Ռոբերտ Եսայան / «Թուղթ և լռություն» շարքից

0

Խոսք բանաստեղծի մասին

Սիրելիդ իմ Ռոբերտ Եսայան
Ինչ-որ կարեւոր բան էի փնտրում եւ քրքրում էի խառնիխուռն գրքերս ու թղթերս եւ նրանց մեջ գտա քո բանաստեղծությունների գիրքը` «Նժարը»: Հիմա, երեւի մեծ ուշացումով, գիրքդ կարդացի անկեղծ հիացումով եւ պիտի ասեմ, որ քո «Նժարը» թերեւս ամենից ծանր է կշռում իմ ընթերցած շատ բանաստեղծական գրքերի համեմատ…
Դու իսկական բանաստեղծ ես.-ոչ միայն տաղանդավոր, այլեւ շատ ու շատ կողմերով ավելի ուժեղ, քան մեր բազմաթիվ «մոդեռն» համարվող բանաստեղծները, քանզի քոնը անգլերենից կամ ֆրանսերենից արտագրված մոդեռն չէ, այլ իսկական, միայն քեզ պատկանող մոդեռն… Եվ եթե այսօր մեկն ուզենա թվարկել մեր այսօրվա տաղանդավոր բանաստեղծներին, ապա դու անկասկած պիտի լինես նրանց շարքում:
Ի սրտե շնորհավորում եմ քեզ եւ սպասում քո նոր գրքերին:
Գեւորգ ԷՄԻՆ
1996թ. սեպտ. ք. Երեւան

Հետաքրքիր երեւույթ է Ռոբերտ Եսայանի պոեզիան: Եվ անկրկնելի՜ է ինքը` Ռոբերտը, որպես մարդ, անհատականություն: Հինավուրց հայկական հողն ազատեց` որպես հրետանու զինվոր, իսկ հոգեւոր աշխարհում «տարածքներ գրավեց» իր բանաստեղծությամբ: Ասել է թե` Աստծո դրած նշան ունի ճակատին:
Վարդան ՀԱԿՈԲՅԱՆ
2002թ. ք. Ստեփանակերտ

Ռոբերտ Եսայանը փոքր եզերքի հզոր ուժերի եւ նրա գոյի գաղտնիքների խորհուրդն է նկարագրում:
Սերգեյ ԱԹԱԲԵԿՅԱՆ
1988թ. ք. Երեւան

Ռոբերտ Եսայանի պոեզիան արժանի է սեւեռուն ուշադրության: Այն նրա հասակակիցների կողմից իսկույն թարգմանվեց ռուսերեն ու հրապարակվելու երաշխավորվեց մոսկովյան ամսագրերում: Հայ մշակույթը իրավունք ունի հպարտանալու իր զավակով. պոեզիայի երկնակամարում հայտնվել է եւս մի տաղանդ:
Պյոտր ԿՈՇԵԼ
1989թ. Պիցունդա

Բնածին տաղանդով օժտուած բանաստեղծն է Ռոպերթ Եսայեան: Կյանքի պարզուկ կարծուած երեւույթներուն ան կը դրոշմե խորք ու հզօր մտածողութեան կնիք:
ՇԱՀԱՆԴՈՒԽՏ
2002թ. ք. Բեյրութ

Ազգային մակարդակի վրայ Ռոպէրթ Եսայեան կը գծէ ընթացքը Հայ ժողովուրդի պատմութեան, անդրադառնալով Եղեռնին, ապա Արցախեան Պահանջատիրութեան, որոնք ներքին, անյայտ միջոցներով բանաստեղծական պատկեր ու զգացողութիւն կը փոխանցեն քերթողին եւ տարերային ուժով կը լեցնեն անոր էութիւնը, որ ե՛ւ մարդկային, ե՛ւ ազգային մակարդակներու վրայ կը մտորի ճակատագրի, Անհունի, յաւիտենութեան, արդարութեան ու այն բոլոր արժեքներուն մասին, որոնք կեանքին կու տան իմաստ ու հայ ազգին` յարատեւելու կամք:
Ս.Դ. ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Ազդակ», 16 նոյեմբեր, 1995թ.
Բեյրութ

Ռոբերտ Եսայանի պոետիկան հագեցած է քնարական զեղումներով, փիլիսոփայական հայեցողությամբ, բնապաշտությամբ, անակնկալ հայտնագործում-հայտնություններով, գեղագիտական նրբին զգացողությամբ, աֆորիստիկ ձեւակերպումներով, միանգամայն ինքնատիպ տաղաչափությամբ:
Նարինե ՊԵՏՐՈՍՅԱՆ
«Գրական թերթ», 18 ապրիլի 2003թ.
ք. Երեւան

