ՀԱՅՐԵՆԻՔ ԻՄ ՍԵԳ
Քո վեհությունը իմ երգին անցավ
Ու երգս դարձավ թևաբաց արծիվ,
Քո ջերմությունը իմ երգին անցավ,
Ու երգս դարձավ հրե-հրածին:
Աղբյուրիդ երգը իմ երգին անցավ,
Ու երգս դարձավ կարոտի կարկաչ,
Զինվորիդ վերքը իմ երգին անցավ,
Ու երգս դարձավ արնավառ կակաչ:
Քո աղն ու հացը իմ երգին անցան,
Ու երգս դարձավ երդման աղ ու հաց,
Քո ցավն ու լացը իմ երգին անցան,
Ու երգս դարձավ հույսի լուսաբաց:
Համբերությունդ իմ երգին անցավ,
Ու երգս դարձավ համբերության դաս,
Ցասում եւ վրեժդ իմ երգին անցավ,
Ու երգս դարձավ Անդրանիկված Ասք:
Շեփորիդ կանչը իմ երգին անցավ,
Ու երգս դարձավ զինվորյալի զենք,
Թրիդ շառաչը իմ երգին անցավ,
Ու երգս դարձավ ռազմի օրհներգ:
Երգիչ-զինվորդ եմ, Հայրենիք իմ սեգ,
Ընդունիր երգս ` ինչպես Հայկյան նետ:
ՆՎԻՐՈՒՄ
Եվ զինվորդ եղա, և մշակը հողիդ,
Եվ ջրվորդ եղա, և ցոլանքը ցողիդ,
Աչքս դրսում չեղավ, եղա հացիդ տերը,
Լացիդ տերը եղա, լուսաբացիդ տերը:
Թուրդ ձեռքիս եղավ, եղավ խաչդ ձեռքիս,
Ջուրդ շրթիս եղավ, եղավ աջդ գլխիս,
Իմ մոր մայրը եղար` օրհնանքներով բարի,
Իմ հոր հայրը եղար` միշտ թրատող չարին:
Սեգ լեռների շարքում միշտ Մռովդ տեսա,
Խենթ գետերի շարքում տեսա
Թարթառը քո,
Բազում լեզուների ակունքներին հասա,
Բայց շրթերիս վրա հնչեց բարբառը քո:
Պատմությունդ եղավ իմ դպրոցն ու դասը,
Արարումի հևքս հորովելդ եղավ,
Մարտերի մեջ իմ դեմ միշտ գալիս էր տասը,
Հաղթանակիս երգը նորոգվելդ եղավ:
Ես` Առանված որդիդ, երեսս պարզ քո դեմ,
Սիրտս եմ սիրով դրել քո դրախտված ափին,
Մեղք չեմ գործել երբեք, միակ «մեղքս» այն է,
Որ իմ ամբողջ կյանքը ընծայել եմ
փառքիդ:
ՆՌՆԱԿԸ
Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի
ծննդյան 20-ամյակի առթիվ
Նռնակը թշնամու համար է,
Նռնակը չգիտե պարտություն,
Ապրիլյան չարաղետ օրերին
Նռնակդ դարձավ պատմություն:
Բարության արև էր քո սիրտը,
Սրտիդ մեջ մայրիկիդ բերկրանքն էր,
Գիտեիր պատմության մեր գիրքը`
Վարդանի, Նժդեհի սխրանքն էր:
Գիտեիր` գերի է մեր Անին.
Պատանդ են մեր Վանը և Մուշը,
Գիտեիր, որ մի օր պիտ հառնի
Սասունը` ցրելով մշուշը:
Գիտեիր թոռանը Սելջուկի,
Գիտեիր` գորշ գայլ է արնախում,
Նրա դեմ լուսահորդ քո սիրտը
Վրեժի հրով էր բաբախում:
Գայլերը որսում են ոհմակով,
Լսեցիր ոռնոցը ահարկու,
Արցախի սահմանի երկայնքով
Նաիրյան պատիվն էր քո սրտում:
Սահմանին մոտեցան գայլերը,
Գայլերը` գիշակեր ու լկտի,
Լսեցիր դու նրանց քայլերը,
Նետեցիր նռնակը քո փրկիչ:
Արցախի սահմանը քեզ համար
Դարձել էր անառիկ Հայոց բերդ,
Քո կամքով` անկոտրում ու համառ,
Կյանքը քո դարձրիր լուսո երգ:
Դու դարձար հաղթության նոր Աստված,
Վահագնի կտակած հայտնություն,
Նռնակդ կամքով էր քո հաստված,
Նռնակդ դարձավ պատմություն:
Նռնակդ պատմություն դարձավ
Հայոց Արցախի սահմանում,
Նռնակդ շառաչն է իմ երգի,
Նռնակդ սարսափն է թշնամու:
ԻՄ ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ԲԱԿՈՒՄ
Բակում իմ մանկության,
Պատանության բակում,
Անտիրության ձեռքն է
Սրտիս դուռը թակում:
Հին բազրիքին հենված
Մայրս ինձ չի կանչում,
Հորս խրոխտ ձայնը
Այգում էլ չի հնչում:
Դռները չեն խոսում,
