Վարդան Հակոբյան / Կրակի վրա

0

Ես ընթերցում եմ երեկոն`
բաց չթողնելով եւ ոչ մի աստղ,
անգամ եթե նա դեռ չի ծագել:
Մթան մեջ Տաճարի1 խաչը
համբուրում են գիշերային
հրեշտակները,
կարմիր ու տաք լույսը կամաց-կամաց
ցոլարձակվում է քարերից,
մի աղջիկ այն հավաքում է
չթե փեշերի մեջ:
Աղջկան երբեք մենակ չթողնող շնիկը
մի երկու բերան զգուշացման
հաչոցներ է նվիրում
ինչ-որ տղայի, որը, ի զարմանս շնիկի,
չի ուզում տեսնել գեղեցկությունը տիրուհու
եւ անցնում է անտարբեր:
Ամեն մոմ բոցկլտում է վառողի
հոգեթրթիռներով:

Երիտասարդ զանգահարը
մատների մեջ հավաքել է
հայոց բոլոր եկեղեցիների
զանգալեզվակները՝
տարոնյան որդանակարմիր թելերով:
Զվարթնոցը մոտենում է ինքն իրեն,
եւ սփյուռված քարերն ու
խաչքարերը վերադառնում են:
Գանձասարից լսվում են Լույս զվարթը`
տխրաշաղի ստվերներում,
Արեգակն արդարը` դարի
անարդարության
թանձր քողերի ներքո:
Շենքերից մեկի հինգերորդ հարկից,
ծանոթ կանչի վրա, գլուխը հանում է
Արուսյակը, եւ
բոլորս տեսնում ենք, թե լուսինը
ոնց է պատարագում թեժ երկնքում:
Երկիրը տաճարվում է այնտեղ,
ուր հողը փխրուն է դառնում վաղվա
մոտեցող քայլերից,
իմ համանկարում պատկերվում են
քարերը,
աստղերը,
որոնց կտուցներից
մեռոնն ուր էլ կաթի, այնտեղ
հայոց քաջերի արյունն է փարոսվում:
Մեր տաճարները
միշտ բարձրանում են
առաջին գծի վրա: Եվ նրանց մեր նահատակներն են ուղղորդում:
Ես հագնում եմ հրե ղողանջները զանգի
ու ճանապարհ եմ ընկնում դեպի
Քիրս՝
նրա գլխին դնելու Ոսկե թագը
Տիգրան Մեծի,
որ դպիր, պոետ ու հնագետ
Հրաչյա Բեգլարյանը գտել է
պեղումների ժամանակ՝ մ.թ. հետո,
չգիտեմ որերորդ դարում:
Ասում են՝ Սուրբ Տաճարի բացումից
հաշված ժամեր անց
շատ, շատ հեռվից եկած
մի հասարակ հայորդի՝
սպիտակ շորերով
(տեսնողների կարծիքով,
իբր, եղել է Նարեկացին,
կամ գուցե՝ Շիրազը, մազերը խռիվ էին,
մեկն էլ ասում է՝ չէ, քարինգցի
մի գիշերաջրվոր էր՝ Բաշխունց Խաչին),
յոթ օր՝ գիշեր ու ցերեկ չի հեռացել Տաճարից,
ձեռքերով ու ճաքճքած շուրթերով
համբուրել է քարերը,
որոնց վրա նրա թողած հետքերը
երեւում են միայն ու միայն գիշերները՝
ծիկրակելով չմարող աստղերի տեսքով…
Իսկ հրեշտակները շրջում են խրամատներում:

________________________

1. Հեղինակը նկատի ունի Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանի Մայր Տաճարը, որի հիմնաքար-աղյուսներից մեկը՝ 16-րդը, դրել է իր ձեռքով: Տաճարի բացումը եղավ 2019թ. ապրիլի 7-ին:

«Եղիցի լույս»
Թիվ 3 (193) 2019

Տարածել

Պատասխանել