Ավանդները մեռած չեն, կարող են քաղցր խեժի կպչուն համով երբեմն ծածկվել, բայց «առասպելն այրերի» անպայման կթակի մեր դուռը:
Հենվելով մեր հազարամյա ապրելաձեւի վրա, «մեր բրածո ընդերքից» անհրաժեշտ է պոկել շիկացած մի թել (հասկացեք թելեր) եւ ցնցել աշխարհը:
Համոզված եմ, որ Ռոբերտ Եսայան ստեղծագործողը, լծորդված ժամանակների մեջ, երեւույթ է արդի պոեզիայում, իսկ ապագան կմտցնի նաեւ իր պարտադիր ուղղումները:
Խաչիկ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
Բերձոր 2007թ.

ՍԱՀԱՆՔՆԵՐՈՒՄ ԱՆՈՒՐՋԻ

Հուշերիս պարսը հիմա օրորում է երեկոն:
Քո գգվանքի վրանում ես ապրել եմ` որպես հյուր:
Դեմքս ծեփված է բոլոր վայրկյանների վրա քո,
Որ տալիս ես մեկ առ մեկ բախտագուշակ գնչուհուն:

Մի՛ վատնիր քեզ, սիրելի՜ս: Սահանքները անուրջի
Մեզ չեն օգնի: Նրանք քեզ կպարուրե՜ն խաբկանքով:
Դու քո վիհն ես: Ահավո՜ր մի լռություն է իջել
Բառերին, որ փարվել են, գգվել իրենց դրախտով:

Բառերը մեզ կողոպտել ու չեն տվել մեզ ոչինչ,
Տաքացել մեր կրակով ու հեռացել են փութով.-
Ու՞մ պահուստով են սնվում ավազակներն այդ չնչին:

Ինչպե՞ս շուրթս ազատեմ պատանքներից քո շնչի
Եվ ինքս ինձ սփոփեմ գարնանալուր պտույտով,
Երբ մեր բա՜խտն է սայթաքել սահանքներում անուրջի:

* * *
Կարեն Մնացականյանի
հիշատակին

Ոսոխն ետ քաշվեց: Ճանապարհն ասես
Օձի շապիկ է` գետափին ընկած:
Հողի արցունքն է մրգի՜ պես հասել:
Շուրթերիս Աստծո պատկերն է խոցված:

Խոցվա՛ծ է լույսը, մութը` խոշտանգվա՜ծ,
Կոպիս տակ հուշի կածանն է բարակ,
Իսկ իմ քրտինքի կաթիլը ընկած
Կայծքար է դառնում, բուրվառ ու կրակ:

Կայծքա՛ր է դառնում, բուրվա՜ռ ու կրա՛կ
Երթս, որ լեռան խորքից եմ հանել…
Հո՜ղ իմ հայրենի, քո աստղի համար
Իմ արյան միա՛կ երկինքն եմ քամել,
Բախտս քո բախտի խաչին եմ գամել,
Որ քո երա՜զը… հավերժ հուրհրա՛…

ԹՈՒՂԹ ԵՎ ԼՌՈՒԹՅՈՒՆ
Պարույր Սեւակին

Ով կարծում է, թե երազը առասպելյան
Կարոտ է մի աննպատակ այցելուի,
Որ կողպելով հազիվ դուռը պարապության`
Շտապում է զուգել նրան ծեսով տողի

Եվ այդ քայլը համարում է սուրբ ավետո՜ւմ,
Եվ այդ քայլը համարում է շնո՜րհ վերին-
Կխորտակվի իր քմայքի ծանծաղուտում`
Կուլ գնալով կրքապտույտ փրփուրներին:
Չէ-որ թուղթը իրականում պահում է միշտ
Այն կտրված ծառի ո՜ղբը օրհասական,
Որի կյանքից երազաբույր ու փառաշո՜ւք
Մնացել է ինքը` որպես համր վկա,
Որպես հողից շատրվանող ճերմակ բողոք
Ու հետմահու չակնկալվա՜ծ մի ծառացում:

ՄԵՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ

Օրը այս խուլ դռան համար`
Այրո՜ղ բռնակ…
Դռան ճեղքով լույսն է հոսում`
Խիղճը անմար:

Հոսում են ներս երկինքը եւ
Բախտը կուրաչ,
Իսկ դեպի դուրս (սո՛ւտ է երգն էլ)-
Ո՛չ մի հոսանք…

