Վարդան Հակոբյան | Գրական նոր աղանդ կամ եհօվյանականություն

0

ՊԱՏԱՍԽԱՆԻ ՓՈԽԱՐԵՆ

1. Թուրքամետությամբ ռեֆլեքսավորված գրչի արկածները

Արցախի գրական օջախը միշտ էլ աչքի է ընկել իր ազգանվեր ու շնորհաշատ գործիչներով: Սակայն, պիտի ցավով խոստովանենք, որ համատարած լավի մեջ, ինչպես ասում են, եղել են նաև սև որոմներ (մեկ-երկու հոգի), գրիչներ, որոնք դարձել են ազերիների խորհրդային խոսափողը` հակահայկական քաղաքականության մեջ: Վազգեն Օվյանը «սերունդներին է թողել» «Խանքենդի», (1973թ., Բաքու) «Թևան Դհոլ» («Լուսաբաց», 1961թ.), «Եվ Պըլը-Պուղին մի առակ պատմեց», «Լուսաբացը լեռներում» (1973թ.) և այլ գործեր (դրանց մի մասի կազմանկարները կից ներկայացվում են), որոնց մեջ ազերական գաղափարաբանության դիրքերից ծաղրում, սարկազմի է ենթարկում մեր ժողովրդի ազատության ու անկախության պայքարի գաղափարը:
Կյանքի վերջին տարիներին Վազգեն Օվյանն իր ստեղծագործությունները (այդ թվում` «Խանքենդին») ներկայացրել էր ԼՂ ԳՄ` որպես ընտրանի հրատարակելու նպատակով: Հասկանալի պատճառով դրանք տպվել չէին կարող: Գրողի որդին` Վարդգես Օվյանը, շտապեց այդ գործերը ետ վերցնել ԳՄ-ից ու սկսել դրանց ապամոնտաժումները, «վերամշակումները»` նոր ժամանակների հետ «համահունչ դարձնելու» նպատակով: Իհարկե, նա ով հասկանում է գոնե մի քիչ, թե ինչ է գրականությունը, նման կեղծիքի երբեք չի դիմի: Արվեստը մաքրություն է սիրում և, ինչպես Լ. Տոլստոյն է ասել, ոչինչ այնքան կործանարար չէ գրականության համար, որքան կեղծիքը: Մենք Վ. Օ.-ին խորհուրդ տվինք, որ ձեռք քաշի գրող հոր գործերին միջամտելուց, որ գրականության համար խորթ և անընդունելի են նման երևույթները: Եվ դա սկիզբը դառավ Վարդգեսի «անզիջում արշավանքների», որոնք ավարտ չունեն, չեն էլ ունենա:
Վերջերս պատահմամբ իմացա, որ տարիներ առաջ ծագած «բանավեճը» (մեր գրական կազմակերպությունը և ես այն ավարտված ենք համարել վաղուց) շարունակում է, այսպես ասած, միակողմանիորեն ձգվել-ձգձգվել, այս անգամ` նաև համացանցում` իմ և ԳՄ դեմ «բլոգներ սարքելով»: Ասել է թե` Վարդգես Օվյանը փնտրում է նոր «ընթերցողներ», ովքեր կարող են հարցի բուն պատմությանն ու երևույթների ընթացքին անտեղյակ լինել, մոլորեցնել, նրանց աչքին թոզ փչել… Վազգեն Օվյանի խորհրդային տարիներին գրած ապազգային թխվածքները նա «ռեկոնստրուկցիայի ենթարկելով», վերաձևելով, կրճատելով, հակահայկական հատվածները գլխիվայր շուռ տալով` գաղափարափոխում, հորը ներկայացնում է որպես ազգային հերոս… Ափարո՜ւմ… կասեր Վ. Օվյանի «Խանքենդի» վիպակի գլխավոր հերոս, ազերի բոլշևիկ ուստա Նովրուզը` Վարդգեսի «հավլունի թուրը» կրողը… Բայց, ինչպես ասում են, աշխարհը հո մի «մեզարով» ծածկած չէ, որ Վարդգես Օվյանը նրա տակ ինչ ուզի` անի…
Վազգեն Օվյանի «ընտրանին» մերժելու և նրա որդի Վարդգեսին խորհուրդ տալու համար (որ չմիջամտի գրողի գործերին, չվերափոխի), ես ևս հայտնվում եմ օվյանական «բացասական հերոսների» շարքում: Վարդգես Օ-ն հոր արխիվից մի հայհոյագրություն էլ իմ մասին է «հայտնաբերում» ու տպում` հոր մահից հետո. «Դեհ, որ ԼՂ ԳՄ-ն չի հրատարակում հորս ընտրանին, էդ էլ քո բաժինը»: Բայց այս մասին` մի քիչ հետո… Հիմա պարզապես ամրագրենք դարի լավագույն մանկավարժ, գրող, ժողովրդական հերոս Թևան Ստեփանյանի համագյուղացի Խորեն Բաղդասարյանի խոսքը: Նա իր «Բաց նամակ «Գրական թերթին» հոդվածում անդրադառնալով Վազգեն Օվյանի ազգադավ «գլուխգործոցներին» ու խստագույնս դատապարտելով դրանց հեղինակին, գրում է. «Այսօր ժամանակն է «լենինիզմի չստեր հագած ֆիլիստերի» (Չարենցի արտահայտությամբ) մասին խոսելու»:
Ասենք, որ ոչ միայն ժամանակն է, այլև այս գործում աններելի ուշացումներ կան: Չարժե Վարդգես Օ-ի «արարքներին» ուշադրություն կամ ժամանակ նվիրել` պատասխանելով նրա հերյուրանքներին, բայց խնդիրն այս պարագայում անձը չէ, այլ, ընդհանրապես ֆիսկալության (իր բոլոր տարատեսակներով) երևույթը, որն էլ ինձ մղեց այս տողերը գրելուն:

2. Ղարաբաղի անկախության գաղափարը` ազերական դիրքերից

Վազգեն Օվյանի համար «բաշի-բզուկներ» են (իր բառերն են` «Թևան-դհոլ»-ից) հայոց ազգի նվիրյալները և բոլոր նրանք, ովքեր պայքարել են Արցախի անկախության ու ազատագրության համար: Ադրբեջանական ընկալումներին համահունչ նա քննադատել-ծաղրել է 1918-1921թթ. մեր ազգային-ազատագրական շարժումը: Ահավասիկ. «Ղարաբաղը դարձնել ազատ, անկախ պետություն. այսինքն այնպիսի պետություն, ինչպես, օրինակ Իտալիան, Ֆրանսիան, Հունաստանը… Ղարաբաղը պիտի ունենա իր արտաքին ու ներքին գործերի մինիստրները, իր բանակը, գերբը, դրոշը: Մեկը մյուսի ետևից սնկերի պես բուսան նոր մինիստրներ, և ապա «ազատ, անկախ պետության» մինիստրները որոշեցին Ասկերանը դարձնել «Համայն Արցախաց երկիր» մայրաքաղաք, նախկին հայտնի ձիագող Ապետնակ Մելիք Տեր-Աթաջանբեկնազարյանին` ապագա անկախ պետության արքա» («Խանքենդի», էջ` 19):
Մարդկության պատմության մեջ սա թերևս եզակի դեպք է, երբ գրողը հանդես է գալիս իր ժողովրդի անկախության ու ազատության գաղափարի դեմ` մեկ այլ «ազգի», տվյալ դեպքում` ազերիներին հաճոյանալու համար: Այս մասին առաջինը ժամանակին բարձրաձայնել է արցախագետ Շահեն Մկրտչյանը. «Ժողովրդի ընդերքում պահվող զրույցը, ասում է, որ Թևանի կնոջն ու դստերը աքսորելու ժամանակ Բաղիրովն անձամբ ընդունել է նրանց ու նախանձով նշել` Թևանը բա մերը չլիներ… Խելք չունեն այդ հայերը» («Արցախ», N11, 1989, էջ 42): Այո, թե հայերը խելք ունենային, ապա 60-ականների սկզբներին Ստեփանակերտում հայ բանաստեղծը (նկատի ունի Վ.Օվյանին- Վ.Հ.) իր տխրահռչակ «Թևան-դհոլ» պոեմ-զազրախոսությամբ ջուր չէր լցնի Բաքվի հակահայկական ոռնացող քարոզչության ջրաղացին»:
Վազգեն Օվյանն անկեղծ էր իր ստեղծագործական որոնումներում, թե՞ կատարել է Ադրկոմկոսից իջեցված պատվերը: Ես համոզված եմ, որ այստեղ դերակատարություն է ունեցել և «երեսուն արծաթի» պարագան, և Վազգեն Օվյանի ազերամետ գաղափարական համոզմունքը:

