Գրականության ուսուցիչներ և ժամանակակից գրական գործընթացներ

0

Փոխվում են ժամանակները, ժամանակների հետ չափանիշները, տեղի է ունենում արժեքների վերանայում ու վերագնահատում: Ասել է թե` յուրաքանչյուր հասարակություն ինքն է ձևավորում իր մոտեցումներն արժեքային համակարգի նկատմամբ: Եվ այս պարագայում առավել անսխալ լինելու պարտավորությունն են ստանձում նրանք, ովքեր մշտական կապ ունեն սերունդների կրթության ու դաստիարակչության հետ: Ահա այս խնդիրներն ու մտահոգությունները հիմք ընդունելով` Արցախի գրողների միությունը ցուցաբերեց հետաքրքիր նախաձեռնություն, այն է, ամեն ամսվա երրորդ երեքշաբթին դարձնել գրողների և Ստեդփանակերտի գրականության ու լեզվի ուսուցիչների հանդիպման օր: Նպատակը` գրականության մասնագետներին քաջատեղյակ պահել գրական-գեղարվեստական ժամանակակից գործընթացին, գրական դաշտի նորույթներին ու խնդիրներին: Հանդիպավայրը` Գրիգոր Նարեկացի պետական հավատարմագրված համալսարանի դահլիճ: Եվ ահա օրերս տեղի ունեցավ առաջին հավաքը, որը վարում էր նախաձեռնության հեղինակ, Արցախի գրողների միության նախագահ, բանաստեղծ Վարդան Հակոբյանը:
Ուսուցիչները համառոտակիորեն տեղեկացան Արցախում ստեղծվող գրականության, ինչպես նաև ներկայիս գրական գործընթացների մասին: Վարդան Հակոբյանն իր խոսքում նշեց, որ այսօր շատ դպրոցներում գրողների հետ հանդիպման ժամանակ են միայն ծանոթանում նրանց ստեղծագործություններին: Սակայն այս կաղապարված ձևաչափը վաղուց է սպառել իր արդյունավետությունը:
Վարդան Հակոբյանը խոսեց նաև ժամանակակից և ավանդական բանաստեղծական ձևերի առանձնահատկություններից, փաստելով, որ հանրության կողմից դեռևս համարժեք մոտեցում ու վերաբերմունք չի դրսևորվում մեր օրերում ստեղծվող գրականության նկատմամբ, որի պատճառը պետք է փնտրել գիրք-ընթերցող հարաբերություններում առկա օօտարացումների մեջ:
Քանի որ տարին հռչակվել է Չարենցյան, իսկ Չարենցի ստեղծագործությունները մեր գրականության ավանդական ու ժամանակակից ձևերի համադրման լավագույն օրինակն են հանդիսանում, ուստի բանախոսը նպատակահարմար գտավ հանգամանորեն անդրադառնալ մեծ գրողի կյանքին ու գործունեությանը: Նա ընդգծեց, որ Չարենցն ամփոփելով մինչև իր ժամանակաշրջանը ստեղծված գրական ժառանգությունը, ուրվագծեց հայ գրականության զարգացման ուղին:
Ստեփանակերտի քաղաքապետարանի կրթության և սպորտի բաժնի առաջին կարգի մասնագետ Գրետա Գրիգորյանը նույնպես կարևորեց այսպիսի հանդիպումները, նշելով, որ ցանկալի կլիներ, որպեսզի ուսուցիչներն առավել շատ ծանոթանային հատկապես արդի գրական գործընթացներին:
Երևանի պետական համասլարանին առընթեր Արտաշես Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի Ստեփանակերտի մասնաճյուղի փոխտնօրեն Նուբար Պողոսյանը նշեց, որ իրենք անընդհատ տեղեկատվություն ստանալու պահանջ ունեն և նման հանդիպումները հարմար առիթ են այդ պակասը լրացնելու համար:
Վարդան Հակոբյանը հավելեց նաև, որ նման հանդիպումները շարունակական կլինեն:
Գրողների և ուսուցիչների հետագա հանդիպում-զրույցների համար առաջարկվեցին մի շարք թեմաներ, որոնք, ըստ ներկաների, կարող են առավել հետաքրքիր ու հրատապ լինել:
Վերջում Վարդան Հակոբյանը ուսուցիչների համար կարդաց իր նոր ու անտիպ բանաստեղծություններից:

Մանանա

Տարածել

Պատասխանել