ՀԱՄԼԵՏ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ | ՀԱՅՈՑ ՀԱՎԼՈՒՆԻ ԹՈՒՐԸ` ԽԱՆՔԵՆԴՑԻ ՆՈՎՐՈՒԶԻ ՁԵՌՔԻ՞Ն

0

Համլետ Մարտիրոսյան«Ազատ Արցախ» նոյեմբերի 13-ի համարում կարդացի «Իսկ Ամերիկան վաղուց է հայտնագործվել, կամ Արցախում նոր կեղծարար է հայտնվել» քո լեղապատառ հա՜յ-հարա՜յը: Մնացի ափ ի բերան. տես ո՜վ ում է կեղծարար կոչում:
Երկար մտածեցի, թե քեզ հետ, այնուամենայնիվ, ինչ լեզվով խոսեմ, որ հասկանաս: Անկեղծ խոսք էի գրել` իմ` ընթերցողիս կարծիքը («Հայրենիք», թիվ 26), և ուզում էի հավատալ (քեզ ճանաչելով հանդերձ), որ, այնուամենայնիվ, կկարողանաս բարձր գտնվել ու բերածս փաստերը, որոնք, ինչ կա որ, կարող էին և, ըստ քեզ, սխալ լինել, հերքել փաստարկներով: Բայց դու ոչ միայն դրանք չհերքեցիր, այլև քեզ պահեցիր ամբարտավան տղեկի նման, որը պատի հետևից ցեխ է շպրտում իրեն կոնֆետ չտված անցորդի վրա: Ի՜նչ արած, փորձեմ նորից խոսք ասել` չօգտվելով այն բառապաշարից, որով սկսվում ու վերջանում է քո հոդված-կեղտաջուրը: Եվ դա` ոչ միայն քո մակարդակին չիջնելու համար, այլև` նրա, որ, ի տարբերություն քեզ, ես ընթերցողին հարգել գիտեմ: Կամ բացատրե՞մ իմաստը, թե՞ ինքդ բառարանում կնայես: Ես հորդ մասին 35 րոպե տևողությամբ հեռուստաակնարկ պատրաստեցի չորս օր նկարահանումների վազվզուքից հետո, և դու նույնիսկ հեռախոսով շնորհակալություն չհայտնեցիր: Ասա` այն ժամանակ ո՞ւմ պատվերն էի կատարում: Քո՞: Եթե քո, ի լուր աշխարհի հայտնիր նաև, թե ինչ գումարով եմ վարձատրվել… Ավելի քան համոզված եմ, որ հարցիս պապանձ լռություն է հետևելու: Ուրեմն այդ լռությունն էլ թող լինի իմ ապտակը քեզ` զրպարտանքիդ համար, որպեսզի էլ նման բաներ չմոգոնես: Ոգևորված հայտարարում ես. «…Նազիմ Հիքմեթը (որին նվիրած բանաստեղծություն ունի Վ.Օվյանը, այդ մասին ակնարկել էի իմ խոսքում – Հ.Մ.) ոչ թե զկեռ ծախող ադրբեջանցի է, այլ ժամանակի թուրք առաջադեմ գրող, հայ ժողովրդի բարեկամներից մեկը, որն իր համոզմունքների և Թուրքիայի իշխանություններին քննադատելու համար 28 տարի ազատազրկման է դատապարտվել, որից 17 տարին թուրքական բանտերում էր անցկացրել»: Այդ դեպքում ինչքանո՞վ է բարոյական քո արարքը հայ ժողովրդի այդ «տառապած բարեկամի» հանդեպ, ինչո՞ւ նույն` «Նազիմ Հիքմեթին» բանաստեղծությունն էլ չզետեղեցիր «Լեռների լեգենդը» գրքում: Չբացատրես: Նույնիսկ քո ասած` էն զկեռ ծախող ադրբեջանցին էլ (որ նույն թուրքն է) կհասկանա, թե ինչու չզետեղեցիր: Ուրեմն այնպե՜ս դոշդ թակիր, որ չդրնգա. դատարկ տակառն է դրնգում:
Քեզ նորից կասեմ, որ բնավ նպատակ չունեի մանրամասների մեջ խրվելու, ուստի իմ նախորդ խոսքում վազ անցա շատ ու շատ բաներից: Բայց դու ինձ հարկադրեցիր, որ հիմա ասեմ ավելին, քան գուցե անհրաժեշտ է: Ինչ արած, ստիպված եմ ձեռքիցդ բռնած ման ածել` նախապես պնդելով, որ դու «գրիչ ես բանեցրել» Վ.Օվյանի գրվածքներում, և դա ոչ միայն անբարո է. դա հենց… այն բոլոր ածականներն են` միասին վերցրած, որոնք օգտագործել ես իմ հասցեին:
Գրողի գրական ժառանգությունը միայն իր ժառանգի սեփականությունը չէ: Հիշիր դա: «Լեռնակերտի» առաջաբանում գրված է. «…Եթե Լեռնակերտը չլիներ նշանավոր քաղաք, ես ինչպե՞ս կհանդգնեի սույն վեպն ավարտելուց հետո նորից գրիչ վերցնել ու գրել Առաջաբան»: Եվ թվագրված է` 1980թ. օգոստոս: Իսկ վեպի վերջում գրված է «1972-1982թթ.»: Ինչպե՞ս հասկանալ: Մարդը (Վ.Օվյան գրողը) պարզ ասում է` վեպը ավարտել է 1980թ., իսկ գրքի վերջում 1980-ը դարձել է 82 քո կողմից` թիվը (1972-82) կլոր դարձնելու համար և` ոչ միայն. որքան հնարավոր է մեր օրերին մոտեցնելու նպատակով, քանի որ գրիչդ իր «գործն» արել է գրվածքի մեջ: Ահավասիկ. «… 1918 թվականի սեպտեմբերին այդ աղմուկն ավելի սաստկացավ: Բաքվում տապալվել էր Կոմունան, իշխանությունը անցել մուսավաթների ձեռքը (ընթերցող, այնուհետև ուշադրություն դարձրու – Հ.Մ.): Անգլիական հրանոթների փողերն ուղղվել են Բաքվի կրծքին` կամ հանձնվիր, կամ քարուքանդ կանենք» («Խանքենդի», 1973թ., էջ 34):
Հիմա կարդանք նոր տարբերակը («Լեռների լեգենդը», 2003թ., էջ 408). «… 1918 թվականի սեպտեմբերին այդ աղմուկն ավելի սաստկացավ: Բաքվում տապալվել էր Կոմունան, իշխանությունը անցել մուսավաթների ձեռքը»:
Տեսնո՞ւմ ես, առաջին տարբերակում, «բացի պատմական փաստի արձանագրությունից», կա նաև գրող Վ.Օվյանի դիրքորոշումը, վերաբերմունքը փաստի նկատմամբ. «Անգլիական հրանոթների սև փողը… կամ քարուքանդ կանենք»: Երկրորդ տարբերակում կա միայն պատմական փաստը, իսկ տեքստի շարունակությունը (գրողի մտահոգությունը) չկա, որովհետև այսօր (կրկնում եմ` այսօր) «Բաքուն և իր կուրծքը» մեզ ոչ հետաքրքիր են, ոչ հարկավոր: Ուստի 1980թ., լավ, թող լինի 1982թ., երբ ծաղկունքի մեջ էր Խորհրդային Միությունը, և Բաքուն էլ կար ու էն էլ շա՜տ «փառահեղ էր» նստել մեր կյանքում, Վ.Օվյանը չէր կարող այսպես մշակել վեպը: Քանի որ ապրում է իր ժամանակի մեջ: Իսկ ժամանակը խորհրդային մտածողության ժամանակն էր: Մինչդեռ դու փորձում ես ընթերցողին համոզել` գրելով. «Բնական է, որ 1982թ. Վազգեն Օվյանը նույնպես պետք է որ տարբերվեր 1972թ., առավել ևս 1962թ. երիտասարդ Վ.