3. Անդրանիկ Զորավարից մինչև Բագրատ Ուլուբաբյան… մինչև «ծովից ծով Հայաստանի» ծանակումը

Վազգեն Օվյանը թիրախ է դարձրել բոլոր նրանց, ովքեր ազգային գաղափարի կրողներ են` Անդրանիկից, Գարեգին Նժդեհից, Դրոյից, Թևան Ստեփանյանից մինչև Բագրատ Ուլուբաբյան, Բոգդան Ջանյան, մինչև «13»-ի պատմական նամակի հեղինակները: Ահավասիկ, նրա բազմաթիվ հերյուրանքներից մեջբերենք ընդամենը մի քանիսը` «Թևան-դհոլ» պոեմից. 1.Իսկ Ղարաբաղը նրա կարծիքով Ողջ Հայաստանն է` Երևան ու Վան, Եվ այն կարող է բռնել մի ձեռքով` Հանուն Թևանի, «Դաշնակ տերության» (էջ` 50): 2.Դե, նա սազում է Թևանի կողքին, Ոնց մսագործին քավթառ շան դունչը (էջ` 50): 3.Դրոն եկել է հենց ուղիղ Տումի, Ճամփա է անցել մարդը, «ծովից-ծով»: 4. Զոռը չի պատում, որ կռվի թրով: Դրոյի զոռը… այդ է տանջում հենց, Բա Երևա՞նը, Կյորե՞սը, Վա՞նը, Եվ այս բոլորը ինչպե՞ս պատահեց, Ո՞ւր գնաց, «ծովից-ծով Հայաստանը» (էջ` 68): 5. Իսկ ո՞վ է ինքը, ավազակ է, գող, Գողերի ընկեր, շների արքա, Կասեն այդ մարդը ծնվել է Տումի, Նրա անունը եղել է Թևան (էջ` 71): 6. Թևանիստ… Իսկ այդ նշանակում է Նոր ավանտյուրիստ, նոր իզմ, նոր զուռնա, Այդ մասին գիտե անգամ Բաքուն էլ… (էջ` 49): 7. Թևան Ստեփանյանին. «Իսկ ինքն ով է, գողերի ընկեր, շների արքա…»:
Այժմ Վ.Օվյանի արձակ պայծառափայլություններից մեջբերենք («Խանքենդի»). 1. Եվ որովհետև հայերը եկեղեցի չունեին, աղոթում էին ռուսական եկեղեցում: 2. Անհավատ ժողովուրդ են խանքենդցիք: 3. Թատրոնը Խանքենդում նորություն էր (էջ` 61): 4. Ուստա Ծատուրին ասում են` «աստված պահի երեխաներիդ», ուստան ձեռքը թափ է տալիս.
-Թե որ աստված պահող լինի, իր որդի Քրիստոսին կպահեր, դռնեդուռ չէր գցի գորոդովոյ Անտոնի նման (էջ 33, «Խանքենդի»): 5. Դրոն շուն-շան որդի է, Նժդեհը ավազակ է, Խմբապետ Խորենը խոզի խելք ունի… (էջ` 41):
Եվ այլն, և այլն: Շողոքորթելը Վազգենի մեծագույն տարերքն էր: Նա գրչով քծնում էր անգամ ինքն իր գրած բառերին: Նման բնավորությամբ մարդն, ուրեմն, «դրության տեր» ազերիների առաջ ոնց «Մաշտիգյուբաթ» չպարեր ու Նժդեհին, Դրոյին, Թևան Ստեփանյանին «շուն» չանվաներ: Արցախում այսպիսի խոսք կա` ուրիշին շուն անվանողի խոսքը «շնըհաչոց ա»: Ազգի հերոսներին անխնա ծաղրողն ինչպիսի հավեսով է իր գործերում փառաբանում կուսակցական գործիչներին, պաշտոնյաներին: Վազգեն Օ.-ն դիֆերամբներ էր գրում ոչ միայն «կուսակցության կուռքերի», այլ անգամ նրանց… սիգարների («Խրուշչևի սիգարը») մասին: Իհարկե, խորհրդային տարիներին գրված երկերում կուսակցությունը երգել են ոչ քչերը, սա չէ հարցը: Դատապարտելին այն է, որ այդ տարիներին հայ ժողովրդի սրտում ապրող, բայց կուսակցության կողմից արգելված նվիրական երազանքները ծանակվում են, այն էլ` հայ գրողի կողմից: Իր գլխավոր հերոս ազերի Նովրուզի գլխավորությամբ «Խանքենդում» հեղափոխություն կատարած գրողը չի զլացել ազերական կեռ յաթաղանը վերցնել ու «ոչնչացնել» մեր ժողովրդի ազատատենչ զավակներին:
Վազգենը, հանուն «ինտերնացիոնալիզմի», պատրաստ էր փաստերի ամեն տեսակ խեղաթյուրման: Այսպես, օրինակ, Դերենիկ Դեմիրճյանին նվիրված հոդվածում («Դասականի դասերը», «Սովետական Ղարաբաղ») ադրբեջանցիներին տանում-դարձնում է Վարդանանց պատերազմի մասնակից: Ահավասիկ. «Այստեղ ընդհանուր թշնամու դեմ պայքարում են եղբայրակից ու բախտակից երեք ազգերի զավակները` հայերը, ադրբեջանցիները և վրացիները»:
Հետևությունները թողնենք ընթերցողին:

4. Թե ոնց «հայտնվեցի» Անդրանիկի, Գարեգին Նժդեհի, Դրոյի, Թևան Ստեփանյանի շարքում…

Ժամանակին իր հայհոյագրություններում տողերիս հեղինակին ևս «տեղ է տվել» Վազգեն Օվյանը: Ինձ ուղղված զրպարտագիրը հրատարակվել է հեղինակի մահից հետո, որդու կողմից: Անկեղծ ասած, դա ինձ առանձնապես չի էլ հուզել, Անդրանիկի, Գարեգին Նժդեհի, Դրոյի, Թևան Ստեփանյանի, մեր ազգի մյուս երևելիների «շարքում լինելը» պատիվ է ցանկացած հայ մարդու համար… Մանավանդ, որ արժանի պատասխանը, թեպետ ուշացած, բայց ստացել է բոլորին շուն, խոզ, ավազակ հայհոյանքներով պիտակած Վազգեն Օվյանը: Ես տվյալ պարագայում ստիպված եմ եղել (իսկ և իսկ` Վազգենի բառապաշարին դիմելով), իմ և մեր երևելիների անունից պատասխան հղել նրան: Ահա այն.

