Նվարդ Ալեքսանյան / Երեք ափ ջուր. Գթասրտության, սիրո ու նվիրումի…

0

Լիբանանյան հանդիպումների շարքում` Ջիբեյլի «Թռչնոց բույն» որբանոց և դրա մի մասը կազմող «Արամ Պեզիկյան» թանգարան կատարած այցս` Անի Եփրեմյանի և իր Զաբել մայրիկի ուղեկցությամբ, այսօր էլ, ժամանակ անց, ինձ համար երիցս տպավորիչ է, ավելի ճիշտ` անմոռաց:
Ինձ հարազատի պես հյուրընկալած գործընկերս` Բեյրութի «Արարատ» օրաթերթի գլխավոր խմբագիր Անին, ուշագրավ հասցեներով էր ուղեկցում առաջին անգամ Լիբանանում հայտնվածիս և, անշուշտ, գիտեր, որ այդ օրը, ոչ միայն որբանոցի թանգարանի աշխատակիցները պետք է սիրտ կսկծացնող պատմություն ներկայացնեին, այլև նրանց պետք է միանար այցելուներից մեկը` որբանոցի նախկին սան` իր Զաբել մայրիկը: Անհամբերությունս այնպես ուզում է մտքիցս առաջ ընկնել, սակայն հարկ է նախ պատմել Բեյրութում հանգրվանած այս հաստատության մասին, որը ստեղծվել է եղեռնազարկ հայ որբերի փրկության համար:
Թանգարանի տնօրեն հայր Պսակը մեր զրույցի ընթացքում նախ ներկայացնում է որբանոցի պատմության հիշարժան էջերը և հայ որբերի համար Մամա դարձած՝ դանիացի միսիոներուհի Մարիա Յակոբսոնի կյանքի հետաքրքիր մանրամասներ:

Գթասրտության երկնառաք կանչ…
Առաջին աշխարհամարտի տարիներին և դրանից հետո Մերձավոր Արևելքում միլիոնավոր կարիքավորներին փրկելու և նրանց ապրելու հնարավորություն ընձեռելու համար՝ 1915 թվականին ստեղծվել է Մերձավոր Արևելքի Ամերիկյան Նպաստամատույց կոմիտեն:
Երբ երիտթուրքերը իրականացրին Մեծ եղեռնը, այդ կառույցը շարունակեց իր օժանդակությունը հայ որբերի համար հաստատություն հիմնելով Լիբանանում: Կազմակերպությունն է ներկայիս տարածքը գնել և հիմնադրման տարուց` 1920-ից մինչև 1928-ը, այն կոչվել է կոմիտեի անունով: Եվ մինչև այդ թվականը միայն տղաների համար էր ծառայում: Որբուկները հիմնականում Այնթափից, Մարաշից, Կեսարիայից էին:
Համաձայն արխիվային փաստաթղթերի, 1894-96-ին Արևմտահայաստանում թուրքերի կազմակերպած հայերի կոտորածներին ինչ-որ կերպ ընդդիմանալու հավատով, Նորվեգիայում հիմնադրվել է «Կին միսիոներ գործիչների կազմակերպությունը»: Երևույթը շուտով արձագանք է գտել Դանիայում և այստեղ էլ բացվել է կազմակերպության մասնաճյուղը: 1900 թվականին Դանիայից Խարբերդ է ուղարկվել քույր Քրիսթա Հեմմրը: Նա Խարբերդին մերձակա Մեզրե գյուղաքաղաքում բացել է փոքրիկ որբանոց-հիվանդանոց,որը կոչվել է «Էմմաուս»: Նրան որպես օգնական Դանիայից եկել է հիվանդապահուհի օրիորդ Բլեքը: Դժբախտաբար Քրիսթա Հեմմրը Խարբերդում վարակվել է ժանտախտով և մահացել 1903-ին: Օրիորդ Բլեքը կարողացել է ոչ միայն շարունակել նրա գործը, այլև ընդարձակել հաստատությունը: Եվ այս անգամ, 1907 թ-ին, Դանիայից կազմակերպությունն ուղարկել է Մարիա Յակոբսոնին: Քսան տարեկան էր Մարիան, երբ բարության ու մարդասիրության անկոտրուն կամքով ու աննահանջ զորությամբ հայտնվեց մեր ժողովրդի կյանքում: Նրան Արևմտյան Հայաստան առաջնորդեց փրկարարի իր մեծ սիրտը, քանզի օծյալ էր հասարակ մահկանացուների շարքում և, դրա համար էլ, որբերի կողմից արժանանացել է միմիայն ընտրյալներին տրվող «Մամա» անվանը:

Աստվածային սիրո զորությամբ…
Մարիա Յակոբսոնը ծնվել է 1887-ին, Դանիայի Հորսնս քաղաքում, ջերմեռանդ հավատացյալ ընտանիքում: Լսելով հայկական ջարդերի մասին, նա հայ տառապյալներին օգնության հասնելու նպատակով անդամագրվել է նորվեգական միսիոներական կազմակերպության դանիական մասնաճյուղին, իսկ որպես հիվանդապահուհի, արդեն բավականին փորձ ուներ: Եվ, այսպես, դեռատի օրիորդ Մարիան ժամանել է Խարբերդ՝ 1907-ին: Նա աշխատում էր Մեզրեում բացված մեծ հիվանդանոցում, որը կարևոր բժշկական կենտրոն էր ոչ միայն Խարբերդի, այլև շրջակա հայկական գյուղերի բնակիչների համար: Ոչ միայն հիվանդապահուհի էր, այլև բժիշկ: 1912-ին նա վերադարձել է Դանիա և երկու տարի զբաղվել բարեսիրական առաքելությամբ: 1915-ին նա կրկին Խարբերդում էր և մինչև 1919-ը ականատես եղավ հայ ժողովրդին պատուհասած անօրինակ տառապանքներին, թուրքերի կազմակերպած Մեծ եղեռնին:
Հայ ժողովրդի համար ամենասարսափելի ժամանակահատվածում հայտնվելով նախճիրի արյունոտ աքցաններից մեկի ճիրաններում, նա ստանձնել էր աղջկական փխրուն ուսերին անհարիր տառապալի աշխատանք, որը հաղթահարելու ուժը, հիրավի, միայն տրվում է ազնվասիրտ անհատներին: Եվ Խարբերդում այդ չորս տարիներին գերմարդկային ճիգերով կարողացել է փրկել հազարավոր հայերի կյանք: Նա այնպես էր զգում բզկտված հայ ժողովրդի տառապանքները, որ, ասես, ինքն էլ դարձել էր այդ ժողովրդի զավակներից և հիմա էլ գեհենից մազապուրծ բեկորներին միաձույլ՝ ապրելու համար պիտի լարեր վերջին ուժերը: Եվ իր օգնականներով կարողացել է «Էմմաուս» որբանոցի մեջ պատսպարել, կերակրել և բուժել մեծաթիվ հայ որբերի՝ ամենադժվար պայմաններում և հաճախ էլ՝ գաղտնի: Եվ հենց 1907-1919 թթ.-ի իրադարձությունների մասին է իր «Օրագրությունը», որի արևմտահայերեն թարգմանությունը հրատարակվել է Անթիլիյասում՝ 1979-ին, իսկ տարիներ անց՝ արևելահայերեն՝ Երևանում՝ դառնալով ամենաընթերցվող գրքերից մեկը: Սա ևս մեկ անհերքելի վավերագրություն է հայկական ջարդերի, արևմտահայության կրած տառապանքների ու ամենաանողոք հայրենազրկման մասին…
