Մելանյա Մելոնյան/ «Սիրուց ու ցավից ծնված երգեր»՝ որպես հիշատակի խաչբուռ ու խոնարհում

0

ԱՀ գրողների միության անդամ, լրագրող, երգահան Դավիթ Միքայելյանի կյանքում անցած 2018 թվականն ամփոփվեց նշանակալից իրադարձությամբ. ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության ու Ստեփանակերտի քաղաքապետարանի համատեղ նախաձեռնությամբ մայրաքաղաքի մշակույթի և երիտասարդության պալատում կազմակերպվել էր նրա «Սիրուց և ցավից ծնված երգեր» տաղարանի շնորհանդեսը: Նրանում ներառված երգերը ծնվել են Արցախյան պատերազմի ընթացքում և հետագա տարիներին՝ դառնալով մեր նորօրյա պատմության բարդ ու հերոսական ժամանակաշրջանի քնարական խտացումները: Դրանք, հիրավի, սիրուց ու ցավից ծնված երգեր են՝ նվիրված մեր ազատամարտի նվիրյալներին՝ Ավո, Բեկոր, Սամվել և ուրիշներ, որոնց չապրած կյանքը հայրենիքի ազատության փրկագինը դարձավ:
Տաղարանում տեղ են գտել Դ. Միքայելյանի տեքստերով գրված տարբեր կոմպոզիտորների ստեղծագործություններ, իհարկե, նաև նրա հեղինակային երգերը, որոնց և՛ տեքստը, և՛ երաժշտությունն իրեն են: Գիրքը տպագրվել է մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության հովանավորությամբ և լավ նվեր է ոչ միայն երաժշտասերներին, այլև մշակութային կոլեկտիվներին ու գրադարաններին:
Բացելով հեղինակային երեկոն՝ հանդիսավար Ծովինար Բարխուդարյանը ներկաների ուշադրությունը հրավիրեց մանկագիր Դ. Միքայելյանի ստեղծագործությանը: Գաղտնիք չէ, որ մանուկների համար հաջողված գործեր ստեղծելիս պետք է մի քիչ մանկան հոգի ունենալ՝ նրանց հետ իրենց հասկանալի լեզվով խոսելու համար: Շուշիի «Վարանդա» մանկապատանեկան երգչախմբի /գեղարվեստական ղեկավար՝ Զաքար Քեշիշյան/ կատարմամբ հնչեցին «Լալիկ աղբյուր» և «Հավիկ» երգերը /երաժշտությունը՝ անվանի կոմպոզիտոր Էդուարդ Ղազարյանցի/, որոնք վաղուց հիմնավորապես մտել են երգչախմբի երգացանկ:
Հատկանշական է, որ կոմպոզիտոր Էդ. Ղազարյանցի և բանաստեղծ Դ. Միքայելյանի համագործակցության արդյունքում հրաշալի երգեր են ծնվել, որոնք ցանկացած համույթի երգացանկի զարդը կհամարվեին: Գրքում զետեղված են բանաստեղծի հետ համագործակցած կոմպոզիտորների գնահատանքի խոսքերը. Էդ. Ղազարյանցի խոսքով՝ ինքը միշտ հաճույքով է աշխատել բանաստեղծի հետ. «Նրա տեքստերով մեկ տասնյակ երգեր եմ գրել խանդավառված, իր ներկայությամբ, իր կատարումներով նա երբեմն այնպես է ինձ ոգևորում, որ պահի տակ նոր մտահղացումներ ու նոր ստեղծագործություններ են ծնվում: Իսկ դաշնամուրին եթե ես եմ նվագակցում, ապա Դավիթը միշտ ծնունդ առած նոր երգի առաջին կատարողն է»: Այդ երգերից շատերը Արցախի ՊԲ «Ասպետ» համույթի սեփականությունն են դարձել և հնչում են տարբեր միջոցառումների ու տոնական հանդիսությունների ժամանակ: Այդ երեկո ևս համույթը հանդես եկավ երգաշարով՝ կազմված վերջերս հրատարակված տաղարանի էջերից:
Կոմպոզիտորներ Էդ. Ղազարյանցի, Արմեն Նասիբյանի, Խաչատուր Ներսիսյանի, Արթուր Ալեքսանյանի հետ համատեղ աշխատանքը արգասաբեր է եղել, ինչի շնորհիվ հայ երգարվեստը հարստացել է սիրուց ու ցավից ծնված նոր երգերով: Տաղարանում զետեղված գնահատականներից մեջբերենք Խաչատուր Ներսիսյանի խոսքը. « …Ինձ հատկապես ձգեցին արցախյան ազատամարտում զոհված տղաներին ձոնած Դավիթ Միքայելյանի թախծոտ բանաստեղծությունները, որոնցից մի փունջ ընտրեցի և այդ տեքստերով մի քանի երգեր ծնվեցին: Հետագայում տարբեր առիթներով հաճախ էինք Երևանում հանդիպում: Դավթի կատարմամբ ունկնդրել էի նրա երգերն ու շատ էի հավանել, հատկապես «Ավոն», որն այնքան էր ինձ ոգևորել, որ ինքս էլ տեքստի հիման վրա երաժշտություն գրեցի: Համագործակցելով Դ. Միքայելյանի հետ` շուտով երգերի նոր շարան ծնունդ առավ: Ու ես առավել հոգեհարազատ այդ գործերից մի քանիսն ընդգրկեցի իմ երգարանի առաջին ու երկրորդ հատորներում՝ հավատացած լինելով, որ այսօր դրանք պահանջված են և սիրով են ընդունվելու երաժշտասեր հասարակության կողմից»:
Տաղարանի երգերի կատարմամբ հանդես եկան «Մենք ենք մեր սարերը» համույթի մենակատար Սեդա Ծատրյանը /«Իմ և քո երգը»/, միջազգային մրցույթների դափնեկիր, Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի ուսանող Լիլիթ Դավթյանը /«Ավո», «Վերջին մարտը»/, Մելինե Սարուխանյանը /«Խավարում ինձ մի որոնեք», «Երգիր, քույր իմ»/, Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջի սաներ Արշակ Միրզաբեկյանը /«Դիզակի որդին»/ և Անուշ Համբարձումյանը /«Վիրավոր սեր»/, Կոմիտասի անվան երաժշտական դպրոցի աշակերտ Ռոման Բալայանը /«20 գարուն»/ և ուրիշներ: Երեկոյին գեղեցիկ անակնկալ մատուցեցին Արցախի «Տատիկների ակումբ»-ի անդամները՝ իրենց ելույթը համեմելով արցախյան բառուբանով, հումորով ու բարեմաղթանքներով:
Միջոցառմանը ներկա ԱՀ ԳՄ վարչության նախագահ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, բանաստեղծ Վարդան Հակոբյանը նախ՝ երախտագիտության խոսք ասաց երեկոյի կազմակերպիչների հասցեին, ապա անդրադարձավ իրենց գրական ընտանիքի անդամի երգային քնարերգությանը. «Իսկապես իմաստալից երեկո կազմակերպվեց և հենց այն հանգամանքը, որ մեր զոհված տղաների հարազատներն են դահլիճում, և զոհվածներին նվիրված երգեր են հնչում բեմից, դրվատելի երևույթ է»: Ապա հավելեց, որ Արցախյան պատերազմի առաջին տարիներին, կարդալով հեղինակի բանաստեղծությունները՝ նվիրված մեր ազատամարտի առաջին նահատակներին, ինքը հորդորեց շարունակել գրել այդ թեմայով. «Երգային քնարերգությունը նորություն չէ մեր իրականության մեջ. Գողթան երգերից մինչև ուշ շրջանի միջնադար մեր բոլոր շնորհաշատ գրողներն ու բանաստեղծները ստեղծել են երգային քնարերգություն: Եվ այսօր ես տեսնում եմ, որ այդ լավագույն ավանդույթները Դավիթը կարողացել է փնջել, իր ստեղծագործությունների մեջ ներկայացնել: Այս երգերի մեջ իսկապես մեր ժողովրդական ողբն է մեր զոհվածների համար, բայց այդ ողբի մեջ կա հպարտություն: Այդ զոհվածները միայն նրանք չեն, որոնց Դավիթը երգ է նվիրել, նրա երգերը յոթ հազարից ավելի մեր զոհերին են նվիրված: Եվ այսօր մենք գլուխ ենք խոնարհում մեր զոհերի հիշատակի առաջ, որովհետև այդ նրանց շնորհիվ է, որ այսօր կարողանում ենք և՛ երգել, և՛ ուրախանալ… Պիտի ասեմ, որ Դավիթը մեր գրական ընտանիքի ամենաարժանավոր անդամներից մեկն է, մշտապես նրա հանդեպ ունեցել եմ ներքին համակրանք, սեր եղբայրական»:
ԱՀ ՄԵՀԶ նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը կարևորեց երեկոն՝ բանաստեղծի քնարը հանրայնացնելու առումով. «Դավիթ Միքայելյանի տաղարանում ներառված երգերն այսօր հնչում են այս բեմից, մինչդեռ տարբեր գրադարաններում կամ ուսումնական հաստատություններում գտնվելով՝ կարող է դրանք հասանելի չլինեին շատ-շատերին: Այս միջոցառումը հնարավորություն տվեց հասանելի դարձնել դրանք ժողովրդին»:
ԱՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի խոսքով՝ թեպետ ինքը շատ վաղուց է ճանաչում Դավիթ Միքայելյանին, բայց ամեն անգամ նրան նորովի է բացահայտում: Նրա կարծիքով հեղինակային երեկոն էլ այդ բացահայտումներից մեկն է. «Շատ լավ է, որ մեր հասարակության մեջ կան այդպիսի մարդիկ, որոնք իրենց ամբարած այդ համաժողովրդական հիշողությունը, կենսագրությունը կարողանում են հանձնել թղթին և փոխանցել սերունդներին: Ուզում եմ շնորհավորել մեր ընկերոջը և փաստել, որ հաճելի է, երբ մենք կարողանում ենք մեր լավ հեղինակների միջոցով բացահայտել մեր առօրյան, նաև շատ լավ է, որ նրանց շնորհիվ հիշում ենք մեր անցյալը, որը հերոսական է»:
Ի հավելումն ասվածի՝ գրքում զետեղված կարծիքներից մեջբերենք Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն Ալթունյանի` Դ. Միքայելյանին տրված գնահատականը. «Առաջին անգամ ես Դավթի երգերին ծանոթացա, երբ Արցախի մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության հրավերով գործուղվել էի Ստեփանակերտ՝ պետական համույթներում երգեր ու պարեր բեմադրելու: «Մենք ենք մեր սարերը» կոլեկտիվի փորձերի ժամանակ ունկնդրեցի նրա կատարմամբ (իր իսկ հեղինակած) մի քանի երգ, որ նվիրվում են արցախյան հերոսամարտում նահատակված հայորդիներին: Հուզմունքից արցունքներս չկարողացա զսպել… ու համույթի տնօրենին և գեղարվեստական ղեկավարին հորդորեցի համերգային ծրագրում անպայման ընդգրկել նաև Դավիթ Միքայելյանի ստեղծագործությունները, որոնք ինձ շատ հոգեհարազատ են»:
Հեղինակին շնորհավորելու էին եկել Զոհված ազատամարտիկների հարազատների միության և Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միության ներկայացուցիչները, իսկ Ստեփանակերտի քաղաքապետարանի կողմից Դ. Միքայելյանն ու երեկոյի մասնակից երգիչ-երգչուհիներն արժանացան նվերների:
Երեկոյի ավարտին Դ. Միքայելյանն իր երախտագիտությունն է հայտնել միջոցառման կազմակերպիչներին, երգերի կատարողներին ու հանդիսատեսին. «Պիտի խոստովանեմ, որ այսօր իրականացավ իմ վաղեմի ցանկություններից, իմ երազանքներից մեկը: Այսօր ես շատ հուզված եմ՝ դահլիճում տեսնելով որդեկորույս մեր մայրերին, ծնողներին, մեր այրիացած քույրերին: Խոնարհվում եմ բոլորիդ առաջ, հարազատներս: Ես փորձեցի այս երգաշարով մի փոքր թեթևացնել մեր որդեկորույս մայրերի վիշտը, սպեղանի լինել նրանց վերքերին, չգիտեմ, թե դա որքանով հաջողվեց: Դրանում ինձ օգնել, աջակցել են մեր համերգի բոլոր-բոլոր մասնակիցները, ինչի համար իմ երախտագիտությունն եմ հայտնում բոլորին»: Եվ քանի որ ողջ երեկոյի ընթացքում հնչել էին Դ. Միքայելյանի հեղինակած երգերը, երեկոն նա եզրափակեց իր սիրելի գուսանի՝ Աշոտի «Հով գիշեր, զով գիշեր» երգի սրտահույզ կատարմամբ:
Միանում ենք երեկոյի ընթացքում հնչած բոլոր շնորհավորանքներին և հեղինակին մաղթում նորանոր ստեղծագործական հաջողություններ ու նոր գրքեր:

«Եղիցի լույս»
Թիվ 1 (191) 2019

Տարածել

Պատասխանել