ՊԱՏԱՍԽԱՆ

Դրոն շուն-շան որդի է, Նժդեհը ավազակ է…
Վազգեն Օվյան
Իսկ քե՞զ ինչ ասենք… Ասենք` վարակ էր,
Խեղճ, ողորմելի ու անճարակ էր,
Երկու գրոշի համար ոռ պաչող,
Եվ «հոնորարով» գիշեր-տիվ հաչող:
Դու` թշվառ թազի, ծախու, թուրքահաճ,
Կևորկովյան շուն ու մահակահաչ,
Որդ ու երիզորդ, ոչիլ-ոչլացեղ,
Ազերու թերմացք` պատրական ու զեխ:
Իմացա՞ք արդեն: Նա է, հիրավի,
Նժդեհին ծաղրեց, ծաղրեց Թևանին,
Մատնագիր գրեց ամենքից թաքուն,
Գոչեց` «այդ մասին գիտե և Բաքուն»,
Սև ու մուր նետեց իր ընկերներին:
Հաճոյանալու համար թուրքերին`
Ստեփանակերտը կոչեց «Խանքենդի»,
Բայց չհասցրեց դեռ «շատ բան քանդի»,
Աշխարհից գնաց որպես մի տականք,
Բայց «բացիլները» դեռ ապրում են, կան:
Եվ ո՞նց չներել, երբ… հեռացած է,
Երբ Աստված նրան արդեն չի ներել,
Երբ տողը վաղուց, վաղուց նեխած է,
Երբ տողն իրենից առաջ է մեռել:

Հայկական ժողովրդական իմաստությունն ասում է. «Ուրիշին մի ասա այն, ինչ չես ուզում լսել քո մասին»:

5. Ազերի բոլշևիկ ուստա Նովրուզը զլում է զուռնան…

Երբ Կևորկովը որևէ մեկին քննադատում էր` լինի դա կուսակցության պլենումում, թե այլ մի առիթով, Վազգեն Օվյանն էլ իր երգիծանքի սուրն էր ուղղում նրա դեմ: Այդպես եղավ և «Նորք» ամսագրում տպագրված «Իմ երգը» բանաստեղծության հետ: Ես դեռ չէի իմացել շարքի տպագրության մասին (այն խմբագրություն էր հանձնել այդ ժամանակ ԼՂ անվտանգության մարմինների կողմից խիստ հետապնդվող գրող Լեոնիդ Հուրունցը, որը կուսակցության ԼՂ մարզկոմի առաջին քարտուղարի թիրախն էր դարձել որպես նացիոնալիստ), երբ «ղեկավարության» շրջանակներում սկսեցին աղմկել, թե… Բայց ամեն ինչ` հերթով…
Մայր Հայաստանի գրական աշխարհի կողմից ամբողջ կյանքում մերժված, ազերական տրամադրություններով տոգորված «ինտերնացիոնալիստ գրողի» համար դժվար էր մարսել փաստը` հայոց ամենահեղինակավոր գեղարվեստական պարբերականներից մեկում տպագրվել էր երիտասարդ գրողիս բանաստեղծությունների շարքը, որը բացվում էր ազգային-ազատագրական տրամադրություններ արծարծող «Իմ երգը» ստեղծագործությամբ (ի դեպ, այն արցախյան շարժման առաջին օրերից մինչև հիմա արտասանվում է բեմերից): Եվ ահա Վազգեն Օվյանը միանգամից հարձակվում է այդ շարքի վրա, նախ նամակ է հղում Բաքու` Հեյդար Ալիևին, թե ինչու ես, լինելով ԼՂ գրական կազմակերպության ղեկավար, տպագրվում եմ Երևանում, այն էլ նացիոնալիստական բանաստեղծությամբ, ապա զլում «խանդքենդցի» ազերի բոլշևիկ, Վարդգեսի հորեղբայր ուստա Նովրուզի զուռնան… Վազգեն Օվյանի հիշոցների պաշարը, որ նա կուտակել էր Անդրանիկ Զորավարի, Գարեգին Նժդեհի, Թևան Ստեփանյանի, Դրոյի և մյուս մեր հայրենանվեր գործիչների մասին հորինած պարսավագրերում, միանգամից ուղղվեց իմ և իմ բանաստեղծության դեմ: Բանաստեղծություն, ուր ես գրել եմ Ղարաբաղի հայկականության, հայկական հող լինելու մասին: Այդ շրջանում ազերի գրող, սոցաշխատանքի հերոս Ս. Ռուստամը տպել էր մի հնգատող տներով ոտանավոր, ուր գրում է, որ «Ղարաբաղը օտարի ձեռքը չի տա» (նա «օտար» ասելով նկատի ունի հայերիս): Ես տեսնելով, որ Ադրբեջանը պետական մակարդակով ամեն ինչ Լեռնային Ղարաբաղում փորձում է ազերացնել, արցախցիներիս հորդորում էի. «Ղարաբաղը երգ է, բառեր չունի սակայն, Իմ պապերի ձայնով միայն երգեցեք այն», «Ղարաբաղը տուն է` սերված Ամարասից»… Բայց ավելի լավ է բանաստեղծությունը մեջբերեմ ամբողջությամբ.

Ես երգ չունեմ Ղարաբաղի մասին։
Ղարաբաղը ծառ է իմ արմատի վրա,
Ղարաբաղը սեր է իմ հավատի վրա,
Ղարաբաղը տեր է իմ կարոտի վրա,
Ես երգ չունեմ Ղարաբաղի մասին։

Ես երգ չունեմ Ղարաբաղի մասին…
Ղարաբաղը հեւք է բացվող արշալույսի,
Ղարաբաղը ձեռք է Քիրսից ձգված լուսին,
Ղարաբաղը հերկ է մաքուր, անբիծ լույսի,
Ես երգ չունեմ Ղարաբաղի մասին։

Ես երգ չունեմ Ղարաբաղի մասին,
Ղարաբաղը ջուր է՝ ես եմ քամել քարից,
Ղարաբաղը թուր է՝ ես եմ կոփել դարից,
Ղարաբաղը հուր է՝ ճառագած մեր սրտերից,
Ես երգ չունեմ Ղարաբաղի մասին։

Ես երգ չունեմ Ղարաբաղի մասին,
Ղարաբաղը հուն է հոսող լուսաբացի,
Ղարաբաղը բույն է արծվի, ձեռք չի հասնի,
Ղարաբաղը տուն է՝ սերված Ամարասից,
Ես երգ չունեմ Ղարաբաղի մասին։

Ես երգ չունեմ Ղարաբաղի մասին,
Ղարաբաղը ելք է՝ բացված սրտի նման,
Ղարաբաղը երգ է, բառեր չունի սակայն,
Իմ պապերի ձայնով միայն երգեցեք այն,
Ես երգ չունեմ Ղարաբաղի մասին։

Ու ահա մեծ բռնապետի արթուն գործակալ Վազգեն Օվյանը` մախաթն ու լեղին ձեռքին, ազերիների դիրքերից հարձակվում է այդ «նացիոնալիստական» բանաստեղծության վրա, որ Կևորկովի աչքում հաստատի իր «ինտերնացիոնալիստ» լինելը. «Հա, Ղարաբաղի մասին դու երգ չունես»: Այսինքն, իմ երգած Ղարաբաղը, ըստ Վազգենի, Ղարաբաղ չէ, իսկական Ղարաբաղը, նրա կարծիքով, ազերի Նովրուզի Ղարաբաղն է, և այն պիտի երգել միայն ազերիների «ինտերնացիոնալ» լեզվով: Քանի որ իմ բանաստեղծությամբ ես պատասխանել էի Ս. Ռուստամին, այն գրել եմ նույն հնգատող տներով: Փաստորեն ազերի գրող Սուլեյման Ռուստամի փոխարեն իմ գրածը «կրակի տակ առավ» Վազգեն Օվյանը` իր պարոդիայով: Հարցը քննարկման նյութ էր դարձել Կևորկովի մոտ, միայն Գուրգեն Գաբրիելյանի և Հրաչյա Բեգլարյանի ճարտար լեզուն ինձ փրկեց «նացիոնալիստ» կոչվելուց ու պատժվելուց:
Ահա ամբողջությամբ սա էր Վազգեն Օվյանը, նրա սկզբունքն ու գաղափարաբանությունը սա էր: Եվ պատահական չէր, որ նրա «պոռթկումը» հենց խորհրդային տարիներին արգելված ու ազերիներին «խոցող» այս բանաստեղծության դեմ էր (այդ տարիներին «Իմ երգը» Ղարաբաղում տպագրել բացարձակապես անհնար էր): Ու այսօր նրա որդի Վարդգեսը, որքան էլ դես ցատկի, դեն ցատկի, մեկ է, իր հայր Վազգենի «Խանքենդ»-ուց, «Թևան-դհոլ»-ից դեն գնալ չի կարող…
Ժամանակի արձանագրությունը ոչ ոք չի կարող փոխել:

6. «Թևան-դհոլ» պոեմի «դրույթները»` Կևորկովի մարտյան պլենումում

Կևորկովը Ղարաբաղում, այստեղ գալու առաջին օրից, «յուրայիններ» էր փնտրում` առաջին հերթին մտավորականների մեջ: Մշակույթի Ասկերանի շրջանային բաժնի վարիչն աչքառաջ էր հանել Վ. Օվյանի «Թևան-Դհոլ» ծաղրագրությունը: Շատ դուր եկավ դա բռնապետին: Այնտեղ ծաղր ու ծանակի են ենթարկվում Գարեգին Նժդեհը, Դրոն, Թևան Ստեփանյանը, հայ ազգային-ազատագրական պայքարի ռահվիրաները, «ծովից-ծով Հայաստանը», մեր ժողովրդի անկախության ու ազատության գաղափարը, ինչը, ի դեպ, հետո պիտի կետ առ կետ (կասկածողները կարող են ստուգել) կուսակցության ԼՂ մարզկոմի պլենումի նյութ դարձներ Բորիս Կևորկովը: Նա խորհուրդ տվեց բեմականացնել «Թևան-դհոլը» և տանել, ցուցադրել գյուղերում, անգամ` Թևան Ստեփանյանի ծննդավայր Տումիում… Հետո պատասխանը դառը եկավ. «Տումեցիներն ասում են` եթե նման «այցով» դերասանները մեր գյուղ գան, բոլորի գլուխը կջարդենք… Թևան ապու կողքով անցնող չլինի»: Բայց կարևորը բռնապետի համար «արժանի խոսափող» գտնելն էր: Մանավանդ, Վազգեն Օվյանը Կևորկովին «տեղյակ էր» պահել, որ «13-ի» պատմական նամակի տակ ստորագրողներին ոչ միայն տանել չի կարողանում, այլև նրանց ժամանակին դատապարտել, քննադատել է:
Բանաստեղծ Բոգդան Ջանյանը «Եղիցի լույս» թերթում դիպուկ է բնութագրել Վազգեն Օվյանին. «Ճշմարիտն այն է, որ Վազգեն Օվյանն ինքն է աղարտել իր կենսագրությունը և հիշատակն` իր թրքահոտ հորինվածքներով»:

7. Վազգեն Օվյանը` Ալիևի «մենք»-ի մեջ

Չուշացավ Կևորկովին մատուցված երկրորդ ծառայությունը Վազգեն Օվյանի կողմից: Երբ բռնապետը կուսակցության մարտյան պլենումում (1975թ.) Ղարաբաղը «նացիոնալիստների երկիր» հռչակեց` նետն ուղղելով արցախյան շարժման գործիչներ Բագրատ Ուլուբաբյանի, Բոգդան Ջանյանի, Գուրգեն Գաբրիելյանի, Մաքսիմ Հովհաննիսյանի, Լազր Գասպարյանի և այլ հայրենասերների դեմ, հանձնարարեց, որ պլենումի նյութերում «ջարդի ենթարկվածների» դեմ, մարզային ռադիոյի «Մախաթ և Լեղունց» հաղորդման մեջ, այդ ամենին «սուր գրչով» անդրադառնա Վազգեն Օվյանը: Վերջինս յոթերորդ երկնքում էր: Ինչ լուտանքներ ասես, որ չթափեց մեր ազգային նվիրյալների գլխին, այնքան, որ տեքստն ընթերցող դերասաններից մեկը հրաժարվեց մասնակցել հաղորդմանը` պատճառ բերելով, թե հիվանդ է…
Վազգեն Օվյանը «փայլում էր» իր գրչով: Նա կարճ ժամանակում ոչ միայն հինգ սենյականոց բնակարան ստացավ, այլ ազերի լրագրողների առաջարկությամբ ու Կևորկովի աջակցությամբ «ընտրվեց» մարզային ռադիոխմբագրության ինտերնացիոնալ կուսկազմակերպության քարտուղար: Եվ այսպես, Վազգեն Օվյանի գրիչը, որը խարազանում էր աջ ու ձախ մեր ազգի նվիրյալներին, բոլոր արժանապատիվ մարդկանց, սկսում է «տեր» լինել մտավորականների գաղափարական դաշտում… Իսկ երբ արդեն Վազգեն Օվյանի «Լուսաբացը լեռներում» վերնագրով պիեսը ասպարեզ եկավ` 1973թ. նոյեմբերի 9-ի «պրեմիերայով» ավարտվեց նրա կյանքը (գրող Մ. Հովհաննիսյանը և ես որպես թատրոնի գեղխորհրդի անդամներ, ներկա էինք): Մեր ժողովրդի դեմ մաղձը, թույնն ու սարկազմն այնքան շատ էին, որ, ինչպես հետո տեղեկացանք, Կևորկովը պիեսի մասին հարկ համարեց հայտնել Հեյդար Ալիևին, վերջինս էլ «կուսակցական աչալրջությամբ ու մեծահոգությամբ» արգելեց գործի ցուցադրումը. «Մենք հարևան հայկական հանրապետության ժողովրդի ազգային զգացումները չենք կարող վիրավորել, երկու ժողովուրդների միջև հակասություն կծնվի…»:
Հասկանալի է, Ալիևի «մենք»-ի մեջ կենտրոնական տեղ ուներ Վազգեն Օվյանը:
Այսօր էլ Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվան դրամատիկական թատրոնի արխիվում (N241) պահվում է Վազգեն Օվյանի «Լուսաբացը լեռներում» (1973թ.) հակահայկական պիեսը, որտեղ Գարեգին Նժդեհին հեղինակը «ներկայացնում է» Նագան անվան տակ: Մտքի ինչպիսի թռիչք… Գրողի կերպարներից անպակաս ազերի Նովրուզին «ինտերնացիոնալիստ» մի «հայ», երևի` հեղինակի կրկնակը, զեկուցում է. «Տեղեկություններ ունենք հավաստի, որ Զանգեզուրից այստեղ է գալիս Պարոն Նագանի հատուկ լիազոր Կառնավալսկին »… (էջ` 4):
Եվ այդպես, այս անգամ քար գցվեց մեր ազգային անկախության ու ազատության գաղափարը ծաղրող, հայհոյաբերան այդ գործի վրա: Թեև նրա նմանատիպ մի ուրիշ պիես («Եվ Պըլը Պուղին մի առակ պատմեց») արշավում էր Արցախի բեմերում` «բարձր ինտեռնացիոնալիզմով»…
Արցախյան շարժման առաջնորդ Բագրատ Ուլուբաբյանը, որը Ադրկոմկուսի ԼՂ մարզկոմի բյուրոյի որոշմամբ արտաքսվել էր հայրենի Արցախից, Վազգեն Օվյանի մասին արտահայտվում էր ճշգրիտ գնահատականներով, Ղարաբաղի բարբառով. «Վազգենին դե հու չի ճինանչըմ, թորքու ծիրքըկոլա ա»:

8. Եղբայրական սիրո տխուր տեսարան` անպատեհ վայրում

Վազգենը շարունակում էր «ազերիների ջրաղացին ջուր լցնել» անընդհատ` մեր պատմական Շուշին իր գործերումՂալա կոչելով, Վարարակն-Ստեփանակերտը` Խանքենդի: Նա իրեն համարում էր Կևորկովի լենինյան զինակիցն ու ամենամտերիմը Ղարաբաղի «նացիոնալիստների դեմ պայքարում»: Այնքան, որ մի օր, երբ Իսահակի աղբյուրի մոտ (ուստա Նովրուզի կողմից անվանափոխված Իսաբուլաղում) հավաքվել էին «Սովետական գրականության օրերի» մասնակիցները` «մի կտոր հացի», Վ.Օվյանը փորձեց ընկերների նկատմամբ իր «առավելությունները» մեկ անգամ ևս ընդգծել յուրովի: Այնտեղ էին Գուրգեն Գաբրիելյանը, Հրաչյա Բեգլարյանը, Մաքսիմ Հովհաննիսյանը, Նվարդ Ավագյանը և տողերիս հեղինակը: Թուրք գրողները, մի երկու բաժակ թթի օղի կոնծելուց հետո, չափն անցնում են, Ղարաբաղի մասին ասում են այնպիսի բաներ, որ խիստ վիրավորական են հայերիս ինքնասիրության, արժանապատվության համար: Նվարդ Ավագյանը, որի մի կողմում ես էի նստած, մյուս կողմում Մաքսիմ Հովհաննիսյանը, անընդհատ մեզ զսպում էր, որ հրապարակավ` ցուցադրական ձևով, չլքենք սեղանը: Քեֆի թեժ ժամն էր, օղին «թեժացրել էր» մարդկանց զգացումները: Այդ պահին Կևորկովը դուրս եկավ` «մաքուր օդ շնչելու»: Վազգենը, որոշեց «ընկերանալ» բռնապետին: Շողոքորթելու մի հրաշալի ու նոր առիթ: Եվ այն ժամանակ, երբ բռնապետը պետքարանից ետ էր գալիս, ձորալանջի թեք կածանով, ճանապարհին նրա դեմ կանգնում է Վազգեն Օվյանը և, ձեռքերը տարածած, փորձում գրկախառնվել նրա հետ: Կևորկովը մի կողմ է քաշվում և, չտիրապետելով իրեն, Վազգեն Օվյանը բերանքսիվայր ընկնում է ոչ հեռու գտնվող կեղտի խանդակը: Մենք փորձում ենք օգնության վազել, Կևորկովի օգնականները փակում են մեր ճամփան. «Ոչինչ, ոչինչ, ամեն ինչ նորմալ է»:
Մինչև հիմա էլ ականջներիս մեջ է թուրքերի ծաղրական հռհռոցի ձայնը: Այս դեպքի մասին, ի դեպ, գրառումներ ունեն նաև Գ.Գաբրիելյանը, Հր.Բեգլարյանը…

9. Օվյանի «գլուխգործոցները» և դրանց ապամոնտաժումների մասին

Վարդգես Օվյանը, լինելով ԼՂՀ կառավարության «պատասխանատու» աշխատող, «օլիգարխիկ» տղա (թեև թերթերում ընդգծվածորեն ներկայանում է ոչ իշխանամետ կեցվածքով), կարողանում է պետական հովանավորությամբ իր կողմից 180 աստիճանով շուռումուռ տված, գաղափարափոխած հոր միջակ «երկերը» տպագրել, այն էլ` հատորներով: Որ ի՞նչ: Ժամանակին և այսօր գրական դաշտին քաջատեղյակ մարդիկ, «գրողի» ժամանակակիցները (Գուրգեն Գաբրիելյան, Հրաչյա Բեգլարյան, Սերգեյ Սարինյան, Բագրատ Ուլուբաբյան, Բոգդան Ջանյան, Լևոն Անանյան, Ավիկ Իսահակյան, Շահեն Մկրտչյան, Սասուն Գրիգորյան, Ռոբերտ Եսայան, Արցախ Բունիաթյան, Նորայր Ավետիսյան, Խորեն Բաղդասարյան, Համլետ Մարտիրոսյան, Դավիթ Միքայելյան, ժողովրդական հերոս Թևան Ստեփանյանի հարազատ-ազգակից Ռուբեն Ստեփանյանը և շատ ուրիշներ) դատապարտել են այդ երևույթը: «Գրական Թերթի» 2008թ. դեկտեմբերի 19-ի համարում,անվանի գրողների ու գիտնականների ստորագրությամբ (Լևոն Անանյան, Ավիկ Իսահակյան, Սերգեյ Սարինյան, Բոգդան Ջանյան, Հրաչյա Բեգլարյան) տպագրվել է մի հոդված, ուր ասվում է. «Ընդհանուր իրողությունն, ըստ փաստերի տրամաբանության, այսպիսին է.
ա. Երբ 40-ականների վերջին ազերիները (երկար փնտրումներից հետո) հայտնաբերեցին ու Բաքու բերեցին հայոց ազգային հերոս Թևան Ստեփանյանին և գնդակահարեցին, Վազգեն Օվյանն ազերիներին ձայնակցեց իր «Թևան-Դհոլ» պոեմով, ուր ծաղրաքով է ներկայացնում նաև Դրոյին:
բ. Երբ մոսկովյան բանտում հայոց ազգային հերոս Գարեգին Նժդեհին (ցմահ բանտարկության ենթարկված) սպանեցին, Վազգեն Օվյանը արձագանքեց (60-70թթ.) իր «Խանքենդի» վիպակով, որի բացասական հերոսները դարձյալ մեր ազգային նույն գործիչներն են: Ծանակված է այնտեղ քրիստոնեությունը և հայոց եկեղեցին:
գ. Երբ Բ. Կևորկովն իր անփառունակ պլենումն անցկացրեց Ղարաբաղում` «նացիոնալիզմ» արմատախիլ անելու նպատակով, Վազգեն Օվյանն ասպարեզ հանեց իր «Լուսաբացը լեռներում» պիեսը, որի մեջ բացարձակապես սև գույնով են պատկերված դաշնակցությունն ու մեր ազգի նվիրյալները, ներառյալ` Անդրանիկ Զորավարը:
Ինչպես ցույց են տալիս փաստերը, այն տարիներին, երբ Բ. Ուլուբաբյանը, Բ. Ջանյանը, Գ. Գաբրիելյանը, Մ. Հովհաննիսյանը, Հր. Բեգլարյանը և ուրիշ այլ երևելի անհատականություններ պայքարի մեջ էին Ադրբեջանի իշխանությունների հետ և մարտնչում էին Արցախը մայր Հայաստանին միացնելու համար, Վազգեն Օվյանը ոչ միայն նրանց կողքին չէր, այլև մեր ազգային նվիրյալների դեմ հորինվող իր վերոհիշյալ գործերով էր զբաղված»:
Ի դեպ «Գրական թերթի» նույն թվականի երկու համարներում (12-ին և 19-ին սեպտեմբերի 2008թ.), շարունակաբար, տպագրվել է նաև գրող, հրապարակախոս Դավիթ Միքայելյանի «Երբ ցինիզմը սահմաններ չի ճանաչում» (բացված փակագծեր. Վազգեն Օվյանը և նրա հետևորդները հայ ժողովրդական հերոսներ Անդրանիկի, Նժդեհի, Դրոյի, Թևան Ստեփանյանի և մյուսների դեմ) հոդվածը, որտեղ հեղինակը հանգամանորեն վերլուծելով Վազգեն Օվյանի «գրական գործերը», գրում է. «Ավելորդ չհամարենք նշել, որ Վազգեն Օվյանի «Խանքենդին» շատ արագ տպագրվեց Բաքվում` առաջ բերելով Ադրբեջանի ղեկավարների գոհունակությունը, թարգմանվեց և ադրբեջաներեն, փաստացի ապահովելով նրանց նվաճումը` «հայկական նացիոնալիզմի դեմ» գաղափարական պայքարում»:
Հրաչյա Բեգլարյանը, մի այլ առիթով, օրինակ, գրել է, որ Վարդգես Օվյանը «… հետևողականորեն վարում է գրողների միությունը պառակտելու, նրա շատ անդամներին վարկաբեկելու գիծ»… Գուրգեն Գաբրիելյանը երևույթին այսպես է արձագանքել իր տողերում. «… վրդովվեցուցիչ է, որ Վարդգես Օվյանը, գրական գործունեությամբ զբաղվելու փոխարեն, մեր ժամանակներում խարդախություն է դրսևորում, փորձում պառակտել Արցախի գրական ընտանիքի անդամների միասնությունը»:
Բանաստեղծ, Արցախյան պատերազմի վետերան Ռոբերտ Եսայանը «Չորրորդ իշխանություն» թերթի 2008թ. սեպտեմբերի 12-ի համարում անդրադառնալով Վարդգես Օ.-ի ուսանողական տարիներին ընկերուհիներից կատարած գողություններին և այլ աճպարարություններին, գրել է. «Այնուհետև նա սկսեց ընդդիմություն-իշխանություն նժարների վրա փահլևանություն կատարել` ընդդիմության մոտ դավաճանելով իշխանություններին, վերջիններիս մոտ` ընդդիմությանը: Թեև խանքենդցի Ուստա Նովրուզը բարեկամաբար նրան խորհուրդ էր տալիս` գրիչը քո բանը չէ, արի ինձ մոտ «փոքս» փչիր, չլսեց Վարդգես Օ.-ն, մամուլը չթողեց: Այսօր նա հաջողակ չինովնիկ է ԼՂՀ կառավարությունում»:
«Մարտիկ» թերթի նախկին խմբագիրներից մեկը պատմում է, թե ինքն ինչպես է, տպելուց առաջ, Վազգեն Օվյանի «Լեռների արծիվը» ոչ միայն խմբագրել, այլ համարյա տող առ տող նորից գրել: Իսկ դա ասում է այն մասին, որ «խմբագրվել» է ոչ թե Վազգենի, այլ որդի Վարդգեսի կողմից գրվածը (Վազգենը գոնե «գրելու» շնորհքից զուրկ չէր): Նման փաստերը բազմաթիվ են:
Արցախի գրողների միությունը, շատ ու շատ ընթերցողներ ու ճանաչված գրողներ, գրականագետներ խորհուրդ են տվել Վարդգես Օվյանին, որ իր արածը, մեղմ ասած, հանցագործություն է` թե հոր հիշատակի, թե, մանավանդ, նրա ստեղծածի նկատմամբ: Անկախ նրանից, որդին է այդ «գործն» անում (իսկ դա հաստատ այդպես է), թե ուրիշ մեկը, միևնույն է, անթույլատրելի ու անընդունելի է ժամանակի հետ կաշի փոխելը:
Տարիներ առաջ «Ազատ Արցախ» թերթում (25-ին նոյեմբերի, 2003թ.), իր «Հայոց հավլունի թուրը` խանդքենդցի Նովրուզի ձեռքին» հոդվածում, արձակագիր Համլետ Մարտիրոսյանը` դիմելով Վազգեն Օվյանի որդի Վարդգեսին, իրավացիորեն նկատել է. «…գրողին պետք է թողնել այնպես, ինչպես եղել է և ընդունել այնպիսին, ինչպես որ կա` լավ թե վատ: Ուրեմն, որևէ մեկը, այդ թվում` նաև դու, իրավունք չունի մի շտրիխ անգամ փոխել այդ դիմանկարում, ինչը այնպես եռանդագին փորձել ես անել»: Բայց ո՞ւմ ես ասում…