Ոչ մի երազ չի՜ բնակվում
Այս տան ներսում.
Մղձավանջի խավար անկում,
Վա՛խն է հոսում…
Արմատների լույսն է բակում
Մենախոսո՜ւմ…

ՀԱՎԱՏԱՄՔԻ ՇՈՒՐՋՊԱՐ

Պատրանքների ծվեններ կան օդում թեւող,
Որ իջնում են մահասարսուռ
ցանկապատին.-
Գուցե դրանք հոգիներ են` երկնի թեւով
Քսվում են մեր երազներին` մեղկ ու
պատիր:

Եվ թվում է` նրանք իրենց ուսերին պիրկ
Մի գմբեթ են պահում` Աստծո լու՜յսը վրան.-
Գուցե հենց այդ լու՜յսն է, որ մեզ
մաքրու՜մ է միշտ,
Որ հյուսել է հավատամքի շուրջպարը այս:

Ժամանակն է շարժվում դեպի եկեղեցին,
(Կազատվի՞ նա կեղծիքներից իր
շերտավոր),
Ժամանակը` որ իջնում էր, ինչպես կացին,
Շուրջը փռում երազների մոխիր ու ողբ:

Օ՜, զոհերի հոգինե՜րն են հողից զատվում,
Լուսաբացի փետուրներով ողջը պատում:

ՏԱՏԱՆՈՒՄ

Շուրթերիս վրա բաբախող լուսնի
Շողն է թափանցել մութ խորքերը իմ,
Ուր բորբոքվել է երկվության կռիվն,
Ու սրի շե՜ղբ է փրկության հույսն իմ:

Լույսը իջնում է, մութը` բարձրանում,
Քարավանների անցուդարձի տակ
Փոշի են դառնում նշխարներս թանկ,
Եվ իմ մանկության ձա՜յնն է խլանում:

Մերթ իմ ոտքի տակ փոխվում է վիհի,
Մերթ կանթեղի պես կախվում է հեռվում.
Վրե՜ժ է առնում պատկերս ինձնից,-
Եվ մոլուցքն այդ սեւ չի՛ հանգստանու՜մ.
Մութը իջնում է, լույսը` բարձրանու՜մ…
Ոգու մոխի՜ր է թափվում անհունից…

ԴԱՏԱՐԿ ՇՐՋԱՆԱԿ

Առօրյա կյանքի շրջապտույտում
Օրորվող քանի՜ դատարկ շրջանակ,
Քամված հոգիներ, որ չե՜ն խոցոտվում,
Քանզի այլեւս ո՛չ մի եղանակ

Չի՜ նվագելու նրանց լարերին.-
Քարացած շուրթ է, մեռա՜ծ աղաղակ,-
Չի՛ փոփոխելու ճակատագիրն էլ
Նրանց դիրքը այս – դատարկ շրջանակ:

Ինչ-որ չլցրեց հոգին Հիսուսի,
(Խաչվեց-չզորե՜ց դատարկը լցնել),
Չի՜ լցնի ոչ մի բիբլիական ցեղ:

Եվ խղճի միջից ու մեր երազի
Դեռ մեզ է նայում դարեր շարունակ
Անհունի աչքը – դատա՜րկ շրջանակ:

ԱՆՆՎԱՃ ՈԳԻՆ ԼԵՌՆԱՊԱՐԵՐԻ

Պապիս շուրթերին ծաղկած մի հյուլե
Լուսավորում է ճանապարհը իմ,
Որ այս աշխարհում չընդունվա՜ծ հյուր է,
Աննվա՛ճ ոգին լեռնապարերի:

Պա՛պ, քո հայացքը տանիքի նման
Փրկու՜մ է մթին զարկերից հողմի,
Նրանից ցայտող ճառագայթն անմար
Օրորոցվու՜մ է դեռ մորս կողմից:

Քո կնճիռները` կարոտների բույն:
Ծիածանի թեւ, որ մնացել է
Իմ հայացքի մեջ, որպես սրբություն:
Ոգեղեն գագաթ – երազանքի հուն,-
Քո պատարագող ձայնը դարձել է
Ինձ համար արյան շրջանառություն:

ՊԱՏԳԱՄ

Իմ հայրենիք, հավատավո՜ր իմ երկիր,
չո՛ր, պատրա՛ստ պահիր միշտ քո
վառոդը,
և մի՛ կասկածիր, կհասնես բարձունքին,
ուր Եռագո՜ւյնն է, փառքիդ վառ օդը։
Եվ հիշողության ոգին է զարթնում,
որպես տիրակալ,
երբ քո երազում երկինքն է ոգի,
իսկ կյանքն՝ ուղենի՜շ,
ոչ մի վերք ու ցավ չե՛ն ընկճելու
ընթացքը Ցեղիս,
և ոչ մի պատնեշ, կափարիչ ու դուռ
չեն դիմանալու քո արիական ոգուն
շառաչուն…
Ի՛մ հայրենիք, աստղանկա՜ր իմ եզերք,
քո արյան մեջ, ոգուդ հյուլեում
բաբախո՜ւմ է մի ողջ տիեզերք,
և քո ձայնի արձագանքն անգամ
հա՜սկ է դաշտերում,
և քո հայացքի ճառագայթը բարկ
Անսահմանության թրթի՜ռն է բեղուն:
Եվ ծաղկեփունջ են մատներդ լուսե,
որոնցից նեկտա՜ր են քաղում
ճանապարհներդ աստվածաբուրմունք…
Եվ Պատարագիդ ուխտավորն ինքը՝
Հռոմի Պա՜պն է…
Ի՛մ հայրենի՛ք, դավթաբազո՜ւկ իմ
Հայաստան,
քո գոյության սյուները,
որոնց վրա հենված է երկինքը,
հավա՛տն է, լեզու՛դ, հո՛ղդ և զո՛րքդ:
Ամե՛ն Աստծո օր
ծնվում-հառնում ես,
որպես Արարա՛տ,
Աղոթքի՜ երկինք:
Եվ քո լեզվի մեջ ապրում ես, որպես
Թագավո՛ր, Զինվո՛ր:
Եվ սնվում ես դու հողից, ուժ առնում՝
հասնելով Ոգուդ աստղակամարին:
Եվ բազմատրոփ ընթացքով հիմա
հրեշտակներիդ զորքերն են շարժվում
դեպի բիբլիական ու սուրբ հանգրվան:
Եռագույնո՜վ է դիմավորում մեզ Մասիսն
արևկա…
Եվ սաղմոսում է տիեզերքն համայն
ձայնով Նարեկա…
Երկի՛ր իմ, ներկադ
քո ապագա՜ն է,
իսկ քո ապագան՝
խարի՛սխն անցյալի,
և տիգրանաթա՜գ տերությունն է քո:

ԻՄ ՀԱՎԱՏԸ
Երբ քո կայծքարե ձայնից բացվում է
առագաստը իմ ոտնահետքերի,
աստղերն են ծնվում հերկերում լույսի,
բողբոջն է պայթում,
թռչունն է խմում ցողն հորիզոնի:
Ես վերստանո՜ւմ եմ կողմնացույցն Աստծո,
և իմ ապագան դառնում է հաստատ ու տեսանելի…

Իմ ոգու հողե տանիքն է թևածում՝
փնտրելո՜վ իր պատերն ու ճրագը…
Եվ իմ ձայնը ոգու պես Անհայտի
թավալվում է ավազների տակ,
որպես անապատի քամի:
Եվ արյան ճիչե՜ր են բարձրանում թևերից անապատների…
Ես հո՜ւյսն եմ անհայտ կորածների:
Ես լո՜ւյսն եմ կենդանի թաղվածների:
Լուսաբացը սկիզբ է առնում իմ խոսքերի՛ց…
Որտեղ էլ հասնեմ՝ ես Անսահմանի շնչառությո՜ւնն եմ…

Ես աշխարհ եմ եկել,
թե՞ ավելի շատ մնացել եմ
արգանդում հիշողության:
Ինձ թալանե՜լ են,
բայց ես չե՛մ զատվել ոգուց պատմության,
զարկե՛լ են,
իսկ ես վերածնվե՜լ եմ,
որպես Հայաստա՛ն:
Ես հա՛յ եմ, անսպա՜ռ մի աղբյուր
Արևելքի ոգու խորանում:

Հայտնությունս սա՛ է.
դղրդում են ցավի անդունդներն անհագ,
և Թուրքիան, որպես
կափարիչ Խավարի, գլորվո՜ւմ է
պատմության աստիճաններով…
Եվ Մասիսն Հիսուսի Նոր Գալուստի դո՜ւռն է…

* * *
Աստված իդեա՜լ է. ձգտո՜ւմ եմ հասնել,
ոգիս կամուրջ է այս ճանապարհին,
որով անցնում են բառերն իմ հասուն,
ես ի՞նձ եմ հասնում, թե… Մասիս սարին:

«Եղիցի լույս»
Թիվ 1 (191) 2019

Տարածել

Պատասխանել