1921-22-ին Մարիա Յակոբսոնը պատրաստվում է վերադառնալ Խարբերդ՝ շարունակելու իր հայանպաստ առաքելությունը: Սակայն Թուրքիան այլևս արգելել էր նրա մուտքը և Մարիա Յակոբսոնն ստիպված մեկնում է Լիբանան: Բեյրութին մերձ երկու շրջաններում նա որբանոցներ է բացել: 1928-ին ամերիկյան Նպաստամատույցի պատասխանատուները ուզում էին փակել Բեյրութին մերձ Ջիբեյլ ավանի որբանոցը՝ սաների թվի նվազման պատճառով: Սակայն որոշվեց վաճառել այն միսիոներական դանիական մասնաճյուղին: Եվ, Մարիա Յակոբսոնը թողնելով Սայդայի «Թռչնոց բույն» որբանոցը, գալիս հաստատվում է այստեղ, իր հետ բերելով նաև հաստատության անվանումը:
Այդուհետ կառույցն ապաստարան էր ոչ միայն մանչերի, այլև աղջիկների համար: Որբերի թիվը հասնում էր 1600-ի: Այդ տարիներին Լիբանանում կար հայկական 18 որբանոց: Այս որբանոցն ամենամեծն էր:
«Թռչնոց բույն» անվանումը ևս ունի իր հուզիչ պատմությունը: Մի անգամ Մ.Յակոբսոնը՝ Մաման, ձիով տեղ էր գնում և տեսնելով թե` ծառին մայր թռչունն ինչպես է խնամում, կերակրում, գուրգուրում, պաշտպանում իր ձագերին, որոշում է հայ որբերին ապաստանած հաստատությունը կոչել «Թռչնոց բույն»,- ասում է թանգարանի տնօրեն հայր Պսակը:
Այդ պահին անսպասելիորեն մեր զրույցին միանում է տիկին Զաբելը, երևի այլևս չկարողանալով զսպել հուզմունքը: Ինքն, ինչպես պարզվեց, այս հաստատության երկրորդ սերնդի որբերից է,այսինքն ցեղասպանությունից մազապուրծ հայի` որբացած երեխա, ով իր ավագ քրոջ հետ մի քանի տարի ապրել է այստեղ:
-Իմ` Մութաֆյան՝ հայրական և ամուսնուս` Սառաֆյան գերդաստանները հաճնցիներ էին և նրանց եղեռնից փրկված բեկորներն եկել, հաստատվել են Լիբանանի Ջիբեյլ ավանում: Այստեղ են ամուսնացել ծնողներս: Ես ընտանիքի հինգ երեխաներից ամենակրտսերն էի: Հայրս եղել է «Թռչնոց բույն» որբանոցի հացթուխը և, բացի փռապան լինելուց, մշտապես այլ ծառայություններով սատարում էր որբերին: Դժբախտ դիպվածով նա շատ երիտասարդ հեռացավ կյանքից՝ մեզ՝ հինգ երեխաներիս, թողնելով մորս խմանքին: Ես երկու տարեկան էի և, ցավոք, չեմ հիշում հայրիկիս: Մայրս աշխատում էր օրն ի բուն, բայցև միայնակ չէր կարող հոգալ բոլորիս կարիքները: Նա ստիպված ամենափոքրերին՝ ինձ ու վեց տարեկան Մարի քրոջս, բերել է «Թռչնոց բույն»: Մի քանի տարի մենք մնացել ենք այստեղ և հենց այստեղ եմ ծանոթացել Մամայի հետ: Մամայի սենյակը շենքի վերևի հարկում էր, պարտեզի վրա բացվող մասում: Հիշում եմ՝ ամեն երեխայի որբանոց ընդունելուց հետո, նրա լուսանկարն ուղարկում էին Դանիա, ուր կազմակերպության միսիոներներից յուրաքանչյուրը հոգեզավակ էր ընտրում և այդ երեխայի խնամքն իր վրա վերցնում` սկսած հագուստից մինչև անհրաժեշտ այլ պարագաները,- ասում է տիկին Զաբելը:
Նրա տեղեկացմամբ Մ.Յակոբսոնը երեք հայ որբուկ է որդեգրել, երեք աղջիկ. Հանսա, Բեատրիչ, Լիլի:
Մ.Յակոբսոնը մահացել է 1960-ին, Լիբանանում, իր որդեգիր զավակներից մեկի` Լիլիի տանը` շրջապատված սիրով և հոգատարությամբ: Նա կյանքի վերջին օրերին հայտնել էր իր փափագը. իր աճյունն ամփոփել «Թռչնոց բույնի» բակում… աստվածատուր իր առաքելությունն, ասես, շարունակելու անգամ մահից հետո…
