Սվետլանա Խաչատրյան/Արցախում թումանյանական տարին մեկնարկեց գիտաժողովով

0

Փետրվարյան առավոտը թումանյանական շնչով բացվեց նաև Արցախում, մայրաքաղաք Ստեփանակերտում: Արդեն 11 տարի է` Հովհ. Թումանյանի ծննդյան օրը Հայաստանի և Արցախի գրողների միությունները հռչակել են որպես Գիրք նվիրելու օր: ԱՀ ժողովրդական արտիստ Քաջիկ Հարությունյանը եւ երիտասարդ բանաստեղծուհի, Գրիգոր Նարեկացի համալսարանի դասախոս Սոնա Համբարձումյանը, լույսը բացվելուն պես, «ֆայտոնով» շրջում էին Ստեփանակերտի փողոցներում` մեծ բանաստեղծի ստեղծագործություններն արտասանելով և գրքեր նվիրելով անցորդներին: Ապա նրանց միացան գրողներ Վարդան Հակոբյանը, Սոկրատ Խանյանը, Ռոբերտ Եսայանն ու Հովիկ Մուսայելյանը, այցելեցին քաղաքի Հովհ. Թումանյանի անվան հ. 9 հիմնական դպրոց, Ամենայն Հայոց բանաստեղծի հուշարձանին ծաղիկներ խոնարհեցին, աշակերտների և ուսուցիչների հետ զրուցեցին, գրքեր նվիրեցին:
Արժևորելով օրվա խորհուրդը, ԱԳՄ նախագահ Վ. Հակոբյանն իր խոսքում նշեց, որ Թումանյանը ազգային և համամարդկային երևույթ է, նրա 150-ամյակը կնշվի ամբողջ տարվա ընթացքում՝ որպես համաժողովրդական տոնախմբություն:
Միջոցառումների շարքը շարունակվեց Գանձասարում՝ Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ Արքեպիսկոպոս Սրբազանի օրհնության ներքո: Սուրբ Մկրտիչ եկեղեցում, մոմավառությունից հետո, Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի Գանձասարի մասնաճյուղում «Թումանյանի ստեղծագործության ազգային ու համամարդկային ընդգրկումները և արդիականությունը» թեմայով գիտաժողով կազմակերպվեց, որով եւ պաշտոնապես ազդարարվեց թումանյանական տարվա մեկնարկը:
Գիտաժողովը, որին ներկա էին ԱՀ նախագահ Բ. Սահակյանը, նախարարներ, պետական այրեր, գիտնականներ ու գրողներ, ուսանողներ, նախաձեռնել էին Ստեփանակերտի Գրիգոր Նարեկացի պետհավատարմագրված համալսարանը եւ Արցախի գրողների միությունը:
Գիտաժողովը բացեց Արցախի ԳՄ նախագահ, «Գրիգոր Նարեկացի» համալսարանի ռեկտոր, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վարդան Հակոբյանը:
-Թումանյանը հոբելյանների անցկացման խնդրին,- ասաց նա,- մոտենում էր բավականին ըմբռումով և առանձնահատուկ վերաբերմունքով, քանի որ ազգը ըստ նրա, դրանով իսկ հարգանքի տուրք է մատուցում իր հոգևորին, հարգում է ինքն իրեն: Այսօր, իրոք, մեր ժողովուրդը Թումանյանին մեծարելով՝ ինքն իր ճանապարհն է վերահաստատում: Մոլորակի բոլոր այն ծագերում. որտեղ թեկուզ մեկ հայ կա, այսօր նա եւս մեզ հետ տոնում է մեծ բանաստեղծի ծնունդը:
Վ. Հակոբյանը պատահական չհամարեց Ամենայն հայոց բանաստեղծի ծննդյան 150-ամյակը Գանձասարի սրբատանն անցկացնելը: Մանավանդ՝ խորհրդանշական է դա, այն առումով, որ Թումանյանի ընթերցած եւ սիրած առաջին գրքերից մեկը` Խ.Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպի հետ միասին, Գանձասարի Հասան Ջալալյանների տոհմից սերված Սարգիս Ջալալյանի «Ճանապարհորդությունի մեծն Հայաստան» երկհատորյակն էր, որը պատանի բանաստեղծին «պատմում» էր մեր ազգագրության, հայոց եկեղեցիների, վանքերի մասին:
Այնուհետեւ ողջույնի խոսքով հանդես եկավ ԱՀ ԿԳՍ նախարար Նարինե Աղաբալյանը: Թումանյան երեւույթի էությունը նրանում է, -ընդգծեց նա,-որ յուրաքանչյուր սերունդ, յուրաքանչյուր ոք նրան համարում է իրենը: Նա ապրեց մեծ` տիեզերական կյանքով, ստեղծեց հանճարեղ գործեր, թարգմանեց համաշխարհային մեծերին, ակտիվորեն զբաղվեց քաղաքացիական, հասարակական գործունեությամբ, գլխավորեց ընկերություններ և կարողացավ լինել այն բացառիկը, ում սիրում ու մեծարում է ամբողջ ազգը:
Իր խոսքում Արցախի մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը գոհունակությամբ նշեց, որ դրվատելի է մեծ թվով ուսանողների մասնակցությունը գիտաժողովին: Ես ընդգծեցի այս հանգամանքը,- ասաց Լ.Հովհաննիսյանը,- նրա համար, որովհետեւ երիտասարդությունը միշտ եղել է Թումանյանի ուշադրության կենտրոնում: Այսպես, դեռեւս երիտասարդ Երվանդ Լալայանը Շուշիում իր հանրահայտ ազգագարական հանդեսը /1895թ./ հիմնադրելուց մեկ տարի հետո, երբ տեղափոխել էր Թիֆլիս, նրա առաջին խորհրդատուներից մեկը Թումանյանն էր: Նրա հորդորով է Լալայանը նախաձեռնել Արևելյան Հայաստանի գավառների ազգագրական ուսումնասիրությունը, որի առաջին գրախոսն ու խմբագիրը հենց ինքը՝ Թումանյանն էր:
Գիտաժողովին ներկայացված էին շուրջ երկու տասնյակ զեկուցումներ, որոնք ներկաները լսեցին ուշադրությամբ: Զեկուցումներով հանդես եկան բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վարդան Հակոբյանը /«Պատկեր. առարկայականությունից դեպի էութենականը, ժամանակի եւ տարածության տարրալուծումը բառի մեջ»/, ԳՆՀ գրականության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների թեկնածու Ժաննա Բեգլարյանը /«Ազգային ողբերգության արտացոլումը Թումանյանի ստեղծագործություններում»/, ԳՆՀ Միջազգային կապերի և հետազոտությունների կենտրոնի պատասխանատու, Արևմտահայերէնի, հայագիտութեան գիտահետազօտական Լուտովիկա և Յակոբ Այնթապլեան կեդրոնի տնօրեն, բանասիրական գիտությունների թեկնածու Ամալյա Գրիգորյանը /«Գրողի քննադատական հայացքները և նրա արծարծած խնդիրների արդիականությունը»/, գրող, հրապարակախոս Արտաշես Ղահրյանը /«Թումանյանը՝ ամենուրական»/, ՄՄՀ ռեկտոր, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ, ՄՄՀ պրոֆեսոր Դոնարա Գաբրիելյանը /«Ամենայն հայոց բանաստեղծի ստեղծագործությունները՝ ռուսերեն»/, ԳՆՀ մանկավարժության և հոգեբանության ամբիոնի վարիչ, մանկավարժական գիտությունների թեկնածու Արկադի Թովմասյանը /«Ժողովրդական կերպարներ. նրանց