Ու չեն բացվում թափով,
Ծով կարոտն է հոսում
Պատշգամբի ափով:
Թաղի մանկանց խաղի
Ճիչերը չեմ լսում,
Գարնան հավքերն են լոկ
Իմ կարոտը կիսում:
Բակում իմ մանկության
Աճեցրել եմ վարդեր,
Մեկ է` անտեր բակում
Ինձ զգում եմ անտեր:
ԴՈՒ ԱՅՆ ՓԵՐԻՆ ԵՍ
Հոգեբանության պրոֆեսոր, Արցախի
ազգային ժողովի պատգամավոր
Արզիկ Մխիթարյանին` ծննդյան
70-ամյակի առթիվ
Դու այն փերին ես, որ աշխարհ եկար
Գեմի զավթելու,
Երազներով ջերմ ու տենչերով վառ
Ուղիդ հարթելու:
Դու այն փերին ես, որ սիրով վառված
Խնձոր նետեցիր նկարչի առջև,
Ու նկարչի հետ, աստծո օրհնանքով,
Ընտրեցիր միայն ճախրանքն արծվաթև:
Դու այն փերին ես, որ ուղիդ անցար
Ծովինարի պես,
Դյուցազունների հպարտ մայր դարձար`
Սրտով հրակեզ:
Դու այն փերին ես, որ հոգիդ դարձրիր
Հրաբորբ արփի,
Գիտության աստղեր վառեցիր անշեջ
Փառավոր ճամփիդ:
Դու այն փերին ես, որ կրակ դարձար
Վտանգի պահին,
Խոսքդ պարզեցիր օվկիանից այն կողմ,
Ի լուր աշխարհի:
Քո տարիները ուլունքաշար են,
Հաղթական երթ են, հաղթական բերդ,
Քո տարիները սեգ լեռնապար են,
Լույսի օրհներգ են, լույսի լեգենդ,
Իսկ առանց լույսի կուռ օջախ չկա,
Արցախի զինվոր օջախդ վկա:
ԽՈՀ
Մեր նահատակ որդիներին
Նրանք երկինք բարձրացան
Հրեշտակի թևերով,
Դարձած լույսի սերմնացան`
Իրենց հատու թրերով:
Նրանք ոչինչ չտարան,
Նվիրեցին ամեն ինչ,
Զարդարեցին ապագան
Անուններով լուսաջինջ:
Անուններով լուսաջինջ
Դարձան մատյան-դասագիրք,
Սահմանապահ մշտարթուն,
Բարձունքների ծաղկուն գիրկ:
Երանի և հազար փառք
Մեր քաջազուն սրբերին,
Որ սրտերով շողառաք
Լույս են տալու աստղերին:
ՊԱՏԳԱՄ
Հուշերս անցյալի հետ են միշտ,
Զրույցս` մայրաբույր հողի հետ,
Հայրենի առանված իմ հողը
Ինձ համար և կյանք է, և բերդ:
Իմ հողը օջախն է պապերիս,
Պապերիս անունն է պատվաբեր,
Թոռներիս կրթօջախ ճամփելիս,
Դառնում եմ ծովակալ զորաթև:
Դառնում եմ հեքիաթի իմաստուն,
Մաղթում եմ բարի երթ ու ճամփա,
Պատգամում` չլքեք տեղ ու տուն,
Թե անգամ ձեզ ժպտա մեծ համբավ:
Համբավը արև է մշտարթուն,
Ուժեղ են համբավի թևերը,
Համբավը դառնում է պատմություն,
Երբ հիմքում հայրենի դարերն են:
Պատիվը լեզուն է մայրենի,
Մայրենին` ազգ պահող սերուցք,
Ոտքիդ տակ, թե հողն է հայրենի,
Պատիվդ կդառնա բարձունք:
Հուշերս անցյալի հետ են միշտ,
Զրույցս` մայրաբույր հողի հետ,
Պապերիս կտակած իմ հողը
Ինձ համար և կյանք է, և օրհներգ:
ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ
Մեր հին բակի ծեր թթենի,
Եկել եմ ես` ծերացած,
Թե կարող ես` քո ճյուղերից
Մանկությունս նետիր ցած:
Գնամ նորից մուշ- մուշ քնեմ
Պապիս բրդյա քուրքի տակ,
Ծերությունս գամ վայելեմ
Քո ծերության շուքի տակ:
ԴՈՒ ԾՈՎԱԿԱԼ ԵՍ
Դու ծով չունեցար, Ղարաբաղ իմ սեգ,
Ծով արարեցիր մտքով աստղանիստ,
Քո երկնած ծովը պայքար էր ու երգ,
Պայքարի ճամփին դու միշտ քաջասիրտ:
Բարության ծով ես` երազիդ հանգույն,
Քեզնով հառնեցին նախնիները մեր,
Երազիդ ծովը ծփանք էր արտի,
Ապրելու երգ էր` առած հաղթ թևեր:
Հին ու հզոր ես` քո կամքին վայել,
Քո նենգ թշնամին ինչքան էլ սաստի,
Դու նորից անպարտ մի ծովակալ ես,
Իսկ զավակներդ` խիզախ նավաստի:
Եղիցի լույս 06(174) – 2016