Արտաշես Ղահրիյան / Չկորցնենք պահը

0

Հայոց դիվանագիտական միտքը ինչպես անցյալներում, այսօր էլ, կարծում եմ, պահի թերատ ընկալման մեջ է գործում: Երկու դեպքում էլ՝ ամբողջական շահը, թե դրա հնարավոր մասը ստանալու վեհերոտությունն է զգալ տալիս: Մի դեպքում կարծես մեզ՝ հայերիս տրված չէ ամբողջը, իբր՝ ո՞րն է մեր կշիռը, որ ձգտենք դրան, մյուսում՝ քիչը ստանալու հնարավորությունում ինչո՞ւ տարվել անհնարին շատի երազանքի մոլուցքով: Պատմական փորձն այնքան վկայող է:
Ծանր հոգեբանական այս բարդույթը արցախյան հարցի դիվանագիտությունում էլ է առկա, բայց այդ մասին՝ հետո: Խնդիրն այն է թե պղտոր ջրում կարո՞ղ ես չկորցնել ազգային շահը: Թե՞ վիճող երկու դիվանագետից մեկը մյուսին կանգնեցնելու է՝ ոտդ վերմակիդ չափով մեկնիր, ինչը մթագնելու է ապագան: Առաջին անկախ Հայաստանի հանրապետության ղեկավարությունը Սևրի դաշնագրի սպասման մեջ կորցրեց այդ ժամանակվա ամբողջական տարածքի մեծ մասը՝ Կարսը, Սուրմալուի գավառը և այլն. 1920-ի մայիսին մերժվեց բոլշևիկյան Ռուսաստանի հորդորը՝ միանալ իրեն մոտ 70 հազար կմ2 տարածքով: Ընթերցելով Մոսկվա մեկնած Լևոն Շանթի պատվիրակության անդամի՝ Համբարձում Տերտերյանի տարիներ անց՝ 1946-ին Բեյրութում հրատարակած «Երիտասարդությունը որպես քավության նոխազ» գիրքը մոսկովյան բանակցությունների մասին՝ գալիս ես համոզման, որ, այո, տանուլ է տրվել մեծ ՊԱՀը: Ո՞վ է մեղավոր՝ մե՞նք, թե նրանք, ովքեր թեկուզ անբարո իշխանապետությամբ պահպանելու էին երկիրը թուրքական անվիճելի նվաճումից: Ասել, թե Թուրքիան քայքայված էր, թույլ, Սարդարապատում և այլուր պարտվեց, բայց հետո, տարիներ ա՞նց, չէ՞ որ ուժեղանալու էր: Ինչպե՞ս Սիրիայից այդ թույլ վիճակում խլեց Ալեքսանդրետի սանջակը, 1974-ին էլ Կիպրոսի մասը, այսօր էլ… Բոլշևիկների գրաված 29 հազար կմ2 այսօրվա Հայաստանը անկախ մնալու դեպքում փրկվելո՞ւ էր թուրքական ախորժակից դեռ 1920-30-ականններին կամ հենց հաջորդած մեծ պատերազմի խառնակ ժամանակ… Ո՞վ էր մեզ պաշտպանելու, եկեք ճիշտը դատենք: Ո՞վ էր մեզ վերադարձնելու կորսվածը: Իսկ ի՞նչ եղավ Սևրի դաշնագիրը: ԱՄՆ-ի սենատն այն չվավերացրեց: Դե, արի հայհոյիր Լենինի կառավարությունը: Երբ դու երկիրդ հանեցիր նրա ենթակայությունից, նա ինչպե՞ս էր գործելու: Բաքվի 1920-ի այսպես կոչված արևելքի ճնշված ժողովուրդների ժողովում անկախ Հայաստանը չէ՞ր որակվելու իմպերալիստական՝ բոլշևիկ Զինովևի և այլոց կողմից: Դեռ հարց է, թե Ալեքսանդրապոլ-Երևան-Բաքու երկաթուղու չգոյության դեպքում մեզ կմնա՞ր այսօրվա Հայաստանը, որն այդ պահին ընդամենը 9 հազար կմ2 տարածք էր, հետո միայն կազմավորվեց 29 հազարի: Դիվանագիտական միտքը գործում է ոչ միայն տվյալ պահը, այլև տասնամյակներով հեռու ապագան նկատի առնելով. շատ հետո՝ 1991-ին անկախանալիս կունենայինք առաջին հանրապետության իրական տարածքը: Պատմաբան Աշոտ Մելքոնյանին հիշեցրի Տերտերյանի գիրքը, որը վկայում է բոլշևիկների գծած այսրկովկասյան երկրների քարտեզը. Այնտեղ ամենամեծը Հայաստանն է՝ առաջարկվող զգալի օժանդակությամբ: Անվանի գիտնականն ասաց. «բլեֆ էր»: Գուցե բլեֆ չէր, պարոն Մելքոնյան, բլե՞ֆ էր մեզնից առաջ Լեհաստանին ու Ֆինլանդիային 1918-ին անկախություն շնորհելը: Մերոնց հետ բանակցողն էլ մերազգի Լևոն Կարախանն էր, Ռուսաստանի արտաքին գործոց նախարար Չիչերինի տեղակալը: Եվ հիշյալ գրքի վկայմամբ էլ Լենինն ասել էր՝ «Չե՞ն ուզում, թող գնան իրենց գլխի ճարը տեսնեն»: Այդ քարտեզը 1960-ին անձամբ տեսել եմ Կարմիր հրապարակի Լենինի տուն-թանգարանում: Ադրբեջանը զբաղեցնում էր մերձծովյա փոքր տարածք:
Այսօր էլ մեր ճակատագրի կողմնորոշման պատմական պահի մեջ ենք, մեզ համար Արցախի հարցի լուծման երկու հնարավոր ձև գոյություն ունի՝ միջազգայնորեն ճանաչում և միացում մայր Հայաստանին: Անձամբ սխալ եմ համարում առաջինը, որի իրականացման դեպքում, թեկուզ ընդունելի, ասենք, նախքան միացումը, կարծում եմ, կորցնելու ենք երեք տասնամյակի ջանքն ու երազանքը: Եվ հետևելու է մեծ ժամանակահատվածի համաժողովրդական հուսալքությունը՝ «ինչպե՞ս չպատկերացրինք»: Այդքան դյուրին չի լինելու անկախ Արցախը Հայաստանին միացման գործընթացը, որովհետև այն միայն հայության ցանկությամբ չի, որ պիտի գլուխ գա: Անկախ Արցախը ոտի կոխան է դառնալու: Բիզնեսն անելու է իրենը, նաև սև գործը: Երկիրը վերածվելու է անկառավարելի շուկայի: Այնտեղ տերուտիրականը լինելու են նրանք, ովքեր պտտեցնելու են շահամոլության թափանիվը: Միջազգայնորեն գործող այս աղետի դեմ խաղ չկա: Նույնիսկ մեր թշնամին է օգտվելու հնարավորությունից՝ ներխուժելու «անկախ» երկիր՝ ոչ միայն առևտրական գործով: Ո՞ր կարգուկանոնով կարող ես դեմն առնել: Թուրքական բիզնեսն այսօր նվաճում է Վրաստանը, առկա դժգոհությունը ելք չունի: Անձամբ ուրախ եմ, որ հայ-թուրքական պայմանավորվածությունները մնացին թղթի վրա: Նոր իրավիճակը կաշկանդելու է նույնիսկ մայր Հայաստանի դերակատարությունն Արցախում: Ինքնակոչ «տերը»՝ Ռուսաստանը, մեր երկրի խնդրում շարունակելու է երկդիմի խաղը՝ երկու հանրապետություններին «հաշտեցնելով»՝ մնալ թելադրողը: Հիշում ենք՝ Երևանում Ռուսաստանի վարչապետ Մեդվեդևը Սերժ Սարգսյանին առերեսեց հարցի լուծման հեռանկարը՝ «պետք է սպասել էլի մի երեսնամյակ»: Սա անառարկելի թելադրանք է: Ուրեմն մնանք պահի մեջ՝ հետամուտ միացմանը Հայաստանին, եթե ուզում ենք, որ մենք լինենք մեր երկրի տերը: Նա, ով կբանավիճի սրա դեմ, թող սպասի իր ուզածին: Երեսունամյա մեր անկախությունը հնարավորություն ընձեռեց հայկական երկու հանրապետություններին ներհյուսվել բոլոր բնագավառներում՝ տնտեսական, ֆինանսական, իրավական, ռազմական, մշակույթային, կրթական և այլն, ինչն այսօր հրամայական է դարձնում կյանքի կոչել Արցախի 1991թ. հանրաքվեն՝ միանալ մայր երկրին: Գործընթացը միայն հայության ներքին խնդիրն է, դրսի իրավական միջամտության ոչ մի հիմք չունի: Մինսկի խումբն էլ, շահագրգիռ միջազգային բոլոր կառույցներն էլ քաջատեղյակ են՝ սա արցախահայության պատմական հայկական երկիրն է: Հասել ենք համայն հայության պատմական երազանքի իրագործմանը երկու ազգային ժողովների համատեղ վավերացմամբ, որը կողջունեն շատ ու շատ երկրներ ու միջազգային կազմակերպություններ: Մեր քայլը ոչ մի շանս չի տա Ադրբեջանին: Ժողովրդի տարագիր զավակները երեսները շրջելու են դեպի միացյալ Հայաստանը, ի նպաստ են բերելու իրենց գործունեությունը, տուն են դառնալու ոգեկոչման ալիքով: Արտագաղթն է նվազելու, համընդհանուր ազգային համախմբվածություն է տիրելու ամենքին: Գրվելու է հայոց պատմության լուսավոր էջը: Հայաստանն ունենալու է միջազգային գրավչություն: Գործն արվեց՝ նպատակը կարդարացվի, չարվեց՝ կմնանք Մեդվեդևի էլի մի երեսնամյակի սպասման մեջ: Երկու հանրապետությունների սրբազան պարտքն է նախաձեռնել: Մեր վիճակում մեր թշնամին վայրկյան իսկ չի վարանի: Ո՞ր քննադատությունն ու չկամությունն են, որոնք շրջելու են վճիռը: Ղրիմը մեզ համար որպես օրինակ:
Դիվանագիտությունում ամենավտանգավորը վեհերոտ լրջությունն է, թվացյալ կեղծ շրջահայացությունը:

Տարածել

Պատասխանել