Կարեն Ջանգիրով / Ռուսական վեռլիբրի հոգեհայրը

0

Թարգմանչի կողմից
Կարեն Եդվարդի Ջանգիրովը բանաստեղծ-վեռլիբրագիր է: Ծնվել է 1956 թ. Բաքվում: Ավարտել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանը եւ նրան կից ասպիրանտուրան: 1978 թ. զբաղվում է ռուսական վեռլիբրի մշակմամբ ու համակարգմամբ: Նրա բանաստեղծությունները թարգմանվել են արտասահմանյան լեզուներով: Վեռլիբրով գրված 17 գրքի հեղինակ է: Երբեմնի ԽՍՀՄ-ում վեռլիբրների առաջին խմբային ժողովածուի՝ «Սպիտակ քառակուսու», ինչպես նաեւ ռուսական վեռլիբրի մի շարք այլ անթոլոգիաների կազմողն է ու հեղինակը: 1991 թվականից գտնվում է տարագրությունում. ապրել է Լեհաստանում, Նորվեգիայում, Բելգիայում, Ավստրիայում: 1995 թվականից Կանադայում է:
«Եղիցի լույսի» ընթերցողներին, կարծում եմ, կհետաքրքրի ռուս հիանալի բանաստեղծ ու գրաքննադատ Գենադի Կրասնիկովի «Հավերժության պահպանման օրենքը» վերտառությամբ հոդվածը Կ. Ջանգիրովի մասին /սչջ.Րց/, որը ներկայացնում եմ մասնակի կրճատումներով:
«Կարեն Ջանգիրովի համար, ում արմատներն Արցախից են /Լեռնային Ղարաբաղ/, կա նաեւ հայկական հին մշակույթի գենետիկ ու պատմական փորձը՝ Գրիգոր Նարեկացու՝ հանգ չիմացող եւ ավելի քան տասը դար կարդացվող հանճարեղ «Մատյանով»: Ու դա նրա ….գուցե ամենագլխավոր տարբերությունն է իր գրական արվեստակիցներից: Եվրոպացի ժամանակակից մարդ /արդեն քանի տարի է՝ ապրում է Արեւմուտքում/, նա երկու հարստագույն մշակույթների կրողն է՝ ռուսական ու հայկական: Բայց, անկասկած, նրա ոգու եւ ողբերգական աշխարհընկալման հայրենիքը Հայաստանում է՝ իր նախնյաց երկրում, ողբերգությունների այն շղթայում, որոնք հայ ժողովուրդը վերապրել է դարերի ընթացքում: Ու երբ նա գրում է՝
Հայաստա՛ն,
Ի՞նչ մետաղից է
այդ ծանր խաչը,
որ դարերով հողին է հակել
քո ցողունը,
հնգատող այդ մանրանկարը-լսողներին ու տեսնողներին-պատմում է ավելին, քան՝ պատմության բազմահատոր դասընթացը «…»: Ոչինչ չես կարող անել, վեռլիբրի ժանրի առանձնահատկությունն այնպիսին է, որ նրանում հեղինակությունը միշտ չէ, որ ճանաչելի է, յուրաքանչյուր բանաստեղծություն ասես փոքրիկ ծով է, որի մեջ են թափվում բազմաթիվ զուգորդական գետեր: Սակայն Կարեն Ջանգիրովի բանաստեղծություններն այդ կանոնի թանկարժեք բացառություններից մեկն են:
Ինչպես ուշադիր աչքը գիշերային երկնքի միլիարդավոր աստղերի մեջ կգտնի Կշեռքի կամ Աղեղնավորի համաստեղությունը, այդպես էլ նրա տողերը թեւի ինչ-որ անորսալի կորագծով կամ հոգում թողնող լուսավոր հետքով ճանաչվում են, մտապահվում, նորից ու նորեն դեպ իրենց ձգում հայացքները՝ ստիպելով մտածել, թե այդ ի՞նչ մոլորակ կամ աստղ է առկայծում տիեզերքի անսահման խավարում: Հենց առկայծում է, չի կուրացնում եւ չի այրում: Եվ դա հատկանիշ է՝ սեփական եւ ուրիշի մենության գինն իմացող մարդու ազնվենիության, իմաստնության եւ տարածության հատկանիշը:
Մի առիթով գրել եմ, որ վեռլիբրը կարդալուց հետո վրա հասնող պաուզան այդ բանաստեղծության բաղադրիչն է հանդիսանում: Լռությունը՝ դա կարդացածի մեկնաբանությունն է, արձագանքի սպասումն է մարդկային ես-ի խորախորքում, որը պատասխանում է մեր մեջ նետված իմաստի հատիկի /մտքի/ թեթեւակի թխկոցին: ինչպես մանկութ մեզ վախեցրել են խավարով ու մահով, այդպես էլ մենք տարիք առնելով ավելի հաճախ վախենում ենք կյանքից, լույսից եւ անգամ սիրուց: Ինչո՞ւ: Պատասխանը գիտեն, թերեւս, միայն բանաստեղծները: Որովհետեւ միայն նրանց է հայտնի «հավերժության պահպանման օրենքը»: Բացեք Կարեն Ջանգիրովին ցանկացած էջում: Եվ պատրաստվեցեք երկար լռության»:

***
Փոքրիկ սենյակում գիշերը
ես ու վեռլիբրը երկուսով
պատուհանի մոտ կանգնած լսում ենք
ծովին, որը չկա

***
Մեր միջից աստիճանաբար
հեռանում են հավքերը
փոխարենը մեծալրջորեն
բազմանում են լորտուները

***
Օ որքան է տենչում գաճաճը
դեմքով հպվել երկնքին

***
Ահավոր է
հուլիսյան կեսօրվա տապին
մենակ շրջապատված լինելը
ծաղկած արեւածաղիկներով՝
հա՜ թվում է թե թիկունքում
խորը լռության մեջ
ածելու պես թաքնված է
Վինսենթ վան Գոգը

***
Դեկտեմբեր… Աղջամուղջ… Փարիզ
ամբոխին մեկնած հին ու դատարկ
զլխարկը…
Եվ Մոդիլիանին թափառաշրջիկ անցնում է մոտով,
այնտեղ նետելով պղնձե գրոշը
վերջին

***
Լուսաբացին
ծառերը լուսնի հոտն ունեն,
տղամարդիկ՝ հեռու երկրների,
իսկ կանայք՝ օրորոցի

***
Չի կարելի չափից շատ
մոտենալ մարդուն՝
կարող ես անդունդ
գլորվել

***
Օ, մարդու այդ մտահնար
ճանապարհը
իսկական իրենից
դեպի հորինած իրենը

***
Մահը
մոր աչքերն
ունի,
հոր ձայնը,
հայրենիքի ուրվապատկերը

***
Դիմակն էլ դեմք ունի

***
Անցյալից դուրս գալով,
չմոռանաս հանգցնել
լույսը

***
Սեւականջ շունը վազում է
փողոցով:
Ոսկեհեր աղջիկն անցնում է
ճանապարհը
/դեմքին արեւն է, ձեռքին՝
անմոռուկներ/:
Փոքրիկ տղան խնձոր է կրծում:
Ծեր կուզիկը ծիծաղում է ու լալիս:
Ինչ-որ կին մանկասայլակ է վարում:
Եվ ամբողջ ժամանակ անձրեւում է:
Իսկ այդ ամբողջ ընթացքում
անձրե՜ւ է գալիս:
Բայց եթե կուզեք, փոքրիկ մի
գաղտնիք կբացեմ:
Մոտ եկեք:
Մո՛տ:
Էլի՛ մոտ:
Կարծում եք դա անձրե՞ւ է:
Սխալվո՛ւմ եք:
Դա անձրեւ չէ:
Ո՛չ, դա անձրեւ չէ ամենեւին:
Շշունջով. իսկ ի՞նչ է դա:
Շշունջով. ՄՈ՜ՑԱՐՏ է:

***
Իմ աչքերը չեն դիմանում
մերձությանը
Իմ դեմքը տանել չի կարող
երջանկությունը
Եվ կենակցելը կնոջ հետ
ինձ համար թեթեւ է ավելի
քան հպվելը
նրա շուրթերին

