ստեղծագործությունը, ցավոք, ամենից քիչ ուսումնասիրվածներից է մեզանում։ Ի՞նչ նոր թեմաներ, խնդիրներ ու հարցեր արծարծեց Կապուտիկյանը, ինչո՞վ նա հարստացրեց մեր քնարերգությունը։ Բանաստեղծուհու հայտնությունները պայմանավորվում են առաջին հերթին ոչ թե թեմատիկ նորույթներով (հայրենիք, սեր, բնություն երգում են բոլորը), այլ աշխարհի երեւույթների ինքնատիպ մեկնություններով. ամենամաշված թեման անգամ Կապուտիկյանի պոեզիայում վերակենդանանում ու բացվում է անսպասելի եզրերից ու անկյուններից, սրտաշարժ անակնկալներով, խորքով։ Եվ «Դեպի խորքը լեռան» վերնագիրը, որը կրում է բանաստեղծուհու ժողովածուներից մեկը, խիստ բնութագրական է նրա ամբողջ ստեղծագործության համար եւ չափածո (նաեւ՝ մանկական), եւ արձակ։ Մինչեւ Ս. Կապուտիկյանի հանդես գալը, հայրենիքի թեման այնքան ուրույն մեկնություններ ու արծարծումներ է ունեցել հարուստ մեր քնարերգության մեջ, որ, թվում էր, նոր խոսք ասելն այդ ասպարեզում կլիներ գրեթե անհնարին, բայց այստեղ էլ խոսում է տաղանդը, նրա ինքնատիպությունը։ «Կապուտիկյանի գրական դիմանկարը,- գրում է Էդ. Ջրբաշյանը,- անհնար է պատկերացնել առանց նրա հայրենասիրական բանաստեղծությունների, որոնց մեջ յուրովի բեկվել են մեր ժողովրդի անցյալը, ներկան եւ ապագայի հեռանկարները։ Ուղղակի ասենք. հայ բանաստեղծի համար շատ դժվար է նոր խոսք ասել հայրենիքի մասին, նոր տեսանկյունից մոտենալ այն թեմային, որը քաղաքացիական եւ գեղարվեստական վիթխարի ուժով մարմնավորվել է մեծ ստեղծագործական անհատականությունների կողմից…»։ Գրականությունն, ընդհանրապես, ունի դաժան մի օրենք, որն օրենք էլ չէ, եթե կուզեք, այլ Աստծո միջամտություն։ Երբ գրողը կանխամտածված մտադրությամբ դիմում է որեւէ գործի կամ թեմայի, դատապարտվում է ձախության, որովհետեւ ժպիտ ու ցավ չի լինում, տառապանք ու երկունք չի լինում։ Հետեւապես, հայրենիքը ճշմարիտ բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի համար չէր կարող լինել թեմա, որովհետեւ նա բնական ու բնատուր ներքին մղումով գնում է, սկսած առաջին քայլից («Իմ շռայլ աշխարհ»), դեպի անհայտ խորքերի պեղումը. Էվերեստից բարձր լեռները՝ «երկնի աստղերին պատվանդան դարձած», իրենց վրա պահում են պապերի հայացքը, դրանով իսկ սրբացած են եւ դեպի իրենց ներքին, չբացված շերտեր են քաշում բանաստեղծուհուն՝ էությունը պարզելու։ Հնադարյան ժամանակներից մինչեւ 20-րդ դարի սկիզբը մեր հայրենասիրական քնարերգությունը միտված է հիմնականում ներբողային խոստովանության, բացառություն կարող են կազմել Մկրտիչ Պեշիկթաշլյանի «Զեյթունյան երգերը», որտեղ հեղինակը փոքր-ինչ նովելային տարրեր է մտցնում իր ձայնի մեջ ու քերթվածքը տանում դեպի հոգեվիճակի խորություն, առաջին պլանի վրա պահելով դրամատիկ պահերի ու անցքերի ներհյուս շղթան։ Այս առումով, ամբողջության մեջ, նոր երեւույթ է մեր քնարերգության մեջ Պարույր Սեւակի քնարերգությունը՝ թե՛ որպես ազգային, թե՛ որպես համամարդկային բարձր արժեք։ Ահա մի քանի տող բանաստեղծի «Եռաձայն պատարագից». Երեսին ժպիտ՝ դիմակ չհանվող եւ ձեռքը մեկնում ու ձեռք է սեղմում։ Ու ես չեմ կարող կամաց չգոչել, -Սեղմելուց առաջ դուք ստուգեցեք նրանց ձեռքերը։ Դուք ստուգեցեք նրանց ձեռքերը եւ… հիմա նույնիսկ, կես հարյուրամյակ անցնելուց հետո, Նրանց խնամված եղունգների տակ դարձյալ կտեսնեք… լերդացած արյուն… Բարձր դրամատիզմով են հագեցած նաեւ Հովհ. Շիրազի «Ո՞րն է, բաբո» քերթվածքը, «Հայոց Դանթեականը», «Բիբլիականը»։ Տաղանդի ամենագլխավոր հատկանիշը, եթե կարելի է այսպես ասել, դա խիզախումն է, համարձակ ընդվզումը։ Ժամանակը ամուր արգելափակոց էր դրել նաեւ մտքի ու զգացմունքի ճանապարհներին, սփյուռքահայության կամ կորսված հայրենիքի անունն արգելված էր։ Սակայն դա, բնականաբար, ոչ մի նշանակություն չուներ ճշմարիտ արվեստագետների ու ժողովրդի ազնվարյուն զավակների համար, որովհետեւ նրանք ոչ միայն պարտադրված կամ պարտադրվող գաղափարների, այլեւ հարազատ հայրենիքի արյան ընթացքի ու շարժման տարեգիրներն են։ Եվ ծնվում է Սիլվա Կապուտիկյանի «Խոսք իմ որդուն» բանաստեղծությունը, որի արձագանքը թե՛ մեր հայրենիքում, թե՛ սփյուռքում շատ բան է ասում։ Չարենցի կալանքի տակ առնված «Պատգամից» հետո, Սիլվա Կապուտիկյանը նոր պատգամով է շիկացնում հայոց երկինքը. -Լսի՛ր, որդի՛ս, պատգամ որպես Սիրող քո մոր խոսքը սրտանց, Այսօրվանից հանձնում եմ քեզ Հայոց լեզուն հազարագանձ։ Կտրել է նա, հանց աստղալույս, Երկինքները ժամանակի, Շառաչել է խռովահույզ Սլացքի հետ հայկյան նետի, Եվ Մեսրոպի սուրբ հանճարով, Դարձել է գիր ու մագաղաթ, Դարձել է հու՛յս, դարձել դրո՛շ, Պահել երթը մեր՝ անաղարտ… Կապուտիկյանի ոգին չի «բանաստեղծում», արարում է, հոսում է, թռչում է, ծաղկածիլվում է բնականոն մի ընթացքով, ձայնը կարկաչում-շնկշնկում է «Այս գարնան հետ, այս ծաղկունքի, Այս թռչնակի, այս առվակի»։ Առաջին իսկ տողերից ծնունդ է առնում մի ներդաշնակություն, որի խորքում, սակայն, դարերի ցավ ու տագնապ կա անթեղված, բանաստեղծությանը տալիս աննախադեպ անմիջականության սլացք։ Հնչողության մեջ ասես համբուրվում – գուրգուրվում-սիրվում են ոսկեղենիկ բառ ու տառերը. «սրբազան», «մասունք», «հաղորդություն», «հայկյան», «գիր ու մագաղաթ», «ալեհեր», «Արարատ» եւ այլն։ Եվ դա հասկանալի է՝ սիրո խոսք է ասվում մանկիկին, որի լեզուն նոր է բացվում, եւ այդ սիրո խոսքը հազար ու մի Ավարայրով ու արհավիրքներով անցած, զտարյուն զգացմունքի ապրում ու վերապրում է, որից եզրակացնում է ընթերցողը՝ բառը իր հիշողությունը չի կորցնում ճշմարիտ արվեստի մեջ, չի կորցնում իր կենսագրությունն ու պատմությունը, դառնում է, ընդհակառակը, ավելի դինամիկ. Ու տե՛ս, որդի՛ս, ո՛ւր էլ լինես, Այս լուսնի տակ ո՜ւր էլ գնաս, Թե մորդ անգամ մտքիցդ հանես, Քո մայր լեզուն չմոռանաս… Կապուտիկյանից շատ տարիներ առաջ հայ մանկան թոթով լեզվի վրա հնչեց «Ազատությունը» (Մ. Նալբանդյան)։ Եթե Նալբանդյանի խոսքում մարտիկի ձայնն է, ապա Կապուտիկյանի խոսքի մեջ մոր ճիչն է՝ Դու պաշտպանիր կրծքով նրան, ինչպես մորդ կպաշտպանես, թե սուր քաշեն մորդ վրա։ Կապուտիկյանը ոչ թե խոսում է հայրենիքի մասին կամ հայրենիքի անունից, այլ իր մեջ ամբողջականացնում է Մայր-Հայրենիքի կերպարը։ Եվ հենց այստեղ էլ ամուր, աներեր հիմքի վրա է աճում նրա անմիջականությունը, հարստանում դրամատիկ այն շեշտերով, որոնք իմաստավորում են բառն ու տողը։ Կապուտիկյանը գրականության մեջ նոր ծիր է բացում «Խոսք իմ որդուն» բանաստեղծությամբ՝ բերելով այնպիսի մի սրատեսություն, որով կարելի է «Չլացող աչքի արցունքը տեսնել», մի այնպիսի լսողություն, որով կարելի է «Լսել խոսքերը՝ տակավին չասված», մի այնպիսի իմաստություն, որով կարելի է «Կանչող ծառերի լեզուն հասկանալ» («Երգ երգոց»)։ Թե իմանայիք, ինչ անբռնելի Վայրկյաններից է իմ երգը ծնվել, Ինչ անթեւավոր հանդիպումներից Թեւեր է առել ու հյուսվել է վեր։ Սիլվա Կապուտիկյանի բանաստեղծական բնութագրի, ստեղծագործության ամենաառանձնահատուկ կողմերի՝ «ծայրաստիճան անկեղծություն ու անմիջականություն, քաղաքացիական ակտիվ ու անհանգիստ դիրքորոշում, մտքի ու զգացմունքի, հոգու նրբության ու առնականության բնական միաձուլում» (Էդ. Ջրբաշյան), անդրադարձը դարի քնարերգության վրա բավականին նպաստավոր եղավ։ Չէ՞ որ մեր ժողովրդի պատմության դասը մշտապես հուշում է՝ լռելու իմաստնությունը կործանարար է այնքան, որքան բարեբեր է «թեթեւ ու խեւ բառերի խաղը»։ Եվ վերջապես, հազարամյակներ շարունակ, ծնված օրից, երկխոսության մեջ ենք Մայր-Հայրենիքի հետ։ Մենք խոսում ու մենք պատասխանում ենք՝ մեր ու մեր հայրենիքի անունից։ Սիլվա Կապուտիկյանի ձայնի մեջ հնչեցվեց Մայր-Հայրենիքի խոսքը՝ մայրական գորովով, խիստ սիրով, հորդորով։ Եվ օրինաչափ է, որ Մայր Հայաստանի լուսե կերպարը վեհորեն կրող բանաստեղծուհու մեջ, առկա նրա բոլոր գործերում, պիտի մշտապես տեսանելի լինի ու նրանից անբաժան մի անխառն զգացում, որ ունենում են միայն մայրերը, մի զգացում, որ մեկ բառով կոչվում է տագնապ, հայ տագնապ, անկախ նրանից, թե այդ հայը որտեղ է ապրում՝ Նյու Յորքում, Փարիզում, Սինգապուրում, Լիբանանում, Արցախում, Երեւանում։ Այդ տագնապն է, որով շրշում է «Հայոց բարդին». Ձգվում է վեր, որ բարձրանա, որ գլուխը մի կերպ հանի Քար ու ժայռից ու երեւա, ու երեւա Երեւանին, Ասի՝ նայիր, եղել եմ, կամ ու կլինեմ, ինչ էլ լինի, Դու հավատա, լեռներից վեր, քարից կարծր է հայոց բարդին… Ասում են՝ եթե մայրը սիրում, կարոտի խոսքեր է ասում հանդիպած ջահելներին, դրանով իսկ նա իր կորուսյալների դարձն է փափագում։ Թող ներվի՝ նման համեմատության համար, Սիլվա Կապուտիկյանի տողերում անգամ (բարեկամության, խորհրդային ազգերի եղբայրության եւ այլնի մասին) մշտապես ներկա է հայի մեծ տագնապն ու «կորուստների դարձը փափագող» մոր սուգն ու բաղձանքը, որովհետեւ նա երբեք «ուրիշ վայրում» չի կանգնում, չի գտնվում, նրա մշտական վայրը իր իսկ դիրքն է՝ Մասիսի առաջ, հայոց ցավի մեջ, մեծ բաղձանքը՝ սրտում։ Ու պատահական չէ ամենեւին էլ, որ հայացքն ուր ուղղում է, տեսնում է իր երկրի ու հողի անկորնչելի ապագան։ Սա է բանաստեղծի դավանանքը, սկզբունքը անթեքելի։ Այս ելակետից է բխում նրա անհանգստությունը, որը փիլիսոփայական խորը ընդհանրացումների է տանում հատկապես «Արարատյան համանվագում»։ Եվ քաղաքացիական ակտիվությունը վերաճում է էության.

