Նվարդ Սողոմոնյան / Գրականությունը` որպես ազգի ոգեղեն լինելիության առհավատչյա

0

Նոյեմբերի 22-ին Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» համալսարանում տեղի ունեցավ Արցախի գրողների միության 6-րդ համագումարը, որը վարում էր բանաստեղծ, արձակագիր Կիմ Գաբրիելյանը։ Անցած 4 տարվա ժամանակահատվածում կատարած աշխատանքի մասին զեկուցեց ԳՄ նախագահ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վարդան Հակոբյանը, ընդգծելով, որ հանրապետությունում գրական կյանքը սերտորեն կապված է եղել համահայկական գրական գործընթացների հետ, և այն առաջընթաց է գրանցել և՛ հրատարակչական, և՛ թարգմանչական առումով։
Անցած շրջանի հիմնական հատկանիշը գրական-որակական առաջադիմությունն է։ Գրական կյանքը կազմակերպվել է պատշաճ. 300-ից ավելի միջոցառումներ՝ հանդիպումներ, քննարկումներ, շնորհանդեսներ, հոբելյաններ` Արցախի, Հայաստանի, Սփյուռքի գրողների մասնակցությամբ։ Գրական արտադրանքի գործում կարևորը եղել է ավագ, միջին, երիտասարդ սերունդներին համաչափորեն հանրությանը ներկայացնելը։
Անցած ժամանակաշրջանում հրատարակվել է 60 անուն գիրք, լույս են տեսել «Եղիցի լույս»-ն ու «Պըլը-Պուղին», թեև ոչ կանոնավոր, խոտորումներով։
Ելույթ ունեցողները՝ Կիմ Գաբրիելյանը, Նորեկ Գասպարյանը, Արկադի Թովմասյանը, Ժաննա Բեգլարյանը, Զինաիդա Բալայանը, Սոնա Համբարձումյանը, Վիտալի Պետրոսյանը, Ծովինար Բաղդասարյանը, Սեյրան Կարապետյանն իրենց ելույթներում նշեցին, որ անցած 4 տարիների ընթացքում գրական կյանքը հետաքրքիր է եղել, որ յուրաքանչյուր հանդիպում յուրահատուկ պատասխան է տվել առկա խնդիրներին, միության աշխատանքները եղել են բավականին թափանցիկ, գրողների ակտիվ մասնակցությամբ, ապահովվել են ստեղծագործական մթնոլորտը, բարիկամեցողական, հանդուրժողական հարաբերությունները, որ շատ կարևոր են գրական գործի զարգացման համար։
Դավիթ Միքայելյանն իր ելույթում կարևորելով միջոցառումների և գրքերի հրատարակության գործը, մտահոգություն հայտնեց այն առթիվ, որ ԳՄ նախագահի առաջարկը, ծրագիրը դասական գրող Գուրգեն Գաբրիելյանի 90-ամյակի առթիվ, առայսօր մնացել է անարձագանք, որ պետք է կոտրվի գրականության, մշակույթի հանդեպ անտարբեր, անփույթ վերաբերմունքը։
Համագումարում խոսք եղավ նաև այն մասին, որ Շուշիում պատշաճ ուշադրություն չի դարձվում հայ մեծանուն գրող Մուրացանի հիշատակը հավերժացնելուն. տարիներ առաջ Գրողների միության կողմից առաջարկ է արվել գրողի ծննդավայրում շրջանային գրադարանը և մի փողոց անվանակոչելու նրա անվամբ, բայց առայսօր այդ հարցի շուրջ լռություն է պահպանվում։ Իսկ կրթական օջախը, որի բակում Մուրացանի հուշարձանն է, կրում է Շուշիում ծնված, գործունեություն ծավալած մեկ այլ երախտավորի անունը։
Համագումարում ելույթ ունեցողները միահամուռ բարձր գնահատեցին ԳՄ նախագահի կազմակերպչական ձիրքը, եռանդը, գրական գործի լավ կազմակերպիչ լինելը, միության բավականին արգասաբեր գործունեությունը։ Արցախի ԳՄ նախագահ վերընտրվեց Վարդան Հակոբյանը։

«Եղիցի լույս»
Թիվ 05 (194) 2019

Տարածել

Պատասխանել