Ամալյա Գրիգորյան / Գրական ստեղծագործության ուսուցման արդյունավետության և որակի բարձրացման մի քանի հարցեր

0

       Ուսումնամեթոդական ձեռնարկում մանկավարժական փորձուսուցման ընթացքում կատարած մեր ուսումնասիրությունների հիման վրա վերլուծվում է Ստեփանակերտի թիվ 1,2,4,5,7 հիմնական և թիվ 11 ավագ դպրոցների հայոց լեզվի և գրականության ուսուցիչների փորձը, հանգամանորեն ցույց է տրվում, թե դասագործընթացում ինչպես են կիրառվում գրականության ուսուցման ավանդական և ժամանակակից մեթոդները: Աշխատանքում, ուսուցիչների փորձի վերլուծության միջոցով, լուսաբանվում են գրականության դասի ժամանակ ներառարկայական, միջառարկայական, ուղիղ և հետադարձ կապերի, դասավարման լավագույն տարբերակի ընտրության ապահովման հետ կապված հիմնահարցերը:
    Ուսումնամեթոդական ձեռնարկը նախատեսվում է հայ գրականության սկսնակ ուսուցիչների, բանասիրական ֆակուլտետների ուսանողների համար:

Ուսուցման գործընթացի ճիշտ կազմակերպումն ու նրա հետևողական կատարելագործումն այսօրվա բարեփոխվող դպրոցի հրատապ հիմնախնդիրներից են:
Վերջին տարիներին մանկավարժական պարբերականներում ու ամսագրերում հաճախակի է խոսվում այդ մասին: Սակայն քննարկվող հիմնահարցը դեռևս սպառված չի համարվում, ուստի շարունակվում են այդ ուղղությամբ որոնումներն ու հետազոտումները:
Հայ գրականագիտության զարգացմանը զուգընթաց բարեփոխվող դպրոցում առավել հրատապ են դառնում գրականության դասավանդման մեթոդական ու դիդակտիկական (ուսուցողական) հարցերի նորովի մշակման ուղղությամբ կատարվող աշխատանքները: Ուսուցման ելակետային դրույթների, մեթոդների, դասավանդման ձևերի բազմակողմանիորեն իմացությունը՝ մանկավարժական փորձուսուցման մասնակից ուսանողի` ապագա գրականության ուսուցչի և դպրոցի սկսնակ ուսուցչի առաջնահերթ խնդիրն է, քանի որ նրանք են լուծելու այն հիմնահարցերը, որոնք դրվում են ազգային դպրոցի առջև: Ուսուցման բարձր արդյունավետության կարելի է հասնել հատկապես գրականության դասերին, քանի որ ոչ մի առարկա այնպես չի նպաստում սովորողների ստեղծագործական կարողությունների, գեղագիտական ճաշակի, լեզվական հնարավորությունների զարգացմանն ու կատարելագործմանը, ինչպես գրականությունը: Իսկ գրական ստեղծագործությունների ուսուցումն առանց գրականագիտական խորը վերլուծությունների ու մեկնաբանությունների, գեղարվեստական նրբությունների մեջ խորամուխ լինելու, հնարավոր չէ:
Այս նպատակով էլ փորձել ենք դպրոցներում (նկատի ունենք Ստեփանակերտի թիվ 1,2,4,5,7 հիմնական և թիվ 11 ավագ դպրոցները) կատարած ուսումնասիրությունների արդյունքների վերլուծության հիման վրա գիտամանկավարժորեն լուսաբանել ժամանակակից դպրոցում գրականության ուսուցման մեթոդները և ուսուցչի կողմից նրա ընտրության մանկավարժական պայմանները: Մանկավարժական փորձուսուցման ընթացքում մեր կատարած ուսումնասիրությունների հիման վրա վերլուծվում է գրականության ուսուցիչների առաջավոր փորձը, հանգամանորեն ցույց է տրվում, թե ինչպես են կիրառվում գրականության ուսուցման ավանդական և ժամանակակից մեթոդները, և այդ հենքի վրա էլ տրվում է գրականության ուսուցման մեթոդների գիտամանկավարժական վերլուծությունը, միաժամանակ առաջադրվում են նաև մեթոդական հանձնարարականներ՝ փորձուսուցման մասնակից ուսանողներին և դպրոցի սկսնակ ուսուցիչներին:
Ուսումնամեթոդական ձեռնարկում ամփոփված թեմաները շարադրել ենք` նկատի ունենալով ժամանակակից դասին ներկայացվող պահանջները, մի շարք հարցեր լուսաբանվում են առաջին անգամ, նկատի ունենք թիվ 1,2,4,7,5,11 դպրոցների ուսուցիչների պրակտիկ փորձի ուսումնասիրությունը, որը մեզ թույլ է տալիս վերլուծել, լուսաբանել գրականության դասի արդյունավետության բարձրացման ուղիները: Դրանք են՝ դասի լավագույն տարբերակի ընտրության մանկավարժական պայմանները, գրականության դասի ուղիղ և հետադարձ, ներառարկայական ու միջառարկայական կապերի ապահովումը գրականության դասերին` որպես սովորողների գիտելիքների յուրացման գրավական, և այլ հիմնահարցեր: Որպես օգնություն փորձուսուցման ուսանողներին և սկսնակ ուսուցիչներին` նպատակահարմար ենք գտել նաև ձեռնարկում ընդգրկել գրականության և հայոց լեզվի դասերի վարման պլան-սեղմագիր, և ուսանողներին առաջադրել մեթոդական խորհուրդներ՝ արդյունավետ դասի կազմակերպման համար:
Իրենց բնույթով բազմազան են ձեռնարկում արծարծված թեմաները: Նրանցում բացահայտվում են գրական ստեղծագործությունների ուսուցման և քննարկվող հիմնահարցերի հետ առնչվող մանկավարժական տեսական այլ հարցեր: Գրականության դասավանդման մեթոդիկան մանկավարժական գիտության մի ճյուղն է, և այս առումով էլ գրականության ուսուցման հարցերի վերլուծությունը տրամաբանորեն փոխկապակցվել է մանկավարժության տեսության հետ:
Կարևոր ենք համարում ընդգծել, որ սույն ուսումնամեթոդական ձեռնարկը կարող է օգտակար լինել մանկավարժական փորձուսուցմանը մասնակցող՝ հայոց լեզվի և գրականության բաժնում սովորող ուսանողներին` ապագա ուսուցիչներին, հանրակրթական դպրոցի սկսնակ ուսուցիչներին, ինչպես նաև հայ գրականության գործնական պարապմունքներին նախապատրաստվող ուսանողներին:
Ուսումնամեթոդական ձեռնարկը շարադրված է ոչ միայն գիտական գրականության, ամսագրային հոդվածների, համացանցային աղբյուրների, այլև հանրակրթական դպրոցի պրակտիկ փորձից վերցված կոնկրետ օրինակների հիման վրա, ուր միաժամանակ մեթոդական խորհուրդներ են տրվում ուսանողներին, դպրոցի սկսնակ ուսուցիչներին:
Հարկ ենք համարում նշել, որ ուսումնամեթոդական այս ձեռնարկից օգտվելու ժամանակ յուրաքանչյուր ուսուցիչ պետք է ձգտի նորացնել և վերակառուցել իր դասավանդման մեթոդները՝ ստեղծագործաբար: Հուսով ենք, որ այդ դեպքում ձեռնարկը էապես կնպաստի դասավանդման որակի բարձրացմանն ու սովորողներին գիտելիքներով և հմտություններով զինելու գործընթացի օպտիմալացմանը:
Սույն ուսումնամեթոդական ձեռնարկը քննարկվել է «Գրիգոր Նարեկացի» պետական հավատարմագրված համալսարանի մանկավարժության և մեթոդիկայի, հայոց լեզվի և գրականության ամբիոններում, բուհի գիտական խորհրդում և երաշխավորվել տպագրության:

«Եղիցի լույս»
Թիվ 3 (193) 2019

Տարածել

Պատասխանել