Իսկ Մամայի թաղումը վերածվել էր մարդասիրության, գթասրտության ու կարեկցանքի փառաբանման, իր բազմահազար սաների հոգուց ծովացող երախտագիտության սրբազան ծեսի, որին, թվում է, նաև Երկնավորի առաքած հրեշտակներն էին մասնակից: Ներկայացնում ենք մի փոքրիկ պատառիկ Խորեն արքեպիսկոպոս Բարոյանի այդ օրը հնչեցրած դամբանականից. «Օրիորդ Մարիա Յակոբսոնը մարմնացյալ խղճի այն ներկայացուցիչներից է, որ ամբողջ վաթսուն տարիներ, անտեսելով ամեն հաճույք ու վայելք, արհամարհելով ամեն վտանգ, հետևեց Մեծ Վարդապետի՝ Հիսուս Քրիստոսի պատգամին և այցի եկավ բազմաչարչար հայ ժողովրդին: Նա եղավ հայ ժողովրդի Բարի Սամարացին, որ աքսորի ու տարագրության ճամփաներին արյունաքամ զավակների վերքերին ձեթ ու գինի քսեց և գորովագութ մոր նման նրանց պատսպարեց ու խնամեց: Նա եղավ հայի գողգոթայի ու խաչելության ականատես-վկան, ով ճանաչեց հայությանն իր անլուր տառապանքների մեջ և եղավ նրա ցավերին՝ ցավակից և վշտերին՝ վշտակից»,-ասել է Խորեն արքեպիսկոպոսը:
Երախտապարտ սաները սրբությամբ կատարել են Մամայի վերջին կամքը՝ նրա մարմինն ամփոփելով հաստատության բակում: Եվ այսօր թանգարանի բազմահազար այցելուներին, հենց մուտքում, առաջինը դիմավորում է հայ որբերի Մեծ Մաման՝ հառնելով բրոնզե կիսանդրուց…
Իսկ տիկին Զաբելն այդ օրը, ոչ միայն ինձ, այլև թանգարանի աշխատողներին ներկայացրեց հետաքրքիր մանրամասներ որբանոցի գործունեության մասին, անգամ հիշելով կառույցի թե՝ արտաքին, թե՝ ներքին փոփոխությունները:
Ջրի պակաս կար և երեսլվայի համար յուրաքանչյուր սանի հասնում էր՝ ընդամենը… երեք ափ ջուր: Տիկին Զաբելի համար այդ երեք բուռ ջուրն ողջ կյանքի համար անփոփոխ է…: Հիշում է նաև նախաճաշը` հաց` խոզի յուղով և շաքարավազով: Դժբախտ դեպքեր էին լինում, երկու երեխա վերևի հարկից ընկել են և մահացել…
Զրույցի ընթացքում նաև իրենց գերդաստանի պատմության մեկ այլ տխուր էջն է բացում. իր սկեսուր Երանուհի Հարությունյանն էլ եղեռնից փրկված և որբանոցում մեծացած հայ երեխաներից է: Տասը տարեկան էր Երանուհին Մեծ եղեռնի ժամանակ, բայց հիշում էր հայրենի Այնթապը, նաև թե ինչպես էր իրենց տան բակում փոքր քրոջ հետ պիստակ մաքրում… Ծնողները զոհ էին գնացել եղեռնին, իսկ ընտանիքի փոքրերը՝ ինքն ու քույրը, հրաշքով հասել են Հալեպ, այնուհետև նրանց դեգերումները ձգվել են մինչև Լիբանանի Ջունիեյի որբանոց: Այստեղ են նրանք սովորել են ֆրանսերեն ու արաբերեն:
Բնավորությամբ խիստ էր սկեսուրը` քնքշության ու սիրո պակասից: Չնայած արդեն ընտանիքի տեր էր, իր հոգու մի անկյունում նա մնացել էր ինքն իր ցավի մեջ քաշված որբը` ծնողազուրկ և սովալլուկ, բախտի քմահաճույքին հանձնված…