Օվյանից»: Դա միայն քո ցանկությունն է, ոչ ավելին, քանի որ չի դիմանում իսկությանը: 1961թ. «Լուսաբաց» ժողովածուի մեջ զետեղված «Թևան-դհոլ» պոեմը, որտեղ ծաղրուծանակի է ենթարկվել (ընդգծում եմ` այնուամենայնիվ` տաղանդավոր գրչով) դաշնակցական կուսակցությունը, Դրոն, Թևան Ստեփանյանը (ի դեպ, որին քանի տարի առաջ գնդակահարել էին Բաքվում) և այլոք, իր գաղափարական մոտեցմամբ ամենևին էլ չի տարբերվում 1973թ. հրատարակված «Խանքենդի» վիպակի, «Լուսաբացը լեռներում» պիեսի (հիմքում «Թևան-դհոլ» պոեմն է) մտածողությունից, գեղարվեստական կողմը չհաշված (կարծում եմ` ընթերցողը կհիշի, որ հենց 1973թ. տեղի ունեցավ հայ ազգի նվիրյալների դեմ Կևորկովի «հայտնի» պլենումը): Սա մեկ անգամ ևս վկայում է, որ Վ.Օվյանն իսկապես ապրել է իր ժամանակի մեջ` չփոխելով իր համոզմունքը: Ես չեմ խոսում գրողի ճիշտ կամ սխալ գաղափարական դիրքորոշման մասին, սա մի կողմ եմ թողնում: Ես պարզապես ուզում եմ քեզ ապացուցել, որ Վ.Օվյանը չէր կարող 1973թ. հետո այնպես փոխել իր համոզմունքները, որ հարմար ու հաճո լինեին այսօր` 2003թ.: Բերեմ նույն գրքից ևս մի օրինակ. «Թե որ աստված պահող լինի, իր որդի Քրիստոսին կպահեր, դռնեդուռ չէր գցի գորոդովոյ Անտոնի նման («Խենքենդի», էջ 33): (Մի կողմ թողնենք, որ սա քրիստոնյային անպատշաճ մտածողություն և Աստծուն ուղղված պասկվիլ է և այլն) և կարդանք 1982թ., տարբերակը (էջ 407): Այստեղ տեքստը մնացել է անփոփոխ: Այսինքն` 1982թ. գրողը իր հավատքի մեջ մնացել է նույնը: Ուստի հավատքի մեջ չփոխված մարդը ինչպե՞ս կարող էր փոխել հավատամքը: Կոմունիստական իր մտածողության մեջ, եթե նա նույնիսկ (մի րոպե ընդունենք, որ` իրոք) տեղ է տվել Նժդեհի գաղափարներին, այն Նժդեհի, որին երեկ` իր նախորդ գրքերում, ավազակ էր անվանում, Դրոյին` շուն-շան որդի, իսկ Թևան Ստեփանյանին` շների արքա, ու հիմա` 1982թ. գիտակցելով իր մեղավոր արարքը ազգանվեր գործիչների հանդեպ, փոխում է իր համոզմունքը, պիտի որ համոզմունքի փոփոխությունը նկատվեր նաև նրա մտածողության մեջ: Այս դեպքում գրողը վերոհիշյալ տեքստը եթե ամբողջովին չկրճատեր, գոնե պիտի որ մեղմեր… Ինչը չի արվել: Քեզ ապացուցելու համար, որ ոչ միայն գրքին ծանոթ եմ, այլև կարդացել եմ, ինչը դու ժխտում էիր քո «կեղտաջրից» վիզդ երկարած: «Խանքենդի» գրքում կարդում ենք (էջ 48). «… Դա խմբապետ Խորենի առաջին և վերջին քաջագործությունն էր: Այդ օրը ուստա Ծատուրի դարբնոցի վրա ծածանվեց մի կարմիր դրոշ, Մատվեյը կոչ արեց խանքենդցիներին համախմբվել, դառնալ մի սիրտ, մի բռունցք, Կարմիր բանակը գալիս է…»:
Այնուհետև հեղինակը մի ամբողջ էջ պատմում է քաղաքական իրադարձությունների զարգացման մասին, որտեղից մեջբերեմ միայն մի երկխոսություն.
