Սոֆյա Սարգսյան | Սիլվա Կապուտիկյանն իմ կյանքում

0

Խոսել Սիլվա Կապուտիկյանի մասին և բավարարվել մի թեմայի շուրջ արտահայտվելով՝ ուղղակի անհնարին է: Դեռևս մանուկ, ինձ հայրենիքի ուրույն զինվորիկ և հայոց լեզվին անմնացորդ սիրահարված ֆանատ է դարձրել Սիլվա Կապուտիկյանի «Խոսք իմ որդուն» բանաստեղծությունը՝ իր անմահ պատգամով՝ առ այն, որ որպես ինձ սիրող մայր, բանաստեղծուհին ինձ է հանձնել «Հայոց լեզուն հազարագանձ»: Անշուշտ, ես այն երկյուղածությամբ պահպանում եմ և ձգտում՝ զորացնել: Ավելի ուշ, հոգուս վրա մեծ նստվածք տվեց Ամենայն հայոց բանաստեղծուհու «Քելե՛ լա՛ո, քելե՛ էրթանք մըր էրգիր» բանաստեղծությունը՝ իր հոգեցունց տողերով.
«Գիշեր-ցերեկ նույն երգն է իմ ունկերում,
Ձայնի տեղակ ծո՜ւխ է ելնում այդ երգից,
Ու ծխի մեջ կսկծում է մի ծերուկ
«Քելե՛ լա՛ո, քելե՛ էրթանք մըր էրգիր»:
…«Իմա՞լ կեղնի, իմա՞լ չերթանք մըր էրգիր»:
ՈՒ ծուխը բոլորի՛ս հոգիներից է կսկծալով ելնում, քանզի ցավը վաղեմության ժամկետ չունի, համազգային է և անամոք:
Հայրենիքի անմնացորդ սիրով լեցուն՝ այնուհետև, սիրահարվեցի «Հայո՛ց աշխարհ, հայո՛ց երկիր, հայո՛ց հող» բանաստեղծությանը՝
«ՈՒր էլ թռչեմ, ինչ աշխարհ էլ թափառեմ՝
Նորից ե՜տ գամ, քո տանիքում ծվարեմ» անբեկանելի անհրաժեշտությամբ:
Բացասման բացասմամբ, երիտասարդների համար անչափ հարազատ էր հոգու տաղ դարձած «Դու հեռացար…» բանաստեղծությունը, որում բանաստեղծուհին իրենից հեռացած սիրուն դիմում է համոզված՝
«Հազար աչքեր հուրհրան քո առաջին՚
Ե՛ս կնայեմ աչքից ամեն աղջկա»,
… «Լուսամուտդ փակես՝ մրրի՛կ կլինեմ,
Հո՛ղմ կլինեմ ու կփշրեմ ապակիդ,
Ու սենյա՛կդ ու աշխա՛րհդ կխուժեմ,
Ու կխառնեմ թղթերդ, կյա՛նքդ, հոգի՛դ…
Ո՜չ, չե՛ս կարող, ինձ չե՛ս կարող մոռանալ»:
Անդրադառնանք բանաստեղծուհու ուղեգրություններին: Կապուտիկյան-մեծ հայրենասերը խորապես մտահոգվել է հայապահպանության խնդիրներով, սփյուռքահայերի՝ հոգսերով ու փորձություններով լի ճակատագրերով: 1962-63 թթ.-ին այցելելով սփյուռքահայ գաղթավայրեր՝ հիմնականում՝ Լիբանան, Սիրիա, Եգիպտոս, Փարիզ, գրել է «Քարավանները դեռ քայլում են» ծավալուն փաստագրությունը (1964 թ.), ավելի ուշ՝ «Խճանկար հոգու և քարտեզի գույներից» (1976 թ.), «Քարավանները հեռանում են» (1999 թ.), «Իմ կածանը աշխարհի ճանապարհներին» (2002 թ.) ուղեգրությունները:
«Քարավանները դեռ քայլում են» ուղեգրության առաջաբանում բանաստեղծուհին գրել է. …«Այն համարում եմ ո՛չ թե սոսկ ուղեգրություն, այլ, այսպես կոչված, իմ կյանքի գիրքը, որը, երևի, պետք է գրվեր, եթե ես նույնիսկ չկատարեի այս ճամփորդությունը»:
Եվ այսպես, ներկայացնենք բանաստեղծուհու զրույցը՝ ինքն իր հետ՝ հատվածներով.
«Դրսում անձրև է, անցորդներ, ծառեր:
Դրսում Սեն-Ժերմեն բուլվարն է»:
…«Օ՜, այս սարսափելի ու հրաշալի 20-րդ դարը: …Հիմա շուրջս դժժում է ֆրանսերենը, մեղվափեթակի դժժոցի պես անհասկանալի, բայց ինչ-որ հասկանալի: Առանց քաշվելու դիտում եմ շրջապատս: Թորշոմած դեմքեր, բայց՝ աչքն ու ունքը ներկված, բայց՝ թավշյա ծաղիկներով գլխարկ, բայց՝ կոկլիկ-սոկլիկ հագուստներ: Հապա ի՞նչ եք կարծում, Փարի՜զ է: …Դիմացիս ակնոցը սկսեց ինչ-որ կիսաձայն մրմնջալ: Երևի, նրանց տերը բանաստեղծ է, գրում է ու հետո գրածը կարդում: … Եվ ահա, հենց այստեղ, Փարիզի Սեն-Ժերմեն բուլվարի անկյունում գտնվող սրճարանում, սկսում եմ իմ ճամփորդական առաջին նշումները. «1962թ. դեկտեմբերի 20. Նարդուհի Գաբրիելյան, Հալեպից եկած զբոսաշրջիկ: Հանդիպեցի Մոսկվա-Փարիզ ինքնաթիռի մեջ: …Օդակայանից գնացինք սովետական դեսպանատուն: Հանդիպեցի դեսպանության առաջին քարտուղար Լևոն Մանասերյանին: Քիչ հետո եկավ Աղասի Դարբինյանը…
