Ամալյա Գրիգորյան / Լույսի զինվորը

0

Ամերիկահայ գրող, մատենագետ, թարգմանիչ, ազգային-հասարակական գործիչ Հովսեփ Նալբանդյանը՝ հայրենիքից հեռու ապրելով, իր ազգանվեր գործունեությամբ հայապահպան դերակատարություն է ստանձնել՝ մշտապես կամրջելով Սփյուռքը հայրենիքին: Եվ նրա մասին լավագույն ձևով պատմում են նրա հրատարակած գրքերը:
Ծնվելով Սիրիայում, ապա սովորելով Երևանի պետական համալսարանում, նա, ճակատագրի բերումով, տեղափոխվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Սկսած 90-ական թվականներից Լոս Անջելեսում և մի շարք հայաշատ քաղաքներում գիտամանկավարժական, մշակութային ակտիվ գործունեություն է ծավալում: Հիրավի, Հ. Նալբանդյանը տարբեր հայկական կրթօջախներում դասավանդել է հայոց լեզու, հայ գրականություն, պատմություն: Մոտ քսան տարի նա հայեցի կրթել ու դաստիարակել է բազմաթիվ պատանիների՝ բորբոք պահելով նրանց սրտերում հայրենասիրության հուրը: Դրան զուգահեռ, Սփյուռքում հրատարակվող հայատառ թերթերում ու ամսագրերում Հ.Նալբանդյանը հանդես է եկել բազմաթիվ հայագիտական, մանկավարժական, գիտամեթոդական, ազգային-հասարակական և այլ բնույթի հոդվածներով, թարգմանություններով: Նա իր ողջ էությամբ հայ մշակութային կյանքով ապրող մտավորական է, ով անգնահատելի ներդրում ունի հայագիտության զարգացման գործում:
Հովսեփ Նալբանդյանը Կալիֆոռնիայի հայ գրողների միության փոխնախագահն է: Մեծ է Հովսեփ Նալբանդյանի գրահրատարակչական գործունեությունը: Տասնյոթ տարվա ընթացքում հրատարակել է 34 գիրք, 8822 էջ, 26600 օրինակ, 8400 հատոր գիրք նվիրել է 1762 տարբեր երկրների կրթօջախների ու մտավորականների: 2005 թվականին Նալբանդյան ամուսինները համատեղ հիմնադրել են «Յովսեփ և Գարոլին Նալպանտեան» մատենաշարը, որը թողարկել է ավելի քան 19 հատոր գիրք:
Հարկ է նշել, որ նա բազմաթիվ բարեգործական ծրագրեր է իրականացրել: Նրա մեկենասությամբ այսօր էլ շարունակվում են տպագրվել բազմաթիվ բարձրարժեք գրքեր:
Հ.Նալբանդյանը հեղինակել է «Լոյս» հանրագիտակ-հատորները, որոնք ունեցել են տասներեք վերահրատարակություն: Դրանք տպագրվել են 16800 օրինակով: Ի դեպ, դրանց մի մասը մշակութային, գիտական օջախներին նվիրաբերվել է ՀՀ-ում, Արցախում և մի շարք երկրներում: Հովսեփ Նալբանդյանը մեծ աշխատանք է կատարել բառարանագրության ու մատենագրության ոլորտում՝ 2011 և 2012 թվականներին հեղինակելով, խմբագրելով ու հրատարակելով չորս հատորյակ: Դրանք կրում են «Ամերիկահայ գրքի պատմութիւն. 1858-2011թ», և «Հայկական բառարարներու համառօտ պատմութիւն» վերնագրերը, գրքեր, որոնք տեղեկատվական բացառիկ արժեք ունեցող մատենագիտական լուրջ աշխատանքներ են:
Ազգանվեր մտավորականի ծավալած բազմաշերտ՝ բանասիրական, թարգմանական, ազգային, հրապարակախոսական, մատենագիտական, հրատարակչական արգասաբեր գործունեութունը նպատակ ունի նպաստել սփյուռքում հայ գրքի, գրականության արժևորմանը: Պետք է ասել, որ մեծ մտավորականի ներշնչման աղբյուրը հայրենիքն է: Այդ մասին նա խոստովանել է. «Հայրենիքս ինծի համար գործերուս ողնաշարն է, լիցքաւորմանս աղբիւրը»: Հովսեփ Նալբանդյանը խիզախման առաքելություն է ստանձնել սփյուռքում՝ դառնալով լույսի ջահակիր: Անշուշտ, ազգը գոյատևում է իր գրով, իր մտավոր ու հոգևոր զորությամբ, մանավանդ՝ սփյուռքում, երբ այսօր կա հայկականության կորսման ու ուծացման մեծ վտանգ:
Հ. Նալբանդյանի գործունեությունը բարձր է գնահատվել թե՛ սփյուռքում, թե՛ մայր Հայաստանում ու Արցախում: Նա արժանացել է բազմաթիվ պատվոգրերի, մրցանակների. Հայաստանի գրողների միության «Գրական վաստակ», Հայաստանի Սփյուռքի նախարարության «Մայրենիի դեսպան», Հայաստանի Ազգային գրադարանի «Հակոբ Մեղապարտի» անվան բարձրագույն շքանշանների: Գնահատանքի, երախտիքի խոսքեր են հղվել մտավորականների, հասարակական, քաղաքական գործիչների, կազմակերպությունների կողմից: Այսպես՝ գրողների միության նախկին նախագահ Լևոն Անանյանը գրել է. «Հովսեփ Նալբանդյանի արգասավոր գործունեությունը ինքնօրինակ ներդաշնակություն է հաղորդում մեր քաոսային ժամանակներին: Նա պատկանում է ազգային մտածողության տեր մտավորականների տեսակին, ովքեր, ցավոք, տարեց տարի սակավանալով՝ Կարմիր գիրք են մտնում»:
Ես ուզում եմ անդրադառնալ բոլորովին վերջերս Հովսեփ Նալբանդյանի նախաձեռնությամբ հրատարակված «Մեսրոպ Մաշտոց. Մեծասքանչ», «Սիրոյ մատեան», «Բառը սահմանի վրա» ստվարածավալ ու արժեքավոր գրքերին: Այս երեք ժողովածուներն էլ տքնաջան աշխատանքի արդյունք են, որոնցում ի մի են բերված սփյուռքի, մայր Հայաստանի և Արցախի գրողների գործերը, որոնցում ամբողջական է ներկայանում հոգևոր Հայաստանը:
Հանրագիտարանային նշանակություն ունեցող եզակի ժողովածու է «Մեսրոպ Մաշտոց. Մեծասքանչ» գիրքը, որը նվիրված է Մեսրոպ Մաշտոցի 1650-ամակին: Շուրջ 700 էջ կազմող այս ժողովածուն կազմել, խմբագրել և հրատարակել է Հովսեփ Նալբանդյանը: Նա հսկայական գործ է կատարել, հավաքելով հայ գրին, դպրությանն ու Մեսրոպ Մաշտոցին նվիրված հայտնի ու անհայտ նյութեր: Գրքում ընդգրկված են արևմտահայ, արևելահայ և սփյուռքահայ գրեթե բոլոր գրողների՝ Մ.Մաշտոցին ու հայոց լեզվին ձոնված բանաստեղծություններն ու արձակ գործերը, ինչպես նաև հայ և օտարազգի նշանավոր մտավորականների, հայագետների գիտական մեկնություններն ու գնահատանքի խոսքերը հայերենի մասին, որոնք ավելի հարուստ են դարձնում գիրքը:
Առանձին բաժին են կազմում հայոց լեզվի մասին ասույթները:
Ժողովածուն ամբողջությամբ ներբող է հայերենին, Մ.Մաշտոցին: Հովսեփ Նալբանդյանի համար այս գրքի կազմումն ու հրատարակումը ուխտ էր, նախաբանի իր խոսքում նա խոստովանում է. «Շնորհապարտ հոգիով հատոր մը նուիրել մեծագոյն հայի»:
Գիրքը բացվում է հայտնի գրագետ Շավարշ Նարդունու բնութագրական ու անչափ դիպուկ խոսքով. «Ո՜վ իմ ըղձալի հայերէնս, առաւօտեան պէս թարմ եւ գիշերուան պէս խորունկ, մանուկի պէս զուարթուն եւ տարեցի մը պէս իմաստուն, սիրոյ պէս հաճելի եւ գարնան պէս գեղեցիկ: Ո՜վ իմ հմայիչ հայերէնս, աղօտքի մը պէս մխիթարիչ, դեղի մը պէս օգտակար, եթէ մոռցայ մէկ վանկդ, թող ա՛լ չդառնայ լեզուս մեղաւոր բերնիս մէջ»:
Նկատենք, սփյուռքահայ գրողների բանաստեղծությունները ոչ միայն փառաբանական գովերգներ են, անսահման սիրո ու հպարտության դրսևորում առ հայրենին, այլև նրանցում վեր է հառնում մայր Հայաստանի պատկերը, հրաշագործ մարդիկ, հայոց լեռներն ու գետերը, դաշտերն ու անտառները: Դա ևս կարոտի դրսևորման ձև է….
Միևնույն ժամանակ գրքի բանատողերում, բացի խորը, անփարատելի կարոտաբաղձությունից, կա հայկականության կորսման ցավ ու ահազանգ: Օտար ափերում նրանց միակ ապավենը լեզուն է: Միայն մայրենի լեզվով են իրենք մնում հայ, չնայած ուծացման առկա վտանգին, նրանք պայքարում են, որպեսզի չկորցնեն իրենց ոգին, հայկական դիմագիծը:
Ինչ դառն վիշտ է սըրտիս,
Երբ օտար տեղ ու լեզու՝
Բըռնի իրեն քաշէ զիս,
Սըրտէս արիւն կը հեղու:
Ներսէս Մեզպուրեան «Մայրենի լեզու»
Սիպիլը (Զապել Ասատուր) իր «Հայ լեզուն» բանաստեղծության մեջ փառաբանելով մայրենին, այսպիսի պատկերներ, մակդիրներ է օգտագործում՝ քաղցրիկ, վեհ բարբառ, ազնիվ լեզու, անզուգական չքնաղ լեզու, նշխարներուն սուրբ սկիհ, ծով ծիածան, սոսեաց անտառ, սաղմոս և այլն: Նա գրում է.
Տարիներով թափառական օտար երկիր
ու վայրեր,
Զուրկ մնացի ընտանիքէս, տընանկես,
Այլ քու կարօտդ անդարման ցավն
եղաւ սրտիս կարեվէր,
Ով իմ լեզուս, ամէն իղձ զոհ ըլլայ քեզ:
Եղեռնից մազապուրծ հայությունը ցիրուցան եղավ ամբողջ աշխարհով մեկ, ենթարկվեց բազում փորձությունների ու հալածանքների, բայց ամենադժնդակ պայմաններում անգամ, ամեն ինչից վեր դասեց մայրենի լեզուն, մինչև իսկ՝ սեփական անձից.
