Ամալյա Գրիգորյան / Մարդու դրաման Մարգարետ Դերանցի «Քրտնաձուկը» պատմվածաշարում

0

Խոստովանեմ` այս գիրքը Դերանցի ստեղծագործական կյանքում բոլորովին այլ որակ է: Ես ծանոթ եմ հեղինակի նախորդ գրքերին, սակայն «Քրտնաձուկը» ժողովածուում հեղինակը ձգտում է արծարծված հարցադրումները շատ ավելի տարողունակ ու բազմաշերտ դարձնել:
Արձակագիր Դերանցի սույն ժողովածուն թարմ խոսք է նրա ստեղծագործության մեջ: Այն թեմատիկ առումով նորույթ է, հեղինակին հարազատ: Դերանցն, ապրելով ու ստեղծագործելով հայրենիքից դուրս, փորձում է գրականություն բերել մի աշխարհ, որը գտնվում է օվկիանոսից այնկողմ և առաջին հայացքից անճանաչելի ու օտար է թվում մեզ: Անծանոթ միջավայր, բարքեր ու կեցություն ու այդ ամենի մեջ ամեն ճիգ գործադրել՝ պահպանելու համար սեփական դիմագիծը: Գրողն այնքան բնական ու անպաճույճ է վերարտադրում այդ ամենը, որ մեծ հետաքրքրասիրությամբ ես ընկղմվում այդ անծանոթ իրականության մեջ: Ժողովածուի գլխավոր հերոսը նոր աշխարհի մարդն է՝ իր ճակատագրով, բարդ հարաբերություններով, վերելքներով ու վայրէջքներով, ապրումներով, հույզերով ու մարդկային թուլություններով: Հեղինակը ճիգ չի գործադրում իդեալականացնելու այս կամ այն հերոսի, ավելին՝ նրա հերոսները ամենասովորական ու աննշան մարդիկ են իրենց ամենաբնական կեցության մեջ: Որոշ ինքնակենսագրական տարրեր պարունակող պատումներում, անգամ հերոսուհին ինքը չափազանց անկեղծ է, անսեթևեթ, նա չի կաշկանդվում, իրեն բաժին հասած ճակատագրից, չի վախենում իր կանացի թուլություններից, բացահայտ ինքնախոստովանություններից, սիրելու և սիրվելու աստվածային զգացումից: Ժողովածուի առաջին իսկ պատմվածքում հեղինակը ներկայացնում է ամուսին կորցրած կնոջ կերպարը: Վաղաժամ այրիանալը հեղինակն անեծք է համարում կնոջ համար: Բայց դա չի նշանակում թե կինը պետք է ընկրկի: Ավելին՝ հերոսուհին անօրինակ քաջություն է դրսևորում ոչ միայն ինքն իրեն վերագտնելու, այլև ընտանիքն առաջնորդելու և ֆինանսապես ապահովելու հարցում: Նա գրում է. «Ես ոգեշնչման աղբյուր դարձա քույրերիս, զարմուհիներիս, նաև՝ փոքրիկ քաղաքի այլ կանանց համար, երբ ինձ բաժին հասած ծանր բեռն էի տանում՝ համառ, անզիջում պայքար մղելով: Տասներեք տարի շարունակ կինը հավատարիմ է մնում իր ամուսնական ուխտին: Սակայն, նա որպես կին զգում է, որ այնուամենայնիվ երջանիկ լինելու իրավունք ունի. «Ցավ պատճառող հպարտությունս մշտական պայքարի մեջ էր սիրված լինելու ցանկության հետ»: Պատմվածքի վերջում այսպիսի խոստովանություն է անում. «Իմ կյանքի երկու տղամարդն այնքան տարբեր են: Եվ գիտե՞ք, ինչն է ամենացվալին: Սիրելի ամուսինս երկնքից տեսնում է, թե իր սիրասուն կինն ինչպես է տառապում Երկրի վրա` ցանկանալով անարժան մեկի սերը: Խոստովանենք հոգեբանական առումով կնոջ համար սա մեծ ողբերգություն է: Այլ էր սերը, երբ կենդանի էր ամուսինը: Ընտանեկան մեր օջախում ճշմարիտ զգացմունքների աղբյուրից էին սնվում հարատև խաղաղությունը, հոգատարությունն ու փոխհամաձայնությունը»:
Ժողովածուի մեջ հստակ ուրվագծվում է ուժեղ կնոջ կերպարը, նրա ներքին դրամատիզմն, իրարամերժ ապրումներն ու պարզապես կանացի երջանկություն գտնելու անհագ ցանկությունը: Կին, որն ամեն ինչին դիմակայում է, բայց այդ ուժեղ կինը իրականում կուզենար թույլ լինել, սիրված ու երջանիկ լինել: Այստեղ արդեն ուժերը խիստ անհավասարազոր են. «Նրա մասին մտածելիս` մարմինս անհայտ-անանուն նյութ է արտադրում: Թերևս` հենց դա է մարմնի հիշողություն կոչվածը: Մարմնի կարոտ, որն ինձ անձկություն է բերում՝ ծնելով անզուսպ հեկեկալու ցանկություն: Փորձում եմ հականյութ արտադրել մարմնիս մեջ, փորձում եմ մոռանալ նրան, բայց չի ստացվում»:
Այսպես՝ «Անճոռնի ճուտիկը» պատումի հերոսուհին՝ Եվան ապրում էր ծանր ու չքավոր կյանքով: Մայրը մի կերպ խմորեղեն վաճառելով էր հոգում ընտանիքի կարիքները, Եվայի բշժկականի ուսման վարձը, երբ ահա մի օր Եվան համակարգչի միջոցով ծանոթանում է ամերիկացի Ալենին, ամուսնանում ու հետը Ամերիա է մեկնում: Թվում է, թե պիտի վերջ դրվեին աղջկա տառապանքներին: Բայց ամուսինը շատ արագ նրան դավաճանում է` թողնելով նրան բախտի քմհաճույքին. «Դու ազատ ես, կարող ես շարունակել կյանքդ այլ տղամարդու հետ, կամ ինչպես ուզում ես»:
Իր աշխատասիրության շնորհիվ Եվան մեծ դժվարություներով հաջողությունների է հասնում օտար երկրում, բայց գալիս է այն եզրակացման, որ ամենաճիշտը հայրենի քաղաքում մնալն էր, լոթի տղաներից մեկի հետ զույգվելն ու երեխաներ ունենալը: Այնինչ կյանքի փորձից գիտեր, որ տխուր, շատ տխուր է, երբ կինն իր փխրուն ուսերի վրա մեծ ծանրություն է վերցնում: Աշխարհի ամենամեծ տխրությունն է, երբ կինն ուժեղ է դառնում` մտորում է հերոսուհին:
«Էմիգրանտ կնոջ պատմությունը» պատմվածքում հեղինակն այսպիսի խորը փիլիսոփայական ընդհանրացում է անում` գրելով. «Բոլոր դժբախտությունները ծնվում են սիրո պակասից: Անգամ շարունակական փնտրտուքից հետո մարդ արարածը, միևնույն է, չի կարող հագուրդ տալ սիրված լինելու իր ցանկությանը: Միայն Տիրոջ աստվածային Սերը կարող է լիացնել սրտի այդ փափագը, կիրքը»:
Դերանցի ինչպես նախորդ` «Սեր և Էմիգրացիա» ժողովածուում, այնպես էլ այս գրքում նույնպես շոշափվում են էմիգրացիայի հետ կապված խնդիրներ, հեղինակը ներկայացնում է այն դժվարություններն ու փորձությունները, որոնց բախվում են հայ էմիգրանտները` օտար միջավայրում: «Տագնապի զգացողություն ունենք հատկապես մենք` էմիգրանտներս,- գրում է հեղինակը,- շարունակ ինչ-որ վատ բան ենք սպասում: Այստեղ մենք յուրային չենք, օտար ենք».