«- Խմբապետ Թևանը գալիս է, ո՛նց է գալիս:
– Գայլերից հույսներս կտրվել է, հիմա էլ չախկալներին պիտի հավատա՞նք:
– Պարոն Դրոն արդեն երկու հեծյալ բանակ է ուղարկել:
– Գլուխը քարովն են եկել, քո պարոն Դրոն էլ, Նժդեհն էլ…»:
Իսկ նոր տարբերակում` (էջ 443). «… Դա խմբապետ Խորենի առաջին և վերջին քաջագործությունն էր»:
Եվ վերջ: Շարունակությունը չկա: Չկա, որովհետև այսօր արդիական չեն ոչ կարմիր դրոշը, ոչ կարմիր բանակը, իսկ ազգի նվիրյալների մասին եղկելի խոսքեր ասելը առնվազն մեղք գործել է: Ուստի, կրկնում եմ, 1982թ. Վ.Օվյանը նման կրճատումներ անել չէր կարող: Առավել ևս, որ ինքը` Վ.Օվյանն էլ իր «ութնյակներից» մեկում խոստովանում է. «Բայց ի՜նչ կարող էի անել, Ախր տարին խիստ նահանջ էր («Լեռների լեգենդը, էջ 34)»:
Տեսնո՞ւմ ես, ոտքդ էլի որերորդ անգամ քարին խփեց: Հայտարարում ես, որ «… 1970-ական թվականներից հետո ստեղծած «Հուդային», «Սև վեզիրը», «Բասարական», «Բ.Կ.-ին», «Այս Ղարաբաղն է» բանաստեղծություններում, բազմաթիվ ութնյակներում, պամֆլետներում ու էպիգրամներում նա սպանիչ ծաղրի է ենթարկել կոմունիստական երկրի գերագույն և փոքրագույն տիրակալներին` Բրեժնևին, Սուսլովին, Ալիևին, Կևորկովին և այլոց…»: Այդ ստեղծագործությունների արժանիքների գնահատականը թողնենք ընթերցողներին: Դրանով էլ պիտի վերջանա ամեն ինչ: Մինչդեռ դու ջանք ու եռանդ չես խնայում դրոշակ դարձնելու համար` պատրանք ստեղծելով, թե գրողից առաջ Արցախում ոչ ոք, ոչ մի մտավորական չի հանդգնել նման բան: (Անուններ չթվարկենք, հենց Վ.Օվյանի գրական շրջապատից դեռևս նույն 60-ականներին, երբ Վ.Օվյանը «Թևան-դհոլ» էր տպագրում, մարդիկ, կյանքը վտանգելով, ըմբոստացել են իշխանությունների դեմ` Ղարաբաղը Հայաստանին միացնելու համար): Թե չէ մեկ էլ տեսար քեզ հարց տվեցին. «Թվարկածդ ստեղծագործություններն առաջներում երբևէ տպագրվե՞լ են: Իհարկե` ոչ: Ինքդ էլ ես հաստատում գրքի ծանոթագրության մեջ (էջ 499)»: Ուրեմն հիշիր` ինչ-որ մեկին, թեկուզև արար աշխարհին, մտքումդ հայհոյելու համար քաջություն պետք չէ: Խիզախությունն այն է, երբ թագավորին ասում ես` մերկ է` նրա թագավոր եղա՜ծ ժամանակ:
Հիմա նորից դառնամ քեզ, թեպետ մինչև հիմա էլ իմ բանը քեզ հետ էր: Փոխանակ առաջադրված փաստերս փաստերով հերքելու, մի գլուխ Թումանյանից մեջբերումներ ես անում` մատնանշելով. «Եվ սա ասել է Անհաս բարձունքը մեր նոր քերթության` Հ.Թումանյանը»: Ես էլ քեզնով «հիացած» լսում եմ (չէ՞ որ գրականության դասերին քնած եմ եղել, դու ես ասում), բայց «քնած» վիճակում էլ քեզ ուզում եմ ուղղել. գուցե քեզ համար Թումանյանը ընդամենը բարձունք է, իրականում` անհաս Արարատը մեր նոր քերթության, էդպես է ասել Եղիշե Չարենցը: Էդ անունն էլ մի տեղ գրիր` չմոռանաս. այն, ինչ կարելի է Թումանյանին, չի կարելի մահկանացուներին: Հետևաբար, Թումանյանի հետ համեմատություններ անցկացնելը առնվազն… (էդ բառն էլ դու ասա քո «ճոխ» բառապաշարից), ինչպես որ շատ ավելի լավ է բանաստեղծություն նվիրել թեկուզ զկեռ ծախող ադրբեջանցուն, քան ծանակել քո ազգի մեծերին: Ուրեմն նաև սովորիր արժեքները զանազանել:
Անընդհատ ինքդ քեզ ուտում ես, ինչ-որ բա՞ն ես ուզում ասել, է՞ն, որ արդեն ասել ես. «Ինչպես Արցախի վաղվա մասին մտածող յուրաքանչյուր ղարաբաղցի, ես ևս լրջորեն մտահոգված եմ, որ մեր լեռնաշխարհ մտնող ամեն բան` մարդ թե ապրանք, լինի որակյալ…»: Ակնարկում ես իմ զանգեզուրցի լինե՞լը: Այստեղ էլ քեզ պիտի հիշեցնեմ. այդպես կարող էր խոսել միայն հայոց Հավլունի թուրը ձեռքն առած խանքենդցի Նովրուզը (ի դեպ, «մշակված» տարբերակում այդ. «զկեռ ծախող» ազարբայջանցուն նույնպես չհանդիպեցի): Այն Նովրուզը, որից իմ ծննդավայր Զանգեզուրը փրկվեց Գարեգին Նժդեհի շնորհիվ:
Ճիշտն ասած, զարմացա, որ քո հոդված-կեղտաջրի վերջին պղպջակը այսքան մաքուր էր. «Ընդհանրապես, ցանկալի է (էլի ստպված եմ քեզ ուղղել. ոչ թե ցանկալի է, այլ` անհրաժեշտ է -Հ.Մ.), որ յուրաքանչյուրն իր գործով զբաղվի, գրողը` գրականությամբ, պատմաբանը` պատմությամբ, միմոսը` միմոսությամբ և այլն»: Թվարկածներիդ մեջ, անկեղծ եմ ասում, որքան քեզ փնտրեցի, ոչ մի տեղ չգտա: Ես` հեչ. ուրիշ բան որ չլինի, Իշխան Փառավոնիչը, որպես հեռուստադիտողի կողմից ընդունված մի կերպար, որին դու միմոս ես անվանում, կա ու կա: Դո՞ւ ինչ ես անելու. գրո՞ղ ես` չէ, պատմաբա՞ն ես` էլի չէ, միմո՜ս էլ չես: Խե՜ղճ դու: Օհանջանյան Վարդգես էիր, քեզ վրա վերցրիր Վազգեն Օվյանի գրական ազգանունը` հույս ունենալով, թե հորդ շնորհքից գոնե շորշոփ քեզնով կտաս, բայց` չէ, բան դուրս չեկավ: Թարսի պես քո էն ադրբեջանցուն էլ շտապեցիր զկեռ ծախող դարձնել, գոնե էդ փեշակը չպահեցիր քեզ համար… Տեսա՞՜ր` ինչ եղավ (քո չսիրած երգից): Ուրեմն, երբ հարա՜յ էիր կանչում. «Արցախում հայտնվել է նոր կեղծարար», դու քեզ էիր «գովազդում», իսկ ես, բանից անտեղյակ, մեջ ընկա: Գիտե՞ս` եթե ես չանեի դա, միևնույն է, վաղ թե ուշ, մեկ ուրիշն էր «պոչդ խուզելու»:
Ամփոփելով` ասեմ, որ ոչ ոք, դու էլ հետը, ժխտել չի կարող, որ Վ.Օվյանը գրել է «Թևան-դհոլ», «Խանքենդի», «Լուսաբացը լեռներում» ստեղծագործությունները, որոնցում ծանակված են մեր ազգի մեծերը: Այդպես է նա կերտել իր ապրած ժամանակաշրջանի դիմանկարը: Ուստի, գրողին պետք է թողնել այնպես, ինչպես եղել է և ընդունել այնպիսին, ինչպես որ կա` լավ թե վատ: Ուրեմն` որևէ մեկը, այդ թվում` նաև դու, իրավունք չունի մի շտրիխ անգամ փոխել այդ դիմանկարում, ինչը այնպես եռանդագին փորձել ես անել:

Միշտ անկեղծ`
ՀԱՄԼԵՏ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Հ.Գ. – Այսուհետ ինչ որ գրես, աշխատիր գրագետ գրել, որ երևա` որքան ես «աճել»: Թե հայհոյելու լինես, գոնե այնպես կհայհոյես, որ հետագայում որևէ ժառանգորդ ստիպված չլինի դրանք փոփոխել:
«Ազատ Արցախ», 25 նոյեմբերի, 2003թ.

Տարածել

Պատասխանել