Օրհնյալ ըլլան մեր հայրերը, որոնք
աւաղ ցիրուցան,
Սև օրերուն՝ մոլորած չոր շիւղի պէս,
Մոռցան իրենց տունն ու տեղը,
զաւակներնին ուրացան,
Իրենց անձն ալ, բայց չմոռցան
երբեք քեզ:
Նկատենք, մեր գրողների գործերում ես-ը արտահայտում է հավաքական մենքի-ի գաղափարը: Մեքսիկացի գրող, փիլիսոփա Օկտավիո Պասն ասել է. «Իմ կարծիքով, բանաստեղծը պետք է խոսի իր համար, իսկ խոսելով իր անունից, նա խոսում է այլոց համար: Բայց երբ նա փորձում է բեմասացի դեր խաղալ, նա կորած է: Եվ ես կարծում եմ, որ մեր ժամանակի վատ պոեզիայի մեծ մասը հենց այդպիսի ինքնակոչության հետևանք է: Մեր ժամանակի ողջ հասարակական պոեզիան՝ վատն է: Երբ Ուիթմենը խոսում էր իր մասին, դա պարզապես մենավոր մի մարդու ձայն էր»:
Սփյուռքահայ գրող Մուշեղ Իշխանի ձայնը հենց ժողովրդի ձայնն է: Բանաստեղծը հայոց լեզուն հայի տունն է համարում, որը սեր ու սնունդ, սրտի ցնծություն է տալիս և այնտեղ յուրաքանչյուր հայ իրեն տանտեր է զգում: Միայն մայր լեզվով կա փրկություն. «Հոն է միայն, որ ամեն հայ կրնայ գտնել ամէն կրկին,Խաժամուժին մէջ օտար կորսնցուցած իր հոգին»: Նրա բանատողերում առկա է խոսքի անմիջականություն ու բնականություն, ասելիքի անկեղծ ու ոչ շինծու վերարտադրություն:
Հաջորդ՝ «Քու լեզուդ» բանաստեղծության մեջ նա սուրբ պատգամ է հղում իր որդուն.
Խօսէ՜, տղաս, խօսէ՜ անվերջ մեր լեզուն,
Այսպես հպարտ և երկիւղով սրբազան,
Եթէ յանկարծ զիս չգտնես օր մը դուն
Եւ մինչեւ իսկ շուրջը ո՛չ ոք խօսի զայն…
Այս գաղափարը ուրույն պատկերներով է արտահայտված սփյուռքահայ մեկ այլ գրողի` Թորոս Թորանյանի «Լեզուս մայրենի ձեզ կը կտակեմ» բանաստեղծության մեջ: Բանաստեղծը մտածում է, թե ինչ կտակի իր զավակներին` գոհար, հակինթ, թե այգիներ: Բայց ի վերջո, նա կտակում է մայրենի լեզուն.
Զաւակներուս և թոռներուս
Կը կտակեմ իմ մայր լեզուս,
Որ հացն է մեր հանապազօր,
Հոգուս պահակ գիշեր ու զօր:
Օտարության ափերուն ժեռ
Հայրենիք է լեզուն անմեռ,
Ու կուռ վահան զօրքերու դեմ,
Անսուտ ուղի դէպի եդեմ:
Ժակ Հակոբյանի «Այբբենաշունչ» բանաստեղծությունն իսկական ձոներգ է հայերենին, որտեղ Հայոց աշխարհի տեղանունները դառնում են մետաֆորներ` բանաստեղծական խոսքը դարձնելով ավելի կուռ ու պատկերավոր.
Իմ հայ լեզու, սուրբ ես դուն Էջմիածնի բառին պէս,
Հայաստանի ժայռին պէս` դուն խորարմատ և տկուն.
Դուն անարատ ու վառ ես`
Արարատի ձիւնն ինչպես
Ով հայերեն, «հայ» անուան պէս անոյշ ես եւ անհուն:
Բանաստեղծության մեջ հայոց լեզուն հայի սրտի տրոփյունն է, շքեղ է, հնչեղ, «Արարատեան հողին պէս» դալար ու հարուստ, համեղ է «Աբովյանի բերանի պես», թրթռուն Քուչակի թառի պես, Վարուժանի գրչի պես հզոր, սասունցու հոգու պես է, ռումբի պես բոցաշունչ է հայոց լեզուն: Աշուղների քնարն է, սոսափն է Սոսյանց անտառի, ռազմիկների շեփորն է, Շիրակի ցորենն է ոսկի, Գողթանի գինին է: Քանի կա հայ հոգին, հայոց լեզուն միշտ կհնչի:
Նկատենք` սփյուքահայ բոլոր գրողները հայապահպանության կարևոր կռվանը համարում են մեր լեզվի պահպանումը, նրանց միակ մտահոգությունը հայերենի փոխանցումն է սերնդեսերունդ` իբրև «ջահ ու դրոշ».