հոգեբանական դրսևորումները»/, բանասիրական գիտությունների թեկնածու Կիմ Գաբրիելյանը /«Նորի և ավանդականի գեղարվեստական համադրությունը Թումանյանի արձակում»/, ԳՆՀ լեզուների ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների թեկնածու Ռենա Մովսիսյանը /«Ժողովրդական լեզու, ոճ և մտածողություն»/, գրող հրապարակախոս Ռոբերտ Եսայանը /«Ժողովրդական տրամադրությունների արտահայտությունը բանաստեղծի քնարերգության մեջ»/, ԱրՊՀ գրականության և լրագրության ամբիոնի դասախոս, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սոկրատ Խանյանը /«Մեծ լոռեցին և Շեքսպիրը»/, ԱրՊՀ գրականության և լրագրության ամբիոնի դասախոս, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Զինաիդա Բալայանը /«Բալլադների փիլիսոփայական մեկնադաշտը»/, գրող, հրապարակախոս Դավիթ Միքայելյանը /«Գրողի իմաստասիրությունը և ժողովրդական երգիծանքի գեղարվեստական մարմնավորումը»/, ԳՆՀ ՈՒԳԸ նախագահ, բանասիրական գիտությունների թեկնածու Նանար Սիմոնյանը /«Մանկագրության զարգացման վերնընթացն անցյալ դարասկզբի հայ գրականության ընդհանուր համապատկերում»/, ԳՆՀ հասարակայնության հետ կապերի և գովազդի բաժնի պատասխանատու Սոնա Համբարձումյանը /«Գրականությունը մարդու իրավունքների պաշտպանության պայքարում»/, ԳՆՀ գրականության ամբիոնի դասախոս Աննա Բալայանը /«Գրականությունների բարեկամությունը ժողովուրդների բարեկամություն է»/, ԳՆՀ գրականության ամբիոնի դասախոս Տաթև Պողոսյանը /«Թումանյանը և Իսահակյանը»/, ԳՆՀ լեզուների ամբիոնի դասախոս Անի Շիրինյանը /«Բանաստեղծի ստեղծագործական ոգեշնչումները և նրա սուրբգրային խորհրդածությունները»/, ԳՆՀ ՀԼԳ բաժնի երկրորդ կուրսի ուսանողուհի Անգելինա Առստամյանը /«Իրականի և անիրականի համադրությունը հեքիաթում»/:
Գիտաժողովն ամփոփիչ խոսքով եզրափակեց Վ. Հակոբյանը. «Ինչքան շատ ենք մոտենում Թումանյանին, այնքան համոզվում ենք, որ գրեթե չգիտենք նրան, տեսնում ենք, որ կա նոր Թումանյան: Ու եթե մենք միշտ գնանք դեպի նոր Թումանյանը, շատ բաներ կհայտնագործենք, մենք մեր ժողովրդին մեր մեջ ու ինքներս մեզ կրկին ու կրկին կհայտնագործենք: Թումանյանի ամբողջ ծածկագրությունը հենց սրա մեջ է: Թումանյանը մեզ աչքեր է նվիրում` տեսնելու այն, ինչ մինչև հիմա չենք տեսել, նրա ցանկացած բառ իր վրա հազար դուռ ունի, քանի՞սն ենք բացել այդ դռներից. ամեն մեկս` հազիվ մեկ: Բայց փորձենք այդ դռների կոդը իմանալ և ներս մտնել…»:
Գիտաժողովի վերջին ակորդը տվեցին ժողովրդական դերասան Քաջիկ Հարությունյանը, որը հիանալի ասմունքեց «Մի կաթիլ մեղր» և Գրիգոր Նարեկացի համալսարանի ուսանողուհի Ռուզաննա Մելքումյանը, որը կատարեց մի հատված «Անուշ» օպերայից:
Թումանյանական միջոցառումները շարունակվում են:

«Եղիցի լույս»
Թիվ 2 (192) 2019

Տարածել

Պատասխանել