Դերանցը ստեղծել է ամերիկյան կյանքի մի խճանկար, որտեղ ընդգծված ձևով տարբերվում է հայ մարդը, մասնավորապես հայ կինն` իր տեսակով, արժանապատվությամբ, նիստուկացով, արարելու, մաքառելու տոկունությամբ: Այսպես` բավականին առինքնող է հատկապես Նուբարի կերպարը «Եղնիկի հայացքով կինը» պատմվածքում: Նուբարը` որպես հայ առաքինի կնոջ մարմնավորում, հիացմունքի է արժանանում, բայց նա դժբախտ է, որովհետև ամուսինը դառնում է ամերիկյան բարքերի զոհ:
Հեղինակը իրականությունը չի գունազարդում, ընդհակառակը ցույց է տալիս ժամանակակից կյանքի պատկերը, որը լի է ողբերգությամբ: Նկատենք, Դերանցի յուրաքանչյուր տող ապրված է, որն էլ համոզիչ է դարձնում ասելիքը:
Ամենասովորական թվացող դեպքերն ու դեմքերը Դերանցի վարպետ գրչի տակ վեր են ածվում գրական հետաքրքիր պատումների ու կերպարների: Չկան շինծու, արտասովոր վիճակներ, նկարագրություններ, կան իրական դեպքերի ու դեմքերի անշեղ պատկերում, կան մտքի հետաքրքիր խտացումներ, հոգեբանական վերլուծություններ, որոնց շնորհիվ բացվում են կյանքի փակագծերը, հերոսների հուզաշխարհն ու ներքին ապրումները: Նկատենք, շատ դեպքերում հեղինակը տուրք է տալիս հակիրճության, որոշ տեղերում անցումները կտրուկ են և հանկարծակի, բայց դա չի նշանակում, թե ասելիքը թերի է մնում, կամ հեղինակը ժլատ է իր նկարագրություններում, այլ պարզապես հեղինակի թիրախը երկարաբանելու ու մանրամասնելու մեջ չէ, այլ երևույթի անշեղ ներկայացման:
Ուշագրավ է գրքում զետեղված համանուն «Քրտնաձուկը» պատմվածքը: Հեղինակը պատկերում է կանանց գաղութը, որտեղ իր մահկանացուն է կնքում քսաներեքամյա մի աղջիկ` Թինա Միգեը, ի միջիայլոց, ասեմ, որ միշտ չէ որ Դերանցի հերոսները ազգությամբ հայեր են, նման սամանազատումներ չի անում գրողը: Գրողի համար կարևորը մարդկային ճակատագիրն է և ոչ ազգային, կրոնական պատկանելությունը: Նկատենք, Թինան լուռ տանում է մարմնական ցավերը, բայց հոգու ցավը` անպատասխան սիրո ցավը չկարողանալով հաղթահարել` ինքնասպանություն է գործում:
Գրքի պատմվածաշարում հաճախակի ենք հանդիպում հեղինակի շատ դիպուկ ու խորքային ընդհանրացումների, խտամտքերի` կյանքի ամենատարբեր կողմերի վերաբերյալ: Այսպես` մարդկային կյանքի անցողիկության ու կյանքը ոչ լիարժեք ապրելու մասին հեղինակը ցավով գրում է. «Կյանքը հոսում է մեր ցանկություններին ընդդեմ, իսկ ժամանակի փոշին մոռացության էջեր է թաքցնում: Երբևէ մի անգամ մենք բոլորս ճանաչում ենք մտորման ակնթարթներ, որոնք անցած օրերից են սկզբնավորվում: Եվ հասկանում ենք հանկարծ, որ փոքր ձեռքբերումներն անգամ խլել են անփոխարինելի օրեր, որոնք վերադարձ չունեն: Մեր բոլոր ձեռքբերումները դրված են գոյության կշեռքի նժարին: Կամ` ամենամեծ հաղթանակի մեջ անգամ կա պարտության ստվեր…:
Նկատենք, ժողովածուում չկան նաև ժամանակատարածային սահմանափակումներ իրադարձությունները տեղի են ունենում մերթ Հայաստանում, մերթ տեղափոխվում Ամերիկայի Միացյալ Նահանգներ, մերթ Արցախ, Ստեփանակերտ, Շուշի, Դերանց Ծոր: Այս առումով անչափ հետաքրքիր է «Ջրահարսի անեծքը» էսսեն, որն ինքնակենսագրական բնույթի է և հեղինակն այստեղ ներկայացնում է Արցախում ապրած տարիները, Երևան տեղափոխվելն ու ապա Միացյալ նահանգներում հաստատվելը: Հետաքրքիր դրվագների միջոցով արձակագիրը վերարտադրում է իր գերդաստանի` Դերունց պատմությունը, նրա սերունդների կյանքի պատմությունները: Մանավանդ, առանցքային է այստեղ իր Սուրեն հորեղբոր կյանքի ողբերգական վերջաբանով պատմությունը: Վերհուշի միջոցով Դերանցը փորձում է վերակերտել նրանց երբեմնի փառավոր և իր համար սիրելի ու հարազատ կերպարները: Հատկանշական է, որ այստեղ Դերանցը չի շրջանցում արցախյան պատերազմի ծանր տարիները: Ստեփանակերտում կանգնած միակ վկայությունն իր հայրական տունն է, Շուշիից արձակված «Գրադ» համակարգի ականից տան պատը ճաք էր տվել: Վիրավոր, բայց դեռ կանգուն զինվոր է հիշեցնում տունը,- գրում է հեղինակը:
Ժողովածուն եզրափակող «Լաս Վեգաս» ճանապարհորդական ակնարկի մեջ նկարագրվող զվարճությունների, խաղամոլության, անհագուրդ կրքերի ու ցանկությունների այս յուրատեսակ կոնգլոմերացիան Մարգարիտ Դերանցը համեմատում է հայտնի Բաբելոնյան աշտարակի հետ, ինչը դատապարտված էր խորտակման… Գրողի վարպետ գրիչը ընդամենը մեկ նախադասությամբ խտացնում է ամբողջ այդ իրականությունը. «Թվում է` մեղքն այստեղ հոտ ունի…»:
Առաջին հայացքից կարծես արտառոց ոչինչ չկա, թվում է` հանգիստ վերարտադրում է հեղինակը երևույթները, բայց իրականում ներքին մեծ պոլեմիկա (բանակռիվ) կա ամեն մի պատումի մեջ: Հեղինակը հանգիստ ոճով վերարտադրում է կյանքի դրվագներ, բայց իրականում անհաշտ է որոշ չգրված օրենքների հետ, որոնք կաշկանդում են մարդու կամքը, ներքին ազատությունը: Կին-արվեստագետը ուզում է, որ մարդը դուրս գա կապանքներից և ճախրի: Իրականում թույլ չեն Դերանցի հերոսները, պարզապես չստացված ճակատագրերի, հանգամանքների ու աղճատված բարքերի զոհ են:
Հեղինակը կարողանում է թափանցել իր հերոսների հոգեբանական խորը ենթաշերտերը` փորձելով բացահայտել նրանց այս կամ այն արարքին պատճառահետևանքային կապերը, հոգեբանական ապրումները:
Նկատենք, ժողովածուի մեջ անսահման մտահոգություն, խոր կարեկցանք, աստվածային սեր կա մարդկային կյանքի ու ճակատագրի հանդեպ: Գրողը էքզիստենցիալ հարցադրումներով փորձում է հասկանալ իրերի, երևույթների առեղծվածը, բայց «Անվերծանելի է ճակատագրի քմահաճույքը, որ կարող է սպանել կամ ապրեցնել: Անճանաչելի է ակնթարթը, որն իր բովանդակ խորքում ունի կյանք ու մահ, ներկա և ապառնի»:
Գրքի տողերից հավատն է հառնում առ Աստված: Գրողը հավատում է Աստծուն, նա լավատես է: Դերանցի պատումների մեջ թանձր է աստվածային լույսը: Ընկալելի է ամենուր գրողի խորհուրդը` անկախ ամեն ինչից ապրել Աստծով, դա է փրկությունը, միակ մխիթարությունը:
Դերանցի տողը ապրեցնող է:

«Եղիցի լույս»
Թիվ 04 (193) 2019

Տարածել

Պատասխանել