Մելինե Թովմասյան / Ասում ես՝ ծաղիկ եմ

0

Մելինե Թովմասյանը սովորում է ԱրՊՀ բանասիրության ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության բաժնի IV կուրսում: «Միջավայրը,- գրում է Մելինեն,- որտեղ մեծացել եմ, անսահման քնքշանք ու ջերմություն է տվել ինձ»: Նրա մանկությունն անցել է Մարտակերտի շրջանի Ներքին Հոռաթաղում: Բանաստեղծություններ գրում է III դասարանից: Նա մասնակցել է մի շարք ստեղծագործական մրցույթների և արժանացել պատվոգրերի: Մելինեն պարբերական մամուլում բանաստեղծությամբ հանդես է գալիս 2008 թվականից:

***
Ասում ես՝ ծաղիկ եմ,
Ու չես ասում՝ ինչպիսի.
Թերթերս ինչ գույն ունեն,
Եվ արդյոք թերթեր ունե՞մ, թե՝ ոչ…
Այսօր ես ինձ իմ ցողի, իմ կաթիլի մեջ տեսա.
Մեկ թերթիկ ունեի լոկ
Ու այն էլ՝ անունովդ ապրող,
Բայց ես մի թերթիկով
Ավելի երջանիկ եմ,
Քան կողքիս բազմաթերթ ծաղիկները,
Որոնց թերթերին հազար անուններ կան:

***
Գիշեր է, իսկ ինձ ցերեկ է թվում,
Լուսինն արծաթել մթությունն ամբողջ,
Լռության մեջ ինձ է գորովով գրկում,
Որ ես մի չնչին գորշություն չզգամ:

Ու ես պոկում եմ լուսնի երեսից
Մի նո՜ւրբ-նուրբ ցոլանք,
Որ առանց նրան իմ լույս երեսին
Նրա մեղմանուշ քնքշանքը զգամ:

«Եղիցի լույս»
Թիվ 3 (193) 2019

Տարածել

Պատասխանել