Հերմինե Ավագյան / Բոլորը գնում են, բացի պատերազմից

0

Մի ժամանակ մանկությունս վազում էր Մարտունու փողոցներով, անցնում էր բոլոր թաղերով, կանչում ընկերներիս ու թափառում շենքից շենք, արևից կկոցած աչքերով նայում երկնքին ու արևի մեջ երազանքներ գտնում:
-Չե՜ս հասնի, չե՜ս հասնի, ես ավելի լավ եմ վազում,- ասում էր:
– Կհասնեմ:
– Դե արի ու ինձ բռնիր, դե՜…
Մարտունի. արևից վառվող, արևի պես տաք փողոցներ.այս քաղաքում արևը վաղուց է ապրում.եկել, հավանել, հաստատվել է: Փողոցների արևը հավաքելով՝ քայլում էինք ես ու հորեղբայրս:
– Ամի՛, ինձ համար Ամանորին տիկինիկ կառնե՞ս, էն աղջիկ տիկնիկից, որ փրկարարի շորերով է:
– Չէ՛, ուրիշ տիկնիկ կառնեմ, երբ փողս ստանամ:
– Բայց ես էն աղջիկ փրկարարն եմ ուզում:
– Ի՜…աղջիկ փրկարար չի լինում, սուտի-մուտի բաների հետևից մի ընկիր…
Հետո քայլում էինք դեպի տուն, նա ոտքերի ցավից էր տառապում, ես՝ երազանքի: Երկու դեպքում էլ պետք է փողը ստանար, որ հարցերը լուծեինք՝ նրան դեղ կհասներ,իսկ ինձ՝ երազանք, ու հետո էլի կշարունակենք քայլել՝ նա իր ցավազրկած ոտքերով, ես էլ՝ ցավից անտեղյակ իմ տիկնիկով…
Ծանոթ խանութի ցուցափեղկին նկատել էի «փրկարար» տիկնիկին, երևի սպասում էր, որ գան իրեն առնեն: Ընկերուհիներ չուներ, մի հատ էր: Ախր, որ արտադրել են, չե՞ն մտածել, թե խանութի ցուցափեղկին մենակ ինչ է անելու: Ո՞վ գիտե, գուցե ինքն էլ էր տխրում, որ մենակ է, այն էլ՝ փրկարարի շորերով:
Տարիներ հետո, երբ հիշում էի այդ տիկնիկին, մտածում էի՝ ինձանից լավ ո՞վ կհասկանար այդ տիկնիկին, ես էլ քույր-եղբայր չունեի, եթե կուզեք ճիշտն ասեմ՝ ընկերներ էլ չունեի, որովհետեւ չէի ուզում ունենալ, որովհետև նրանք ամեն օր կանչում էին իրենց քույրերին, իրենց եղբայրներին, իրենց պապաներին, իրենց մամաներին: Իսկ ես միայն վերջինին կարող էի կանչել: Այ դրա համար էլ ուզում էի, որ էդ տիկնիկն իմը լիներ, որպեսզի փրկեր ինձ, չէ՞ որ փրկարար է, ու անպայման չէ, որ հրդեհից կամ ուրիշ նման բաներից փրկի, էնքա՜ն բան կա աշխարհում, որից արժե փրկվել, ու էնքա՜ն բան կա, որ էդպես էլ չի փրկվում, որովհետեւ մեր ներսում է կործանվում, մեր ներսում է փլվում, վառվում, իսկ դա մեզանից բացի ո՞վ կարող է տեսնել: Դրա համար ոչ ոք հրշեջ ծառայություն ու ոստիկանություն չի զանգում, որովհետեւ էդ ծուխը մեր ներսում է ու երբեք չի հանգչի…
Միայն մի հարց էր տանջում. երբ ես ու տիկնիկը հանդիպեինք, պիտի ասեի.
-Էն երկրում, որտեղ որ քեզ ստեղծել են, պատերազմ կա՞, թե՞ մենակ իմ երկրում է:
Չգիտեմ, թե նա ինչ էր ասել, բայց ես քթիս տակ փսփսացել էի.
-Իմ երկրում հիմա տիկնիկ ստեղծելու ժամանակ չկա, իսկ քո երկրում կա, ուրեմն քո երկրում պատերազմ չկա, երանի քեզ:
Տիկնիկն այդպես էլ չպատասխանեց, որովհետեւ պատերազմից ու իմ երկրից տեղեկություն չուներ, որովհետև նրան արտադրող չինացին նրա համար օրորացային չէր երգել, չէր ասել, որ Սասունցի Դավիթը Թուր Կեծակի ու Քուռկիկ Ջալալի ուներ, չէր պատմել, որ Նոյը կանգնել է Արարատի գագաթին, շատ բան չէր ասել: Իմ երկրում տարիներով ստեղծվածը միայն պաշտպանելու համար է, պաշտպանելո՛ւ…
Ամսվա վերջին երազանքս ավելի էր թունդ դառնում, որովհետև ամին վերջապես փող կստանար: Երազանքիցս բացի թունդ էին դառնում նաեւ ամիի ոտքերի ցավերը, որովհետեւ ցավազրկիչները վերջանում էին: Բայց ամին ամենալավ ամին էր, նա ցավերից չէր խոսում, միայն մի հարց էր տալիս.
– Աղջիկ փրկարարին ի՞նչ ես անելու:
– Խաղալու եմ, համ էլ ուզում եմ, որ նա ինձ փրկի:
– Ինչի՞ց, եթե ասես՝ ես կփրկեմ:
– Չէ՜, դա մենակ ինքն է կարող, որովհետեւ իմ ներսում մի սենյակ եմ ազատել նրա համար, ուրիշ ոչ մեկին ներս չեմ թողնում, նրան եմ սպասում:
– Լա՛վ, կառնեմ:
Վերջին բառն աշխարհի ամենալավ բառն էր դառնում, ու սպասում էր, որ «կառնեմ»-ը գա, տեղ հասնի, չնայած, ո՞վ գիտե, գուցե նա պիտի գար ամիի ցավազրկիչների հետ միասին, բայց միասին չտեղավորվեցին ու ստիպված եղան միայն մեկին տեղափոխել…
Ես ու փրկարարը հանդիպեցինք Նոր տարում՝ 25 տարի առաջ.
– Բարև, փրկարա՛ր,-ասել էի:
– Բարև:
– Կարո՞ղ ես էնպես փրկել, որ երբ բոլորը կանչեն իրենց քույրիկներին, եղբայրներին, պապաներին, ես էլ կանչելու բան ունենամ, թե չէ էսպես մի տեսակ տխուր է: Թե չէ էսպես մի տեսակ մաման էլ է տխուր, ինձ թվում է՝ ինքն էլ է ուզում, որ էդ ամենից մենք ունենանք:
Այսօրվա պես հիշում եմ դեմքը: Փրկարարը լուռ էր:
– Իսկական չե՞ս: Բա ինչո՞ւ ես փրկարարի շորեր հագել ու ձև բռնել խանութի ցուցափեղկին:
Չէր պատասխանել, մտածել էի՝ հաստատ իսկական չէ, կամ էլ իսկական փրկարարներ չեն լինում:
Չէ՛, չի կարող պատահել, որ իսկական փրկարարներ չլինեն, թե չէ ո՞վ կփրկի աշխարհը…
Աչքերս փակում եմ, որ նորից հիշեմ տիկնիկիս ու նորից վազեմ: Ահա ես տիկնիկս գրկած վազում եմ: Ամին չի վազում, անկողնում պառկած է: Ես ու տիկնիկն ենք վազում, մեզ բռնող չի կարող լինել, որովհետեւ մենք մեր խաղին ոչ մեկին չենք կանչել, որովհետեւ խաղի կեսում կարող է պատահել, որ մեկի քույրիկը, մեկի եղբայրը, մեկի պապան կանչեն ու նա գնա:
Ժամանակն ինձ հետ վազում է, բոլոր տիկնիկները, որ չեմ ունեցել, ինձ հետ վազում են, փողոցները վազում են, ամին ու ընկերներս վազում են, ամեն ինչ վազում է, մեկ էլ հանկարծ նկատում եմ, որ ճանապարհին սկսում եմ բոլորին մեկ-մեկ կորցնել: Միայն պատերազմն է մինչեւ վերջ ինձ հետ վազում. բոլորը գնում են, բացի պատերազմից, պատերազմը գնալու միտք չունի, եթե անգամ ես կանգ առնեմ, նա, միևնույն է, վազելու է առաջ, նա բոլոր ժամանակների ամենալավ վազորդն է, որին ոչ ոք դեռ չի հաղթել…
Մարտունի.այսքան տարի հետո նորից արևից այրվող փողոցների մասին պիտի գրեմ: Հա, արևից, որովհետեւ հրթիռները արև չեն դառնա, հրթիռների փոխարեն էլ արև կլինի. կլինի, չե՞ք հավատում, իսկ դուք գոնե մեկ անգամ վազե՞լ եք Մարտունու փողոցներով:
Ուզում եմ նորից գնալ խանութ, նորից գնել «փրկարարին», բայց ուզում եմ, որ նա էս անգամ իրական լինի, իսկական Փրկարար: (Տեսաք, էս անգամ անունը մեծատառով գրեցի, որ հասկանա՝ ինքը հատուկ անուն է, ինքը կա, իրեն սպասող կա, հատկապես Նոր տարում, հատկապես պատերազմից հետո, հատկապես դրսում խաղացող էն երեխաները, որ չեն ուզում, որ իրենց մոտ «հայրիկ» կանչեն)…
Ուզում եմ վերցնել աշխարհի ամենամեծ ցախավելն ու սրբել պատերազմի բոլոր բեկորները: Ես չեմ ամաչում, եթե էդպիսի ցախավել կա, տվեք ինձ, ես ուզում եմ սրբել փողոցները, որովհետեւ աշխարհի ամենապատվաբեր գործերից մեկը փողոց սրբելն է, քանի որ մաքուր փողոցներով բոլորը կարող են քայլել, իսկ կեղտոտ փողոցները մարդիկ շրջանցում են: Չեմ ուզում շրջանցել ականներդ, ուզում եմ սրբել-տանել, ուզում եմ փրկել այն բոլոր փոքրիկներին, ովքեր քայլելու են քո փողոցներով ու տիկնիկներ են փնտրելու քո խանութներում. պարտադիր չէ, որ նրանց տիկնիկները փրկարարի շորերով լինեն, միայն թե լինեն, միայն թե մանկությունը փրկելու կարիք չունենա, միայն թե բոլորը մնան, գնացողը միայն պատերազմը լինի…

«Եղիցի լույս»
Թիվ 01 (198) 2022թ.

Տարածել

Պատասխանել