Դավիթ Միքայելյան / Իր «ժամանակի ու տարածության տիրակալը»…

0

Հայաստանի եւ Արցախի ազգային հերոս, «Հայրենիք» եւ «Ոսկե արծիվ» շքանշանների ասպետ Վազգեն Սարգսյանի ծննդյան 60-ամյակը հանդիսավոր շուքով օրերս նշվեց Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատի մեծ դահլիճում, որին ներկա են գտնվել ԱՀ նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, Արցախի երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը, Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, Վազգեն Սարգսյանի հարազատներն ու զինակիցները, ՊԲ հրամկազմը, Հայաստանից եւ արտերկրից ժամանած բազմաթիվ հյուրեր:
«Արդեն քսան տարի է, ինչ ավարտվել է Վազգեն Սարգսյանի երկրային ճանապարհը: Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների հերոսի 60-ամյա հոբելյանն այսօր, ցավոք, նշում ենք առանց Վազգենի,- այսպես սկսեց իր ելույթը պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը.- Մեծ անհատների մասին խոսելը բավականին բարդ գործ է, քանի որ նրանց կատարածը սովորաբար այնքան տարողունակ եւ հսկայածավալ է լինում, որ ժամանակակիցների հայացքները հաճախ չեն կարողանում ընդգրկել այն: Միայն որոշակի ժամանակահատվածից հետո է հնարավոր լինում ամբողջությամբ իմաստավորել մեծ անհատի պատմական դերը: Նման բացառիկ անհատներից է Վազգեն Սարգսյանը, ով 1988թ. համազգային շարժման կազմակերպիչներից եւ նրա ռազմական ղեկավարներից մեկն էր»:
Վաղամեռիկ իր տաղանդավոր գրչընկերոջ մասին սրտառուչ խոսք ասաց Արցախի ԳՄ նախագահ, բանաստեղծ Վարդան Հակոբյանը:
Հանդիսավոր միջոցառմանը սերնդակիցների անունից ներկաներին ողջունեց ՊԲ զինծառայող, «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանի ասպետ Նորայր Քամալյանը:
Հարազատների անունից շնորհակալություն հայտնելով հոբելյանի կազմակերպիչներին ու ելույթ ունեցողներին ջերմ, սրտառուչ խոսքերի համար, սպարապետի եղբայրը՝ Արամ Սարգսյանը, նշեց, թե ինքն էլ շատ կերազեր, որ դահլիճում նստած լինեին ինչպես հոբելյարը՝ Վազգենը, այնպես էլ իրենց մայրը. «Ու եթե կենդանության տարիներին նա չէր սիրում ծնունդներ նշել եւ իր մասին գովեստի խոսքեր լսել, այսօր գոնե հնարավորություն կընձեռներ, որպեսզի իր համար շատ հոգեհարազատ ու սիրելի Արցախում միասին նշեինք 60-ամյա հոբելյանը: Առիթից օգտվելով, շնորհավորում եմ թե Վազգենի եւ թե մարտի 5-ին լույս աշխարհ եկած նրա բոլոր ընկերների ծնունդը: Թող Աստված պահի ու պաշտպանի ազատ եւ անկախ Արցախը»:
Հոբելյանի առիթով օրհնանքի խոսք ասաց Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:
Հուշ-երեկոն ուղեկցվում էր Սպարապետին, Հայաստանին և Արցախին նվիրված հայրենասիրական երգերով:

Տարածել

Պատասխանել