10. «Լենության մեջ` առյուծ, նեղության մեջ` կատու»…

Բանական մարդը, եթե որևէ մեկին չի ընդունում, պետք է որ իրեն հեռու պահի նրա հետ հարաբերությունների մեջ մտնելուց: Բայց Վ. Օ.-ն այստեղ էլ իր գաղջ բնույթով տարբերվում է: Երբ Դաշուշենում ուսուցիչ էր ձևակերպված և Ստեփանակերտից գնում-գալիս էր, մորն ուղարկեց ինձ մոտ, որ իրեն աշխատանքի ընդունեմ ԳՄ-ում: Մայրը թախանձում էր. «Ձեր մահացած ընկերոջ տղան է, մեր տան միակ տղամարդը, մի բան արեք»: Իմ և մեր մյուս աշխատողների ամսական աշխատավարձի հաշվին նոր հաստիք ստեղծեցի ու սկսնակ «գրող» Վ. Օ.-ին աշխատանքի վերցրի (հրամանաթվերը պահպանվում են): Սկսեցինք նրան ընդառաջել նաև տպագրական-հրատարակչական գործերում: Երկու-երեք ամիս չանցած, արցախցիներիս ասած, Վ. Օ.-ն «պոզերը» հանեց. «Եթե Կիմ Գաբրիելյանին «Արցախ» հանդեսի խմբագիր նշանակեք, ես հեռանալու եմ աշխատանքից»: Ես մնացի իմ սկզբունքին, իսկ Վ. Օ.-ն տեղափոխվեց այլ ասպարեզ ու իմ դեմ սկսեց «փորել» իր առաջին «խրամատները»: Օրեր հետո եկավ ու ներողություն խնդրեց. «Բոլորն ինձ եղբայր են ձևանում, հրահրում, որ քո դեմ գրեմ, բայց նեղն ընկած տեղս մեկը մի մազաչափ չի օգնում: Անհետաձգելի գործ կա` բուժման հետ կապված, պիտի Երևան գնանք, վիրահատության հարց է: Պարտքով դրամ կտա՞ս»: Ես ընդառաջեցի` իմ հնարավորությունների սահմաններում, անվերադարձ մի համեստ գումար տվի: Մեկ-երկու ամիս լռեց: Հետո նորից նիզակներն ուղղեց իմ դեմ: Բայց եղավ այնպես, որ կրկին նեղության մեջ հայտնվեց, այս անգամ պետք է միջամտեի ծանր վիճակում հայտնված, դատարանի առաջ կանգնած նրա քեռու «գործերին», որը, ըստ Վ. Օ.-ի, նրանց տունը սնող-պահողն է… Ջանքեր գործադրեցի, ստացվեց, որ օգնեմ, նրա քեռուն չկալանավորեցին (երեք տարվա բանտարկություն էր նրան սպասում): Մի քանի օր Վ. Օ.-ն, ընտանյոք հանդերձ, հեռախոսային շնորհակալություններ էր հեղում ու գովում «անխնա»…
Այսպես, շարունակ…
Ժողովուրդը լավ է բնութագրել նմաններին. «Լենության մեջ` առյուծ, նեղության մեջ` կատու»…