…Հայաստան վերադառնալուցս ի վեր համարյա ամեն օր հանդիպումների մեջ էի: …Մարդիկ լսում էին ժամեր տևող իմ պատմությունը Սփյուռքի մասին ու դեռ բացականչում դահլիճից. «Է՛լի պատմեք»: Սեղանիս վրա ճամփորդությունից հետս բերած թղթերն են՝ լուսանկարներ, ձոներ, նամակներ… սփյուռքահայ թերթերի համարներ… այցետոմսեր, ծաղկեփնջերին փակցված մակագրություններ՝ վիթխարի հորձանքից ափին մնացած ոսկյա ավազահատիկներ»:
ՈՒ…ծավալվում են իրադարձությունները՝ Սփյուռքի մեր ազգակիցների կյանքի և ծառացած խնդիրների վերաբերյալ.
-Սփյուռքահայ պետք է ըլլալ, և այն ալ՝ ուսուցիչ՝ զգալու համար, թե ինչ կա այս վայրկյանին մեր կուրծքերուն տակ, -զգացված խոսք է ասում գրող, Բեյրութի Հովակիմյան-Մանուկյան վարժարանի ուսուցիչ Լևոն Վարդանը,-մեր սիրելի հայրենիքի՛ կենացը…
Անթիլիասի դպրեվանքի ուսուցիչ պարոն Էդվարդ Տասնապետյանը հարկ է համարում ավելացնել.
– Հայրենիքի կենա՛ցը՝ առանց տեսակի…,-նման հոգեբանությամբ՝ է շարադրված ողջ գիրքը:
Բանաստեղծուհին լիահու՛յս է՝ «…աշխարհի չորս ծագերից պիտի գա՛, իր մայր հողերի վրա պիտի հավաքվի՛ մեր ժողովուրդը և պիտի վառի՛ իր հանգած ճրագները»: Նա հայությանն ուծացումից փրկելու միակ երաշխիքը համարել է մայր երկրի ապահով գիրկ վերադառնալը: Կապուտիկյանի ուղեգրությունները մեծապես նպաստել են սփյուռքահայության միասնությանը, ներքին հոգևոր կապերի պահպանմանն ու զարգացմանը: Կապուտիկյանի և՛ պոեզիայում, և՛ հրապարակախոսական գործերում Հայաստանը հայ ժողովրդի հարատևող գոյության խորհրդանշանն է:
«Խճանկար հոգու և քարտեզի գույներից» գիրքը գրված է բանաստեղծուհու՝ 1973-74 թթ. դեպի Կանադա և ԱՄՆ կատարած չորսամսյա ուղևորության հիման վրա:
«Եվ այսպես, իմ այս խճանկարը՝ հոգու և քարտեզի գույներից, ավարտվեց: Կանադայում և Ամերիկայում անցկացրած չորս ամիսների դիմաց՝ ես վերցրել էի հայաստանյան իմ օրերի նույնաչափ մի հատված՝ չորս ամիս, և այնտեղ հետադարձ օրագրի ձևով տեղավորել իմ ճանապարհորդական տպավորությունները՝ ուղեկցված խորհրդածություններով, անցյալի հուշերով, հայաստանյան կյանքի դրվագներով»,-վերջաբանի փոխարեն գրել է բանաստեղծուհին՝ շարադրելով իր հսկայածավալ գիրքը:
Ահա հայի տեսակին բնորոշ մի տիպիկ պատկեր՝ վերցված նշյալ գրքից.
«Ինքնատիպ մի կենսագրություն է ձայնագրված Սուրեն Աքքիբրիտյանի կյանքի ժապավենին: Երզնկացի հայրը թողել է հայրենի քաղաքը և գնացել է Ամերիկա՝ պանդխտելու: Երբ հաջողվել է մի քանի դոլար կուտակել, մտադրվել է իր մոտ տանել նաև կնոջը: …Սկսվել է համաշխարհային առաջին պատերազմը, ջարդն ու գաղթը, և Սուրենի հայրը կնոջն ու յուրայիններին գտնում է Կրասնոդարում: Վերցնում է կնոջը ու Սև ծովով ճանապարհ ընկնում, նախ՝ դեպի Ստամբուլ ու հետո՝ Ամերիկա…»: Եվ այսպես, խաթարված կենսագրությունների մի ողջ շարան: Հայի ճակատագիր է, հայի բախտ:
Հայրենիքի նվիրյալ, ով առանձնացել է իր քաղաքացիական խիզախությամբ ու հայրենիքի, նրա զավակների նկատմամբ դրսևորվող հոգատար անհանգստությամբ. հենց այս ինքնատիպ կերպարն է մարմնավորել Սիլվա Կապուտիկյանը: Նա այն հեղինակավոր մտավորականներից էր, ում խոսքը հունդ էր մարդկանց հոգիներում, ում լսում, գնահատում և արժևորում էին ամենաբարձր ատյաններում:

Տարածել

Պատասխանել