Վովա Արզումանյան / Դու ինձ մի փնտրիր…

0

Վովա Արզումանյանը սովորում է Ճարտարի Ազատամարտիկների անվան թիվ 1 միջնակարգ դպրոցի հումանիտար խոսքի 11ա դասարանում: Վովան տարբեր նախասիրություններ ունի. պոեզիա, երաժշտություն, նկարչություն, կրոնի պատմություն: Բանաստեղծություններով հանդես է եկել պարբերական մամուլում: Տպագրել է բանաստեղծությունների առաջին գիրքը՝ «Ճերմակ կարոտ» վերնագրով (2019): Ավարտել է Ճարտարի արվեստի դպրոցի դաշնամուրի բաժինը: Ճարտարի սուրբ Վարդան եկեղեցու «Վարդանի սերունդ» երիտասարդաց միության ատենապետն է:

***
Նկարներն են խոսում,
Պայծառ ժպտում կրկին,
Ու գույների մեջ հոծ
Կյանքն է նորից հոսում:

Նկարներն են խոսում,
Ու վրձինը ձեռքին
Նկարիչն անխոս
Ժամանակ է հյուսում:

Նկարներն են ժպտում
Մթնալույս գիշերում,
Եվ դեմքերին թախծոտ
Երանգն է դրոշմվում:

Նկարներն են լալիս,
Երբ հույսն է հատում,
Նկարներն են լոկ
Կյանքիս գույն տալիս:

***
Դու ինձ մի փնտրիր, իմ լուսե երազ,
Թող որ ես մենակ, առանց քեզ ապրեմ:
Իսկ դու փնտրում ես, անվերջ ու անհաս
Կանգ չես առնում, որ կարոտից խամրեմ:

Արցունքախառն խոսքդ նրբաձայն
Սիրտս է խոցում սուր տեգի նման,
Եվ կենսաժպիտ հայացքով անձայն
Ցավիս դառնում ես ամոքող դարման…

Նորից եմ փորձում կարոտս թաքցնել
Սպասումի գերի դարձած օրերում,
Բայց երազներից միտքս արթնանում
Ու չի հասկանում՝ ուր է դեգերում…

***
…Ձեռքերս տաքացավ արևի շողից,
Ո՞ւր է ինձ տանում նրա նուրբ բույրը,
Ինձ ուղեկցում է սպիտակ աղավնին
Անվերջ… դեպի վեր…

Ճամփորդի նման շրջում ամենուր,
Գնում եմ անհոգ` դեպի հեռուներ,
Գնում եմ դեպի հեռու արևը,
Գնում եմ գրկեմ ես իմ արևին:

«Եղիցի լույս»
Թիվ 3 (193) 2019

Տարածել

Պատասխանել