Մեր ինքնութիւնն են անոնք, մեր գոյութիւնը անմեռ…
Մեր սիրերգն են` երգեցե՛ք,
կարդացե՛ք` վեպն են մեր սեգ,
Աղօթքն են մեր` օրհնեցէ՛ք, մեր գանձն
են` պինդ պահեցե՛ք,
Յաղթանակ են` ցնծացե՛ք, և պարծենցեք` փառքն են մեր,
– Աստուածագիր բառե՛րը մեր հայերեն
Զոչ կը թողունք ձեզ կտակ, Սփիւռքի
ո՜րբ հայկակներ…
Հովսեփ Նալբանդյանի լավագույն ձեռնարկումներից է «Սիրոյ մատեան» ժողովածուն: Գրքում Նալբանդյանը տեղադրել է սիրո թեմայով գրված բազմաթիվ գործեր, ինչպես նաև՝ համաշխարհային գրականության մեծերի ասույթներից: Պետք է ասել, որ յուրաքանչյուր գրող յուրովի է պատկերել սերը: Հ. Նալբանդյանը առաջաբանում գրում է. «Սէրը կեանքի իմաստ և կեանքի փիլիսոփայութիւն ապրած մեր հայ բանաստեղծները գեղեցկօրէն արտահայտուած են, իրենց էութեան խորքերը պեղելով, բայց առանց գռեհկութիւններու: Բանաստեղծը աշխարհը իր աչքերով տեսնելու եւ նրբանկատօրեն վերարտադրելու տաղանդով մէզի կը փախացէ սիրային յատուկ կտորներ անսահման երեւակայութեամբ, զուլալ ապրումով, համոզումով մը, որ սէրը` բարի, վեհ եւ ուժեղ է»:
Համաշխարհային գրականության մեջ չկա մի գրող, որ չանդրադառնա սիրո թեմային, այդ զգացումը հոգեհարազատ է յուրաքանչյուր մարդու: Հայ գրականության մեջ սիրերգությունը ծաղկման է հասել միջնադարում. Նահապետ Քուչակ, Նաղաշ Հովնաթան, Սայաթ-Նովա:
Ժողովածուն բացվում է Համաստեղի «Սէրը Աստուծոյ շունչն է» ոգեղեն խոսքով. «Սէրը գոյութեան տենչ է, ըլլալու կիրք ու խորհուրդ մարմնի: Մենք կը փայփայենք մեր վիշտը և յաճախ արցունքները մարգարիտի հատիկներու նման կ’ըլլան թանկագին ու արցունքներով մեր մտածումները աւելի կը տարածուին, աւելի կը խորանան մեր մարմնին մէջ երբ կը սիրենք:
Սէրը Աստծոյ շունչն է եւ մենք կը դառնանք անանձնական ինչպէս Աստուած ինքն է տարածուած:
Երբ կը սիրենք, կը մտերմանանք անծանօթ ու անտարբեր տարրերուն հետ, նույնիսկ կը հասկանանք անոնց լեզուն եւ հաղորդակցութեան մէջ կը մտնենք Աստծոյ հետ:
Սէրը միայն անձնական, երբեք սէր չէ, շատ կարճատեւ է եւ մահկանացու: Յաւիտենականութեան սահմանը կը սկսի հոն, ուր սէրը կը սկսի:
Վայ անոր որ չի սիրեր: Ան կը նմանի անջրդի քարքարոտ հողին մէջ ծլած ցորենին, որ ունի հիւանդ ցօղուն ու պարապ հասկ»:
Սիրային գործերը՝ իրենց անձնական, համամարդկային ու ազգային յուրահատկություններով հանդերձ, ընթերցվում են մեծ ոգևորությամբ ու խանդավառությամբ: Գաղտնիքը մեկն է՝ սերը այն հայելին է, որտեղ հստակ պատկերվում է մարդու ներաշխարհը, նրա ամենանվիրական զգացումները: Սիրուց զուլալվում է մարդու հոգին դառնում ավելի բարի, քնքուշ ու վեհ: Սերը թռիչք է տալիս մարդկային էությանը, լցնում այն խանդավառությամբ, կենսական լիցքեր հաղորդում:
Մեր գրողներն իրենց ինքնատիպ մտածողությամբ ու ուրույն ձեռագրով, պատկերավորման արտահայտչական հարուստ միջոցներով, ազգային ինքնատիպ դիմագծով ստեղծել են համամարդկային արժեք ունեցող սիրային գործեր, որոնք խորը հուզմունք ու զգացմունքայնություն են պատճառում ընթերցողին:
Հովսեփ Նալբանդյանի հրատարակչական նախաձեռնություններից, բնականաբար դուրս չի մնացել նաև Արցախը:
Բոլորովին վերջերս Հովսեփ և Կարոլին Նալբանդյանների հովանավորությամբ Արցախում տպագրվել է մի ալմանախ՝ «Բառը սահմանի վրա», որտեղ զետեղված են Արցախի գրական ընտանիքի տարբեր սերունդների ներկայացուցիչների գեղարվեստական գործերը՝ և՛ արձակ, և՛ չափածո, ինչպես նաև՝ բանահյուսական նմուշներ: Գրքում տեղադրված են արցախյան գրականության ու բարբառի վերաբերյալ գիտական հոդվածներ, հումորիկ պատմություններ: Ժողովածուն կազմել և խմբագրել է բանաստեղծուհի Սոնա Համբարձումյանը:
Պետք է ասել, որ այստեղ յուրաքանչյուր գրող ինքնատիպ է իր մտածողությամբ ու ոճով: Բայց ընդգծենք նաև այն, որ յուրաքանչյուրն իր ստեղծագործությամբ ներկայացնում է Արցախը, արցախական եզերքը, կոլորիտը, արցախցու կերպարը, բնավորությունը, նրա մաքառումն ու ազատամարտը: Պատահական չէ, որ գիրքը կրում է «Բառը սահմանի վրա» խորագիրը: Արցախի գրողները՝ հանուն Արցախի յուրովի պայքարել ու շարունակում են պայքարել՝ թե՛ զենքով, թե՛ գրչով:
Ինքնատիպ ու պատկերավոր են արցախյան ազատամարտի թեմայով Հրանտ Ալեքսանյանի գրած բանաստեղծությունները: Դրանցում գրողը ցույց է տալիս պատերազմի իրական դեմքը՝ ժխտելով պատերազմը, որը միայն չարիք ու աղետ է բերում: Պոետը խաղաղություն է խնկարկում՝ ներկայացնելով այն որպես համաշխարհի կարոտ.
Եվ պատերազմից հետո իջնում է ծանր խաղաղություն՝
մրրկահար անտառի լալ խոնջությամբ:
Դեմքը նրա մրոտ ու ճանկռտված է,
մաշկը մրմռում է խայթվածի պես:-
Եվ այնուհանդերձ՝
աննման բույր ունի խաղաղությունը,
վարդերը մի հնարով փոխառել են այն
եւ տարածել որպես համաշխարհի կարոտ:
Բանաստեղծը կոնտրաստային պատկերների միջոցով հասնում է խոսքի անսովոր խորության ու անմիջականության, կենսական տրամադրության ու համոզչականության՝ ավելի ընդգծելով խաղաղության համամարդկային արժեքը:
Ասենք, որ Հրանտ Ալեքսանյանի պոեզիան ոչ միայն հայ, այլև եվրոպական գրականության ընդհանուր համապատկերում իր մտածողական համակարգով որոշակիորեն առանձնանում է, մտքի ու գաղափարի կառուցակարգն այստեղ միանգամայն նոր է ու թարմ: Սակայն սա հետազոտության առանձին թեմա է:
Հիրավի, անգնահատելի է հայ մշակույթի նվիրյալ զավակ Հովսեփ Նալբանդյանի առաքելությունը: Նա լույսի զինվոր է:

Եղիցի լույս 06(174) – 2016

Տարածել

Պատասխանել