Վարդան Հակոբյան / Վազգեն Սարգսյան (Ծննդյան 60-ամյակի առթիվ)

0

Նա պիտի այսօր այստեղ լիներ, այս դահլիճում, այս բեմի վրա, հոբելյարի գահաթոռին, և պիտի բեմը հեղեղվեր ծաղիկներով, դահլիճը ծափողջուններով ու մենք մեզ կարևորեինք նրա ձեռքսեղմումին արժանանալով…Եվ առաջինը պիտի նրա հետ ողջագուրվեին նրա գրչակիցներն ու զինակիցները, հրամանատարները, հերոսական գեներալները: Ես մեծ ուշադրությամբ ու բավականությամբ լսեցի քիչ առաջ նրա գործի արժանավոր շարունակողներից մեկի խոսքը` Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի խոսքը, և մեզ համար, ազգի համար մխիթարանք է, որ ինչպես ասում են, մեր ժողովրդի հերոսականության գենը շարունակական է…Ասել է թե` Վազգենը միշտ մեզ հետ է:
Հայի ճակատագիրը ու նրա երազը ե՞րբ չեն եղել հակոտնյա… Մենք ստիպված ենք միշտ մեր երազին հասնել միայն հեքիաթի օրենքներով՝ անհավասար կռվում գլխատելով հազարագլխանի դևերին… Այդպես եղավ և Վազգեն Սարգսյանի պարագայում:
Պատերազմը մեզանից, մեր գրականությունից խլեց մեր լավագույն գրողներից մեկին… Նա, ով ընտրել էր բառը, այնպես եղավ, որ դարձավ զորական, զենքի մարդ: Նա, ինչպես Հրանտ Մաթևոսյանն է ասել, դարձավ «իր ժամանակի ու տարածության տիրակալը» և ազգի հերոսության առասպելականությունը դարձրեց իրական:
Սարոյանն ասել է՝ ես կսիրեմ հայոց պատերազմները… Կսիրե, քանի որ նրանք փրկարար են, բայց դա ասել է, երևի, ճարահատյալ, որովհետև մենք դատապարտված ենք ճակատագրով… մշտապես նման պատերազմների մեջ լինել:
Առաջին անգամ Վազգենին հանդիպել եմ «Գարունի» խմբագրությունում… Ընդհանուր բաժնի հետ գործ կար, հերթ էր, հենց երևաց Վազգենը՝ սլացիկ ու ձիգ հասակով, մի սեւ պլաշ հագին, աղջիկները միանգամից իրարով անցան, ողջագուրվեցին, չէ՝ որ Վազգենը «Գարունի» աշխատող էր դրանից առաջ: …Ստիպված ու մի կողմ քաշված սպասեցի մի քանի րոպե, ապա դիմեցի բաժնի վարչուհուն. «Ներեցեք, ես ուշանում եմ»… Հանկարծ Վազգենը դիմեց աղջիկներին՝ նայելով ինձ. «Նախ իր հետ վերջացրեք, երևի Արցախ է մեկնում»… Եվ ես նայեցի Վազգենին, չէի ճանաչում, բայց դեմքը ծանոթ էր, մոտեցա ու ձեռքը սեղմեցի: Դա մեր առաջին հանդիպումն էր ու ծանոթությունը:
Հետո, Արցախյան շարժման սկիզբն էր, մտերմացանք …Հանդիպումներ շատ եղան՝ ՀԳՄ-ում, Ստեփանակերտում… Երբ Արցախ էր գալիս, գրողների միությունում էր լինում անպայման, գրչակից ընկերների շրջանում:
Վազգենը եզակի գրող է, որի բառը բացառիկ գործառնական է, խիստ ֆունկցիոնալ, գործնական:
«Դրախտ ես դու, դրախտ, Փառանձեմ», «Հայրը», «Աշուն. հայկական բակ» եւ մյուս պատվածքներն ու «Հացի փորձություն» վիպակը այսօր էլ չեն կորցնում իրենց թարմությունն ու արվեստի հմայքը, հնչում են խիստ արդիական: Մանավանդ՝ առինքնող ու խիստ հավաստի են, ժողովրդական պատումի պես համոզիչ են նրա խոսքն ու ոճը: Իր ամեն բառում Վազգենը Վազգենն է:
Անկրկնելի:
Անշփոթելի:
Վազգեն Սարգսյանի փիլիսոփայական մտքերը խորություն ու խորհրդավորություն են տալիս նրա բառին…
Ահավասիկ՝ յուրաքանչյուր ժողովուրդ լինի 3 միլիոնանոց, թե 300 միլիոնանոց, միշտ իր միջից կարող է հանել այնքան մարդ, որոնք կարող են երկիրը պահպանել:
Վազգենը մի անգամ Ծաղկաձորում, գրական խորհրդակցության ընթացքում, ելույթ ունեցավ ու այսպիսի մի միտք ասաց՝ շատ հակիրճ. «Իսկական գրողը նա է, ով կարողանում է գրել իր «Ալպիական մանուշակը»: Իհարկե շատ գրողներ պիտի նախանձեին նրան, քանի որ նա իր «Ալպիական մանուշակը», ստեղծեց ոչ թե սպիտակ թղթի վրա՝ գրչով, այլ արյամբ հեղեղված ռազմադաշտում: Վազգենը հայ քաջազունների հետ արարեց մեր ժողովրդի մեծագույն հաղթանակը… Ահա թե որն է նրա գլուխգործոցը:
Վերջին անգամ Վազգենին տեսա Սարդարապատում՝ 99-ի եղեռնական աշնանը, նրա աչքերում, տոնական այդ օրը, ուրախության տակ պահված դաժան թախիծ տեսա, չարենցյան թախիծ… Ես լավ գիտեի Վազգենին… Բայց անթարգմանելի էր նրա ապրումը:
Մեծ խորհուրդ կա, անշուշտ, նրանում, որ Սպարապետի կոչումը նրան հասավ, կարելի է ասել, Նժդեհի «ձեռքից», որովհետեւ նա էր Վազգենից առաջ մեր վերջին Սպարապետը:
Եվ նա նույնպես գրող էր ու փիլիսոփա:
Աստված մեզ տվել է ամենանենգ թշնամին, բայց և տվել է նրան հաղթելու հնարը: Այսինքն՝ Վազգենի նման հերոսներ: Վազգենը էն գլխից գնում էր Ամենայն հայոց բանաստեղծի հետքերով, բայց դարձավ… Ամենայն հայոց սպարապետ: Ցավոք, ինչպես ցույց է տալիս մեր դարերի պատմությունը, պատերազմներն իրենց հետ, թոհուբոհի խառնակ իրավիճակներում, բերում են նաև չափազանց ծանր ու խիստ քստմնելի երեւույթներ, որոնցից ամենահավորը նենգամիտ թույլերի ու վախկոտների կողմից Աստծո նշանն իրենց ճակատին կրող տղաներին շարքից հանելն է… Եղեռնական այդ գիշերը ես խորը ցավով, սրտի կսկիծով ու զայրույթով գրեցի Վազգենին նվիրված այս տողերը:

ԵՂԵՐԵՐԳ
Վազգեն Սպարապետին

Մենք մեր կողից սուր ենք կռում,
Տանում ու մեր սիրտը խրում,
Տարվում ցավով օտարների,
Մատնում մեզ նոր վթարների.
-Տե՛ր, մեզանի՛ց դու փրկիր մեզ:

Ոսոխի դեմ մենք կանգ չառանք,
Դավթի սրով զարկինք, անցանք:
Մեր գայլն անգամ` չորսաչքանի,
Թուրքը ինչ է, որ ինչ անի.
-Տե՛ր, մեզանի՛ց դու փրկիր մեզ:

Իրար հանդեպ` խիստ ոխակալ,
Հոծ խմբերով ամբոխական,
Երամ-երամ, շարան-շարան
Մեզ քաշում ենք կառափնարան.
-Տե՛ր, մեզանի՛ց դու փրկիր մեզ:

Թումանյանն ասում է մենք ներսից ենք փչացած, մեր փրկությունը ներսից պիտի գա:
Վերջացնեմ:
Մեր հանդիպումների ժամանակ զրույցների թեման շատ լայն էր լինում, իրար հետ սիրտ էինք բացում, խոսում ամեն ինչից: Իսկ Վազգենը գերազնիվ, անմիջական, չափազանց անկեղծ ու ճշտախոս մարդ էր: Մի օր խոսեց ֆրանսիացի մեծ մտածող, քաղաքական, ռազմական գործիչ Շառլ դը Գոլի մասին ու հարցրեց ինձ.
– Գիտե՞ս ինչ է ասել՝ եթե ուզում ես անհաղթելի լինել մրցակիցներիդ մեջ, ընտրիր ամենադժվար ճանապարհը…
Ինչո՞ւ սա հիշեցի…
Վազգեն Սարգսյանն ընտրել է ամենադժվարին, ամենաանանձնական ու ամենահերոսական ճանապարհը… Սիրելի Սպարապետ… ընդունիր արցախյան ալպիական ծաղիկների, բոլորիս խոնարհումն ու մեր սրտագին շնորհավորանքները…
Շնորհակալություն, որ դու կաս:
Շնորհակալություն, որ դու միշտ լինելու ես:

«Եղիցի լույս»
Թիվ 2 (192) 2019

Տարածել

Պատասխանել