***
Այն է միայն ցանկալի ինձ,
ինչը տրված չէ բախտով:
Եվ ինքս լոկ ցամաքած աղբյուր եմ
բոլոր այն ապրողների համար,
ովքեր չեն կարող ինձ հետ լինել:

***
Տարիների հետ
մարդը փոքրանում է
սեփական
թախծի
չափերով

***
Իմ վերջին բացահայտումը.
«Մենք ապրում ենք ապագայի
ավերակներում»:

***
Երբ ես հասկացա որ արդեն չկամ-
արեւի դեմքով կնոջ տեսա,
քայլեցի դեպի նա՝ կիսելով երկինքը,
գնացի՝ բացելով… եւ սակայն
չկայի՜ արդեն:

Ես արդեն չկայի այս հողի վրա:
Արդեն չկայի մարմնում սեփական:
Հիշողությունից բացակա էի…
Իսկ հեռվում մի տեղ Աշնանային
Գայլն էր ելնում
ցուրտ ու մեռյալ ծովից

***
Երբ գայլը հոգնում է սիրուց ու
ցամաքից,
աշնան գայլ է արդեն:
Եվ ուրիշ գայլերի ահեղ ոհմակում
չի կարող ունենալ երջանկություն, հանգիստ,
եվ օտարության հեռու լանջերին
ճակատագիրն իր կգտնի միայն:

***
Արարել ավազի վրա…
Դիմադրել քաոսի ներխուժմանը…
Թափառել աշխարհով մեկ
անհնարինի համար`
հավաքելով փշրված հայելվոց ու
ճակատագրերի բեկորները,
նվագելով` օտար մենությունների
ֆլեյտայի վրա…

Իսկ ծերանալուց,
ավարտելով ուղին
խուլ որեւէ ծայրագավառում
գժանոցի վերակացուի
հոյակապ կարգավիճակում,
երեկոներն անցկացնել`
սեր բացատրելով աղջիներին գժաչք…

***
Հարկավոր է հաղթել:
Հարկավոր է հաղթել հնարավորինս
հաճախ:
Ավելի ճիշտ` հաղթել մշտապես ու միշտ,
քանզի դա է պարտությունն իր չնկատելու
միջոցը միակ:

***
Առանց իմ իմացության
ընթանում են գնացքները,
թռչում են ինքնաթիռները,
լողում են նավերը,
հայտարարվում են պատերազմները,
սկսվում են ձյունակործանքը,
բուքուբորանը,
անձրեւները…
Իսկ հարեւան պատի հետեւում
իմաստնաշատ սարդը
բռնում է փոքրիկ ճանճերին`
թույլտվություն չհարցնելով ինձնից…
«Ապա ինչումն է մեղքը իմ»:

***
Ծանր է ճանապարհը,
բայց ես շարունակում եմ իմ ուղին`
ասես ինչ-որ մեկը հեռվում
սպիտակ դրոշներ առաջ պարզած`
իմ ժամանմանն է սպասում:

***
Մի՜ տուր, Տեր, երազանքներիս
մարմնավորում:
Թող հավերժ լինի այս դժվար
ճամփան,
որը տանում է դեպի այն, ինչը
չունի եւ ոչ մի շարունակություն,
դատապարտված է որը նպատակ
լինելու միայն:

***
Եվ իմ մեջ աճեց
երկնքի մեղուական քաղցը:
Այն ինձ քշեց
երկրի ամայի մի անկյուն:
Ի՞նչ էի որոնում.-
Հանգստի բյուրեղ մեղրը:
Եվ ի՞նչ եմ գտել.-
Օտարության չոր բուռը:

Եվ աճեց իմ մեջ մեղվական քաղցը
երկնքի
եւ բարձրացրեց ինձ
աշխարհից ու ճակատագրից վեր