Թշնամու դիմաց շիփ-շիտակ կանգնող,
Թխսամոր նման՝ իր որդիներին թեւի տակ առնող,
Փոքրիկ, բայց համառ հայ մանուկների սիրտը կա իմ մեջ,
Նրանց ցասումը, նրանց կորովը։

Սիլվա Կապուտիկյանի պոեզիայում ապրում-շնչում է («Իմ ակունքները») մեծ սիրտ, մեծ հոգի, անսահման հոգի, որը խիստ հայկական բնույթ ունի, որով առանձնանում են Թումանյանից մինչեւ Սահյան ու Սեւակ՝ բոլոր մեծերը։ Դա, անշուշտ, ամենատառապյալ, անասելի շատ զրկանքներ կրած ժողովրդին է հատուկ։ Մեր քնարերգության համար դա դարձել է ազգային հատկանիշ։ Խիղճը կորցրած աշխարհի ճանապարհները ներբաններով մաշող հայի մեջ է պատարագվում դարձյալ խիղճը. «Փողոցում մի կին լալիս էր անզոր» («Կանգնեցեք, մարդիկ»)։ Տարիներ շարունակ Արցախական աշխարհը մոռացված էր գրական ստեղծագործություններում։ Ընդվզում էր պետք ու սխրանք այդ «թեմային» դիմելու համար։ Եվ ահա ծնվում է Սիլվա Կապուտիկյանի բանաստեղծությունը՝ «Ղարաբաղի բարբառը»։ Ժայռի նման է այս հին բարբառը, Ժայռի պես կոշտ է, չհղկված, Ու ժայռի պես էլ կարծր է, համառ է, Չի պոկի նրան ոչ մի հարված, Շուրթերի վրա այնպես է բառը, Ինչպես որ ժայռն է հողում խրված… Այս տողերի մեջ նորից ու կրկին «հազար տարիների» մեջ անթեղված կապուտիկյանական հզոր շունչ-տագնապն է, որը շեշտվում է «Չի պոկի նրան ոչ մի հարված» հավատամքով։ Ազգի ցավով ապրող մտածողի ու գեղագետի արյան վերուվարումներից չէր կարող դուրս մնալ Արցախը։ Եվ հենց այստեղ էլ ու այս կերպով ուժգնանում է պոլեմիկան, գուշակությունները վերածվում են մարգարեությունների։ «Բոլոր մեծ բանաստեղծները մարգարեներ են նաեւ»։ Հետաքրքիր անցումներ ու խորքային ծալքեր ունի Սիլվա Կապուտիկյանի մայրերգությունը, որտեղ պարզ ընդգծվում է խոսքի զգացմունքայնության այն նախնականությունը, որը հատուկ է բանաստեղծուհու գրեթե բոլոր երգերին։ Ընթերցողն այստեղ եւս նոր խոսքի էր սպասում. մայր-հայրենիքի երգերը մարմնավորող բանաստեղծուհին ի՞նչ գույներով կներկայացնի մորը։ Իսկ Կապուտիկյանը ոչ թե ներկայացնում, այլ ներկայանում է. Նոր բողբոջած ուռին ջահել հասակիդ Օրորոցիս վրա թեքված՝ ծերացավ. Դու չուզեցիր ուրիշ մի սեր, ուրիշ խինդ Աղբյուր լինի քո ճյուղերին չորացած… Խոսելով Սիլվա Կապուտիկյանի ստեղծած գեղագիտական արժեքների եւ նրա քնարերգության մեջ հիմնավորված սկզբունքների մասին, Վահագն Դավթյանը նշել է. «Սրտով է ապրում բանաստեղծուհին, լեցուն սրտով, եւ այդ սրտից է «թել-թել ձգվում» տողը… Թել-թել ձգվել են տողերը, հյուսվել, դարձել բանաստեղծական մի ամբողջություն, մի գեղեցիկ հարստություն։ Բանաստեղծական բարձր կուլտուրան, սրտի ու մտքի ազնիվ աշխատանքն են տվել նրան այդ գեղեցկությունը, միտք, որ մարդկային երջանկությամբ, սիրով, տագնապով ու ցավով է բաբախում… Իսկ այդպիսի սրտի զարկերը մոտ ու հասկանալի են շատ ու շատ սրտերի։ Եվ դրանից էլ՝ այն մեծ արձագանքը, որ ունի Սիլվա Կապուտիկյանի պոեզիան»։ Սիլվա Կապուտիկյանի ստեղծագործական առանձնահատկությունները ներքնատար շարժումներով կապված են ոչ միայն քսաներորդ, այլեւ բազմադարյա մեր պոեզիայի ամենաոսկեղեն երազների հետ, նրանք տանում են դեպի ազգի գոյաբանական ու իմացաբանական, թերեւես, մինչեւ վերջ չբացահայտված ոլորտներ։ Եվ իր սերնդակիցների մեջ այդ ամենով խիստ առանձնանում է նա։ Իսկ ինչ վերաբերում է Կապուտիկյանի սերնդին, ապա պիտի խոստովանել, որ այն, իրոք, անկրկնելի է։

Տարածել

Պատասխանել