Տիկին Զաբելը նշում է, որ որբանոցի սաները երախտագիտությամբ էին թողնում իրենց նոր շունչ պարգևած հաստատությունը և թևավոր խոսք է միսիոներների դժվար աշխատանքի արդյունք` հաջողություններին տրված հանրության գնահատականը. «Որբերի սերնդից` Մարդ ելավ»: «Թռչնոց բույնը», սոսկ, որբանոց չէր, այլ նաև «…մարդակերտումի ու հայակերտումի լուսաւոր կեդրոն մը»: Նրա նախկին սաների շարքում նաև գիտության, մշակույթի անվանի դեմքեր, ազգային գործիչներ կան:

Նվիրումի սրբազան դրոշմով…
1970-ին դանիական կազմակերպությունը որոշել է հաստատությունն իր բոլոր կառույցներով փոխանցել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությանը՝ «Թռչնոց բույնի» աշխատանքը շարունակելու պայմանով:
Մեկ տարի հետո իր 100-ամյակը բոլորող հաստատությունն իր առաքելությունը շարունակում է Կիլիկիո կաթողիկոսարանի օժանդակությամբ: Այստեղ իրականցվել են բարենորոգչական ու շինարարական մի շարք աշխատանքներ:
Արամ Վեհափառը հաճախ է այցելում որբանոց, զրուցում սաների հետ:
Թանգարանի տնօրենի խոսքով ապագայում որբանոցի և «Արամ Պեզիկյան» թանգարանի հարևանությամբ մատուռ պետք է կառուցվի: Այս թանգարանը ևս ունի իր տեղծման նախապատմությունը: «Թռչնոց բույնի» նախկին սաներից յուրաքանչյուրը կարեցածին չափով օգնում էր որբանոցին: Ամենամեծ բարերարը թանգարանի ստեղծողի հայրն էր: Արամ Պեզիկյանն այս որբանոցի առաջին սաներից էր, թուրքական յաթաղանից փրկված հայ երեխաներից մեկը: Տարիներ անց Արամ Պեզիկյանը հաստատվել է ԱՄՆ-ում և մշտապես օժանդակում էր որբանոցին: Նրա որդին` Ալեքո Պեզիկյանը, այս թանգարանի ստեղծմամբ ոգեկոչեց ոչ միայն իր հոր, այլև որբանոցի եղեռնազարկ մյուս սաների հիշատակը` ասում է հայր Պսակը: Նրա խոսքով եղեռնին նվիրված շատ հուշարձաններ կան, սակայն սպանդի հետևանքով որբացած հայ երեխաների մասին պատմող առանձին հաստատության կարիքը կար: Այս հարցում ևս իր դերակատարությունն ունեցավ Արամ Վեհափառը: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ կոթողիկոսարանի նախաձեռնած ծրագրերի շարքում, 2015-ի հուլիսի 18-ին, հոգևոր բարձր դասի ներկայությամբ, Մյուռոնօրհնեքի առավոտյան, հանդիսավորությամբ, այն իր դռներն է բացել այցելուների համար: Այստեղ ներկայացված մեծաթիվ ցուցանմուշներն առանց հուզմունքի անհնար է դիտել. էլեկտրոնային և լուսանկարչական վահանակներից քիչ վերև, էկրանին մեկ առ մեկ ցուցադրվում են որբանոցի սաների լուսանկարները…
Այդ ամենին ուղեկցում են թանգարանի մուտքի մոտ տեղադրված որբուկների արձանիկները, ովքեր ավազի վրա դրոշմած փոքրիկ ոտնահետքերով, իրենց տխրություն ծորացող հայացքով ու կեցվածքով, այցելուին դիմավորում են հուզիչ հնարքով՝ աշխարհի ամենակենսախինդ մեղեդին հանդիսացող մանկական ուրախ ճռվողյունով…

«Եղիցի լույս»
Թիվ 3 (193) 2019

Տարածել

Պատասխանել