Ռոբերտ Եսայան | Հաղորդակցության լույսը

0

Ռոբերտ ԵսայանԿյանքը` բաբախուն երակ: Կյանքը` ոգու ասպարեզ, որտեղ հանդիպում են պոետները և առնչվում… պոեզիայի լույսին: Ոգու առանցքի շուրջ պտտվում են արվեստաեռ հոսանքները Երկրի և միավորվելով ջերմությամբ խոսքի, բացահայտո՜ւմ են պոեզիայի տիեզերական շնչառությունը: Եվ պատահական չէ, որ «Պոեզիայի միջազգային փառատոնը» կայանում է Արցախում` Ոգու թռչունների հայրենիքում, ուր «բառերը երազների հանգրվանն են, որոնցից լսվո՜ւմ են կանչերը հորիզոնի: Սիրտը դառնում է աչքը ճանապարհի, լեռան հույսն ի վե՜ր բարձրացող մի Ելք… Եվ սկսվո՜ւմ է Նոր Ժամանակը…»:
Պոեզիան… դեմքն է այն իրականության, որ ստեղծվում է Ոգու կրակով: Պոեզիան դո՜ւռն է երազի: Հիշողությո՜ւնը բարձունքների: Այստեղ բառերը ոչ միայն «զարմանում են իրենց հարևանությունից», այլև ստեղծում են Ոգու կենարար մթնոլորտ:

Բառն իր կշի՜ռն է վերստանում
նժարներին Ապագայի:
Քաոսի
թևերը կապում եմ
պարանով և ձգում-տանո՜ւմ եմ
լեռներն ի վեր.
մանկության օրերի փուչիկներն
էի՜ այդպես տանում:
Ելք` Անսահմանի՛ց:

Գրական կյանքը հայտնությունների բազմակետեր է աճեցնում, որոնց վրայով քայլում է Անհայտը և կերպարանք ստանում: Գրական ընդգծված անհատականություններն են կերպարանք տալիս ոգորումների հանգրվաններին, մարմնավորում և կերպավորում ժամանակի տեսիլները, բացահայտում ճանաչողության ռիթմերը: «Հորիզոնի ճախրանքի վրա… Փետուրի հիշողության երկնքում ծագո՜ւմ է աստղը Ոգու…»:

Արմատների
քաոսի մեջ աճեցնում եմ
մեխակներ հետքերի,
աստղիկներ երազների,
որ մայրաքաղաքն առնի
բուրմո՜ւնքը
հրեշտակների:

Կյանքը` բաբախուն երակ: Կյանքը` Ոգու ասպարեզ, որտեղ հանդիպում են պոետները և առնչվում… պոեզիայի լույսին: Գիրքը մի ճանապարհ է, որ լո՜ւյս է ստեղծում, ստեղծում է սրտերի հաղորդակցությո՜ւն: Տեսողության ակո՛ւնք: Բանաստեղծության շուրթով համբուրվո՜ւմ է Անհայտի իրականությունը: Բանաստեղծության Ոգով ճանապարհորդո՜ւմ է ժամանակի տիեզերական շնչառությունը: Բառը` Ոգու առանցք, որի մեջ լո՜ւյսն է ծնվում: Ծնվում է հաղորդակցության լույսը: «Հորիզոնն իր երազ ինքնությո՜ւնն է երգում»: Կանգնած ենք Հոգևոր նոր արթնացումների շեմին: «Բարի՜ լույս, քա՛ր»:

Ժամանակը աճո՜ւմ է
նշաններից տարածության:
Գլորվող կափարի՜չ է
երկինքը
գաղափարի:
Այստեղից կսկսվե՜ն
ելքերը վաղվա:

 

Տարածել

Պատասխանել