11. Ի՞նչ է եհօվյանականությունը

Անցյալ դարի 60-ական թվականներին, երբ Բ.Ուլուբաբյանի գլխավորությամբ Արցախի անվանի մտավորականները նամակ էին հղում Մոսկվա` Արցախը մայր Հայաստանին միացնելու պահանջով, Վազգեն Օվյանը զբաղված էր ապազգային «գրքեր» աշխարհ հանելով: Իսկ եթե դրան գումարում ենք նաև որդի Օվյանի քրեականացված միջամտությունները հոր «գլուխգործոցներին», ապա մեր առաջ կանգնում է հայ գրականությանը քաջածանոթ դրամբյանիզմի այլ մի տարատեսակ ու դրսևորում, գրական աղանդավորություն, որը կարելի է կոչել նոր, համարժեք տերմինով` եհօվյանականություն:
Բնականաբար, ես` չէի կարող` թե որպես ընթերցող, թե որպես ստեղծագործող ու, մանավանդ, Արցախի գրական կազմակերպության պատասխանատու, «ռեստավրացիոն» այս քայլերի վերաբերյալ դիտողություն չանել Վ.Օ-ին, բայց ի՞նչ հետևեց դրան. մինչև այսօր, տարիներ շարունակ, ամենպահյա, ամենօրյա, զրպարտական «թղթակցություններ» է թխում Վարդգեսն իմ դեմ, ուղղարկում գրեթե բոլոր հայկական պարբերականներին ու կայքէջերին: Նրանք, ովքեր «գործին» տեղյակ չեն լինում, տպագրում են: Ավելին, երդվյալ պետական ծառայող Վ. Օ-ն պահում է նաև նմանակ, ով «ձեռք է հասցնում ընկերոջը»: Այսինքն, եթե որևէ մեկը համարձակվում է իմ ստեղծագործության մասին դրական խոսք ասել, դրան անմիջապես հետևում է Նմանակի եհօվյանական դիտողությունը` դրական խոսքի հեղինակին, անգամ հեռախոսով է զանգում` կեղծելով իր անունը…
Վազգեն Առաջինից, Հովհաննես Շիրազից, Պարույր Սևակից, Հրանտ Մաթևոսյանից, Սիլվա Կապուտիկյանից, Սերգեյ Սարինյանից, Համո Սահյանից մինչև Հովհաննես Գրիգորյան ու Արքմենիկ Նիկողոսյան, մինչև Գուրգեն Գաբրիելյան, Հրաչյա Բեգլարյան, Սոկրատ Խանյան ու Վահրամ Աթանեսյան, ովքեր իմ ստեղծագործության վերաբերյալ գնահատանքի խոսք են ասել, բոլորին Վարդգեսը համարում է կաշառվածներ… Տհաճությամբ հիշեմ, որ Վարդգեսի հայրը` Վազգեն Օվյանը, նույնպես ժամանակին իմ գրեթե բոլոր գրքերի մասին գնահատանքի հոդվածներ է գրել, հաղորդել ռադիոյով, տպել թերթերում (օրինակները պահվում են): Նա էլ էր, ուրեմն, կաշառակեր` ըստ որդու… Թեև, անկեղծ ասած, ես միշտ էլ գիտեի, որ Վազգեն Օվյանը ներքին դիմակներ է կրում, «երեսանց» ուրիշ կերպ էր ներկայանում շրջապատին, հասարակությանը, «տակովը» միանգամայն ուրիշ էր… Հոդված էր գրում ոչ թե այս կամ այն հեղինակի գաղափարները կամ գրիչը հավանելու համար, չէ, պարզապես գիրքը նրան հետաքրքրում էր որպես «նյութ», որ հաղորդում պարաստի ու հոնորար ստանա…
Շարունակեմ խոսքս: Եթե ես որևէ պարբերականում մի գործ եմ տպագրում, հետևում է Վ.Օ-ի կամ նրա «արբանյակների» հարձակումը խմբագրի վրա… Այդպես եղավ, երբ persons.am կայքէջում հայտնվեց իմ մասին մի նյութ, կայքէջի կազմողների վրա հարձակվեց Վարդգեսը` իր զրպարտականների հեղեղով: Անգամ ճանաչված մեր տաղանդավոր գրականագետներից մեկի անունը դրեց իր զրպարտության տակ: Դա, իհարկե, հերքվեց շատ արագ` հենց նույն այդ գրականագետի կողմից, որը հանդես եկավ և զրպարտչի «պորտը տեղը դրեց», ինչպես արցախցիներս ենք ասում: Իսկ ահա վերոնշյալ կայքէջում` Ս.Սարինյանին ներկայացնող հոդվածի տակ, կարծիքների բաժնում, իսկույն գրանցվեց Վ.Օ-ի այս անգամ մի քանի այլ կեղծ ստորագրություններով զրպարտանքը` ուղղված թե Սարինյանին, թե ինձ (խոսքը ակադեմիկոս Ս.Սարինյանի մասին է, ով ժամանակին «Գրական թերթ»-ում (2008, N44) Լ. Անանյանի, Ավ. Իսահակյանի, Բ. Ջանյանի, Հր. Բեգլարյանի հետ միասին քննադատել է հայր և որդի Օվյաններին): Դեհ, ընթերցողներին արդեն հայտնի է, թե ինչ լեզվով, ինչ բառամթերքով է «ասպարեզ մտնում» Վ.Օ-ն: Անշփոթելի են նրա էքստենսիվ ու որակազուրկ տողերը` անգամ եթե ինքը փորձի հրաժարվել դրանցից… Վերջերս նա իր «ծանրակշիռ» կարծիքներով` դարձյալ այլ կեղծ անունների տակ (հիմնականում` աղջկական) հանդես եկավ «Գրական թերթ»-ում տպագրված իմ պոեմի («Բառը` հասարակածի վրա») դեմ` թերթի էլեկտրոնային կայքեջը «ծաղկեցնելով» գրականագիտական ունիկալ թեզերով… Իսկ ահա երկու օր առաջ նրա «թիրախն է» դարձել ԵՊՀ-ի մի բանասեր ուսանողուհի, ով իմ բանաստեղծությունները հաճախ է տեղադրում համացանցում` իր ճաշակով ու կամքով…
Ավելին: Տարիներ առաջ, չեմ հիշում` կոնկրետ որ թվականին, Վարդգես Օվյանը մի նամակով դիմեց ԼՂ գլխավոր դատախազություն, թե ԼՂ Գրողների միության նախագահը փողեր է յուրացնում (մինչև այսօր էլ իր այդ «հին երգը» երգում է): Գործին ընթացք տրվեց, ստուգման արդյունքները մեկ անգամ ևս հաստատեցին Օվյանի զրպարտչական դեմքը: Դատախազության համապատասխան բաժնի վարիչ Ադիսոն Դանելյանն ինձ հայտնեց այդ մասին և, Վ. Օ.-ի ներկայությամբ, ինձ ասաց. «Ձեր իրավունքն է, զրպարտման համար կարող եք պատիժ պահանջել Վարդգես Օվյանի համար»: Ես, նայելով Վ. Օվյանի վախից սփրթնաց դեմքին, ուղղակի առաջարկեցի. «Եթե խիղճ ունի, թող խիղճն իրեն տանջի»: Շատ ուշ իմացա, որ Վարդգես Օվյանը խիղճ էլ չունի… Թեև մի քանի անգամ մեղայականով ներկայացել է ԳՄ և ասել, որ «ձեռք է քաշել» իր այդ կարգի «մրոցներից»: Բայց, ի՞նչ արած, չի կարողանում հին «փեշակից» հրաժարվել: Հոր հետմահու հրատարակված «Լեռների լեգենդը» գրքում հոր ժամանակակիցներին «ոչնչացնում է»` ամեն տեսակի հայհոյանք ու լուտանք թափելով նրանց վրա:
Գրական չարչիությունը դարձել է Վ.Օ-ի տարիների մասնագիտությունը, որը զուգակցվելով նրա զրպարտչական «բնատուր կարողությունների» հետ, նոր որակ է ստեղծում` ապագրական անշեղ ու անկասելի մի ընթացք… Երբ մարդիկ փորձում են ընդդիմանալ, Վ.Օ-ն շտապում է վայնասուն բարձրացնել` տանը, հարևանի մոտ, շրջապատում, կայքէջերում. «Փրկեցեք, մահացած իմ հոր հիշատակը չեն հարգում»: Մինչդեռ իրականությունը այլ է: Հոր հիշատակը չի հարգում հենց ինքը` Վարդգեսը: Եվ դառնանք, հարցնենք` մի՞թե իրենց կյանքը մեր ազգի ազատության ու փրկության համար զոհած նվիրյալները` Անդրանիկ Զորավար, Գարեգին Նժդեհ, Դրո, Թևան Ստեփանյան, որոնց ամենաանընդունելի ձևերով և անխնա վիրավորել է Վազգեն Օվյանը, հիշատակ չունեն…
Նախ` մենք գործ ունենք ոչ թե Վարդգես Օ-ի հոր, այլ գրողի ու նրա գրական ժառանգության հետ, որի մասին ցանկացած ընթերցող կարող է և իրավունք ունի իր վերաբերմունքն արտահայտել: Ճիշտ է նկատված. «Գրողի գրական ժառանգությունը միայն իր ժառանգի սեփականությունը չէ» (Հ. Մարտիրոսյան): Ապա, ամենակարևորը` չէ՞ որ, անկախ նրանից, թե ով է ճիշտ, ով` սխալ, այդ «վեճը» սկսել է (1993թ.) որդի Վարդգես Օ-ն` հորը «բարձրացնելով», նրա ժամանակակիցներին` ցեխ ու լուտանքներ շպրտելով: Հիշենք «Լեռների լեգենդը» գրքի վերջաբանում Վարդգես Օ-ի գրած խոսքը, որ նա իր հորը հերոսացնում է` իբրև կևորկովյան ռեժիմի դեմ պայքարողի, իսկ գրչակիցներին անվանում է «կոնֆոմիստներ», «ծախու», «ամիոբաներ» և այլն…
Երբ անվանի բանաստեղծ Բոգդան Ջանյանը (նա Վ.Օվյանի նմանների կողմից մատնվել է ժամանակին ու նացիոնալիստի պիտակի տակ ութ տարի անցկացրել Սիբիրում, իսկ վերադառնալուց հետո մասնակցել է Արցախը մայր Հայաստանին միացնելու մասին 13-ի պատմական նամակի կազմակերպմանը), համարձակվել է Վազգեն Օվյանին` որպես նրա ավագ ընկեր, ասել ճշմարտությունը, Վարդգես Օ-ն` ընտանիքով հանդերձ, Ստեփանակերտից մի քանի անգամ զանգել է Երևան` Ջանյանի բնակարան ու անասելի հայհոյանքներ տեղացել:
Այս ամենի անունը եհօվյանականություն է (այն կապ չունի կրոնական աղանդի հետ, բառ-հասկացության սկզբում հապավում են կազմում Եսավ և Հուդա անունների սկզբնատառերը): Ինչ է դա նշանակում: Այսինքն, սա այն դեպքն է, երբ ձիրքը` «տրված ըստ կարողության», վատնում են «իբրև Եսավ կամ Հուդա» (Չարենցի բառերն են):
Շատ դիպուկ է ասված և շատ է սազում մեր «հերոսին»:

12. «Քոռամուկն ինչքան հող փորի»…

Իհարկե, այսքանը ես ցավով եմ ասում, սիրելի ընթերցող… Եվ գուցե շարունակեի լռել, բայց, ինչ արած, զոռով «ասել են տալիս»: Եվ ճիշտը հենց սա է երևի, քանի որ բոլոր դեպքերում ճշմարտությունը պիտի հնչի` որքան էլ այն դառը լինի… Այս և համանուն երևույթների մասին հիշելիս, հաճախ է միտքս գալիս արցախյան մի դիպուկ արտահայտություն, որն օգտագործում են կպչուկի նմանվող «մարդկանց» բնութագրելիս, «մարդիկ», ովքեր քեզանից ձեռք չեն քաշում` ինչ էլ անես-չանես… Ահա այդ խոսքը` տրխամաշ տեզ… Բայց ավելի լավ է դիմենք Թումանյանի խոսքին: Ամենայն հայոց բանաստեղծը դրամբյանիզմը մերկացնող հոդվածում գրում է. «… քոռամուկն ինչքան հող փորի` իր գլխին կածի, բայց երևույթը շատ է գարշելի, հոգին շատ է ցած ու վատ»: Նույն հոդվածում այսպիսի տողեր ևս կան. «Եվ միթե մեծ ու փոքր Դրամբյանն ու Ս. Հ.-ն նորություն են մեր կյանքում, մի՞թե թշնամությունն ու չարությունը մեր ամենօրյա հացը չեն, մի՞թե հայհոյանքն ու սուտը երբևէ պակասել են մեր գլխից, և մի՞թե մենք կտեսնենք դրանց վերջը…»:
Իհարկե, չեն պակասել: Վերջ չկա: Իսկապես որ, «դեռ հեռու է մինչև մարդը իր ճամփան»:
Ի դեպ, ասեմ, որ Վարդգես Օ-ն «լավ է տիրապետում» խոսքի ազատության և ժողովրդավարության գաղափարների շահարկման «արվեստին», երբեք էլ չգիտակցելով (դրա համար առողջ բանականություն է հարկավոր), որ խոսքի ազատության առաջին չափանիշը, դա ճշմարտությունն է, որից նա զուրկ է ի ծնե: Նրա վիճակում հայտնվածների մասին ժողովուրդն ասում է ` զրպարտամանիան հանգիստ չի տալիս…
Ես կարծում եմ, մեր ժամանակի երիտասարդությունը (դիմենք նորից Թումանյանի լավատեսությանը) ունի մեծ ներուժ, մանավանդ, ձգտում է և կանգնած է ազնիվ ու ճշմարիտ դիրքերում (այդ են վկայում երիտասարդական թերթերն ու գրական կայքէջերը), նա թույլ չի տա, որ ազերական-խորհրդային տրամադրությունները փառաբանող ու մեր ազգի նվիրյալներին, մեր անկախության գաղափարը ծանակող մեկը, ով էլ լինի, իր արժանի գնահատականը չստանա: Առավել ևս` չի հանդուրժի ուրիշ հեղինակների գործերը վերափոխող «գրական չարչիների» ճամարտակությունները…
Գրողը, պարտավոր է միշտ լինել իր ժողովրդի, իր ազգի դատապաշտպանը, ինչպես Գրիգոր Ներսիսյանը, Բագրատ Ուլուբաբյանը, Բոգդան Ջանյանը, Հրաչյա Բեգլարյանը, Գուրգեն Գաբրիելյանը, մեր մյուս նշանավոր գործիչները (օրինակներն Արցախի գրական ընտանիքից եմ բերում, նկատի ունենալով Արցախի հիմնախնդրի առկայությունը տարիներ շարունակ), մարդիկ, որոնք իրենց գլուխն են դրել ազգի պահպանության ու Արցախի հիմնախնդրի լուծման զոհասեղանին: Եվ այդ ամենի համապատկերում բոլորովին անընդունելի են այն անունները, որոնք արատավորել են գրողի կոչումն ու գրող հասկացությունն ընդհանրապես: Այս և նման խնդիրների անտեսումը տանում է դեպի եհօվյանականություն, որից պիտի մշտապես զգուշանալ` որպես դրամբյանիզմի նոր արտահայտություն, բայց` այլ կերպի մեջ, որպես գրական աղանդավորություն:

Վարդան ՀԱԿՈԲՅԱՆ
Նոյեմբեր, 2013թ.
Հ. Գ.
Եհօվյանականները, նրանց «վկաները», Նմանակներն այսուհետ ինչ էլ գրեն-չգրեն, դա ինձ բոլորովին չի հետաքրքրում: Հարցը ես ավարտված եմ համարում:

Տարածել

Պատասխանել