***
Մի անգամ,
կյանքիդ մայրամուտին
քեզ անշուշտ կգտնես այնտեղ,
որտեղից սկսել ես
ու կգիտակցես, որ այդ ամբողջ
ժամանակ
դու չէ, որ անդադրում թափառել ես
աշխարհով, այլ աշխարհն է
ապրել քո միջով՝ ինչպես որ խոտն է
գլուխը հանում
քարի միջով:

***
Կենդանի մարդուն դժվար է
հայացքը թեքել
գեղեցիկ կնոջից,
ինչպես որ մեռյալը`
հիշել իր երազանքի մասին:
***
Միայն առանց կնոջ ես
գիտակցում մինչ վերջ
անընդմիջականությունը կնոջ:

***
Ես քեզ կսովորեցնեմ, աղջի՛կ,
ինչպես արեւն աղալով վերածել
տարածության
ոսկեփոշու,
ինչպես հավաքել տարածություններն
ուրիշների թողած,
եւ խորքը
մաքրել թախծից:
Ես քեզ կպատմեմ, աղջի՛կ,
ինչպես սիրել աշխարհն այս՝
ճակատագրով կախվելով
անդունդի գլխին…

***
Որքա՜ն տարածություններ են
անցել իմ միջով եւ անհետացել:
Իսկ ես առաջվա պես այնտեղ եմ,
որտեղ ծերացած մահս է:

***
Ընտրելով ճանապարհները`
մենք ընտրում ենք երջանիկ դարձի միջոցը միայն:

***
Որքա՜ն հեշտ է ծերանալը
իմաստուն մտքերի
ձեռքից:

***
Ինձնից դեն եմ նետում
ցրտավուն անցյալը`
ինչպես մողեսն` իր պոչը, պլստում եմ,
սակայն կյանքը
վերստին ու դարձյալ
ուրվագծերն է ընդունում
անցյալի:

***
Հոգին լցվում է
տերեւներով, աստղերով, քամիով…
Իսկ խեղճ մարմինը` ապրած
տարիների սղոցուքով:

***
Մենք վերադառնում ենք
թափառումներից:
Բայց վերադառնում ենք ո՛չ մենք:

***
Վեռլիբրը՝
դա
լռության
ուրիշ արագությունն է:

***
Երբ մեռնում է հոգին
նրա հետ միասին մեռնում են բառերը:

Ծերությունը՝
դա մեռած բառերի գերեզմանատունն է
եւ հուշերի ծովը…
Ես չեմ զգում այլեւս բառը «դեղին»
եւ աշունը-տարվա սիրելի եղանակ-
իմ կողքով է անցնում
Շուտով «կին» բառը լսելով
այլեւս կանգ չեմ առնի
եւ հողիս վերջին ծառը
կդառնա ձյան գերին:
Ծերությունն, այո,
գերեզմանատունն է մեռած բառերի,
ծովն է հուշերի
եւ դրախտն է եղածի…

***
Գարունը դրսում
եւ գարունը քո սրտում`
տարվա երկու եղանակներ են
տարբեր,
որոնք զուգադիպում են
պատանեկությունում միայն:

***
Մենք ապրում ենք
երկու չափումներում:

Մեկում
կյանքն անասելի կարճ է:
Մյուսում`
անտանելի երկար:

Մեկում սիրուն չի հերիքում անցյալը:
Մյուսում
սերն ապագա չունի:

***
Բանաստեղծը
ծաղրածուի եւ ձեռքի նռնակի
խառնուրդ է:

***
Հիշողությունից պոկել հեռացածների դեմքերն,
ինչպես կործանված դրախտի
բեկորներ`
երկինքն ազատելով
հավերժությունից:

***
Տեսնելու համար պետք է պատճառ ունենալ:

***
ժամանակին հեռանալը`
դա ընտրյալների արվեստն է:
Եվ դրան կատարելապես
տիրապետում են
խատուտիկը եւ
բանաստեղծները:

***
Վեռլիբրի տեխնիկան.
կղբիների ու վարդերի մեջ
ուռենի լինելու արվեստը:

Թարգմանությունը՝  Նվարդ ԱՎԱԳՅԱՆԻ

«Եղիցի լույս»
Թիվ 3 (193) 2019

Տարածել

Պատասխանել